Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.04.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.04.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
21.04.2021
Дата вступления в силу
21.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1221/02/20

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1221/02/20

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Ա. մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի ապրիլի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»  ՀԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ հայցի Կազմակերպության ընդդեմ Արմինե Մարտիրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Արմինե Մարտիրոսյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.002.163 ՀՀ դրամ, որից 985.000 ՀՀ դրամը` որպես Մխիթար Իսպիրյանին պատճառված և Կազմակերպության կողմից հատուցված վնասի գումար, 17.163 ՀՀ դրամը` 27.02.2020 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև 985.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` հաշվարկը սկսած սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից, hայցապահանջի բավարարման դեպքում Արմինե Մարտիրոսյանից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 157.600 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 20.043 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`   Գ. Ֆիդանյան) (այսուհետ` Դատարան) 27.08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է: Միաժամանակ վճռվել է պատասխանող Արմինե Մարտիրոսյանից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ գումար, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության անունից ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:  

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության  ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ և 66-րդ հոդվածները, 370-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ այնուհետև՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով բյուրոյի կազմակերպական-իրավական ձևը փոփոխվել է՝ իրավաբանական անձանց միությունից այն վերածվել է հասարակական կազմակերպության: Հետագայում, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը վերագրանցվել է որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպություն, ինչն իրենից չի ենթադրում կանոնադրության և/կամ  խորհրդի կողմից կայացված որոշումների փոփոխություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բացի ներկայացված ապացույցներից, այլ ապացույցներ և հիմնավորումներ Կազմակերպությունը չի կարող ներկայացնել, Վերաքննիչ դատարանը չի կարող պահանջել այնպիսի ապացույցներ և հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն օրենքով և որոնք Կազմակերպությունը չի կարող ձեռք բերել և ներկայացնել:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել Կազմակերպության կողմից ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության` խախտելով Կազմակերպության դատարանի մատչելիության իրավունքը: Վերաքննիչ դատարանը դրսևորել է կամայական վերաբերմունք, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել է այնպիսի հետևությունների, որոնք չեն բխում օրենքի պահանջներից և դրանով լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության  իրացման ճանապարհին:

   

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

   

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի  368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը կարող են վարել օրենքով սահմանված կարգով կամ այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք (ի պաշտոնե ներկայացուցիչները): Ընդ որում, ի պաշտոնե ներկայացուցիչն իր հերթին իրավունք ունի դատարանում գործի վարումը հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված այլ անձի (անձանց)՝ պահպանելով տվյալ ներկայացուցչին լիազորագրի տրման օրենքով սահմանված ձևը և կարգը: Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը վարելու համար փաստաբանին հասարակ գրավոր ձևով լիազորագիրն իրավասու է տալ օրենքով կամ տվյալ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 27.08.2020 թվականի վճռի դեմ Կազմակերպության անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել փաստաբան Փիրուզա Վարդանյանը (գ.թ. 32, 56-63):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Փիրուզա Վարդանյանը: Գործում առկա է որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի կողմից փաստաբան Փիրուզա Վարդանյանին 14.10.2019 թվականին տրված լիազորագիր, ինչը, սակայն, Փիրուզա Վարդանյանի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի անունից վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ»:

Միաժամանակ, անդրադառնալով գործում առկա «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի (իրավաբանական անձանց միություն) խորհրդի 15.09.2015 թվականի որոշմանը, ըստ որի՝ որոշում է ընդունվել Վահան Ավետիսյանին նշանակել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնում, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ այն Վահան Ավետիսյանի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չէ, քանի որ որևէ կերպ չի արտահայտում  դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը: Բացի այդ, առկա չէ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի և Կազմակերպության իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց (գ.թ. 64-67):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան, իսկ օրենքով սահմանված դեպքում պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել: Վերակազմակերպման մասին դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա իրավաբանական անձի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ վերակազմավորման դեպքում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին և վերագրանցվել։

Մինչև 16.12.2016 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.  ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակարգավորվող կազմակերպություն, որին անդամակցում են նույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն (ընդունվել է՝ 16.12.2016 թվականին, ուժի մեջ է մտել՝ 04.02.2017 թվականին) ՝ նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` հասարակական կազմակերպություն, որին անդամակցում են նույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բյուրոյի կառավարման մարմիններն են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը, Բյուրոյի խորհուրդը և Բյուրոյի գործադիր տնօրենը (նույն օրենքի տեքստում` նաև համապատասխանաբար ժողով, խորհուրդ և գործադիր տնօրեն):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բյուրոյի խորհուրդն իրականացնում է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Խորհուրդը նշանակում է գործադիր տնօրենին, (…), :

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բյուրոյի գործադիր տնօրենն իրականացնում է Բյուրոյի ընթացիկ գործունեության ղեկավարումը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: (…):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ գործադիր տնօրենը իրականացնում է նույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Բյուրոյի կանոնադրության 168-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն՝ գործադիր տնօրենն առանց լիազորագրի` ներկայացնում է Բյուրոն երրորդ անձանց հետ հարաբերություններում, դատարանում և պետական այլ մարմիններում, Բյուրոյի անունից հանդես գալու համար տալիս է լիազորագրեր:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 16.12.2016 թվականի օրենսդրական փոփոխությունները Բյուրոն իրենից ներկայացնում էր իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձ, իսկ 16.12.2016 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այն վերակազմավորվել է մեկ այլ՝ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձի, այն է՝ հասարակական կազմակերպության: Այսինքն՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը վերածվել է (վերազմավորվել է) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունն օրենքի ուժով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) իրավահաջորդն է, որպիսի պայմաններում հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «առկա չէ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց»:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի 15.09.2015 թվականի որոշման պատճենը չի կարող դիտվել Վահան Ավետիսյանի՝ որպես ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, քանի որ տվյալ փաստաթուղթը որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը», ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: Գործադիր տնօրեն կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտի ղեկավար պաշտոնում և փոխկապակցված չէ որևէ ապահովագրական ընկերության հետ: Բյուրոյի գործադիր տնօրենը պետք է համապատասխանի ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ապահովագրական ընկերությունների (այսուհետ` Ընկերություն) կառավարման մարմիններն են՝ գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ Ընկերության տնօրինությունը:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները և օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում` ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները:

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ Վահան Ավետիսյանը 05.10.2015 թվականից նշանակվել է «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնում (գ.թ. 23):

Ըստ գործում առկա 14.10.2019 թվականին տրված լիազորագրի՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը, ի դեմս գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի, լիազորել է «ԱԳՈՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի (…), փաստաբան Փիրուզա Հովիկի Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության (…) բոլոր դատարաններում ներկայացնել Բյուրոն, Բյուրոյի անունից վարել գործերը՝ կատարելով ցանկացած դատավարական գործողություն, (…) բողոքարկել դատական ակտերը, (…) (գ.թ. 32):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կազմակերպության գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, այդ պաշտոնում նշանակվել է դեռևս «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ և շարունակել է պաշտոնավարել որպես գործադիր տնօրեն նաև Կազմակերպությունում՝ իրավահաջորդության տեղի ունենալուց հետո: Այսինքն՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշման կայացումից հետո Կազմակերպության ղեկավարների կազմում, տվյալ դեպքում՝ գործադիր տնօրենի փոփոխություն տեղի չի ունեցել, որպիսի փաստը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով ենթակա չէր գրանցման Կենտրոնական բանկում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Կազմակերպության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է Փիրուզա Վարդանյանը, ում Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կազմակերպության գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը՝ օգտվելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով, Բյուրոյի կանոնադրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքից: Ընդ որում լիազորագրում հատուկ նախատեսված է Փիրուզա Վարդանյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասում, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի   4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է վերադարձրել Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` Կազմակերպությանը զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

    

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

    

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

     

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Ա. մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան