ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1468-Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը և 444-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները, և նշված գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 333-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1468-Ն որոշման |
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված կարգով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին, 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի և (կամ) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողը (այսուհետ՝ հարկ վճարողը) պետք է բավարարի հետևյալ չափանիշները՝
1) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումը (այսուհետ՝ դիմում) հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա և դրան նախորդող երկու հարկային տարիների ընթացքում վերջին դիմումով ներկայացված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.
1.1) դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող ամսվա և այդ ամսվան նախորդող 12 ամբողջական ամսվա ընթացքում ներկայացված յուրաքանչյուր դիմումում նշված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.
2) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում, դիմումով ներկայացված որևէ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների առնվազն 90 տոկոսը նախկինում հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.
3) դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել լրացած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ ԱԱՀ-ի հաշվարկները.
4) ընթացիկ դիմումին նախորդող դիմումից կամ համալիր հարկային (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության) վերջին ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողը միացման, միաձուլման, առանձնացման կամ բաժանման ձևով չի վերակազմակերպվել։
(1-ին կետը լրաց., փոփ. 12.08.21 N 1321-Ն)
2. Սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափը որոշելիս մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն իրականացված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության առումով հաշվի են առնվում ինչպես հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա, այնպես էլ ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում հարկ վճարողի իրականացրած ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը գերազանցող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների չափերը, որոնք մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան շարունակվել են հաշվառվել որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար:
(2-րդ կետը լրաց., փոփ. 12.08.21 N 1321-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 12.08.21 N 1321-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 12.08.21 N 1321-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1468-Ն որոշման |
Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ ԵՎ Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված կարգով՝ ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման մինչև 40 միլիոն դրամի, իսկ օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` մինչև 60 միլիոն դրամի չափով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումների (այսուհետ՝ դիմում) հիման վրա միասնական հաշիվ մուտքագրման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 12.08.21 N 1321-Ն)
2. Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշվին մուտքագրման ենթակա են՝
1) մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.
2) oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.
3) օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը.
4) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը:
(2-րդ կետը լրաց., խմբ. 12.08.21 N 1321-Ն)
3. Սույն ընթացակարգի կիրառման իմաստով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն այդ կիսամյակի կամ եռամսյակի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված դեբետային գումարների, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարների (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) հանրագումարն է՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման եզրակացության կազմման օրվա դրությամբ: Ընդ որում, ԱԱՀ-ի գումարի փոխհատուցման նպատակով հաշվի են առնվում նաև հարկ վճարողների՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումը հարկային մարմին ստացման օրվա դրությամբ ներկայացված՝ համապատասխան ճշտված հաշվարկները:
(3-րդ կետը լրաց. 12.08.21 N 1321-Ն)
4. Սույն ընթացակարգը կիրառվում է`
1) եթե հարկ վճարողը միաժամանակ համապատասխանում է սույն որոշման 1-ին հավելվածով հաստատված չափանիշներին, և յուրաքանչյուր կիսամյակում կամ եռամսյակում ներառված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով (մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ ԱԱՀ-ի հաշվարկով) ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարը կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը չի գերազանցում 40 միլիոն դրամը, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ 60 միլիոն դրամը.
2) եթե դիմումին կից ներկայացվում են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ընկած որևէ հաշվետու ժամանակաշրջանում ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող կարգով բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարված վճարումը հիմնավորող փաստաթղթերը:
(4-րդ կետը փոփ., լրաց. 12.08.21 N 1321-Ն)
5. Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը ընկած կիսամյակային ժամանակահատվածի արդյունքներով, 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը եռամսյակային արդյունքներով, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, ինչպես նաև մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով (ամիս կամ եռամսյակ) ներկայացված որևէ դիմումում նշված գումարի և նախկինում այդ ժամանակահատվածի համար ներկայացված դիմումում նշված գումարների հանրագումարը 40 միլիոն դրամի, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` 60 միլիոն դրամի շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում 60 միլիոն դրամի շեմը) նշված ԱԱՀ-ի գումարները միասնական հաշիվ են մուտքագրվում սույն ընթացակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան:
(5-րդ կետը փոփ. 12.08.21 N 1321-Ն)
6. Դիմումը հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է հարկ վճարողի՝ սույն որոշման 1-ին հավելվածով հաստատված չափանիշներին համապատասխանությունը և՝
1) չափանիշներին և սույն ընթացակարգի պահանջներին համապատասխանության դեպքում համապատասխանությունը ճշտելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում առանց ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու կազմում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝ միասնական հաշիվ մուտքագրման եզրակացություն, և այն կազմելու օրը ներկայացնում է գանձապետարան.
2) չափանիշներին և սույն ընթացակարգի պահանջներին անհամապատասխանության դեպքում միասնական հաշիվ մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը կատարվում է օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
(6-րդ կետը փոփ. 12.08.21 N 1321-Ն)
7. Գանձապետարանը սույն ընթացակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝ միասնական հաշիվ մուտքագրման եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը մուտքագրում է միասնական հաշվին: Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշիվ մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկ վճարողի կողմից ներկայացված` միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի հիման վրա` հարկային մարմին այդ դիմումի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:
(7-րդ կետը փոփ. 12.08.21 N 1321-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 12.08.21 N 1321-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |