ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3062/02/18
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3062/02/18
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ |
Ա. Մխիթարյան |
Ն. Մարգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մարտի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Վոյենտորգ-Հարավ» ԲԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի և վերջինիս ներկայացուցիչ Նելլի Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Էդվարդ Սարգսյանի ընդդեմ «Վոյենտորգ-Հարավ» ԲԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի (այսուհետ՝ Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Էդվարդ Սարգսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 139.040 ՀՀ դրամ, որից 69.520 ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված 20 օրվա արձակուրդի դիմաց փոխհատուցում, 69.520 ՀՀ դրամ՝ որպես վճարման ենթակա փոխհատուցման գումարի կետանցի օրերի համար նախատեսված տուժանք:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բաղմանյան) (այսուհետ` Դատարան) 13.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան, դատավորներ՝ Ա. Մխիթարյան, Ն. Մարգարյան) 01.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունը և Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է Վերաքննիչ դատարանում, իսկ վերաքննիչ բողոքը առաջին անգամ վերադարձնելիս որոշմամբ սահմանվել էր մեկ խախտում՝ բողոքաբերի կողմից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու մասին պատշաճ փաստաթուղթ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը կից գրությամբ, որը ստորագրվել է բողոքաբերի կողմից՝ 12.08.2019 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատճենը և պետական տուրքը վճարելու մասին պատշաճ փաստաթուղթը, դրանով իսկ պահպանելով օրենքի պահանջները, քանի որ վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 28.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի
3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերած անձը կամ նրա ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գործին կցելով դրանց պատճենները։ Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Ի հավելումը վերը նշվածի` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նաև փաստել է, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը՝ խախտումները վերացնելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու մատնանշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնել դատարան: Ընդ որում, օրենսդիրը, վերաքննիչ վարույթում սահմանելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաքննիչ դատարանի լիազորությունը, միաժամանակ նախատեսել է պարտականություն` բողոք բերած անձին ուղարկելու վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից բողոք բերած անձին պետք է ուղարկվեն միայն վերը նշված փաստաթղթերի բնօրինակները` գործին կցելով դրանց պատճենները: Բացի այդ, տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է վերաքննիչ վարույթի առանձնահատկությամբ: Վերաքննության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից է՝ վերաքննիչ վարույթի հարուցման փուլը, ինչն իր մեջ ներառում է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուն ուղղված դատավարական գործողությունների ամբողջությունը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում վերաքննության վարույթն այդպես էլ չի հարուցվում, ինչն իր հերթին պահանջում է վերաքննիչ բողոքարկման իրավունքից օգտված անձին վերադարձնելու այն բոլոր փաստաթղթերի բնօրինակները, որոնք անհրաժեշտ են նրան հետագայում՝ օրենքով սահմանված ժամկետում և կարգով իր բողոքարկման իրավունքը կրկին իրացնելու համար: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել վերը նշված օրենսդրական պահանջը, դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները (տե՛ս, ի թիվս այլնի Ժասմենա Մանուկյանն ընդդեմ «Մագնոն» ԲԲԸ-ի թիվ ՇԴ/4595/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.12.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերությունը և վերջինիս ներկայացուցիչ Նելլի Մինասյանը Դատարանի 13.05.2019 թվականի վճռի դեմ փոստային ծառայության միջոցով 01.07.2019 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-28):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության և վերջինիս ներկայացուցիչ Նելլի Մինասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի ներկայացրել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ, ինչպես նաև չի ներկայացրել պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն: Միաժամանակ նշված որոշմամբ սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 67-69):
Ընկերությունը և վերջինիս ներկայացուցիչը փոստային ծառայության միջոցով 12.08.2019 թվականին՝ կից գրությամբ կրկին ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ մասնավորապես ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 41-73):
Վերաքննիչ դատարանն իր 28.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից կազմվել է համապատասխան ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է): Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման՝ առանց ժամկետի սահմանման (հատոր 2-րդ, գ.թ. 75-76)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է պատճենի տեսքով (հատոր 2-րդ,
գ.թ. 41-50):
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է սույն քաղաքացիական գործում (հատոր 2-րդ, գ.թ. 3-11):
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առաջին անգամ վերադարձնելով Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից Դատարանի 13.05.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, վերաքննիչ բողոք ներկայացրած անձին ուղարկել է վերաքննիչ բողոքի պատճենը, իսկ գործի մեջ թողել է այդ փաստաթղթի բնօրինակը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, այն է՝ 01.08.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձին չի ուղարկել դրա բնօրինակը, այն պահել է գործում՝ բողոք բերած անձին ուղարկելով դրա պատճենը:
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձինք չեն կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները՝ կապված նաև բողոքի վրա առկա ստորագրությունը պատճենի ձևով լինելու հիմքով այն չստորագրված համարվելու հետ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձանց` դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր պարտականությունը չկատարելու հետևանքով Ընկերությունը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի կողմից թիվ ՇԴ/3062/02/18 քաղաքացիական գործով 24․03.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Վոյենտորգ-Հարավ» ԲԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի և վերջինիս ներկայացուցիչ Նելլի Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Էդվարդ Սարգսյանի ընդդեմ «Վոյենտորգ-Հարավ» ԲԲԸ-ի «Գյումրի» մասնաճյուղի (այսուհետ՝ Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2021 թվականի մարտի 24-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս և Էդ․ Սեդրակյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 24․03.2021 թվականին թիվ ՇԴ/3062/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
Դիմելով դատարան` Էդվարդ Սարգսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 139.040 ՀՀ դրամ, որից 69.520 ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված 20 օրվա արձակուրդի դիմաց փոխհատուցում, 69.520 ՀՀ դրամ՝ որպես վճարման ենթակա փոխհատուցման գումարի կետանցի օրերի համար նախատեսված տուժանք:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բաղմանյան) (այսուհետ` Դատարան) 13.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության անունից վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը և Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է Վերաքննիչ դատարանում, իսկ վերաքննիչ բողոքը առաջին անգամ վերադարձնելիս որոշմամբ սահմանվել էր մեկ խախտում՝ բողոքաբերի կողմից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու մասին պատշաճ փաստաթուղթ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը կից գրությամբ, որը ստորագրվել է բողոքաբերի կողմից ՝ 12.08.2019 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատճենը և պետական տուրքը վճարելու մասին պատշաճ փաստաթուղթը, դրանով իսկ պահպանելով օրենքի պահանջները, քանի որ վերաքննիչ բողոքի բնօրինակը գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Ընկերությունը և վերջինիս ներկայացուցիչ Նելլի Մինասյանը Դատարանի 13.05.2019 թվականի վճռի դեմ փոստային ծառայության միջոցով 01.07.2019 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-11):
Վերաքննիչ դատարանի 01.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության և վերջինիս ներկայացուցիչ Նելլի Մինասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի ներկայացրել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ, ինչպես նաև չի ներկայացվել պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն: Միաժամանակ նշված որոշմամբ սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ.67-69):
Ընկերությունը և վերջինիս ներկայացուցիչը փոստային ծառայության միջոցով 12.08.2019 թվականին՝ կից գրությամբ կրկին ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ մասնավորապես ներկայացնելով առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի պատճենը: Նշված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ.41-73):
Վերաքննիչ դատարանն իր 28.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքը ներկայացված է պատճենի տեսքով, որի մասին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից կազմվել է համապատասխան ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն ստորագրված չէ (ստորագրությունը պատճենի ձևով է): Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված, որպիսի պայմաններում այն ենթակա է վերադարձման՝ առանց ժամկետի սահմանման (հատոր 2-րդ, գ.թ. 75-76)։
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործում առկա՝ Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը պատճենի տեսքով է (հատոր 2-րդ, գ.թ. 41-50):
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի բնօրինակը նույնպես գտնվում է սույն քաղաքացիական գործում (հատոր 2-րդ, գ.թ. 3-11):
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը առաջին անգամ վերադարձնելով Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից Դատարանի 13.05.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ վերաքննիչ բողոք ներկայացրած անձին ուղարկվել է վերաքննիչ բողոքի պատճենը, իսկ գործին կցել է այդ փաստաթղթի բնօրինակը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը, այն է՝ 01.08.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Ընկերության և վերջինիս ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձին չի ուղարկել դրա բնօրինակը, այն պահել է գործում՝ բողոք բերած անձին ուղարկելով դրա պատճենը:
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները՝ կապված նաև բողոքի վրա առկա ստորագրությունը պատճենի ձևով լինելու հիմքով այն չստորագրված համարվելու հետ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իր պարտականությունը չկատարելու հետևանքով Ընկերությունը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարել է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թերությունները շտկված նոր բողոքը չի ստորագրվել և ներկայացվել է պատճենի ձևով` Վերաքննիչ դատարանի կողմից սկզբնական բողոքի ու կից փաստաթղթերի բնագրերը չվերադարձնելու պատճառով, բավարար հիմքեր չեն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու համար, քանի որ թերությունները շտկված նոր վերաքննիչ բողոքը ստորագրելու համար և օրենքի պահանջին համապատասխան ստորագրված բողոքը Վերաքննիչ դատարան կրկին ներկայացնելու համար չի կարող էական լինել վերաքննիչ դատարանի կողմից վերադարձված բողոքի բնօրինակի գտնվելու վայրը:
Այլ հարց կարող էր լինել, եթե Վերաքննիչ դատարանը բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները չվերադարձնելով կրկին ներկայացված բողոքը վերադարձներ որպես թերություն նշեր դրանց բնօրինակների բացակայությունը, ինչը չենք կարող ասել չստորագրելու դեպքում։
Այլ հարց կարող էր լինել, եթե Վերաքննիչ դատարանը բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները չվերադարձնելով, նոր բերված բողոքի դեպքում որպես թերություն նշելով դրանց բնօրինակների բացակայությունը:
Վերաքննիչ բողոքը, բողոք բերած անձի ստորագրության պատճենի ձևով ներկայացնելը, թույլ չի տալիս դատարանին եզրահանգելու դատական ակտը կողմի բողոքարկելու դատավարական իրավունքն իրացնելու հստակ ցանկության մասին, որն իրականացվում է բացառապես բողոքը ստորագրելով (այդ թվում նաև օրենքով թույլատրելի էլեկտրոնային ձևով):
Հետևաբար` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28․08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|