ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Գործ ՎԲ-340/06 | ||
|
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ |
Մ. Խաչատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | ||
|
|
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ | ||
|
|
Ս. Օհանյանի |
|
քարտուղար |
Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ |
|
մասնակցությամբ դատախազ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ |
22 դեկտեմբերի 2006 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Միսակ Մխիթարի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թվականի հունիսի 15-ի դատավճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Սույն քրեական գործը հարուցվել է 2004թ. նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով։ 2004թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ Միսակ Մխիթարի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով, իսկ 2005թ. հունվարի 29-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է Մ.Խաչատրյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Նշված որոշման օրինականության ստուգման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում 2005թ. փետրվարի 28-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու և վարույթը վերսկսելու մասին։ 2005թ. մայիսի 20-ին Մ.Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով, 2005թ. մայիսի 25-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. հունիսի 15-ի դատավճռով Միսակ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի 400.000 ՀՀ դրամի չափով։
Դատավճիռը վերաքննության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։
2006թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի դատախազի կողմից որոշում է կայացվել նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին։
Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2006թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։
2. Գործի փաստական հանգամանքները.
Միսակ Խաչատրյանը դատապարտվել է այն բանի համար, որ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության Էրեբունու հարկային տեսչությունում, 2003թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2004թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` Միացյալ Արաբական Էմիրություններից ՀՀ տարածք է ներմուծել տարբեր տեսակի ապրանքներ և իրացրել է դրանք, սակայն խախտելով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները` մինչև հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը` 2004թ. մարտի 1-ը, պարտադիր հայտարարագրման ենթակա եկամտի մասին Էրեբունու հարկային տեսչություն հայտարարագիր չի ներկայացրել և չարամտորեն խուսափել է պետ. բյուջեի նկատմամբ եկամտահարկի գծով առաջացած 6.368.429 ՀՀ դրամ գումարով խոշոր չափերի հարկերի վճարումից։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքի` գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ և նախաքննության, և դատաքննության ընթացքում չեն ճշտվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, Միսակ Խաչատրյանն ինչ եղանակով է առանց ԱՄԷ մեկնելու ապրանքներ ներմուծել, որտեղ և ում է վաճառել ներմուծված ապրանքները, որտեղ է դրանք պահեստավորել, իրացված ապրանքների գումարներն ինչպես է ուղարկել արտասահմանում բնակվող ազգականին։
Դատավճիռ կայացնելուց հետո նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության ընթացքում դատապարտյալ Միսակ Խաչատրյանը ցուցմունք է տվել, որ 2003թ. ծանոթացել է Վահրամ անունով անձնավորության հետ, որն իրեն առաջարկել է արտասահմանյան երկրներից ներմուծված ապրանքները մաքսազերծել իր անվամբ։ Խոստացել է ներմուծված ապրանքների յուրաքանչյուր բեռնատար մեքենայի դիմաց վճարել 200 ԱՄՆ դոլար։ Ինքը համաձայնվել է և Վահրամին է հանձնել անձնագիրը, իր անվամբ բացված անհատ ձեռնարկատիրոջ վկայականը և ձեռնարկության կնիքը։ 2004թ. հունվարին Վահրամը եկել է իր տուն և անձնագրից, վկայականից ու կնիքից բացի տվել է նաև 2.000 ԱՄՆ դոլար։ Վերջինս նաև հավաստիացրել է, որ իր կողմից լուծվել են հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրները։ Մ.Խաչատրյանը նշել է նաև, որ տնտեսական գործունեությամբ երբեք չի զբաղվել, ապրանքներ չի ներմուծել և չի վաճառել։
Միսակ Խաչատրյանի անվամբ ներմուծված ապրանքները Մեղրիից Երևան տեղափոխած բեռնատար ավտոմեքենաների վարորդների հարցաքննությամբ պարզվել է, որ ապրանքները տեղափոխվել են Երևան քաղաքում կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների խանութներ կամ պահեստներ։
Վարույթի քննության ընթացքում Երևան քաղաքի բնակիչ Արթուր Բաբայանը ցուցմունք է տվել, որ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններից ապրանքների ներմուծումը կատարել է Միսակ Խաչատրյանի անվամբ։ Հետագայում իրացրել է ներմուծված ապրանքները և հարկերը չի վճարել։ Նշել է նաև, որ բացի Միսակ Խաչատրյանից ներմուծումներ է կատարել նաև անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների անվամբ։
Փաստորեն, դատավճիռ կայացնելիս առաջին ատյանի դատարանին անհայտ են մնացել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, որոնք կարող են հաստատել ինչպես դատապարտյալ Մ.Խաչատրյանի անմեղությունը կամ նրա կատարած արարքի նվազ ծանր լինելը, այնպես էլ` այլ անձանց կողմից հանցավոր արարքներ կատարելու հանգամանքները։
Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Միսակ Խաչատրյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
Ինչպես երևում է ներկայացված նյութերից, Միսակ Խաչատրյանի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո Երևան քաղաքի դատախազությունում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության ընթացքում Միսակ Խաչատրյանը ցուցմունք է տվել, որ երբևէ տնտեսական գործունեություն չի իրականացրել, ապրանքներ չի ներմուծել և չի վաճառել, իր անվամբ ապրանքների ներմուծումը իրականացրել է Վահրամ անունով անձը։ Վերջինս իր անունով ներմուծումներ կատարելու համար վճարել է 2.000 ԱՄՆ դոլար։ Վկա Արթուր Բաբայանը ցուցմունք է տվել, որ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններից ապրանքների ներմուծումը կատարել է Միսակ Խաչատրյանի անվամբ։ Հետագայում իրացրել է ներմուծված ապրանքները, սակայն հարկային մարմիններին հաշվետվություններ չի ներկայացրել և հարկեր չի վճարել։ Նշել է նաև, որ բացի Միսակ Խաչատրյանից, ներմուծումներ է կատարել նաև անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների անվամբ։
Միսակ Խաչատրյանի անվամբ ներմուծված ապրանքները Մեղրիից Երևան տեղափոխած բեռնատար ավտոմեքենաների վարորդների հարցաքննությամբ պարզվել է, որ ապրանքները տեղափոխվել են Երևան քաղաքում կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների խանութներ կամ պահեստներ։
Այսպիսով, Միսակ Խաչատրյանի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո ի հայտ են եկել դատավճիռ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանքներ, որոնք մինչև այդ պարզված հանգամանքների հետ միասին ապացուցում են ինչպես դատապարտյալ Միսակ Խաչատրյանի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, այնպես էլ այլ անձանց կողմից այդ հանցավոր արարքները կատարելու փաստը, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն գործի նորոգման հիմք են հանդիսանում։
Հիմք ընդունելով վերը նշված հիմնավորումները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նկատառումներով, ինչը հնարավոր չէ դատական քննությամբ, Վճռաբեկ դատարանը գտավ, որ Միսակ Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. հունիսի 15-ի դատավճիռը պետք է բեկանել և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 408-րդ, 419-րդ, 421-424-րդ հոդվածներով` ՀՀ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել։
Միսակ Մխիթարի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. հունիսի 15-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ | |
Մ. ՍԻՄՈՆՅԱՆ | |
Ս. Օհանյան |
