ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59, այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. | Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը». |
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի`
1) վերնագրից հանել «և գիշերօթիկ հաստատություններում» բառերը.
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի «մանկական խնամակալական կազմակերպություններում» և «Մանկական խնամակալական կազմակերպություններում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մանկատներում», «Մանկատներում» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|