ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2022 թվականի N 42-Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
13.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 42-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության (այսուհետ` համակարգի խափանում) մասին, որով պայմանավորված հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման հետ կապված գործառույթների մասին տեղեկատվությունը չի ներառվել հետագծելիության համակարգ, անձանց տեղեկացնելու (տեղեկատվությունը հրապարակելու) հետ կապված հարաբերությունները:
2. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հարկային մարմինը տեղեկատվությունը հրապարակում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (www.petekamutner.am): Համակարգի խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվում է այն հայտնի դառնալու օրը:
3. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո` մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է համակարգի խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն):
4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` առնվազն 5 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2022 թվական: