Գլխավոր տեղեկություն
Номер
N 355-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.02.2022-09.08.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 28.03.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2020
Дата вступления в силу
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 355-Լ

   

Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին

(ՎԵՐՆԱԳԻՐԸ ԽՄԲ. 27.01.22 N 106-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տնտեսության արդիականացման միջոցառումը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 27.01.22 N 106-Լ)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում՝ օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 26

Երևան

 

   

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 355-Լ որոշման

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 27.01.22 N 106-Լ) 

 

1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

 

2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝

1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն, վարկի/լիզինգի հայտը ներկայացնելուն նախորդող օրվա դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել նախորդող տարվա ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, վճարված պետական տուրքի գումարների և նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը.

 

3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի/լիզինգի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

4. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն միջոցառման 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկեր կամ կնքել լիզինգի պայմանագիր։

 

4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝

1) նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ):

 

5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ/ԼԻԶԻՆԳ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը/լիզինգը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի/լիզինգի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն/լիզինգառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի/լիզինգի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ).

 

2) ժամկետը՝

Տեսակը

Տրամադրվող վարկի/լիզինգի գումարը

Սուբսիդավորման ժամանակահատվածը

Վարկի/լիզինգի ժամկետը

Սարք, սարքավորումներ,  բաղկացուցիչ մասեր

մինչև 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 42 ամիս

մինչև 120 ամիս

 

ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 36 ամիս

մինչև 120 ամիս

 

3) վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի/լիզինգի դեպքում՝ մինչև 3 ամիս․

4) մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 1 մլրդ դրամով կամ համարժեք արտարժույթով․

5) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.

6) վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).

7) այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա.

8) վարկի/լիզինգի վաղաժամկետ մարման համար տույժեր և (կամ) տուգանքներ չեն կիրառվում․

9) սարքերի, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի/վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝

ա. լիզինգի/վարկի պայմանագրի շրջանակներում վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման համար ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարված գումարների (արտարժույթի դեպքում՝ համարժեք դրամի) և լիզինգառուի/վարկառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա՝ սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի/վարկի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի/վարկի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է սարքի, սարքավորման և դրա բաղկացուցիչ մասերի հանձնմանընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի/լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն/վարկառուն,

գ. լիզինգի/վարկի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն/վարկառուն:

7. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

 

6․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

8. Սույն միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում՝ տվյալ վարկի/լիզինգի տոկոսների` սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար։

9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝«

 

Նպատակը

Սուբսիդավորման չափը

Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի վարկ

8%

Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի լիզինգ

10%

 

10. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

Նպատակը

Սուբսիդավորման չափը

Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի վարկ

6%

Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի լիզինգ

8%

 

7․ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, կարող է օգտվել հետևյալ հավելյալ արտոնությունից՝

1) սույն հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք:

12. Սույն հավելվածի 11-րդ կետում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:

13. Սույն միջոցառման 11-րդ կետով նախատեսված արտոնությունից օգտվող տնտեսավարողները մինչև վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրումը պարտավոր են ֆինանսական կազմակերպությանը ներկայացնել կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ամբողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև «Մեծ Քառյակ» աուդիտորական ընկերությունների կողմից արտաքին աուդիտի եզրակացություն։

14․ Սույն հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը/լիզինգը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման՝ ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով։

 

8․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

15․ Սույն միջոցառման իմաստով սարք, սարքավորում և դրանց բաղկացուցիչ մաս է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնին դասվող հատվածների, խմբերի, դասերի և ենթադասերի մեջ ներառված տնտեսական գործունեության իրականացման նպատակով գնվող սարքերը, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։

16․ Սույն միջոցառումը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

17․ Սույն միջոցառմանը կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները՝ անկախ նախկինում պետական աջակցության միջոցառումներին մասնակցած լինելու փաստից։

18. Սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորման ժամկետները և այլ պայմաններն արդյունաբերության գերակա ոլորտներում կատարվող կապիտալ ներդրումների համար կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, լրաց., փոփ. 22.04.20 N 586-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ, խմբ. 12.05.20 N 725-Լ, փոփ., լրաց. 19.05.20 N 769-Լ, լրաց. 12.06.20 N 947-Լ, լրաց., խմբ. 09.09.20 N 1480-Լ, խմբ. 22.07.21 N 1184-Լ, 27.01.22 N 106-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան