ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան և խնդիրը |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
2. Սույն օրենքի խնդիրն է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը:
Հոդված 2. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ինչպես նաև օրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն.
ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.
ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.
ավտոմոբիլ` ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև հիմնականում ոչ տրանսպորտային աշխատանքներ (ավտոկռունկ, հրշեջ մեքենա և այլն) կատարելու համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց.
բնակավայր` կառուցապատ տարածք, որտեղ կիրառվում են ճանապարհային երթևեկության հատուկ կանոններ, և որի մուտքն ու ելքը նշված են համապատասխան ճանապարհային նշաններով.
երթևեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.
երթևեկության գոտի` երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար.
երկաթուղային գծանց՝ նույն մակարդակի վրա ճանապարհի հատումը երկաթուղային գծերի հետ.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց՝ կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) բեռներ փոխադրող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).
թույլատրելի առավելագույն զանգված՝ վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.
խաչմերուկ` միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.
կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.
կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, անմիջապես իրար հետևից միևնույն երթևեկության գոտիով ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ կամ կապույտ ու կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.
կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.
կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.
կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.
կողնակ` տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված ճանապարհի տարր.
կցորդ (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար.
հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.
հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային սայլակի.
հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.
հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված.
ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես.
ճանապարհային երթևեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.
ճանապարհային երթևեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.
ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն.
ճանապարհների ինժեներական կառույցներ՝ կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն.
ճանապարհատրանսպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.
ճանապարհային երթևեկության մասնակից (այսուհետ` երթևեկության մասնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր.
ճանապարհային երթևեկության կազմակերպում` ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ.
մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից կանաչապատված գոտիով առանձնացված ճանապարհի տարր.
մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտոր և ինքնագնաց մեքենա, բացառությամբ մոպեդի և ռելսային տրանսպորտային միջոցի.
մերձակա տարածք` տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք.
միջազգային երթևեկություն` այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը Հայաստանի Հանրապետությունում.
մոպեդ` մինչև 50 սմ3 բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50 կիլոմետր-ժամ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաև կախովի շարժիչով հեծանիվը և համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանսպորտային միջոցը.
մոտոցիկլետ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլետին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ և քառանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները.
ոչ սթափ վիճակ` մարդու օրգանիզմի վրա ալկոհոլային խմիչքի և (կամ) թմրադեղերի ազդեցության վիճակ.
որակավորման քննություն՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ) գործնական քննություն.
վազանց` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ.
վարորդ` տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաև վարել սովորեցնողը, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը.
վթարային իրադրություն՝ երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.
տեսանելիության հեռավորություն` երթևեկելի մասի մակարդակից 1,2 մետր բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.
տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք.
ուղևոր` տրանսպորտային միջոցի սրահում կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի.
օրվա մութ ժամանակ՝ արեգակնային լուսավորության բացակայության ժամանակահատվածը:
Հոդված 3. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են պայմանագրի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթևեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ և երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է:
2. Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերով սահմանված կարգով։
Հոդված 5. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության գերակայությունը տնտեսավարման գործունեության արդյունքների նկատմամբ.
բ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ժամանակ քաղաքացիների, հասարակության և պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը.
գ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը.
դ) ճանապարհային երթևեկության իրականացման միասնական կարգի սահմանումը:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Հոդված 6. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպումը.
բ) տրանսպորտային համակարգի գործունեության պետական կարգավորումն ու կառավարումը.
գ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.
դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանումը.
ե) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության աստիճանի և հետևանքների նվազեցման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ անձանց գործունեության համակարգումը.
զ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումների նյութական և ֆինանսական ապահովումը.
է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը և քաղաքացիների` ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների ու պահանջների ուսուցումը.
ը) ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը.
թ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը.
ժ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթևեկության կանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով) և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը.
ժա) տրանսպորտային միջոցների և քաղաքացիների ապահովագրման ոլորտում սոցիալական ուղղվածության քաղաքականության իրականացումը:
Հոդված 7. | Ճանապարհային երթևեկության կազմակերպումը |
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն։
2. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության միասնական կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոններով:
Հոդված 8. | Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառումը |
Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների` ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշների պետական հաշվառում։
Գ Լ ՈՒ Խ 3
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված կարգով՝
ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերը, ինչպես նաև դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.
գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները.
դ) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման, տրանսպորտային միջոցների գրանցման ազգային ու միջազգային վկայագրերի և գրանցման համարանիշերի հատկացման կարգը.
ե) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների կառուցման, արտադրման ու շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման կարգը.
զ) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.
է) սահմանում է տրանսպորտային միջոցների գրանցման համարանիշերը հանելու և ժամանակավոր համարանիշ տալու կամ հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցները ձևակերպելու, պահպանելու ու բաց թողնելու կարգը.
ը) սահմանում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման, ինչպես նաև ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաների համաձայնեցման կարգը.
թ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.
ժ) սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնական ցուցանիշների պետական հաշվառման և հաշվետու տվյալների ձևավորման կարգը.
ժա) սահմանում է «C», «D» և «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու կարգն ու պայմանները.
ժբ) սահմանում է որակավորման քննություն հանձնելու և ազգային ու միջազգային վարորդական վկայական տալու կարգը.
ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների պարտադիր պետական տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.
ժդ) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.
ժե) սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը.
ժզ) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները.
ժէ) սահմանում է վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.
ժը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
Հոդված 10. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) մասնակցում է պետական քաղաքականության իրականացմանը.
բ) մասնակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերի մշակմանը և իրականացմանը.
գ) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
դ) տալիս է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների շահագործման թույլտվություն, ներառյալ` պետական գրանցումը, փաստաթղթերի և գրանցման համարանիշերի հատկացումը, ինչպես նաև միջազգային երթևեկության մասնակիցներին տալիս է տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր.
ե) սահմանված կարգով տալիս է «C», «D» և «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա.
զ) ապահովում է ճանապարհային երթևեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
է) ձեռնարկում է միջոցներ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ.
ը) ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով միջնորդագրեր է ներկայացնում համապատասխան մարմիններին.
թ) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն.
ժ) հրապարակում և (կամ) տրամադրում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող տեղեկություններ.
ժա) համագործակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժբ) քաղաքացիներից ընդունում է որակավորման քննություններ և նրանց տալիս է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային և միջազգային վկայականներ.
ժգ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
2. Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 11. | Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները |
1. Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումն ու պահպանումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց տրված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նման իրավասություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ` ճանապարհների սեփականատերերը:
2. Արգելվում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության վրա բացասաբար ազդող ինժեներական լուծումների հաշվին կապիտալ ծախսերի նվազեցումը:
Հոդված 12. | Ճանապարհային երթևեկության սահմանափակումը և (կամ) դադարեցումը |
Ճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել և (կամ) դադարեցվել օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Հոդված 13. | Տրանսպորտային միջոցների շահագործման թույլտվությունը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների (բացառությամբ միջազգային երթևեկությանը մասնակցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) շահագործման թույլտվությունը, ներառյալ` պետական գրանցումը, փաստաթղթերի և գրանցման համարանիշերի հատկացումը, ինչպես նաև միջազգային երթևեկության մեջ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մինչև 2 ամիս ժամանակով ներմուծած տրանսպորտային միջոցների գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների միջազգային երթևեկությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, համաձայնագրերով և տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 14. | Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները |
1. Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, ստանդարտների, կանոնների և տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին:
2. Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը:
Հոդված 15. | Տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննությունը |
1. Օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման թույլտվություն ստացած տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական տեխնիկական զննության:
2. Տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության ժամկետը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից օգոստոսի 31-ն է, բացառությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, որոնց տեխնիկական զննության ժամկետներն են՝ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից ապրիլի 30-ը և սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը:
Հոդված 16. | Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները |
1. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման նորմերը, կանոնները և ընթացակարգը սահմանում է տրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործման պայմանները:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով առանձին կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:
Հոդված 17. | Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը |
1. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝
ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:
3. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:
4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և գրավոր արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով և երկրորդ մասի «ա», «դ» և «ե» կետերով նախատեսված դեպքերի:
5. Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով և հինգերորդ մասով նշված գործողությունները կատարելուց հետո ոստիկանության ծառայողը թույլատրում է տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, եթե ի հայտ չեն գալիս սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում նշված հիմքերը:
7. Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝
ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.
գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.
դ) վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.
ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:
8. Երթևեկության սահմանված արագության գերազանցման և տրանսպորտային միջոցների ապակիների գունամշակման ստանդարտների խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:
Հոդված 18. | Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը և կարգը |
1. Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե դրա վարորդը`
ա) տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում.
բ) տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունի, հավասարապես նաև տրանսպորտային միջոցը վարել է կեղծ կամ փոխված գրանցման համարանիշերով կամ առանց գրանցման համարանիշերի, գրանցման վկայագրի, վարորդական վկայականի կամ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի (լիազորագիր, ուղեգիր, երթուղային թերթիկ, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն).
գ) զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից:
2. Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե`
ա) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում են հետախուզման մեջ.
բ) տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված ժամկետում պետական տեխնիկական զննություն չի անցել.
գ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է, չեն գործում արգելակային համակարգը, ղեկային կառավարումը, լապտերները և հետին եզրաչափային լույսերը (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչը (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), անսարք է կցման հարմարանքը (ավտոգնացքի կազմում), տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը սահմանված նորմերից պակաս է.
դ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար կամ դրա մասնակիցն է.
ե) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում գրանցված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը:
3. Սույն հոդվածի առաջին մասով և երկրորդ մասի «ա», «դ» և «ե» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ, արձանագրել խախտումը և իր իրավասության սահմաններում տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք` դնել արգելանքի տակ:
4. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 5-օրյա ժամկետում`
ա) վերացնում է արգելանքի վերցնելու պատճառները, ապա ոստիկանությունը անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.
բ) չի վերացնում արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները կամ վերացնելով արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները` տրանսպորտային միջոցը չի հանում պահպանվող հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցը տնօրինողից հաջորդող յուրաքանչյուր օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ(հաշվին):
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:
5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգը սույն հոդվածի երկրորդ մասի «դ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցը արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի տնօրինողին ծանուցելուց 5 օր հետո:
6. Սույն հոդվածի երկրորդ մասի «բ» և «գ» կետերով նախատեսված դեպքերում կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և հանել տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարանիշերը: Հանված համարանիշերը վերադարձվում են պետական տեխնիկական զննությունն անցնելուց կամ արձանագրված անսարքությունները վերացնելուց անմիջապես հետո:
7. Սույն հոդվածի երկրորդ մասի «բ» և «գ» կետերում նշված՝ տեխնիկական զննություն չանցած և անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցների համարանիշերը հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ՝ տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ երկրորդ մասի «գ» կետում նշված մյուս դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:
8. Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող, կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցների հետագա շահագործումն արգելվում է` դրանք պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու միջոցով, եթե վարորդը տեղում չէ:
9. Վարորդի ոչ սթափ վիճակը որոշվում է սույն օրենքով և առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
Հոդված 19. | Ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումները և այդ ընթացքում անվտանգության ապահովման պահանջները |
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության և ճանապարհների թողունակության բարձրացման նպատակով ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և ճանապարհը տնօրինող այլ անձինք:
2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի, ճանապարհների թողունակության բարձրացման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը:
3. Ճանապարհային երթևեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով կամ հանրությանը մատչելի այլ ձևերով անհապաղ տեղյակ է պահում դրա մասին:
Հոդված 20. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունների պաշտոնատար անձանց պարտականությունները |
1. Տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:
2. Տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) կազմակերպել վարորդների աշխատանքը.
բ) պահպանել վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը.
գ) վերլուծել և վերացնել իրենց պատկանող և (կամ) իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի, դրա հետևանքների և (կամ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառները.
դ) ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանությունը և արգելել տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը:
3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց արգելվում է՝
ա) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցներն այնպիսի տեխնիկական անսարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չեն, պետական տեխնիկական զննություն չեն անցել.
բ) թույլատրել տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող կամ սահմանված կարգով պարբերական բժշկական զննություն չանցած անձանց.
գ) հրահանգել տրակտորներով, ինքնագնացով և թրթուրավոր այլ մեքենաներով երթևեկել ասֆալտե և ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով.
դ) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցը` առանց դրա տեխնիկական վիճակը և վարորդի առողջական վիճակը հավաստող նշագրումով փաստաթղթի:
Հոդված 21. | Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու անձանց պարտականությունները |
1. Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են՝
ա) ճանապարհը և դրա ինժեներական կառույցները պահպանել երթևեկության համար անվտանգ վիճակում՝ ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները.
բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային երթևեկությունը.
գ) զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ և (կամ) հանրությանը մատչելի այլ ձևերով երթևեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխության և (կամ) սահմանափակման, ներառյալ` ճանապարհային երթևեկության նշանների փոփոխության մասին:
2. Ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:
3. Ճանապարհային աշխատանքներն ավարտելուց հետո անհապաղ ապահովվում է տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը:
Հոդված 22. | Ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովումը |
Ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովումն իրականացնում են օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրավասությունն ունեցող առողջապահական կազմակերպությունները կամ բժիշկները:
Գ Լ ՈՒ Խ 5
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23. | Ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները |
1. Ճանապարհային երթևեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) ազատ և անարգել տեղաշարժվելու ճանապարհով.
բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթևեկության սահմանափակման և (կամ) արգելման մասին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.
գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու կազմակերպություններից և անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական և այլ առաջնային օգնություն.
դ) բողոքարկելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:
2. Ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները:
3. Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը, մասնավորապես կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված լուսացույցի և (կամ) կարգավորողի ազդանշանների, վթարային ազդանշանի և «վթարային կանգառ» ճանաչման նշանի, հատուկ ազդանշանների կիրառման, երթևեկության սկսման և շարժման ուղղության փոփոխման, երթևեկելի մասում տրանսպորտային միջոցների դասավորության, երթևեկության արագության, վազանցի, կանգառի և կայանման, խաչմերուկների անցման, հետիոտնային անցումների անցման, երկաթուղային գծանցներով, ավտոմայրուղիներով և բնակելի գոտիներով երթևեկության, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելության և դրանց կանգառի կետերի անցման, արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակման, ուսումնական վարման, մարդկանց և (կամ) բեռների փոխադրման կանոնների, տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի, ինչպես նաև ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:
4. Արգելվում է ապօրինի վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը:
Հոդված 24. | Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները |
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի:
2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`
ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել`
1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.
2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաև երթևեկության ընթացքում.
բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝
1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը և բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).
2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).
գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝
1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.
2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).
3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝
1) անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).
2) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.
3) սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ազատել երթևեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտված է.
4) պատահարի մասին հայտնել ոստիկանություն և սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն:
3. Տրանսպորտային միջոցից օգտվող ոստիկանության ծառայողը վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը:
Ոստիկանության ծառայողները կարող են օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցների վարորդներին հեռացնել դրանց վարումից` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի սահմանած կարգով։
Տրանսպորտային միջոցների օգտագործման դեպքերում հասցված վնասը ենթակա է փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:
4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներ չկան, ապա վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին՝ պատահարը սահմանված կարգով ձևակերպելու համար:
5. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝
1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին).
2) տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերը.
3) կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու համար օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ (քաղաքացիներին պատկանելիս՝ տիրոջ բացակայության դեպքում).
4) ուղևորների և բեռների փոխադրման համար նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն, ուղեգիր, երթուղային թերթիկ և այլն).
բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին.
գ) մոտոցիկլետով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորների:
6. Միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթևեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջպետական համաձայնագրերի առկայության դեպքում՝ նաև այլ փաստաթղթեր.
բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով և արաբական թվերով համարանիշեր և այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:
7. Վարորդին արգելվում է՝
ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.
բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.
գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.
դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.
ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին.
զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների):
8. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:
Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ հնգական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:
9. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա մոպեդների վարորդները և հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից դուրս գալիս սահմանափակ տեսանելիության տեղերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:
10. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին, ընդ որում` հնարավորին չափ ճանապարհի աջ եզրով:
Երկաթուղային գծանցներով կենդանիներին քշելիս անասունները պետք է բաժանվեն այնպիսի երկարությամբ խմբերի, որպեսզի անասնավարների քանակից ելնելով` հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը:
11. Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է՝
ա) երթևեկել առանց ղեկը բռնելու.
բ) փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).
գ) փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն, կամ եթե բեռը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.
դ) հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել ճանապարհով.
ե) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:
Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:
12. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է՝
ա) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.
բ) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ մերձակա տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին.
գ) օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում անասուններին անցկացնել երկաթգծերով և ճանապարհներով, իսկ մնացած ժամանակ՝ դրա համար նախատեսված տեղերից դուրս.
դ) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով:
Արգելվում է վարել լծասայլ, եթե այն՝
ա) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով.
բ) առջևի մասում չունի սպիտակ գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար).
գ) հետևի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:
Հոդված 25. | Հետիոտների հիմնական պարտականությունները |
1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտների:
2. Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթևեկելի մասի արտաքին եզրով):
3. Բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
4. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և հետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջևից սպիտակ, իսկ հետևից կարմիր գույնի միացված լապտերիկներով:
5. Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
6. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:
7. Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
8. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:
Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
9. Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ, եթե միայն համոզված են, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
10. Դուրս գալով երթևեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
11. Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին և դրանցով ուղեկցվողներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
12. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և «տաքսու» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:
Հոդված 26. | Ուղևորների հիմնական պարտականությունները |
1. Ուղևորը պարտավոր է՝
ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլետներով երթևեկելիս՝ կոճկված սաղավարտով.
բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել և իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթևեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար:
2. Ուղևորին արգելվում է՝
ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.
բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթևեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.
գ) երթևեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաև դռները բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար.
դ) երթևեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 27. | Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը |
1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի.
ա) «A» կարգ` մոտոտրանսպորտային միջոցներ, բացառությամբ մոպեդի.
բ) «B» կարգ` մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղևորների համար նախատեսված մինչև 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.
գ) «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.
դ) «D» կարգ` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.
ե) «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.
զ) «Տրոլեյբուս» և «Մոտոսայլակ»:
2. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է՝
ա) «A» կարգի` 16 տարին լրացած անձանց.
բ) «B» և «C» կարգերի` 18 տարին լրացած անձանց.
գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի վարորդական վկայական և համապատասխան տրանսպորտային միջոց վարելու առնվազն 12 ամսվա փորձ ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած անձանց, որոնք ունեն «B» և (կամ) «C» կարգի վարորդական վկայական և համապատասխան տրանսպորտային միջոց վարելու առնվազն 12 ամսվա փորձ.
դ) «E» կարգի՝ տրանսպորտային միջոցներ վարելու «B», «C» կամ «D» կարգերի իրավունք ունեցող անձանց՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու ոչ պակաս, քան 12 ամսվա փորձ ունենալու առկայությամբ.
ե) «տրամվայ» և «տրոլեյբուս»՝ 20 տարին լրացած անձանց:
4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:
5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահից:
Հոդված 28. | Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները |
1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
2. «A» և «B» կարգի տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննությանը կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:
3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
4. Վարորդի թեկնածու է համարվում որակավորման տեսական քննությունը դրական հանձնած և համապատասխան փաստաթուղթ ստացած անձը: Ավտոմոբիլի վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած, իսկ մոտոցիկլետի վարորդի թեկնածու` 16 տարին լրացած անձը: Եթե որակավորման տեսական քննությունը դրական հանձնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, վարորդի թեկնածուն չի մասնակցում գործնական քննությանը կամ մասնակցում է գործնական քննությանը և դրական գնահատական չի ստանում, ապա նա կարող է վարորդի թեկնածու համարվել որակավորման տեսական քննությունը կրկին հանձնելու դեպքում:
5. Որակավորման տեսական կամ գործնական քննությանը դրական գնահատական չստացած ուսումնական կազմակերպության շրջանավարտը կամ ինքնուսը կարող են համապատասխան քննությանը կրկին մասնակցել նախորդ քննության օրվանից երկու շաբաթ հետո:
6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայական և առնվազն երեք տարվա վարորդական անընդմեջ ստաժ:
7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում՝ Երևանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:
9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
10. Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցումն իրականացնող ուսումնական հաստատության կրթական ծրագրերի մշակման և իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Հոդված 29. | Վարորդական վկայականի ուժը կորցնելը |
1. Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`
ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.
բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.
գ) նա մահացել է.
դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը:
2. Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչև դրանում սահմանված ժամկետի ավարտը:
3. Վարորդական իրավունքի վկայականի կորստի, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
Հոդված 30. | Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը |
1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:
2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթևեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության և գիտության ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան:
3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների և տրանսպորտի, կրթության, առողջապահության, բնապահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:
4. Ոստիկանությունը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթևեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:
Գ Լ ՈՒ Խ 7
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունը |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով դրա համար լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Հոդված 32. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձևերի համաձայնեցումը |
1. Իրավասու մարմինները, կազմակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել`
ա) անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը.
բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաև վտանգավոր բեռի և չվնասազերծված տարայի փոխադրումը.
գ) ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող, ինչպես նաև ավտոգնացքի կազմում երկու և ավելի կցորդների հետ միասին շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը և դրա կառուցվածքի փոփոխությունը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև՝
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը.
բ) ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նախագծերը.
գ) ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման ծրագրերը և (կամ) նախագծերը.
դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում և այդ երթուղիները.
ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասնագետների, վարորդ-հրահանգիչների և վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.
զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.
է) ճանապարհի վրա զանգվածային, մարզական և այլ միջոցառումների անցկացումը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 34. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|