Գլխավոր տեղեկություն
Номер
N 643-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 24.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.2021
Дата вступления в силу
25.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 643-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի դրամաշնորհային մշակութային ծրագրերի իրականացման արդյունքում հաղթող ճանաչված նախագծին ընթացք տալու և դրա կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.09.21 N 1452-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 643-Լ որոշման

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման

 

1․ ԲՅՈՒՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

1.

Կազմակերպության

անվանումը

«Բյուրական մշակութային լաբորատորիա»

2.

Կազմակերպության

գտնվելու վայրը

ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական, 0213, 20 փողոց, 16 շենք

3.

Ծրագրի անվանումը

Բյուրական մշակութային լաբորատորիա

3.1.

Բովանդակությունը

Բյուրական մշակութային լաբորատորիան կոչված է դառնալու այն ստեղծարար և յուրահատուկ միջավայրը, որտեղ ամբողջ Արագածոտնի մարզի պատանիները և երիտասարդները հնարավորություն կունենան կրթվելու և ինքնազարգանալու այլընտրանքային կրթական ծրագրերի և միջոցառումների շնորհիվ՝ թրեյնինգներ, կոնֆերանսներ, հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ, այլ միջոցառումներ՝ հայ և միջազգային մասնագետների, փորձագետների մասնակցությամբ:

Բյուրական մշակութային լաբորատորիան կարող է դառնալ այն ստեղծարար և յուրահատուկ միջավայրը, որտեղ կկազմակերպվեն կրթական, մշակութային, տեղեկատվական միջոցառումներ, համերգներ (խթանելով մարզի զբոսաշրջությունը), կիրականացվեն պատանիների և երիտասարդների հեղինակային ծրագրերը, որոնց միջոցով վերջիններս ձեռք կբերեն այն հիմնարար փոխանցելի հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակության ապահովման համար: Մշակութային լաբորատորիան կարող է դառնալ կրթական, զարգացման, համագործակցության գործիք, ինչպես նաև եզակի հարթակ՝ ուղղված պատանիների և երիտասարդների մասնակցության ուժեղացմանը, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը՝ ստեղծելով նաև

խոցելի խմբերի մատչելիությունը խթանող հնարավորություններ:

3.2.

Նպատակը

«Բյուրական մշակութային լաբորատորիա» նախագծի առաջնային նպատակներից է կիրառել նորարարական մոտեցումներ երիտասարդներին կրթելու գործընթացում, խթանել երաժշտության և արվեստի կրթական ծրագրերը Արագածոտնի մարզի պատանիների և երիտասարդների շրջանում, իրականացնել երիտասարդների անմիջական մասնակցությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ խթանելով վերջիններիս

ինքնազարգացումը և մտավոր զարգացման մեխանիզմները:

3.3.

Անցկացման ժամկետը

Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը

3.4.

Անցկացման վայրը

ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական

3.5.

Ակնկալվող արդյունքները

Բյուրական մշակութային լաբորատորիան ունի բոլոր նախադրյալները դառնալու ստեղծարար և յուրահատուկ միջավայրը, որտեղ պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան

• կրթվելու և ինքնազարգանալու այլընտրանքային կրթական ծրագրերի և միջոցառումների շնորհիվ,

• մենթորների և քոուչների անմիջական աջակցությամբ կյանքի կկոչվեն նորարարական ծրագրեր և նախաձեռնություններ՝ բացահայտելով երիտասարդների ստեղծագործական և նորարարական ներուժը,

• կլոր տարին կազմակերպվող կրթական, մշակութային, տեղեկատվական միջոցառումները, համերգները կխթանեն մարզի զբոսաշրջության զարգացումը, պատանիների և երիտասարդների հեղինակային ծրագրերը կարող են ներկայացվել ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային և

միջազգային հարթակներում:

3.6.

Ոչ ֆինանսական ցուցանիշները

Հնարավորություն 3000 երիտասարդի համար՝ կրթվելու և

ինքնազարգանալու այլընտրանքային կրթական ծրագրերի և միջոցառումների շնորհիվ

 

2․ «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն

 

1.

Կազմակերպության

անվանումը

«ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ

2.

Կազմակերպության

գտնվելու վայրը

Կ. Ուլնեցու փողոց, տուն 26, Քանաքեռ-Զեյթուն, 0037 Երևան, Հայաստան

3.

Ծրագրի անվանումը

«ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն

3.1.

Բովանդակությունը

Գյումրին և Մյունխենը գեղարվեստական աշխատանքի առաջին պլանում են՝ հարթակ հանդիսանալով գերմանացի և հայ երիտասարդ նկարիչների կարծիքների շուրջ բանակցությունների համար: Այս նպատակով նախագծել ենք ստեղծել մշակութային կենտրոն Գյումրիում, որտեղ ցանկացած երկրի արվեստագետ հնարավորություն կստանա համագործակցելու հայ արվեստագետների հետ և միասին մշակութային, սոցիալական կամ կրթական միջոցառումներ կազմակերպելու տարածաշրջանի բնակիչների և ժամանակակից արվեստի ոլորտը զարգացնելու նպատակով, ինչպես նաև գերմանացի երիտասարդ արվեստագետներին հնարավորություն տալու որոշակի ժամանակահատվածում աշխատել այլ երկրում և համագործակցության միջոցով ստեղծելու մշակութային արժեքներ: Նախագծի առավելությունն այն է, որ չկա ոչ մի սահմանափակում՝ թե՛ տարիքային, թե՛ ազգության պատկանելության, և թե՛ ինտեգրվածության հարցում։ Ստեղծվելու է համապատասխան միջավայր և տարածք, այլ կերպ ասած արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջև երկխոսության, համատեղ գաղափարների մշակման և մշակութային արժեքների ստեղծման համար:

Նախատեսվում է այլ քաղաքներում ևս հիմնել կենտրոններ, որոնք իրար հետ կհամագործակցեն և կկազմակերպեն նմանատիպ մշակութային փառատոներ, փոխանակման ծրագրեր, սոցիալական կամ կրթական միջոցառումներ՝ տարածաշրջանի բնակիչների և ժամանակակից արվեստի ոլորտը զարգացնելու նպատակով։ Ծրագրին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Մյունխենի Գեղարվեստի Ակադեմիա հիմնադրամը:

Տեխնիկայի, տարածքի, կամավորական օգնության և այլ կարգի սատարողներից են՝ Բեռլին Արտ Հոթելը Գյումրիում և Հայաստան

Արվեստ Հիմնադրամը:

3.2.

Նպատակը

Ծրագրի իրականացման նպատակն է ունենալ ժամանակակից արվեստի կենտրոն, որը կլինի Գյումրու առանցքային օղակը բազմամշակութային արվեստի բնագավառում: Այդ մշակութային կենտրոնում տեղի և միջազգային արտիստները կկարողանան կազմակերպել ուսումնական սեմինարներ, գիտաժողովներ, ինչպես նաև ստեղծել իրենց սեփական գեղարվեստական գործերը, որոնք

հետագայում կտեղակայվեն Գյումրիում:

3.3.

Անցկացման ժամկետը

Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից

մինչև 2021 թ. դեկտեմբերը

3.4.

Անցկացման վայրը

ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի

3.5.

Ակնկալվող արդյունքները

Կարևորագույն արդյունքը կլինի հասարակության տեղեկացվածության աստիճանի բարձրացումը ժամանակակից արվեստի ասպարեզում.

• մշակույթի կենտրոնը կդառնա հիմնական հարթակ ստեղծագործ հասարակության համար,

• աշխարհին կտա նոր արվեստագետներ, հասարակությանը հնարավորություն կտա փոխանակել գիտելիքները այլազգի ստեղծագործողների հետ, ինչն էլ առիթ կհանդիսանա նոր տեսակետների ստեղծման ու նոր ստեղծագործ ներուժի բացահայտման,

• մշակույթի կենտրոնը բաց կլինի բոլոր ստեղծագործողների համար, ամեն մտքի ու առաջարկի, խմբակային աշխատանքների համար։

3.6.

Ոչ ֆինանսական ցուցանիշները

«ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև հեռանկարում այլ մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով նախատեսվում է վերանորոգել 150 քմ շինության տարածք՝ ստեղծելով մշակույթի կենտրոն, «Գուրբան» փառատոնի շրջանակներում ներգրավել 20 արվեստագետի, որոնք փառատոնի ընթացքում կստեղծագործեն և կկազմակերպեն 13 միջոցառում, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն ևս 7 մասնակիցներ։ Փառատոնը տեղի է ունենալու Գյումրի քաղաքի առնվազն 7 ուրբան տարածքներում (այդ թվում՝ երկաթգծի կայարան, կայարանամերձ գետնանցում, կայարանամերձ այգի, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, Գ. Սևյանի անվան մշակույթի պալատի տարածք, քաղաքային շուկա, «Բեռլին Արտ Հոթել»)։ Փառատոնի ընթացքում կապահովվի միջոցառումների մասնակից 5 հայ արվեստագետների ճանապարհածախսը և կեցությունը, ինչպես նաև կապահովվեն արտասահմանից ժամանած 7 արվեստագետների փոխադրամիջոցի ծախսերը։ Փառատոնի կազմակերպած միջոցառումներին կներգրավվի 150-170 հանդիսատես:

 

3․ ՀԶՈՐԱՑԻ՛Ր, ՀԶՈՐԱՑՐՈՒ

 

1.

Կազմակերպության

անվանումը

«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային ՀԿ

2.

Կազմակերպության գտնվելու վայրը

Ք. Էջմիածին, Շահումյան 36, Արմավիրի մարզ, Հայաստան

3.

Ծրագրի անվանումը

«Հզորացի՛ր, հզորացրու»

3.1.

Բովանդակությունը

Ծրագրով նախատեսվում է Էջմիածին քաղաքում հիմնել երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդները կարող են իրականացնել իրենց նախաձեռնությունները (կոնֆերանսներ, մրցույթներ, քննարկումներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ և այլն)։ Երիտասարդների համար կանցկացվեն վաճառքի իրականացման, մարկետինգի, գովազդի, անձնային աճի, սոցիալական ձեռնարկատիրության թեմաներով դասընթացներ՝ իրենց աշխատանքներն իրացնելու, գաղափարներն ի կատար ածելու նպատակով։

3.2.

Նպատակը

«Հզորացի՛ր, հզորացրու» ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների կյանքի որակի բարելավմանը։ Երիտասարդական կենտրոնի հիմնումը և դասընթացների անցկացումը կնպաստեն երիտասարդների կարողությունների զարգացմանը, ժամանցի կազմակերպմանը, ինքնարտահայտմանը։ Ֆրիլանս հարթակի միջոցով նրանք կարող են լուծել իրենց զբաղվածության խնդիրը, կապեր հաստատել Հայաստանում և սփյուռքում ապրող երիտասարդների և փորձառու մասնագետների հետ, փոխանակելու փորձը և գիտելիքները։

3.3.

Անցկացման ժամկետը

Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը

3.4.

Անցկացման վայրը

Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին

3.5.

Ակնկալվող արդյունքները

Արմավիրի մարզում կհիմնվի երիտասարդական կենտրոն, որը կաջակցի երիտասարդների կարողությունների, գիտելիքների զարգացմանը, կդառնա ինքնարտահայտման հարթակ։ Իսկ ֆրիլանս հարթակը կլինի առաջին նմանատիպ հայկական առցանց հարթակը, որտեղ կարող են հանդես գալ տարբեր մասնագիտություններով և հմտություններով երիտասարդներ և լուծել իրենց զբաղվածության խնդիրը.

• Էջմիածին քաղաքում կստեղծվի մեկ երիտասարդական կենտրոն,

• 40 երիտասարդ կյուրացնի սոցիալական, ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարկետինգի, գովազդի, անձնային աճի, զարգացման թեմաները,

• կստեղծվի ֆրիլանս հարթակ,

• 6 դասընթացավար ծրագրի շրջանակներում ձեռք կբերի աշխատանք։

3.6.

Ոչ ֆինանսական ցուցանիշները

20 երիտասարդի վերապատրաստում մշակութային-սոցիալական ձեռնարկատիրության, հայ մշակույթի հիմունքների, վաճառքի իրականացման, մարքեթինգի, անձնային բրենդավորման թեմաներով

 

4․ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

 

1.

Կազմակերպության անվանումը «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպություն (ՀԿ)

2.

Կազմակերպության գտնվելու վայրը Մոսկովյան փ., շ․ 3, ք․ Երևան, 0001, Հայաստան

3.

Ծրագրի անվանումը Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծում

 3.1.

 Բովանդակությունը

ՀՀ խոշոր քաղաքներում առկա կոնկրետ նշանակության կառույցները (մշակութային տներ, կինոյի տներ, թատրոններ, գրադարաններ և այլն), իրականացնելով կրթամշակութային գործունեություն, ունեն արդիականացման և նորովի ընկալվելու խնդիր, զարգացման համար նախատեսված հայեցակարգերի ներդրման, ինչպես նաև առաջնահերթություն սահմանելու պահանջ։

Մարզաբնակ երիտասարդների համար այլևս բավարար չեն սոսկ շենքային պայմանները և վերջիններիս բուն նշանակության բաղադրիչները, քանի որ մարզաբնակ երիտասարդը, պայմանավորված տեխնոլոգիական և տեխնիկական զարգացումների տենդենցներով, պահանջում և ավելին է սպասում կոնկրետ ֆունկցիոնալություն ունեցող կառույցից։

Ունենալով մարզաբնակ երիտասարդի պահանջների և ինքնազարգացման մղումների վիճակագրություն՝ եկել ենք այն եզրակացության, որ հատկապես խոշոր քաղաքներում խիստ կարիք կա նոր հարթակների, որոնց տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային հագեցվածությունը կարող է ապահովել տվյալ մարզի, ինչպես նաև մարզաբնակ երիտասարդի անհատական և համընդհանուր զարգացումը։

Հաշվի առնելով, որ նորարարական այդ հարթակների ստեղծումը պետք է ունենա բարենպաստ հիմքեր և հիմնավորումներ՝ նախընտրելի է, որ արդեն իսկ եղած կրթամշակութային կառույցները, պահպանելով իրենց հիմնական նշանակությունն ու ֆունկցիոնալությունը, միաժամանակ ներառեն նաև նորարարական կենտրոններ, որոնց մոդելն առաջարկում է այս ծրագիրը։

Հաշվի առնելով վիճակագրական տվյալները, ինչպես նաև մարզային գրադարանի արդիականացման մարզային և հանրապետական նշանակության կարևորությունը՝ առաջարկվում է Լոռու մարզի մարզային գրադարանի կոնկրետ մի հատվածում իրագործել երիտասարդների ինքնազարգացման, մշակութայինժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիր, որը միաժամանակ ամրապնդելու է մարզային գրադարանի ֆունկցիոնալ կարևորությունը, ինչպես նաև արդիականացնելու է գրադարանը՝ որպես մեկ միասնական մշակութային, կրթական, սոցիալական ակտիվության հարթակ՝ կիրառելով ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները՝ մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին ծառայելու, ինչպես նաև մարզ-մայրաքաղաք կապն ամրապնդելու և միջմշակութային հնարավոր ազդեցությունները ընդլայնելու համար։

Վերոնշյալն իրականացնելու համար ուսումնասիրվել են Լոռու մարզային գրադարանի ֆունկցիոնալ և շենքային առանձնահատկությունները և համադրվել ծրագրի իրականացման հնարավորությունների հետ։

Ըստ այդմ՝ նախագծի իրականացման համար անհրաժեշտ կլինի տրամադրել կոնկրետ տարածքներ, որոնք կծառայեն մի կողմից մշակութային, կրթական, ինքնազարգացման հարթակ ստեղծելուն, մյուս կողմից սոցիալ-ձեռնարկատիրական մեծ ծրագրի հավելյալ բաղադրիչների գործարկմանը։

Ծրագիրն իրականացնելու համար վերանորոգվելու են շենքի համապատասխան տարածքները, վերոնշյալ տարածքները վերափոխվելու են տեխնոլոգիապես հագեցած կիրառական հարթակների, որոնք հնարավոր են դառնալու ֆունկցիոնալ գոտիների՝ ընթերցասրահի, ինտելեկտուալ և զարգացնող խաղերի գոտու, բաց խոհանոցի, աշխատանքային գոտու, բեմական հատվածի, կինոսրահի առկայության շնորհիվ։

Կրթական և մշակութային զարգացման նպատակով իրականացվելու են հետևյալ ձևաչափի իրադարձությունները՝ սեմինարներ, դասընթացներ, թրեյնինգներ, դասախոսություններ, վարպետության դասեր, մասնագիտական հանդիպումներ, ֆիլմերի դիտումներ-քննարկումներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, համերգային (կամերային) նախագծեր, իրականացվելու են գրքերի, բիբլիոգրաֆիկ այլ գույքի, ձեռագործ իրերի ցուցահանդեսվաճառքներ։

Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում նորարարական կենտրոնի բովանդակությունը և իրագործման մեխանիզմները ներկայացնում է 2 տարվա ուսումնասիրությունների, կառավարմանն ու հանրահռչակմանն ուղղված խորհրդատվությունների, իրավաբանական և հաշվապահական հարցերի և ռիսկերի գնահատման համալիր տեղեկությունների, ինչպես նաև մարզային առանձնահատկությունները հաշվի առնելու և միջազգային փորձը տեղայնացնելու հիման վրա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գրադարանային միջավայրերը վերջին տասնամյակների ընթացքում շարունակ փորձում են վերափոխել բազմաֆունկցիոնալ հարթակների, որի շնորհիվ պահպանում են նախնական՝ գրադարանին բնորոշ մթնոլորտն ու նշանակությունը՝ միևնույն ժամանակ տարածքը հագեցնելով և համալրելով մենեջմենթային, տեխնիկական և բովանդակային պահանջներին համապատասխան։

Առավել էական են դառնում գրադարանների կողմից կազմակերպվող միջոցառումները (հիմնականում՝ կրթական, մշակութային, այժմ նաև՝ ինովացիոն), ինչպես նաև գրադարանը՝ որպես նոր տարածք և «գործողության» նոր վայր ընկալելու համալիր գործողությունները (ինքնազարգացման և ինքնառեալիզացման ոչ ֆորմալ ձևաչափերի կիրառում)։

Ծրագրի իրականացման համար նախապես առանձնացվել են շենքի կոնկրետ հատվածներ, որոնք կարող են գործարկվել որպես նախագծի իրականացման հարթակներ։

3.2.

Նպատակը

Մարզային գրադարանում նորարարական, երիտասարդական հարթակի ստեղծումը միտված է նոր թափ հաղորդելու կարևոր կրթամշակութային դեր ունեցող կառույցին, ներդնելու գործիքակազմ և տեխնոլոգիական միջոցներ գրադարանհանրություն կապի ամրապնդման համար։

Ծրագրի իրականացումը նպատակ ունի՝

• ստեղծելու ոչ ֆորմալ կրթական, մշակութային, ինովացիոն, բազմաֆունկցիոնալ հարթակ, որը հասանելի կլինի ցանկացած տարիքի, ցանկացած զբաղվածության, ցանկացած մասնագիտության մարզաբնակի համար,

• նպաստելու մարզային գրադարանի առաջխաղացմանը՝ չմիջամտելով հիմնական գործառույթներին, պահպանելով գործընկերային հարաբերությունների պատշաճ մակարդակ,

• իրագործելու ծրագրերի, նախագծերի, իրադարձությունների համալիր փաթեթ, որի հիմնական սկզբունքը ներառականությունն է՝ հիմնվելով մարզաբնակ պատանու, երիտասարդի, սկսնակի և պրոֆեսիոնալի անհատական աճի, հետաքրքրությունների շրջանակն ընդլայնելու և հնարավորությունների մասին տեղեկանալու վրա,

• նպաստելու համատեղ իրականացվելիք սթարթ-ափ նախագծերի իրականացմանը հարթակ և խորհրդատվություն տրամադրելու միջոցով,

• ամրապնդելու և զարգացնելու մարզ-մայրաքաղաք, մարզայլ մարզ, քաղաք-այլ քաղաք միջմշակութային, միջկրթական և փոխազդեցության հնարավորությունների պոտենցիալը,

• պոտենցիալ ընթերցողին տրամադրելու ինտելեկտուալ, հաճելի, բազմաֆունկցիոնալ հարթակ՝ գրքին և ընթերցանությանը մեկ քայլով ևս մոտեցնելու ակնկալիքով,

• ստեղծելու համապատասխան միջավայր՝ ինտելեկտուալ ժամանցի և ընտանեկան հանգստի համար:

Ծրագրի գործարկման ընթացքում իրականացվելիք կրթական, մշակութային, ինովացիոն, ճանաչողական, փորձի փոխանակմանը միտված և նմանատիպ այլ ծրագրերն ու իրադարձությունները մեծապես նպաստելու են գրադարանի երբեմնի դերի վերականգնմանը կամ վերաձևակերպմանը, իսկ քաղաքային միջավայրը հարթակն ընկալելու է որպես այլընտրանքային կրթության, մշակութային բազմաբնույթ իրադարձությունների իրագործման կարևոր կետ, որը հնարավորություն է տալու ցանկացած մեկին ինքնաիրացվելու, ինքնազարգանալու և մասնակից դառնալու ընդհանուր միջավայրային ներառականության՝ ի նպաստ քաղաքի, մարզի երիտասարդի

զարգացման և առաջընթացի։

3.3.

Անցկացման ժամկետը

Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից

մինչև 2022 թ. մարտ ամիսը

3.4.

Անցկացման վայրը

Լոռու մարզ, ք. Վանաձոր

3.5.

Ակնկալվող արդյունքները

Ծրագրի իրականացման արդյունքում գրադարանը, պահպանելով իր հիմնական ֆունկցիոնալությունը և բնականոն գործելակերպը, ներառում է նաև ոչ ֆորմալ կրթական, մշակութային, սոցիալական միջավայրը՝ կենտրոնը, որը զարգացման հնարավոր բոլոր ուղղությունների համար ունի համապատասխան հագեցվածություն։

Մարզային կառույցը վերափոխվում է մարզաբնակ երիտասարդի համար որպես զբաղվածության ապահովման կրթամշակութային կառույցի, որտեղ նախևառաջ ամրապնդվում է ընթերցող-գիրք կապը, մայրաքաղաք-մարզ կապը, քաղաքաբնակների գաղափարների գեներացման համար նախատեսված և միմյանց հետ փորձի փոխանակման համար ակնկալվող կապը։

Մեկ այլ իմաստով կենտրոնն ընկալվում է նաև ինտելեկտուալ ժամանցի, առողջ ապրելակերպի, առողջ սննդի կոնցեպտների գործարկման և զարգացման համալիր հարթակ։

Ծրագրային հագեցվածության շնորհիվ մարզաբնակ երիտասարդի պոտենցիալի և վերջինիս առաջ մղելու հնարավորությունը երաշխավորված է, քանի որ հարթակը միաժամանակ հենց այդ պոտենցիալի իրացման վայրն է։

Ծրագրի արդյունքում ստեղծվում է արդիականացման մոդելի օրինակ, որը հրաշալիորեն կարող է գործարկվել այլ մարզերի մարզային գրադարանների, մշակութային տների և այլ կրթամշակութային կառույցների արդիականացման նպատակով, ինչպես նաև որպես այլընտրանքային կրթամշակութային կառույցների բարելավման և զարգացման օրինակ ծառայելու իմաստով։

Ծրագրի առաջին փուլի՝ վերանորոգման աշխատանքների և տեխնիկական հագեցվածության ավարտից անմիջապես հետո կենտրոնը մեծ թափով սկսելու է իր աշխատանքները՝ կիրառելով մինչ այդ մշակված ծրագրային և նախագծային պլանի իրագործման հնարավորությունները։ Վերոնշյալ գործունեության արդյունքում ամրապնդվելու են՝

• մարզ-մարզ, մարզկենտրոն-մարզկենտրոն կապը,

• մարզ-մայրաքաղաք կապը («Լոֆթ» ինքնազարգացման երևանյան կենտրոնի ողջ պոտենցիալը, կառուցվածքային առանձնահատկությունները, համագործակցության երկարատև փորձը գործելու է ի նպաստ վերոնշյալ կապի ամրապնդման),

• երիտասարդ-պրոֆեսիոնալ-երիտասարդ կապը (պայմանավորված «Իմ մենթոր» համահայկական նախագծի գործարկմամբ):

Նորարարական կենտրոնի զարգացման հիմքում ընկած է ցանցային տրամաբանության կոնկրետ լոկալիզացման մեթոդիկան, որի շնորհիվ հնարավոր է լինելու կոնկրետ տարածքում՝ Լոռու մարզում զարգացնել երիտասարդի ինքնազարգացմանը նպաստող գործիքակազմ, իսկ զարգացման հաջորդ փուլերում ապահովել նաև մասնագիտական, ստեղծարար

մտքի և ֆունկցիոնալության բարենպաստ ուղի։

3.6.

Ոչ ֆինանսական ցուցանիշները

Տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային նոր հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ հարթակի ստեղծում Գրադարանի՝ մարզային բնակչության (թիրախային խմբեր՝ դեռահասներ, դպրոցահասակներ, իտասարդներ, ասնագիտական շրջանակներ եւ այլն) համար ոչ ֆորմալ կրթական միջավայրի վերափոխում

 

5․ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ

 

1.

Կազմակերպության

անվանումը

«ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ

2.

Կազմակերպության գտնվելու վայրը

Մ. Գորկու 1-ին նրբանցք, տ. 7, Թալին, Արագածոտնի մարզ,

Հայաստան

3.

Ծրագրի անվանումը

«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ»

3.1.

Բովանդակությունը

«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ» նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Թալինի և հարակից համայնքների նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրում, պահպանությանն ու հանրայնացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը: Ստեղծելով մշակութային-ժամանցային միջավայր, մասնավորապես՝ մշակութային արժեքներով հետաքրքրասերների ակումբ` ծրագիրը կնպաստի նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը:

Նախագծի թիրախային խումբ են Թալինի և հարակից համայնքների երիտասարդները: Նախագիծը կնպաստի երիտասարդների ինքնակրթմանը, զբաղվածության ապահովմանը, մասնագիտական կողմնորոշմանը և կձևավորի սեփականության զգացում համայնքի նկատմամբ: Թիրախային խմբեր են նաև տուրիստական կազմակերպությունները:

Նախագծի շահառուն համայնքն է:

Նախատեսվում է «Ստեղծարար համայնք» նախագիծը դարձնել մշակութային-ժամանցային միջավայրերի ստեղծմանը և տուրիզմի զարգացմանը խթանող պրակտիկ մոդել (գործիք) և որպես փորձարկված մոդել կիրառել ՀՀ այլ մարզերում` նպաստելով երիտասարդների ակտիվացմանը և համայնքների զարգացմանը: Նախագիծը լուսաբանվելու է առցանց սոցիալական հարթակներում ինչպիսիք են՝ Facebook (Լյուպին ԵՀԿ, Թալինի համայնքապետարան, Արագածոտնի մարզպետարան) Twitter և այլ հարթակները: Նախագիծն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ-ի Թալինի տարածքային գրասենյակի և Թալինի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Թալինի համայնքապետարանը տրամադրել է նաև համայնքահեն

տարածք նախագծի իրականացման համար:

3.2.

Նպատակը

«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ» նախագծի նպատակն է`

• ստեղծել նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների բացահայտման պահպանությամբ զբաղվող երիտասարդական ակումբ,

• քարտեզագրել Թալինի և հարակից համայնքների նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները,

• նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հանրայնացումը,

• զբոսաշրջության խթանումը:

3.3.

Անցկացման ժամկետը

Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից

մինչև 2021 թ. դեկտեմբերը

3.4.

Անցկացման վայրը

ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին

3.5.

Ակնկալվող արդյունքները

Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների յուրովի հանրայնացումը կնպաստի պատմամշակութային կոթողների վերածննդին.

• Թալինի և հարակից համայնքների նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների վերաբերյալ, տեղեկատվական օնլայն պլատֆորմի առկայություն,

• իրականացվող աշխատանքների մանրամասների պահպանում, քարտեզագրում, թվայնացում և տեսանյութերի նկարահանում,

• առնվազն երկու պատմամշակութային կոթողի 3D մոդելավորում,

• Թալինի և հարակից համայնքների առնվազն 5 երիտասարդի մասնագիտացում, որպես ուղեկցողզբոսավար,

• տուրիստական փաթեթի առկայություն,

• Թալինը՝ 2021 թ. նոր տուրիստական ուղղություն:

3.6.

Ոչ ֆինանսական ցուցանիշները

Նախատեսվում է 30 երիտասարդների ակտիվ մասնակցություն, 3 դասընթացավար: Թիրախավորվում է տեղեկատվական տարած-

ման արդյունքում ունենալ մոտ 1000 շահառու:

 

6․ Մասիսի Երիտասարդական կենտրոնում «Youth Lab»

 

1.

Կազմակերպության

անվանումը

«Մասիսի Զարգացման Հիմնադրամ

2.

Կազմակերպության

գտնվելու վայրը

ք. Մասիս, Հանրապետության 11, Արարատի մարզ, Հայաստան

3.

Ծրագրի անվանումը

«Մասիսի Երիտասարդական կենտրոնում «Youth Lab»-ի հիմնում»

3.1.

Բովանդակությունը

Նախագծով ծրագրվում է Երիտասարդական կենտրոնում «Youth Lab» լաբորատորիայի հիմնում։ Լաբորատորիայի ստեղծման համար հարկավոր են համապատասխան կահավորում և համապատասխան տեխնիկական հագեցվածություն, որոնք հնարավորություն կտա ներբեռնելու թվային արվեստի, մոնտաժի, ֆոտոշոփի, անիմացիոն և մասնագիտական այլ ծրագրեր, կցել տաբլեթներ և ուսուցանել ծրագրավորման լեզուներ, այսինքն՝ լաբորատորիա, որտեղ միևնույն ժամանակ կարելի է աշխատել տարբեր նախագծերով։

Նախագծի թիրախային խումբը երիտասարդներն են, շահառուները՝ Մասիս քաղաքի և հարակից բնակավայրերի երիտասարդները, ուսանողները, դպրոցականները:

«Youth Lab»-ը մեկամյա նախագիծ չէ, այն միտում ունի զարգանալու նոր ուղղություններով և նոր պրոֆիլներով՝ ապագայում Թումո կենտրոն դառնալու հեռանկարով:

«Youth Lab» ծրագրի ազդեցությունը կգնահատվի մշտադիտարկումների միջոցով: Նախատեսվում է մշտադիտարկում անցկացնել նախքան ծրագրի իրականացումն ու դրանից հետո:

Անհրաժեշտության դեպքում կմշակվեն ՏՏ ոլորտում կրթությունը

բարելավելու և թվային ոլորտի զարգացմանը խթանելու նոր լուծումներ:

3.2.

Նպատակը

«Youth Lab» նախագիծը նպատակ ունի՝

• զարգացնել ՏՏ ոլորտը համայնքում՝ ապահովելով երիտասարդներին և պատանիներին ոչ ֆորմալ կրթությամբ, տալով հնարավորություն ծանոթանալու և մասնակցելու ինֆորմացիոն անվտանգության, ծրագրավորման լեզուների ուսումնասիրման, թվային արվեստի, մեդիայի հմտություններին վերաբերող դասընթացների, թրեյնինգների և այլ ծրագրերի,

• դառնալ նորարարական գաղափարների և ստեղծարար աշխատանքների իրականացման հարթակ, նպաստել երիտասարդների նախաձեռնողական ունակությունների զարգացմանը,

• նպաստել համայնքի երիտասարդների մասնագիտական ընտրության կողմնորոշմանը,

• ստեղծել անհրաժեշտ պայմաններ, սոցիալական դժվար պայմաններում գտնվող երիտասարդներին՝ տեխնոլոգիական բացահայտումներ անելու և կրթություն ստանալու համար,

• ամրապնդել միջհամայնքային կապերը։

3.3.

Անցկացման ժամկետը

Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից

մինչև 2021 թ. դեկտեմբերը

3.4.

Անցկացման վայրը

ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս

3.5.

Ակնկալվող արդյունքները

«Youth Lab» ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները հետևյալն են՝

• մարզում ունենալ հարթակ տարբեր երիտասարդական նորարարական գաղափարների իրականացման և փորձի փոխանակման ծրագրերի, միջհամայնքային կապերի ամրապնդման համար,

• ունենալ տեղեկացած և զարգացած երիտասարդներով լի համայնք, ինչն էլ կնպաստի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը,

• Մասիսի Երիտասարդական կենտրոնին հնարավորություն ընձեռել գործունեություն ծավալելու նաև ՏՏ ուղղվածությամբ և ձեռք բերելու նոր համագործակցություններ:

3.6.

Ոչ ֆինանսական

ցուցանիշները

Կենտրոնը տարեկան միջին հաշվարկով 300 երեխայի կապահովի

ՏՏ ոլորտում ոչ ֆորմալ կրթությամբ:

(հավելվածը խմբ. 08.09.21 N 1452-Լ, փոփ. 23.12.21 N 2106-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ