Գլխավոր տեղեկություն
Номер
N 113
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.10.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2016 թվականի

N 113

քաղ. Մոսկվա

          

«ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

                  

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կցվող՝ «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 037/2016)։

2. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի

N 113 որոշմամբ

    
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
   
Եվրասիական տնտեսական միության «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016)
  
I. Կիրառության ոլորտը
    

1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան՝ մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության ապահովման, ինչպես նաև էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի պարունակման առնչությամբ դրանց սպառողներին (օգտատերերին) մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման նպատակներով։

Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ Միության տարածքում շրջանառության մեջ դրվող էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու պահանջներ՝ դրանց ազատ տեղաշարժն ապահովելու համար։

Եթե էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համար ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են տվյալ արտադրատեսակներին ներկայացվող պահանջները, ապա էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի այդպիսի արտադրատեսակները պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Միության տարածքում շրջանառության մեջ դրվող էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների վրա՝ համաձայն N 1 հավելվածով նախատեսված ցանկի։

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալի վրա՝

ա) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են փոփոխական հոսանքի 1 000 Վ-ից և հաստատուն հոսանքի 1 500 Վ-ից ավելի անվանական լարման դեպքում օգտագործելու համար, եթե այլ բան նախատեսված չէ սույն տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածով.

բ) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են

բացառապես որպես սույն տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածով նախատեսված ցանկում չընդգրկված էլեկտրական սարքավորումների բաղկացուցիչ մասեր օգտագործելու համար.

գ) էլեկտրական խաղալիքներ.

դ) ֆոտոէլեկտրական պանելներ (արևային մարտկոցներ), որոնք ընդգրկվում են էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների կազմում.

ե) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են վերգետնյա և ուղեծրային տիեզերական օբյեկտների կազմում օգտագործելու համար.

զ) էլեկտրական սարքավորումներ, որոնք նախատեսված են բացառապես օդային, ջրային, վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտում օգտագործելու համար.

է) էլեկտրական մարտկոցներ և կուտակիչներ, այդ թվում՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների կազմում՝ Միության տարածքում շրջանառության մեջ դրվող էլեկտրական մարտկոցներ և կուտակիչներ.

ը) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի օգտագործված (շահագործված) արտադրատեսակներ.

թ) չափման միջոցներ.

ժ) բժշկական արտադրատեսակներ։

     

II. Հիմնական հասկացությունները

    

4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

խաղալիք՝ մինչև 14 տարեկան երեխայի (երեխաների) խաղի համար նախատեսված արտադրատեսակ կամ նյութ.

էլեկտրական խաղալիք՝ խաղալիք, որի առնվազն մեկ ֆունկցիան իրականացվում է էլեկտրական էներգիայի հաշվին.

էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ՝ արտադրատեսակներ, որոնց գործողությունն ըստ նշանակության պայմանավորված է այն էլեկտրական հոսանքների և (կամ) էլեկտրամագնիսական դաշտերի առկայությամբ, կիրառմամբ, արտադրմամբ, վերափոխմամբ, հաղորդմամբ և բաշխմամբ, որոնք նախատեսված են անմիջական օգտագործման համար կամ ներկառուցված են մեքենաների, մեխանիզմների, ապարատների, սարքերի և այլ սարքավորումների մեջ։

ներմուծող՝ Միության անդամ պետության ռեզիդենտ, որը Միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների փոխանցման արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է այդ արտադրատեսակների իրացում և պատասխանատվություն է կրում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար.

միատարր (հոմոգեն) նյութ՝ իր ամբողջ ծավալով անփոփոխ կազմով նյութ, որը բաղկացած է մեկ նյութից կամ նյութերի համակցությունից և (կամ) նյութերից, որոնք չեն կարող անջատվել մեխանիկական եղանակով (կազմատելու, կտրատելու, մանրացնելու, հղկելու կամ այլ մեխանիկական ներգործության ճանապարհով)։

    

III. Միության շուկայում էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների շրջանառության կանոնները

    

5. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը Միության տարածքում շրջանառության մեջ է դրվում սույն տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և պայմանով, որ այն անցել է համապատասխանության հավաստում՝ սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնի, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի համաձայն, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

6. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը, որի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստված չէ, չպետք է մակնշվի Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

     

IV. Վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու պահանջները

 

7. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը պետք է մշակված և արտադրված լինի այնպես, որ դրա կազմը չպարունակի՝

ա) վնասակար նյութեր՝ համաձայն N 2 հավելվածով նախատեսված ցանկի.

բ) միատարր (հոմոգեն) նյութեր, որոնք պարունակում են վտանգավոր նյութեր սույն տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածով նախատեսված ցանկում նշված թույլատրելի մակարդակը գերազանցող խտությամբ։

8. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների նկատմամբ սահմանված են վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու հատուկ պահանջներ՝ համաձայն N 3 հավելվածի։

    

V. Մակնշմանն ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները

     

9. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի անվանումը և (կամ) նշումը (տիպը, մակնիշը, մոդելը (առկայության դեպքում)), դրա հիմնական պարամետրերն ու բնութագրերը, արտադրողի անվանումը և (կամ) ապրանքային նշանը, այն պետության անվանումը, որտեղ արտադրվել է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը, պետք է զետեղվեն այդ արտադրատեսակի վրա և նշվեն դրան կցվող շահագործման փաստաթղթերում։

Ընդ որում, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի անվանումը և (կամ) նշումը (տեսակ, մակնիշ, մոդել (առկայության դեպքում)), արտադրողի անվանումը և (կամ) ապրանքային նշանը պետք է նաև զետեղվեն փաթեթվածքի վրա։

10. Եթե սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները հնարավոր չէ զետեղել էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի վրա, ապա դրանք կարող են նշվել միայն տվյալ արտադրատեսակին կցվող շահագործման փաստաթղթերում: Ընդ որում, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի անվանումը և (կամ) նշումը (տեսակ, մակնիշ, մոդել (առկայության դեպքում)), արտադրողի անվանումը և (կամ) ապրանքային նշանը պետք է զետեղվեն փաթեթվածքի վրա։

11. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի մակնշումը պետք է լինի հասկանալի, դյուրընթեռնելի և պետք է զետեղվի էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի վրա այնպիսի տեղում, որը հնարավոր է տեսնել առանց կազմատման՝ գործիքի կիրառմամբ։

12. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն՝

ա) սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունը.

բ) արտադրատեսակի նշանակության մասին տեղեկատվությունը.

գ) արտադրատեսակի բնութագրերը և պարամետրերը.

դ) արտադրատեսակի շահագործման (օգտագործման), մոնտաժման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման և ուտիլիզացման կանոններն ու պայմանները (անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան պահանջները).

ե) այն միջոցառումների մասին տեղեկատվությունը, որոնք պետք է ձեռնարկել՝ արտադրատեսակի անսարքությունը հայտնաբերելու դեպքում.

զ) արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի անվանումը և գտնվելու վայրը, նրանց կոնտակտային տվյալները.

է) տեղեկատվություն արտադրատեսակի արտադրման ամսվա և տարվա մասին և (կամ) այդ տեղեկատվության զետեղման վայրի կամ արտադրման տարին որոշելու եղանակի մասին։

13. Մակնշումը զետեղվում և շահագործման փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։ Չափման միավորները, տառային ապրանքային նշանները, հատուկ անունները, բնակավայրերի անվանումները և այլ անվանումներ ու վավերապայմաններ մակնշման մեջ և շահագործման փաստաթղթերում կարող են ներկայացվել այլ լեզուներով։

Շահագործման փաստաթղթերը ձևակերպվում են թղթային կրիչների վրա: Դրանց կարող է կցվել շահագործման փաստաթղթերի լրակազմ՝ էլեկտրոնային կրիչի վրա: Ոչ կենցաղային նշանակության էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի լրակազմի մեջ մտնող շահագործման փաստաթղթերը կարող են ձևակերպվել միայն էլեկտրոնային կրիչի վրա:

    

VI. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապահովումը

     

14. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի՝ սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունն ապահովվում է դրա՝ վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու պահանջների կատարմամբ։

15. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են այն ստանդարտներով, որոնք ընդգրկված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները պարունակող ստանդարտների ցանկում, այդ թվում՝ նմուշառման կանոնները, որոնք անհրաժեշտ են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացնելու համար:

     

VII. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության գնահատումը

     

16. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության գնահատումը կատարվում է համապատասխանության հաստատման ձևով։

17. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հավաստելիս հայտատու կարող է լինել անդամ պետության տարածքում՝ դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձը, որը արտադրող կամ ներմուծող (վաճառող) կամ արտադրողի կողմից լիազորված անձ է։

18. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները ենթակա են համապատասխանության հավաստման՝ համապատասխանության հայտարարագրման ձևով հետևյալ ընթացակարգերից որևէ մեկով՝

ա) սերիական թողարկման արտադրատեսակների համար՝ 1հ, 3հ և 6հ ընթացակարգեր.

բ) արտադրատեսակների խմբաքանակի համար՝ 2հ և 4հ ընթացակարգեր։

19. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատու կարող է լինել՝

ա) 1հ, 3հ և 6հ ընթացակարգերի համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).

բ) 2հ և 4հ ընթացակարգերի համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը)։

20. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրման ընթացակարգի ընտրությունն իրականացվում է հայտատուի կողմից։

21. 1հ և 2հ ընթացակարգերով էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հայտատուի կողմից սեփական ապացույցների հիման վրա։ Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների նմուշների փորձարկումներն անցկացվում են հայտատուի փորձարկման լաբորատորիայում կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որն ընդգրկված է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում (այսուհետ՝ Միասնական ռեեստր), կամ փորձարկման այլ լաբորատորիայում։

3հ, 4հ և 6հ ընթացակարգերով էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հայտատուի կողմից սեփական ապացույցների և Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա։

22. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն՝

ա) ձևակերպում և վերլուծում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, այդ թվում՝

տեխնիկական պայմանները (առկայության դեպքում).

շահագործման փաստաթղթերը.

արտադրատեսակների նմուշների և (կամ) բաղկացուցիչ մասերի, նյութերի, բաղադրիչների փորձարկման արձանագրություն (արձանագրություններ) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ և (կամ) հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակների համապատասխանության հավաստման համար (առկայության դեպքում) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ ընթացակարգեր).

մատակարարման պայմանագիրը (կոնտրակտը) և ապրանքաուղեկից փաստաթղթերը (առկայության դեպքում) (արտադրատեսակների խմբաքանակի, միավոր արտադրատեսակի համար) (2հ և 4հ ընթացակարգեր).

որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճեն) (6հ ընթացակարգ).

բ) անցկացնում է արտադրատեսակների նույնականացում՝ դրանք սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու նպատակով.

գ) ապահովում է արտադրական հսկողության անցկացումը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրատեսակների արտադրման գործընթացն ապահովի դրանց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

դ) ձեռնարկում է որակի կառավարման համակարգի գործունեության կայունության ապահովմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները (6հ ընթացակարգ).

ե) ընդունում է համապատասխանության մասին հայտարարագիրը, որը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 293 որոշմամբ հաստատված՝ միասնական ձևով և կանոններով.

զ) զետեղում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը համապատասխանության հավաստման ընթացակարգի ավարտից հետո.

է) համապատասխանության հավաստման ընթացակարգի ավարտից հետո կազմում է փաստաթղթերի փաթեթ, որն ընդգրկում է սույն կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերը, և համապատասխանության մասին հայտարարագիրը։

23. Համապատասխանության մասին հայտարարագիրը ենթակա է գրանցման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի N 76 որոշմամբ նախատեսված կարգով։

24. Սերիական թողարկման էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համար համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է 5 տարուց ոչ ավելի։ Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների խմբաքանակի համար համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետ չի սահմանվում:

25. Հայտատուի ընտրությամբ էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հավաստումը համապատասխանության հայտարարագրման ձևով կարող է փոխարինվել հետևյալ ընթացակարգերից որևէ մեկով՝ սերտիֆիկացման ձևով համապատասխանության հավաստմամբ՝

ա) սերիական թողարկման արտադրատեսակների համար՝ 1ս, 2ս և 6ս ընթացակարգեր.

բ) արտադրատեսակների խմբաքանակի համար՝ 3ս ընթացակարգ։

26. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները սերտիֆիկացնելիս հայտատու կարող է լինել՝

ա) 1ս, 2ս և 6ս ընթացակարգերի համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).

բ) 3ս ընթացակարգի համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը)։

27. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների սերտիֆիկացման ընթացակարգի ընտրությունն իրականացվում է հայտատուի կողմից։

28. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները սերտիֆիկացնելիս հայտատուն՝

ա) ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրատեսակների արտադրման գործընթացը լինի կայուն և ապահովի դրանց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

բ) կազմում է հետևյալ տեխնիկական փաստաթղթերը՝

տեխնիկական պայմանները (առկայության դեպքում).

շահագործման փաստաթղթերը.

մատակարարման պայմանագիրը (կոնտրակտը) և ապրանքաուղեկից փաստաթղթերը (առկայության դեպքում) (արտադրատեսակների խմբաքանակի համար) (3ս ընթացակարգ).

որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճեն) (2ս ընթացակարգ).

հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակների համապատասխանության հավաստման համար (առկայության դեպքում).

գ) Միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմին է ներկայացնում արտադրատեսակների սերտիֆիկացման հայտ (կցելով տեխնիկական փաստաթղթերը)։ Հայտում նշվում են տեղեկություններ այն փաստաթղթի վերաբերյալ, որի պահանջներին համապատասխանելու համար սերտիֆիկացված է որակի կառավարման համակարգը (2ս ընթացակարգ), ինչպես նաև տեղեկություններ արտադրատեսակների խմբաքանակի նույնականացման հատկանիշների և դրա մեջ մտնող արտադրանքի միավորների մասին (3ս ընթացակարգ).

դ) զետեղում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը համապատասխանության հավաստման ընթացակարգերի ավարտից հետո.

ե) արտադրատեսակների կառուցվածքի և դրանց արտադրության տեխնոլոգիայի մեջ այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին այդ արտադրատեսակների համապատասխանության վրա, դրա մասին նախօրոք տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին (1ս ընթացակարգ).

զ) համապատասխանության հավաստման ընթացակարգի ավարտից հետո ձևավորում է փաստաթղթերի լրակազմ, որն ընդգրկում է սույն կետի «բ» ենթակետով նախատեսված փաստաթղթեր, փորձարկումների արձանագրություն (արձանագրություններ), արտադրության վիճակի վերլուծության արդյունքներ (1ս ընթացակարգ) և համապատասխանության սերտիֆիկատ։

29. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները սերտիֆիկացնելիս Միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմինը՝

ա) վերլուծում է հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերը և տեղեկացնում է հայտատուին իր որոշման մասին (սերտիֆիկացման անցկացման պայմանի նշումով).

բ) անցկացնում է արտադրատեսակների նմուշների նույնականացում և փորձարկումներ անցկացնելու համար հայտատուի մոտից դրանց ընտրություն.

գ) ապահովում է արտադրատեսակների նմուշների (արտադրատեսակների խմբաքանակի (խմբաքանակից ընտրանքների) (3ս ընթացակարգ)) փորձարկումների անցկացումը Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում).

դ) անցկացնում է հայտատուի արտադրության վիճակի վերլուծություն, որի արդյունքները ձևակերպվում են ակտով (1ս ընթացակարգ).

ե) փորձարկումների և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 293 որոշմամբ հաստատված միասնական ձևով, և տալիս է այն հայտատուին.

զ) համապատասխանության սերտիֆիկատի մասին տեղեկությունները մուտքագրում է տրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում.

է) անցկացնում է տեսչական հսկողություն սերտիֆիկացված արտադրատեսակների նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում)` արտադրատեսակների նմուշների փորձարկումների անցկացման և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով (1ս ընթացակարգ).

ը) անցկացնում է տեսչական հսկողություն սերտիֆիկացված արտադրատեսակների նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) արտադրատեսակների նմուշների փորձարկումների անցկացման և որակի կառավարման սերտիֆիկացված համակարգի նկատմամբ որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի տեսչական հսկողության արդյունքների վերլուծության միջոցով (2ս ընթացակարգ).

թ) տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում հավաստում է համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը և տեսչական հսկողության ակտում կատարում է համապատասխան գրառում, տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ չեղարկման մասին և ընդունված որոշման մասին տեղեկատվությունը հայտնում է հայտատուին (1ս և 2ս ընթացակարգեր)։

30. Որակի կառավարման համակարգի սերտիֆիկացումը նախատեսող ընթացակարգերով համապատասխանության հավաստման (համապատասխանության հայտարարագրման կամ սերտիֆիկացման) իրականացման դեպքում այդ համակարգի սերտիֆիկացման աշխատանքներն իրականացվում են որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից, որը գրանցված է անդամ պետության տարածքում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան և հավատարմագրված է անդամ պետության հավատարմագրման ազգային համակարգում։

31. Սերիական թողարկման էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կազմում է 5 տարուց ոչ ավելի։ Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների խմբաքանակի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում:

32. Փաստաթղթերի լրակազմը, որը կազմվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հավաստելուց հետո, պահվում է՝

ա) սերիական թողարկման արտադրատեսակների համար՝ հայտատուի մոտ համապատասխանության մասին հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը դադարեցվելու օրվանից առնվազն 10 տարի.

բ) արտադրատեսակների խմբաքանակի համար՝ հայտատուի մոտ արտադրատեսակների խմբաքանակի իրացման ավարտի օրվանից առնվազն 10 տարի.

գ) արտադրատեսակի համար՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) մոտ այդ արտադրատեսակն արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարի։

               

VIII. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

                 

33. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնի համաձայն համապատասխանության հավաստման ընթացակարգով անցած էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը պետք է ունենա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։

34. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները Միության շուկայում շրջանառության մեջ դնելը:

35. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի յուրաքանչյուր արտադրատեսակի վրա՝ արտադրատեսակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկերումն ապահովող ցանկացած եղանակով, ինչպես նաև ներկայացվում է դրան կցվող շահագործման փաստաթղթերում։

Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի վրա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան զետեղելու անհնարինության դեպքում թույլատրվում է դրա զետեղումը միայն արտադրատեսակի փաթեթվածքի և դրան կցվող շահագործման փաստաթղթերի վրա։

36. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը մակնշվում են Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, եթե դա համապատասխանում է Միության (Մաքսային միության) այն բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

   

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

«Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016)

  

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

«Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016)

         

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

«Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016)

    Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: