Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-88
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.1997-01.09.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/21-22
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
24.11.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.11.1993
Дата вступления в силу
30.11.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը    

          

 Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «27» սեպտեմբերի 1993 թ. Հ.Ն-0918-I

 

ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի նպատակները

 

Սույն օրենքը սահմանում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ստեղծման, գործունեության իրականացման և դադարման հիմքերը:

 

Հոդված 2.

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի սեփականատիրոջը (սեփականատերերին) կանոնադրությամբ արգելված է ներդրված գույքից շահույթ ստանալ:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են գործունեության թույլատրելի ոլորտներ: Կազմակերպության կանոնադրության մեջ նշված գործունեության ոլորտները պետք է ապահովեն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող տվյալ կազմակերպության հիմնական գործունեության իրականացումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ լիցենզիա:

 

Հոդված 3.

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին օրենսդրությունը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:

 

Հոդված 4. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադրումը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից` որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից` որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց (այդ թվում և իրավաբանական) կողմից` որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել դուստր ձեռնարկություն` իր կանոնադրական գործունեությունն ապահովելու համար: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը ստեղծված է համարվում ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից գրանցման պահից:

 

Հոդված 5. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնադրվելիս` նաև հիմնադիր պայմանագիրը:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրությունը պետք է բովանդակի`

կազմակերպության ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), գործունեության նպատակները, խնդիրները, բնագավառները և տևողությունը.

կազմակերպության կանոնադրական հիմնադրամի չափը.

հիմնադիրների կազմը և հիմնադիր ժողովի գումարման կարգը.

կազմակերպության կառավարման մարմինների կառուցվածքը և նրանց իրավասությունները.

կազմակերպության վերակազմավորման և գործունեության դադարման կարգը:

Հիմնադիր պայմանագիրը պետք է բովանդակի`

հիմնադիրների անունները (անվանումները).

կանոնադրական հիմնադրամում յուրաքանչյուր հիմնադրի ներդրման չափը, նրա իրավունքներն ու պարտականությունները.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

 

Հոդված 6. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության գրանցումը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսական գործունեություն իրականացնելու կամ կազմակերպելու համար պահանջվող տարածքի օգտագործման իրավունք հանդիսացող փաստաթղթի ներկայացմամբ:

 

Հոդված 7. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը

 

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության անվանումից պետք է պարզ լինի նրա շահույթ ստանալու նպատակ չհետապնդելը և գործունեության ոլորտը: Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «հիմնադրամ» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի`

ձեռնարկության անվանումը.

շահույթ ստանալու նպատակ չհետապնդելը հավաստող բառեր.

գտնվելու վայրը:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր անվանումը կարող է օգտագործել այն ձևով, որով այն գրանցված է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից:

 

Հոդված 8. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ապրանքային նշանները
 

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն ունի ապրանքային նշան (նշաններ), որի (որոնց) գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում են օրենքով սահմանված կարգովը:

(8-րդ հոդվածը խմբ. 12.05.97 ՀՕ-117)

 

Հոդված 9. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության գույքի ստացման աղբյուրները

 

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության գույքի ստացման աղբյուրներ կարող են լինել`

կազմակերպության հիմնադիրների դրամական ու նյութական ներդրումները, ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.

արտադրանքի իրացումից (աշխատանքների կատարումից), ծառայությունների մատուցումից, ինչպես նաև տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.

ստացված վարկերը.

պետության կողմից հատկացված կապիտալ ներդրումները, նպաստները, լրավճարները և այլ նպատակային ներդրումները.

բարեգործական ներդրումները և նվիրատվությունները.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

 

Հոդված 10. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆինանսական ցուցանիշը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ֆինանսական հիմնական ցուցանիշը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն է, որը ծախսվում է միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով:

 

Հոդված 11. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կառավարումը

 

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը`

մեկ հիմնադիր ունենալու դեպքում` հիմնադրող անձն է.

մեկից ավելի հիմնադիրներ ունենալու դեպքում` հիմնադիրների խորհուրդն է, իսկ բարեգործության բնագավառում կարող է լինել հոգաբարձուների խորհուրդը:

 

Հոդված 12. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադրի (հիմնադիրների) լիազորությունները

 

Հիմնադիրը (հիմնադիրները)`

հաստատում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ղեկավարին և կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը.

հաստատում է ղեկավարի կողմից ներկայացված գործունեության ծրագրերը.

հաստատում է կազմակերպության գործունեության հաշվետվությունը.

կարող է անվստահություն հայտնել կազմակերպության ղեկավարին.

հաստատում է, իսկ անհրաժեշտության դեպքում անվստահություն հայտնում վերահսկիչ հանձնաժողովին (հսկիչին).

իրականացնում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

Հոդված 13. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ղեկավարը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության ղեկավարը նշանակվում է երկու տարուց ոչ պակաս ժամկետով: Ղեկավարը հաստատված հաստիքացուցակի հիման վրա ձևավորում է կազմակերպության աշխատակազմը և իրականացնում կազմակերպության գործունեության օպերատիվ ղեկավարումը:

Կազմակերպության ղեկավարն իրավասու է լուծելու այն բոլոր հարցերը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված են կազմակերպության կանոնադրությամբ և կազմակերպության գործունեության ծրագրով:

 

Հոդված 14. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը)

 

 Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) հետևում է հիմնադրի (հիմնադիրների խորհրդի) որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է կազմակերպության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում նշված այլ գործունեության իրականացումը:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) կարող է տվյալներ պահանջել կազմակերպության ղեկավարից և աշխատողներից: Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) պարտավոր է կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում նշված կարգով իր հաշվետվությունը ներկայացնել կազմակերպության հիմնադրին (հիմնադիրների խորհրդին): Կազմակերպության հիմնադրի (հիմնադիրների խորհրդի) որոշմամբ վերահսկիչ ֆունկցիաները կարող է իրականացնել համապատասխան մասնագիտացված ձեռնարկությունը կամ վարձատրվող հսկիչը: Վերահսկիչ հանձնաժողովի անդամ կամ հսկիչ չեն կարող լինել կազմակերպության ղեկավարը և կառավարման բարձրագույն մարմնի անդամները:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամները կամ հսկիչը նշանակվում և ազատվում են միայն կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ:

 

Հոդված 15. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր կանոնադրական գործունեությունն ապահովելու նպատակով իրավունք ունի`

ստանալ և տրամադրել վարկեր.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված կարգով ձեռք բերել գույք այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և ստացված եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը, պայմանագրային սկզբունքով օգտագործել այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների գույքն ու իրավունքները.

ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ.

օտարել, վարձակալության տալ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել գույքային իրավունքներ, լինել գրավատու և գրավառու.

իր ֆինանսական միջոցները ներդնել այլ ձեռնարկություններում և կազմակերպություններում.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանել և ներմուծել իր կողմից թողարկված, գնված արտադրանքը, ծառայություններ մատուցել և աշխատանքներ կատարել օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար, օգտվել նրանց կատարած աշխատանքներից և մատուցած ծառայություններից, այլ պետություններում օրենսդրությանը համապատասխան իրականացնել ներդրումներ, ստեղծել դուստր ձեռնարկություններ.

արտաքին տնտեսական գործունեություն իրականացնել առանց միջնորդի, կամ արտաքին տնտեսական բնագավառում մասնագիտացված միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով.

Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո ինքնուրույն տնօրինել արտաքին տնտեսական գործունեությունից ստացված արտարժույթը, Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով վաճառել այն պետությանը, ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին.

ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, մատակարարներին և արտադրանքը սպառողներին.

որոշել իր ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների, արտադրական այլ օղակների ցանկը և գործունեության ձևերը, կառավարման համակարգը.

ներգրավել վարձու աշխատողներ, նրանց հետ կնքելով աշխատանքային պայմանագրեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով որոշել նրանց աշխատավարձի չափը.

օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը պարտավոր է`

ձեռնարկատիրությունից և այլ աղբյուրներից ստացված եկամուտը ծախսել միայն իր կանոնադրական նպատակներով.

աշխատանքային պայմանագրեր կնքել ձեռնարկությունում վարձով աշխատող քաղաքացիների կամ վերջինների կողմից լիազորված, նրանց շահերը ներկայացնող և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կազմակերպությունների հետ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել և փոխհատուցել իր կողմից հասցված վնասը` կնքած պայմանագրերը, այդ թվում` աշխատանքային, չկատարելու կամ պայմանավորված ձևով չկատարելու, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը խախտելու համար.

յուրաքանչյուր եռամսյակ հաշվապահական հաշվետվություններ ներկայացնել կազմակերպության եկամուտների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հարկերի և բյուջե կատարվող պարտադիր մյուս վճարումները.

իրականացել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել հաշվետվություններ` կազմակերպության շահույթի բաշխման ուղղությունների, հաշվեկշռի մասին և օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:

 

Հոդված 16. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության վերակազմավորումը և գործունեության դադարումը

 

 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններն առանց լուծարման ընթացակարգն անցնելու չեն կարող վերակազմավորվել կազմակերպական-իրավական այլ տեսակի ձեռնարկությունների: Եթե դրանք վերակազմավորվում են առանց կազմակերպական-իրավական տեսակի փոփոխության, և պահպանվում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակը, ապա կարող են վերակազմավորվել առանց լուծարման ընթացակարգն անցնելու:

Եթե վերակազմավորման հետևանքով փոխվելու է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակը, ապա ոչ ուշ, քան երկու ամիս առաջ այդ մասին գրավոր տեղյակ է պահվում ձեռնարկությունների պետական ռեգիստրին, իսկ գործունեության հետևանքով ստացված նախկին շահույթը ծախսվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության գործունեությունը դադարում է, եթե`

ա) այդ մասին կա կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի որոշումը.

բ) լրացել է գործունեության ժամկետը, կամ ուժի մեջ են մտել հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության դադարման այլ պայմաններ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել.

դ) դատարանը համապատասխան վճիռ է կայացրել.

ե) առկա են օրենսդրությամբ սահմանված այլ հիմքեր:

Ձեռնարկատիրությունից և այլ աղբյուրներից ստացված եկամուտը ոչ կանոնադրական նպատակներով ծախսելու դեպքում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության գործունեությունը ենթակա է դադարման:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության գործունեության դադարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության լուծարման դեպքում հիմնադիրների ներդրած գույքի մասը փոխհատուցվելուց հետո մնացած բոլոր միջոցները բաշխվում են կանոնադրական նպատակներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
24 նոյեմբերի 1993 թ.
ՀՕ-88

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.12.2001, ՀՕ-267 15.01.2002, ՀՕ-88
12.05.1997, ՀՕ-116 01.09.1997, ՀՕ-88
12.05.1997, ՀՕ-117 01.07.1997, ՀՕ-88
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան