ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 764-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն կարգի համաձայն ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 764-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Գործունեության ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից:
3. Պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության կողմից:
4. Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի որոշմամբ ընտրված գնահատող կազմակերպության կողմից:
5. Արտաքին գնահատման դրական արդյունքների (գնահատման չափանիշների առնվազն 75 տոկոս) հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով:
6. Հավաստագրի մեջ նշվում է գնահատման միավորը:
7. Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա ձևավորված արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը հրապարակվում է նախարարության կայքում:
8. Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սույն կարգի 19-րդ և 27-րդ կետերով սահմանված չափանիշները:
2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման նպատակն է`
1) նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովմանը, նախադպրոցական կրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը.
2) ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորումը.
3) շահառուների` սաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների շրջանում հաստատության գործունեության վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացումը.
4) ուսումնական հաստատությունների հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը նպաստելը:
10. Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման խնդիրներն են`
1) կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատումը.
2) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին սաների ճանաչողական ունակությունների, կարողությունների գնահատումը.
3) ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների գնահատումը.
4) նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման, ուսուցման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության գնահատումը.
5) մատուցվող կրթական ծառայությունների որակի համապատասխանության և կրթական գործընթացի արդյունավետության մասին կրթական գործընթացի մասնակիցներին և հասարակությանն իրազեկումը.
6) ուսումնական հաստատության զարգացման ուղղությունների նախանշման, զարգացման ծրագրերի մշակման, իրականացման գնահատումը.
7) ներքին և արտաքին գնահատման գործընթացին հասարակայնության ներգրավումը.
8) արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցուցանիշների հրապարակումը:
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Ներքին գնահատումն ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։
12. Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական
հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, ծնողները (օրինական ներկայացուցիչները)։
13. Ներքին գնահատման հաշվետվությունն ուսումնական հաստատության տնօրենը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը հրապարակում է տվյալ ուսումնական հաստատությունում (տեսանելի տեղում), հաստատության կայքում և ներկայացնում է հրապարակման համայնքի կայքում:
14. Ներքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանի համաձայն ձևավորված հանձնաժողովի կողմից:
15. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից բաց քվեարկությամբ ընտրված առնվազն երեքական անդամ, տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) առնվազն երկու ներկայացուցիչներ՝ համաձայնությամբ:
16. Տնօրենը հանձնաժողովի նախագահն է և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
17. Հանձնաժողովը հաստատում է իր աշխատակարգը, սահմանում ներքին գնահատում անցկացնելու գործողությունների ծրագիրը:
18. Գործունեության ներքին գնահատման արդյունքում հանձնաժողովի նախագահը նախապատրաստում է ներքին գնահատման հաշվետվությունը, որի ձևը, համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, հաստատվում է նախարարության կողմից:
4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
19. Ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատման չափանիշներն են`
1) ուսումնական հաստատությունը պահպանում է շենքի և տարածքի անվտանգ շահագործումը.
ա. ուսումնական հաստատության տարածքը ցանկապատված է և անվտանգ է սաների ազատ տեղաշարժման համար,
բ. ուսումնական հաստատությունն ունի տարածք՝ մեկուսացված ու հեռացված ավտոճանապարհային գոտուց, աղմուկի, օդի աղտոտման աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական կամ այլ օբյեկտներից,
գ. արտակարգ իրավիճակներում հատուկ ծառայությունների մեքենաները կարող են անարգել մոտենալ ուսումնական հաստատության շենքին,
դ. ուսումնական հաստատության տարածքը մաքուր է, աղբը կանոնավորապես հավաքվում է հատուկ աղբարկղերում և դուրս է բերվում հաստատության տարածքից,
ե. ուսումնական հաստատության ամբողջ տարածքում պարբերաբար իրականացվում են միջոցառումներ` կրծողների և վտանգավոր միջատների, թափառող շների, կատուների և այլ կենդանիների դեմ.
2) ուսումնական հաստատությունում պահպանված են սաների ու աշխատակազմի համար ուսումնական գործընթացի և աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով սահմանված՝ անվտանգության և առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը.
ա. ուսումնական հաստատության շենքը վերանորոգված է,
բ. ուսումնական հաստատության շենքի շահագործումը համապատասխանում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով սահմանված շահագործման անվտանգության նորմերին,
գ. շենքում առկա են դեպի դուրս բացվող պահուստային ելքեր,
դ. ուսումնական հաստատությունն ապահովված է կապի և արտակարգ իրավիճակների ազդարարման համակարգով,
ե. շենքը հարմարեցված է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) ունեցող սաների անվտանգ տեղաշարժ և ուսուցում ապահովող պայմաններին (թեքահարթակներ, լայն դռներ և այլն),
զ. ուսումնական հաստատությունն ապահովված է սարքին վիճակում գտնվող հակահրդեհային անվտանգության լրակազմով, տանիքը պատված է հրակայուն նյութերով,
է. համակարգչային սարքավորումները, հեռուստացույցներն ամուր են տեղադրված և ամրացված են աշխատատեղերին,
ը. անիվներով տեղաշարժվող ծանր իրերն ամրացված են հատակին,
թ. բաց դարակներից հեռացված են ծաղկամանները, նկարները, դեկորատիվ իրերը,
ժ. ուսումնական հաստատության միջանցքների հատակները սայթաքուն չեն, իսկ եթե ծածկված են ուղեգորգերով, ապա դրանք ամրացված են հատակին,
ժա. ստորին հարկերի պատուհաններն ունեն շարժական մետաղյա վանդակաճաղեր,
ժբ. ուսումնական հաստատության կահույքը համապատասխանում է անվտանգ կենսագործունեության պահանջներին, ամուր և բարվոք վիճակում է,
ժգ. ուսումնական հաստատությունում մշակված և առկա է սաների ու անձնակազմի տարհանման պլան, որում հաշվի են առնված նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները,
ժդ. ուսումնական հաստատության նախասրահում, բոլոր հարկերում, խմբասենյակներում փակցված են տարհանման պլան-սխեմաները` համապատասխան գունային ցուցասլաքներով,
ժե. ուսումնական հաստատության տարհանման ուղիներն ազատ են ավելորդ իրերից և արգելափակված չեն ծանր իրերով,
ժզ. ուսումնական հաստատությունում սաների թիվը համապատասխանում է հաստատության լիցենզիայով սահմանված սահմանային տեղերին,
ժէ. խմբասենյակներում նստարան-սեղանների, սեղան և աթոռների թիվը և դրանց միջև հեռավորությունը համապատասխանում են առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857-Ն հրամանով սահմանված նորմերին.
3) ուսումնական հաստատությունն իրականացնում է նպատակային ուսուցողական ծրագրեր, որոնք ուղղված են սաների շրջանում անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի կարողությունների ու հմտությունների ձևավորմանը.
ա. ուսումնական հաստատության անձնակազմը և սաները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններին,
բ. ուսումնական հաստատության անձնակազմը և սաները տեղեկացված են հաստատությունում առկա անվտանգության միջոցների (էլեկտրական վահանակ, հրշեջ-տեղեկատու, հրշեջ-ծորակ և այլն) գտնվելու տեղերի վերաբերյալ, իսկ անձնակազմը տիրապետում է դրանց օգտագործման կանոններին,
գ. հաստատությունում իրականացվում են տեղական նշանակության վտանգների գնահատման և աղետներին պատրաստվածության վերաբերյալ տարաբնույթ միջոցառումներ,
դ. ուսումնական հաստատությունում առկա է աղետներին պատրաստվածության, քաղաքացիական պաշտպանվածության պլան, և ուսումնական տարվա ընթացքում գործարկվում է պլանը, իրականացվում են վարժանքներ, վարվում է գրանցամատյան,
ե. ուսումնական հաստատությունն ապահովված է լոկալ ջեռուցման անվտանգ համակարգով,
զ. ուսումնական հաստատության բոլոր խմբասենյակներում առկա են ջեռուցումն ապահովող մարտկոցներ, և ջեռուցման ամիսներին խմբասենյակներում ջերմաստիճանը համապատասխանում է առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին,
է. ուսումնական հաստատության միջանցքները ջեռուցվում են, և միջանցքներում ջերմաստիճանը համապատասխանում է առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին,
ը. ուսումնական հաստատությունն ապահովված է շուրջօրյա հոսող խմելու ջրով,
թ. ուսումնական հաստատության բոլոր խմբասենյակներում առկա են առանձնացված վերանորոգված սանհանգույցներ,
ժ. ուսումնական հաստատության բոլոր սանհանգույցներն ապահովված են շուրջօրյա հոսող ջրով և հիգիենայի պարագաներով (օճառ, թուղթ և այլն),
ժա. հաշմանդամություն ունեցող անձանց համար կա հարմարեցված սանհանգույց, որի մոտ առկա է հաշմանդամության տարբերանշանը,
ժբ. ուսումնական հաստատությունում առկա է սննդի կազմակերպման կետ, որը համապատասխանում է առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին,
ժգ. ուսումնական հաստատության սննդի կազմակերպման կետում փակցված են առողջ սննդակարգի վերաբերյալ համապատասխան պաստառներ,
ժդ. ուսումնական հաստատությունում առկա է բուժկետ, և կարող է տրամադրվել առաջին բուժօգնություն.
4) ուսումնական հաստատությունն իրականացնում է սովորողների ֆիզիկական, հոգևոր, սոցիալական առողջությանը միտված ուսումնադաստիարակչական ծրագրեր և միջոցառումներ.
ա. ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների կողմից իրականացվում են սաների նկատմամբ բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքերի բացահայտման, դրանց մասին զեկուցման, կանխարգելման և հանրային քննարկման աշխատանքներ,
բ. ուսումնական հաստատությունն անհատական խորհրդատվությունների, ծնողական ժողովների միջոցով իրականացնում է երեխայի խնամքի ու դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման բացառման, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ,
գ. ուսումնական հաստատությունը կազմում է ուսումնամեթոդական նյութեր և կազմակերպում է իրազեկման միջոցառումներ` ուղղված բռնության, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեմ.
5) ուսումնական հաստատությունն ունի որակյալ մանկավարժական անձնակազմ, և դաստիարակները տիրապետում են ուսուցման ժամանակակից (երեխայակենտրոն, մասնակցային, ինտերակտիվ և այլ) մեթոդներին.
ա. դաստիարակներից քանիսն ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն,
բ. մանկավարժական աշխատողներից քանիսն ունեն մասնագիտության կրթություն,
գ. մանկավարժական աշխատողներից քանիսն ունեն գիտական կոչում,
դ. մանկավարժական աշխատողներից քանիսն են վերջին 5 տարում վերապատրաստում անցել նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններում,
ե. մանկավարժական աշխատողներից քանիսն են վերապատրաստվել որպես վերապատրաստող (դասախոս) և վարում են վերապատրաստման դասընթացներ,
զ. որքան է մանկավարժական աշխատողների միջին տարիքը,
է. մանկավարժական աշխատողներից քանիսն ունեն միջազգային ու տեղական պարբերականներում (ամսագրերում) հրապարակված հոդվածներ, մասնագիտական հրապարակումներ, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ, գիտամանկավարժական, հեղինակային և այլ աշխատություններ,
ը. մանկավարժական աշխատողներից քանիսն են տիրապետում ուսուցման ժամանակակից (երեխայակենտրոն, մասնակցային, ինտերակտիվ և այլ) մեթոդներին և գործնականում կիրառում դրանք,
թ. մանկավարժական աշխատողներից քանիսն են ուսումնական գործընթացում կիրառում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ, այդ թվում` ինտերնետ,
ժ. որքան է մանկավարժական աշխատողների բացակայությունների ընդհանուր թիվը,
ժա. որքան է ուսումնական տարվա ընթացքում հաստատությունում անցկացվող ցուցադրական բաց պարապմունքների թիվը,
ժբ. որքան է ուսումնական տարվա ընթացքում հաստատությունից դուրս անցկացվող պարապմունքների թիվը,
6) ուսումնական հաստատությունում ստեղծված է որակյալ զարգացնող միջավայր.
ա. ուսումնական հաստատությունն ունի գործող մեթոդկաբինետ, որը հագեցած է ուսումնաօժանդակ գրականությամբ, գույքով և սարքավորումներով:
բ. ուսումնական հաստատությունն ունի մարզադահլիճ, միջոցառումների անցկացման դահլիճ և այլ հատուկ ուսումնական խմբասենյակներ (սենյակներ), այդ թվում` լրացուցիչ կրթական ծրագրերի համար (նկարչական խմբակ, երաժշտական խմբակ և այլն), որոնք հագեցած են անհրաժեշտ գույքով, ուսումնական պարագաներով, ուսումնանյութական և ուսումնադիդակտիկ նյութերով.
7) ուսումնական հաստատության մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսները տնօրինվում են արդյունավետ, հաշվի առնելով՝
ա. սան - մանկավարժ հարաբերությունը,
բ. սան - սպասարկող վարչական անձնակազմ հարաբերությունը,
գ. խմբերի միջին խտությունը,
դ. մեկ սանի հաշվով հաստատության տարեկան նախահաշիվը,
ե. մանկավարժի միջին աշխատավարձը,
զ. վարչական աշխատողների միջին աշխատավարձը,
է. սպասարկող կազմի միջին աշխատավարձը,
ը. հաստատության տարեկան նախահաշվում արտաբյուջետային միջոցների չափը,
թ. ծնողների կողմից դրամական ներդրումների տարեկան չափը,
ժ. հովանավորչական և դրամաշնորհային միջոցների տարեկան չափը,
ժա. աշխատավարձերի վճարման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը,
ժբ. կոմունալ վճարների գծով հաստատության տարեկան ծախսերի չափը,
ժգ. նոր գույքի, այդ թվում` սարքավորումների ձեռքբերման գծով հաստատության տարեկան ծախսերի չափը.
8) ուսումնական հաստատության ծնողական խորհուրդը սերտ համագործակցում է մանկավարժական և վարչական անձնակազմի հետ, նպաստում սաների կրթադաստիարակչական աշխատանքներին.
ա. սաների կրթադաստիարակչական գործընթացի վերաբերյալ ծնողական խորհրդի կողմից տնօրինությանը ներկայացված առաջարկությունները, դրանց թիվը և ընդունված առաջարկությունների տոկոսը ներկայացվածի նկատմամբ,
բ. ծնողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումները (հանդեսներ, հավաքներ, երեկույթներ, էքսկուրսիաներ, ճանաչողական այցեր և այլն), դրանց թիվը, մասնակից ծնողների թիվը և սաների տոկոսը,
գ. ծնողական խորհրդի կողմից մանկավարժական աշխատողների գործունեության վերաբերյալ ներկայացված կարծիքը քննարկվում է մանկավարժական աշխատողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու ժամանակ.
դ. ծնողական խորհրդի հանդիպումների հաճախականությունը և դրանց ընթացքում քննարկված հարցերի շրջանակները,
ե. ուսումնական հաստատության առօրյայից և տեղի ունեցող իրադարձություններից ծնողների տեղեկացվածության աստիճանը,
զ. այն ծնողների տոկոսը, որոնք օգտվում են նախարարության, համայնքի, հաստատության և կրթական այլ կայքերից.
9) ուսումնական հաստատությունն ու համայնքը համագործակցում են, որի շրջանակում՝
ա. ուսումնական հաստատության շենքային պայմանների բարելավման, տարածքի բարեկարգման, ուսումնանյութական բազայի համալրման և այլ աշխատանքներին համայնքի մասնակցությունը, այդ գործում կատարված ներդրումները,
բ. համայնքային հիմնախնդիրների վերաբերյալ հաստատության աշխատակազմի տեղեկացվածությունը և նրանց մասնակցությունը համայնքի աշխատանքներին, մասնակցության ձևերը, մասնակցություն ունեցած աշխատակիցների տոկոսը,
գ. ուսումնական հաստատության կողմից համայնքի բնակիչների համար կազմակերպված ու անցկացված միջոցառումները և դրանց թիվը, մասնակից սաների և ծնողների տոկոսը և համայնքի ներկայացուցիչների թիվը,
դ. ուսումնական հաստատության կողմից հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերը, դրանց թիվը և մասնակիցների թիվը՝ ըստ ծրագրերի.
10) ուսումնական հաստատությունում ներառական կրթության և հավասարության ապահովում.
ա. ներառական կրթության զարգացումը որպես նպատակ ամրագրված է հաստատության տարեկան ծրագրում,
բ. ուսումնական հաստատության տարեկան ծրագրում պլանավորված են ներառական կրթության ապահովման համապատասխան միջոցառումներ, այդ թվում` մանկավարժների, դաստիարակների օգնականների վերապատրաստումներ,
գ. ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալը ունի ներառական կրթության գործընթացի համակարգման լիազորություններ,
դ. ուսումնական հաստատության վեբկայքում գործում է ներառական կրթության բաժին` ընտանիքի և համայնքի հետ հետադարձ կապի հնարավորությամբ,
ե. ուսումնական հաստատությունն իրականացնում է երեխաների հավասար իրավունքներին, հանդուրժողականությանը նվիրված և նման այլ միջոցառումներ.
11) ուսումնական հաստատության աշխատակազմն արդիականացնում է իր գիտելիքներն ու հմտությունները ներառական կրթության ոլորտում.
ա. վերջին հինգ տարում տնօրինությունը մասնակցել է ներառական հաստատությունների կառավարման թեմայով վերապատրաստումների,
բ. ուսումնական հաստատությունն ունի ներառական կրթության թեմաներով վերապատրաստված և վերապատրաստվող մանկավարժներ, դաստիարակների օգնականներ. վերջին հինգ տարում ներառական կրթության թեմաներով վերապատրաստում անցած մանկավարժների, դաստիարակների օգնականների թիվը.
12) ուսումնական հաստատությունն ունի ռեսուրսներ` աջակցելու ԿԶԱՊԿ ունեցող երեխաների խնամքին և դաստիարակությանը, և ուսումնական միջավայրը հարմարեցված է նրանց կարիքներին.
ա. ուսումնական հաստատությունում ամենուրեք (խմբասենյակներ, դահլիճներ, գրադարաններ և այլն) տեղաշարժման տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար ապահովված է ֆիզիկական մատչելիություն,
բ. ուսումնական հաստատությունն ունի ԿԶԱՊԿ ունեցող սաների հոգեբանամանկավարժական աջակցության թիմ (հատուկ մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան և այլն),
գ. ԿԶԱՊԿ ունեցող սաներն ապահովված են ֆիզիկական և ճանաչողական զարգացման համար անհրաժեշտ խաղային նյութերով, պիտույքներով, հարմարանքներով, այլ պարագաներով,
դ. ուսումնական հաստատությունում առկա են ուսումնամեթոդական նյութեր և սարքավորումներ` լսողության ու տեսողության գործառույթի բացակայություն կամ սահմանափակում ունեցող սաների համար,
ե. ուսումնական հաստատության խմբասենյակների դասավորվածությունն այնպիսին է, որ ԿԶԱՊԿ ունեցող սաները մեկուսացված չեն,
զ. ուսումնական հաստատությունն ունի ռեսուրս-սենյակ` ԿԶԱՊԿ ունեցող սաների համար,
է. ուսումնական հաստատության ռեսուրս-սենյակ այցելող` ԿԶԱՊԿ ունեցող սաների թիվը և տոկոսը,
ը. ուսումնական հաստատության ռեսուրս-սենյակ այցելող` ԿԶԱՊԿ ունեցող սաների ծնողների (խնամակալների) թիվը,
թ. ուսումնական հաստատությունում հաղթահարված են ներառականությունը խաթարող ֆիզիկական խոչընդոտները (թեքահարթակ, հենակ և այլն),
ժ. ուսումնական հաստատությունում հաղթահարված են ներառականությունը խաթարող սոցիալական խոչընդոտները (վերաբերմունք, կարծրատիպ).
13) մանկավարժները կարողանում են ուսումնական ծրագիրը, պարապմունքի պլանը, ուսուցանման գործընթացը հարմարեցնել ԿԶԱՊԿ ունեցող երեխաների կարիքներին և մշտապես խրախուսում են նրանց.
ա. անհատական ուսումնական պլանները մշակվում են` համաձայն նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական ծրագրերի՝ հաշվի առնելով սաների կարիքները, ընդունակությունները, հնարավորությունները, ձեռքբերումները և առաջընթացը,
բ. մանկավարժները գիտակցում են ներառական կրթության վերաբերյալ կարծրատիպերի առկայությունը, դրանց վերացման անհրաժեշտությունը և անհատական խորհրդատվությունների, ծնողական ժողովների միջոցով իրականացնում են իրազեկման աշխատանքներ,
գ. մանկավարժներն ունեն հավասար վերաբերմունք բոլոր սաների նկատմամբ` անկախ նրանց միջև եղած տարբերություններից և նրանց առանձնահատուկ կարիքներից,
դ. մանկավարժները կարողանում են կարծրատիպեր ամրապնդող վարքագիծ կամ երևույթ հայտնաբերել ուսումնական նյութերում և նույնիսկ սեփական վարքագծում.
14) ԿԶԱՊԿ ունեցող սաները հավասարապես մասնակցում են հաստատության բոլոր գործընթացներին` ըստ իրենց կարողությունների առավելագույն աստիճանի.
ա. ուսումնական հաստատության այն սաների թիվը և տոկոսը, որոնք ունեն ԿԶԱՊԿ,
բ. ուսումնական հաստատությունից դուրս մնացած ԿԶԱՊԿ ունեցող սաների թիվը և տոկոսը,
գ. ԿԶԱՊԿ ունեցող սաների բացակայությունների տարեկան միջին թիվը` օր/սան,
դ. լրացուցիչ կրթական ծրագրերում ներառվող՝ ԿԶԱՊԿ ունեցող սաների թիվը և տոկոսը,
15) ուսումնական հաստատությունում ապահովված է սեռերի և ազգային փոքրամասնությունների երեխաների միջև հավասարությունը.
ա. սեռերի հարաբերակցությունը,
բ. ուսումնական հաստատությունում ընդգրկված ազգային փոքրամասնությունների երեխաների թիվը և տոկոսը,
գ. սոցիալապես անապահով ընտանիքներից սաների համար հաստատության իրականացրած սոցիալական աջակցության ծրագրերը և դրանց թիվը։
5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
20. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ:
21. Արտաքին գնահատման իրականացման համար հիմք են հանդիսանում նաև կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքները:
22. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է սաներին մատուցվող կրթական ծառայությունների որակի և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին վերջիններիս համապատասխանության հիման վրա:
23. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքն ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
24. Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
25. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները:
26. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության վերջին հինգ տարիների գործունեության, ինչպես նաև վերջին հինգ տարիների գործունեության ներքին գնահատման արդյունքների հիման վրա:
6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
27. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման չափանիշներն են`
1) ուսումնական հաստատության տնօրենի կողմից հիմնադրին ներկայացված ներքին գնահատման հաշվետվությունների քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացմանն ուղղված համատեղ որոշումների ընդունումը, դրանց իրականացումը.
2) ուսումնական հաստատության ինքնազարգացմանն ուղղված գործընթացների առկայությունը, դրանց արդյունավետությունը.
3) ուսումնական հաստատության գործունեության բաց և թափանցիկ լինելը.
4) տեղեկատվության համապարփակ ցանցի առկայությունը. ուսումնական հաստատության կայքի միջոցով ծնողներին և հասարակությանն ուսումնական հաստատության գործունեության մասին տեղեկացումը.
5) համապատասխան նյութական բազա ստեղծելուն, ինչպես նաև առկա բազան արդյունավետ օգտագործելուն ուղղված ջանքերի ներդրումը.
6) սաների գիտելիքների, գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերման, նախադպրոցական կրթական ծրագրերի յուրացման, արժեքային համակարգի ձևավորման համար համապատասխան ուսումնանյութական միջավայրի ապահովումը.
7) ուսումնական հաստատության հեռանկարային զարգացման ծրագրի առկայությունը, իրականացման արդյունավետությունը.
8) ուսումնական հաստատության կառավարմանը, զարգացման հեռանկարային պլանավորմանն ու ծրագրավորմանը մանկավարժների մասնակցության և մասնագիտական աջակցության ապահովումը.
9) ներքին կարգապահական կանոնների առկայությունը, սահմանված վարքագծի կանոնների պահանջների կատարումը.
10) ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեության, լրացուցիչ կրթական ծառայությունների առկայությունը և արդյունավետությունը.
11) կրթական, մշակութային, մարզական, առողջարանային և արտադրական բազայից օգտվելու մատչելիությունը.
12) սաների շարժի վերլուծության արդյունքները.
13) լսումների քանակը, իրականացնողները, արդյունքները.
14) ուսուցման գործընթացում կիրառվող հետազոտական գործունեության, ցուցահանդեսների, մրցույթների մասնակցության խթանումը և նշված գործընթացների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
15) ուսումնական հաստատության մասնակցությունը միջազգային ծրագրերին, արդյունավետությունը.
16) նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը:
7. ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
28. Ուսումնական հաստատությունը գործունեության արտաքին գնահատման հայտը ներկայացնում է նախարարություն` ուսումնական տարին սկսվելուց առնվազն երեք ամիս առաջ:
29. Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 1-ը, որից հետո նախարարությունը, ստացված հայտերի հիման վրա, տասնօրյա ժամկետում կազմում է արտաքին գնահատում իրականացնելու ժամանակացույց (այսուհետ` ժամանակացույց), որը տասնօրյա ժամկետում համաձայնեցնում է գնահատման գործընթացին շահագրգիռ համապատասխան պետական, տարածքային կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
30. Համաձայնեցված ժամանակացույցը հաստատվում է նախարարի կողմից, ներառվում գնման առարկայի բնութագրում և 10-օրյա ժամկետում հայտարարվում գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ` սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով:
31. Արտաքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների հաշվին:
32. Գնահատող կազմակերպության կողմից ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացում օգտագործվում են կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքները:
33. Արտաքին գնահատման գործընթացը չպետք է խոչընդոտի ուսումնական հաստատության բնականոն գործունեությանը և գերազանցի 20 աշխատանքային օրը:
34. Ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատման գործընթացի ավարտից հետո գնահատող կազմակերպությունը նախարարությանը և հաստատության հիմնադրին է ներկայացնում գործընթացի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն և գնահատվող ուսումնական հաստատության կարծիքը գործընթացի վերաբերյալ:
35. Արտաքին գնահատման դրական արդյունքին (գնահատման չափանիշների առնվազն 75 տոկոսին) չհամապատասխանող (չբավարարող) համայնքային հաստատությունների տվյալները նախարարությունը տրամադրում է հիմնադրին՝ առաջարկելով դրանք ընդգրկել համայնքի առաջիկա զարգացման ծրագրում:
36. Արտաքին գնահատման դրական արդյունքին (գնահատման չափանիշների առնվազն 75 տոկոսին) չհամապատասխանող ուսումնական հաստատությունների տվյալները ներկայացվում են ՀՀ կրթության տեսչական մարմին, որը դրանք հաշվի է առնում ուսումնական հաստատությունների ռիսկայնության հաշվարկի ժամանակ։
37. Արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վերաբերյալ՝ գնահատող կազմակերպության ներկայացրած հաշվետվությունը հրապարակվում է հիմնադրի կայքում:
38. Գնահատման գործընթացում ծագած վեճերը ենթական են լուծման դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: