ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0863/02/17 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0863/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան |
2020
թվականի օգոստոսի 27-ինգրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ընդդեմ Արմեն Աճեմյանի, Սուսաննա Մանուկյանի՝ գումարի բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանը պահանջել է անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի՝ 28.03.2011 թվականին կնքված պայմանագրով չվճարված 1.600.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող՝ Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տան վրա:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2018 թվականի որոշմամբ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.12.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետը, 504-րդ հոդվածի 6-րդ կետը, 505-րդ հոդվածի 2-րդ կետը, 242-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 379-րդ, 381-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գրավ դրված գույքը շարունակում է համարվել գրավ դրված և գրավի իրավունքը պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ այդ գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Այսինքն՝ եթե գրավ դրված գույքի սեփականատերը հատուցելի կամ անհատույց գործարքի հիման վրա փոխվում է, ապա գրավ դրված գույքը շարունակում է համարվել գրավ դրված, և նոր սեփականատերը կրում է գրավատուի բոլոր պարտականությունները: Ընդ որում, որևէ նշանակություն չունի, թե գույքի նախորդ սեփականատիրոջ պարտավորության մասին նոր սեփականատերն իրազեկ եղել է, թե՝ ոչ: Տվյալ դեպքում, Արմեն Աճեմյանը հատուցելի գործարքի՝ առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերել վիճելի գույքը և գրավատուի տեղը կրում է նրա բոլոր պարտականություններն անկախ այն բանից, որ պայմանագրի կողմ և պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորության պարտապան չի հանդիսացել:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում գործում բացակայում է որևէ ապացույց՝ հիմնավորող այն հանգամանքը, որ վիճելի տունը գրավադրվել է և Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի կողմից իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ ունեցած գրավի իրավունքի պետական գրանցում, որպիսի պայմաններում գրավի իրավունքը վերջինիս մոտ չի ծագել, սակայն Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները և չի անդրադարձել բողոքի հիմքերին, չի պատճառաբանել, թե ինչու հայցվորի մոտ օրենքի ուժով չի ծագել նշված գույքի նկատմամբ գրավի իրավունք։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Խաչատուր Գրիգորյանի և նրա իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի՝ 28.03.2011 թվականին կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունը` չի վճարվել պայմանագրով սահմանված գնի մնացած 1.600.000 ՀՀ դրամը: Սուսաննա Մանուկյանը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունը, այլև փաստացի խաբել է հայցվորին` տունն աճուրդով էժան գնով չվաճառվելու համար խնդրել է վերջինիս այն հանել արգելանքից, որպեսզի բանկում գրավադնելու միջոցով, գումար վերցնելու եղանակով մարի մնացած պարտքը, որից հետո առանց հայցվորին տեղեկացնելու, տունը 18.000.000 ՀՀ դրամով օտարել է Արմեն Աճեմյանին և վաճառքից ստացած գումարից պարտավորությունը չի մարել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.05.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.06.2012 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/1114/02/11 գործով 12.03.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Խաչատուր Գրիգորյանից հօգուտ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի բռնագանձվել է 5.505.000 ՀՀ դրամ՝ որպես 28.03.2011 թվականին կնքված «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով» սահմանված գումարի չվճարված մաս, որի նկատմամբ 01.08.2011 թվականից սկսած հաշվարկվել են տոկոսներ՝ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Նշված որոշման հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ.10-14, 15):
2. Կատարողական վարույթի ընթացքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որը Դատարանի 26.12.2012 թվականի վճռով հաստատվել է՝ Խաչատուր Գրիգորյանը պարտավորվել է մինչև 2013 թվականի հունիս ամիսը նշված կատարողական թերթով սահմանված 5.505.000 ՀՀ դրամը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն ամեն ամիս, մաս-մաս վճարել Ռոբերտ Մելիք-Ստեփանյանին: Նշված պարտավորությունն ամբողջությամբ և ժամանակին կատարելու դեպքում պահանջատերը պարտավորվել է ներկայացված թիվ ԵՄԴ/1114/02/11 կատարողական թերթը հետ վերցնել: Խաչատուր Գրիգորյանի կողմից նշված պարտավորությունն ամբողջությամբ չկատարվելու դեպքում հաշտության համաձայնությունը չեղյալ է համարվում և նշված գումարի բռնագանձումը ենթակա է կատարման ԴԱՀԿ ծառայության միջոցով հարկադիր կարգով՝ հաշվանցելով Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականին արդեն իսկ վճարված գումարները (հատոր 1-ին, գ.թ. 16):
3. Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականի դրությամբ վճարվել է 1.221.000 ՀՀ դրամ: Խաչատուր Գրիգորյանի կողմից հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունը չկատարելու հիմքով ԴԱՀԿ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի 13.05.2013 թվականի որոշմամբ կասեցված թիվ 01/12-4291/11 կատարողական վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 20):
4. Կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Խաչատուր Գրիգորյանը մահացել է: 27.04.2015 թվականի պարտավորագրի համաձայն` Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանը պարտավորվել է Ավետիս Քալաշյանին` որպես Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի լիազորված անձ, մինչև 01.08.2015 թվականը վճարել 1.600.000 ՀՀ դրամ: Պարտավորվել է նաև Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը գրավադրել բանկում նշված գումարը վերադարձնելու համար, որն իրականացնելու համար իր խնդրանքով Ավետիս Քալաշյանը պետք է դիմում ներկայացներ ԴԱՀԿ ծառայություն՝ նշված տան վրա դրված արգելանքը հանելու համար (հատոր 1-ին, գ.թ. 18):
5. 18.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Սուսաննա Մանուկյանը վաճառել, իսկ Արմեն Աճեմյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը, որը պայմանագրի 3-րդ կետի համաձայն` գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 19):
6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0104 վկայականի համաձայն` 18.05.2015 թվականի թիվ 2089 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի ընդհանուր համատեղ սեփականությունը (հատոր 1-ին, գ.թ.96):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ գրավի իրավունքի պահպանման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք գրավի առարկան օտարելու դեպքում օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը դադարում է:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`(...) (4) գրավի (...) իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է ապրանքի համար վճարել այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո (ապրանքի ապառիկ վաճառք), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ նախատեսված չէ պայմանագրով` նույն օրենսգրքի 352-րդ հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապրանքների ապառիկ վաճառքը կատարվում է վաճառքի օրվա գներով: Ապառիկ վաճառված ապրանքների գնի հետագա փոփոխությունները վերահաշվարկի չեն հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականությունը չկատարելու դեպքում կիրառվում են նույն օրենսգրքի 367-րդ հոդվածով նախատեսված կանոնները:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ ապրանք ստացած գնորդն առուվաճառքի պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում դրա համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու հանձնված ապրանքի համար կամ վերադարձնելու չվճարված ապրանքը:
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում հանձնված ապրանքի համար, և այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ առուվաճառքի պայմանագրով, կետանցի գումարին, սույն օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան, ենթակա են վճարման տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրի համաձայն, ապրանքի համար պետք է վճարված լիներ մինչև գնորդի կողմից ապրանքի համար վճարելու օրը:
Պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի գնին համապատասխանող գումարին տոկոսներ վճարելու գնորդի պարտականությունը` սկսած վաճառողի կողմից ապրանքը հանձնելու օրվանից:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածի համաձայն` ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը:
Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները:
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ և 226-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.
- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),
- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ (1) գրավի իրավունքը հանդիսանում է գրավառուի սահմանափակ իրային իրավունքը, (2) գրավառուն ունի հիմնական պարտավորության չկատարման դեպքում նախապատվության իրավունքով գրավադրված գույքի արժեքից իր պահանջների բավարարում ստանալու «օրինական սպասելիք»: Հետևաբար սեփականության իրավունքի պաշտպանության թե՛ սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոն ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության նկատմամբ (տե´ս, օրինակ, «Սեյվր» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Նշան Ալեքսանյանի Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով 26.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ կետը ապառիկ վաճառված ապրանքի վաճառողի իրավունքների պաշտպանությանն ուղղված հատուկ կարգավորում է նախատեսել, համաձայն որի՝ մինչև գնորդի կողմից պարտքի համար վճարելու պարտավորության ամբողջական և պատշաճ կատարումը վաճառված ապրանքը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված: Այսինքն՝ նման պարագայում վաճառողը գրավատուի կարգավիճակ է ստանում օրենսդրական հատուկ կարգավորման հետևանքով, եթե իհարկե, առուվաճառքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ի տարբերություն պայմանագրի ուժով ծագող գրավի, օրենքի հիման վրա գրավի ծագման օրենսդիրը պայմանավորել է օրենսգրքում նշված հանգամանքների երևան գալով: Մասնավորապես՝ ապրանքի ապառիկ վաճառքի դեպքում: Գրավատուի իրավունքներից վաճառողը կարող է օգտվել օրենքի ուժով՝ սահմանված կարգով ապրանքի ապառիկ առուվաճառքի պայմանագիր կնքելու փաստի հիման վրա: Օրենքի ուժով գրավ համարվող ապրանքն օտարելիս ապառիկ առուվաճառքի պայմանագրի գնորդը պարտավոր է գույքի նոր ձեռքբերողին նախազգուշացնել այդ գույքի նկատմամբ այլ անձի իրավունքների առկայության մասին, ընդ որում, անկախ այդ պարտականությունը կատարված լինելու կամ չլինելու հանգամանքից, գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու դեպքում գրավի իրավունքը պահպանում է իր ուժը , և գրավը չի դադարում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.06.2012 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/1114/02/11 գործով 12.03.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Խաչատուր Գրիգորյանից հօգուտ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի բռնագանձվել է 5.505.000 ՀՀ դրամ՝ որպես 28.03.2011 թվականին կնքված «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով» սահմանված գումարի չվճարված մաս, որի նկատմամբ 01.08.2011 թվականից սկսած հաշվարկվել են տոկոսներ՝ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Նշված որոշման հիման վրա տրվել է կատարողական թերթ:
Կատարողական վարույթի ընթացքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որը Դատարանի 26.12.2012 թվականի վճռով հաստատվել է՝ Խաչատուր Գրիգորյանը պարտավորվել է մինչև 2013 թվականի հունիս ամիսը նշված կատարողական թերթով սահմանված 5.505.000 ՀՀ դրամը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն ամեն ամիս, մաս-մաս վճարել Ռոբերտ Մելիք-Ստեփանյանին: Նշված պարտավորությունն ամբողջությամբ և ժամանակին կատարելու դեպքում պահանջատերը պարտավորվել է ներկայացված թիվ ԵՄԴ/1114/02/11 կատարողական թերթը հետ վերցնել: Խաչատուր Գրիգորյանի կողմից նշված պարտավորությունն ամբողջությամբ չկատարվելու դեպքում հաշտության համաձայնությունը չեղյալ է համարվում և նշված գումարի բռնագանձումը ենթակա է կատարման ԴԱՀԿ ծառայության միջոցով հարկադիր կարգով՝ հաշվանցելով Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականին արդեն իսկ վճարված գումարները:
Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականի դրությամբ վճարվել է 1.221.000 ՀՀ դրամ: Խաչատուր Գրիգորյանի կողմից հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունը չկատարելու հիմքով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի 13.05.2013 թվականի որոշմամբ կասեցված թիվ 01/12-4291/11 կատարողական վարույթը վերսկսվել է:
Կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Խաչատուր Գրիգորյանը մահացել է: 27.04.2015 թվականի պարտավորագրի համաձայն` Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանը պարտավորվել է Ավետիս Քալաշյանին` որպես Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի լիազորված անձ, մինչև 01.08.2015 թվականը վճարել 1.600.000 ՀՀ դրամ: Պարտավորվել է նաև Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը գրավադրել բանկում նշված գումարը վերադարձնելու համար, որն իրականացնելու համար իր խնդրանքով Ավետիս Քալաշյանը պետք է դիմում ներկայացներ ԴԱՀԿ ծառայություն՝ նշված տան վրա դրված արգելանքը հանելու համար:
18.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Սուսաննա Մանուկյանը վաճառել, իսկ Արմեն Աճեմյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը, որը պայմանագրի 3-րդ կետի համաձայն` գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0104 վկայականի համաձայն` 18.05.2015 թվականի թիվ 2089 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի ընդհանուր համատեղ սեփականությունը:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիանի Գրիգորյանի միջև 28.03.2011 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի 3.5 կետով սահմանվել է, որ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Դատարանը գտել է, որ պայմանագրով սահմանված նորմը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածով սահմանված համանման դրույթը չեն կարող հիմք հանդիսանալ վիճելի գույքը Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի մոտ գրավ դրված համարելու և համապատասխանաբար դրա վրա բռնագանձում տարածելու համար: Ինչ վերաբերում է Սուսաննա Մանուկյանի կողմից որպես իր ամուսնու՝ Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ, թիվ ԵՄԴ/1114/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ 27.04.2015 թվականին գրված պարտավորագրի պատճենին, ապա Դատարանը գտել է, որ դա ևս չի կարող հիմք հանդիսանալ գումարի բռնագանձումն այլ անձի՝ Արմեն Աճեմյանի գույքի վրա տարածելու համար՝ նկատի ունենալով, որ վերջինս տվյալ պարտավորության կողմ չի հանդիսանում և չի կարող որևէ պարտականություն կրել Սուսաննա Մանուկյանի կողմից ստանձնած պարտականությունը չկատարելու համար:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանելով, որ 28.03.2011 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրից հետո Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիվանի Գրիգորյանի հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ոչ թե կողմերի միջև նախկինում կնքված պայմանագրի դրույթներով, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով, հետևաբար 28.03.2011 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը չի կարող բավարար հիմք հանդիսանալ վիճելի անշարժ գույքը Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի մոտ գրավ դրված լինելու հիմքով դրա վրա բռնագանձում տարածելու համար: Բացի այդ, 18.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արմեն Հրայրի Աճեմյանի կողմից վիճելի անշարժ գույքը ձեռք բերելիս անշարժ գույքը գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել, ուստի Արմեն Աճեմյանը ձեռք է բերել երրորդ անձանց իրավունքներից ազատ գույք, հետևաբար օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ ձեռք բերված գույքի վրա չի կարող բռնագանձում տարածվել գույքի նախկին սեփականատիրոջ և այլ անձի միջև առկա պայմանագրով նախատեսված որևէ դրույթի չկատարման համար:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի նկատմամբ Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանի ստանձնած պարտավորությունն ապահովված է եղել գրավով, որի առարկան է Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 հասցեում գտնվող բնակելի տունը, որի օտարումից ստացված գումարից Սուսաննա Մանուկյանը պարտավորվել է կատարել իր ստանձնած պարտավորությունը՝ 1.600.000 ՀՀ դրամ վճարելով Ռոբերտ Մելիք-Ստեփանյանին, ինչը չի կատարել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գույքի նկատմամբ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի գրավի իրավունքը պետք է դիտարկել այն համատեքստում, որ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Հետևաբար անկախ այն հանգամանքից, որ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքն անցել է այլ անձանց՝ Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի սեփականությանը, դեռևս չի նշանակում, որ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանը կորցրել է իր գրավի իրավունքն այդ գույքի նկատմամբ, քանի որ գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականությանը: Այդ տեսանկյունից անհիմն է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ գրավի վրա բռնագանձում տարածելու մասին դատական ակտի կայացումից հետո կողմերի հարաբերությունները կարգավորվել են այդ դատական ակտով և ոչ թե պայմանագրով, քանի որ անկախ գրավի իրավահարաբերությունների վերաբերյալ դատական ակտի կայացումից, օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ գրավով ապահովված պարտավորությունն ամբողջությամբ և պատշաճ չի կատարվել: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի մյուս պատճառաբանությանն այն մասին, որ Արմեն Աճեմյանը ձեռք է բերել երրորդ անձանց իրավունքներից ազատ գույք, ապա դա ևս չի կարող հանդիսանալ հայցի մերժման մասին վճիռն անփոփոխ թողնելու հիմնավոր պատճառաբանություն, քանի որ տվյալ դեպքում գրավի իրավունքը ծագել է օրենքի ուժով՝ տարաժամկետ առուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում, իսկ գույքն օտարելիս Սուսաննա Մանուկյանը պարտավոր էր գնորդին նախազգուշացնել գույքի նկատմամբ այլ անձի իրավունքների առկայության մասին: Մինչդեռ Խաչատուր Գրիգորյանի և նրա իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանի կողմից ամբողջությամբ չի կատարվել անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի 28.03.2011 թվականին կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունը` չի վճարվել պայմանագրով սահմանված գնի գումարից 1.600.000 ՀՀ դրամը: Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանի պարտավորությունն ապահովված է եղել այդ գույքի գրավով, իսկ օրենքի ուժով գրավի նպատակն է ապահովել ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորությունը: Քանի դեռ ապառիկ վաճառված գույքի գնի գումարն ամբողջությամբ չի վճարվել, գույքը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված՝ անկախ այդ գույքի սեփականատիրոջ հետագա փոփոխությունից:
Նկատի ունենալով, որ գրավադրված գույքն անցել է Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի ընդհանուր համատեղ սեփականությանը, սակայն վերջինս գործին մասնակից չի դարձվել, իսկ սույն գործով վեճն առնչվում է նաև նրա իրավունքներին ու պարտականություններին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտ է բեկանել, իսկ գործը պետք է ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի] կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան |
Հ
ԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
27.08.2020թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՄԴ/0863/02/17 քաղաքացիական գործով 27.08.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 27.08.2020 թվականին քննելով Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ընդդեմ Արմեն Աճեմյանի, Սուսաննա Մանուկյանի՝ գումարի բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանը պահանջել է անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի՝ 28.03.2011 թվականին կնքված պայմանագրով չվճարված 1.600.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող՝ Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տան վրա:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2018 թվականի որոշմամբ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.12.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետը, 504-րդ հոդվածի 6-րդ կետը, 505-րդ հոդվածի 2-րդ կետը, 242-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 379-րդ, 381-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գրավ դրված գույքը շարունակում է համարվել գրավ դրված և գրավի իրավունքը պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ այդ գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Այսինքն՝ եթե գրավ դրված գույքի սեփականատերը հատուցելի կամ անհատույց գործարքի հիման վրա փոխվում է, ապա գրավ դրված գույքը շարունակում է համարվել գրավ դրված, և նոր սեփականատերը կրում է գրավատուի բոլոր պարտականությունները: Ընդ որում, որևէ նշանակություն չունի, թե գույքի նախորդ սեփականատիրոջ պարտավորության մասին նոր սեփականատերն իրազեկ եղել է, թե՝ ոչ: Տվյալ դեպքում, Արմեն Աճեմյանը հատուցելի գործարքի՝ առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերել վիճելի գույքը և գրավատուի տեղը կրում է նրա բոլոր պարտականություններն անկախ այն բանից, որ պայմանագրի կողմ և պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորության պարտապան չի հանդիսացել:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում գործում բացակայում է որևէ ապացույց՝ հիմնավորող այն հանգամանքը, որ վիճելի տունը գրավադրվել է և Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի կողմից իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ ունեցած գրավի իրավունքի պետական գրանցում, որպիսի պայմաններում գրավի իրավունքը վերջինիս մոտ չի ծագել, սակայն Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները և չի անդրադարձել բողոքի հիմքերին, չի պատճառաբանել, թե ինչու հայցվորի մոտ օրենքի ուժով չի ծագել նշված գույքի նկատմամբ գրավի իրավունք։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Խաչատուր Գրիգորյանի և նրա իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի՝ 28.03.2011 թվականին կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունը` չի վճարվել պայմանագրով սահմանված գնի մնացած 1.600.000 ՀՀ դրամը: Սուսաննա Մանուկյանը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունը, այլև փաստացի խաբել է հայցվորին` տունն աճուրդով էժան գնով չվաճառվելու համար խնդրել է վերջինիս այն հանել արգելանքից, որպեսզի բանկում գրավադնելու միջոցով, գումար վերցնելու եղանակով մարի մնացած պարտքը, որից հետո առանց հայցվորին տեղեկացնելու, տունը 18.000.000 ՀՀ դրամով օտարել է Արմեն Աճեմյանին և վաճառքից ստացած գումարից պարտավորությունը չի մարել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.05.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1) Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.06.2012 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/1114/02/11 գործով 12.03.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Խաչատուր Գրիգորյանից հօգուտ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի բռնագանձվել է 5.505.000 ՀՀ դրամ՝ որպես 28.03.2011 թվականին կնքված «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով» սահմանված գումարի չվճարված մաս, որի նկատմամբ 01.08.2011 թվականից սկսած հաշվարկվել են տոկոսներ՝ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Նշված որոշման հիման վրա տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ.10-14, 15).
2) Կատարողական վարույթի ընթացքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որը Դատարանի 26.12.2012 թվականի վճռով հաստատվել է՝ Խաչատուր Գրիգորյանը պարտավորվել է մինչև 2013 թվականի հունիս ամիսը նշված կատարողական թերթով սահմանված 5.505.000 ՀՀ դրամը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն ամեն ամիս, մաս-մաս վճարել Ռոբերտ Մելիք-Ստեփանյանին: Նշված պարտավորությունն ամբողջությամբ և ժամանակին կատարելու դեպքում պահանջատերը պարտավորվել է ներկայացված թիվ ԵՄԴ/1114/02/11 կատարողական թերթը հետ վերցնել: Խաչատուր Գրիգորյանի կողմից նշված պարտավորությունն ամբողջությամբ չկատարվելու դեպքում հաշտության համաձայնությունը չեղյալ է համարվում և նշված գումարի բռնագանձումը ենթակա է կատարման ԴԱՀԿ ծառայության միջոցով հարկադիր կարգով՝ հաշվանցելով Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականին արդեն իսկ վճարված գումարները (հատոր 1-ին, գ.թ. 16).
3) Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականի դրությամբ վճարվել է 1.221.000 ՀՀ դրամ: Խաչատուր Գրիգորյանի կողմից հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունը չկատարելու հիմքով ԴԱՀԿ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի 13.05.2013 թվականի որոշմամբ կասեցված թիվ 01/12-4291/11 կատարողական վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 20).
4) Կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Խաչատուր Գրիգորյանը մահացել է: 27.04.2015 թվականի պարտավորագրի համաձայն` Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանը պարտավորվել է Ավետիս Քալաշյանին` որպես Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի լիազորված անձ, մինչև 01.08.2015 թվականը վճարել 1.600.000 ՀՀ դրամ: Պարտավորվել է նաև Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը գրավադրել բանկում նշված գումարը վերադարձնելու համար, որն իրականացնելու համար իր խնդրանքով Ավետիս Քալաշյանը պետք է դիմում ներկայացներ ԴԱՀԿ ծառայություն՝ նշված տան վրա դրված արգելանքը հանելու համար (հատոր 1-ին, գ.թ. 18).
5) 18.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Սուսաննա Մանուկյանը վաճառել, իսկ Արմեն Աճեմյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը, որը պայմանագրի 3-րդ կետի համաձայն` գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 19).
6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0104 վկայականի համաձայն` 18.05.2015 թվականի թիվ 2089 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի ընդհանուր համատեղ սեփականությունը (հատոր 1-ին, գ.թ.96):
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործը հարուցվել է Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է 28.03.2011 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով չվճարված 1.600.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Հաղթանակ թիվ 7-րդ փողոցի թիվ 33 տան վրա:
Դատարանը մերժել է Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի հայցը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիանի Գրիգորյանի միջև 28.03.2011 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի 3.5 կետով սահմանվել է, որ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Դատարանը գտել է, որ պայմանագրով սահմանված նորմը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածով սահմանված համանման դրույթը չեն կարող հիմք հանդիսանալ վիճելի գույքը Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի մոտ գրավ դրված համարելու և համապատասխանաբար դրա վրա բռնագանձում տարածելու համար, որպես հիմնավորում նշելով հետևյալը. «Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիվանի Գրիգորյանի միջև 28.03.2011թ-ին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով Արմեն Աճեմյանը պայմանագրի կողմ չի հանդիսացել, և Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիվանի Գրիգորյանի միջև առաջացած պարտավորությունը չի կարող պարտականություններ ստեղծել այդ պարտավորությանը որպես կողմ չմասնակցած Արմեն Աճեմյանի համար:
Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիվանի Գրիգորյանի միջև 28.03.2011թ-ին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրից հետո վերջիններիս միջև առաջացած վեճը լուծվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.06.2012թ. որոշմամբ, (...): Այսինքն, 28.03.2011թ-ին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրից հետո Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիվանի Գրիգորյանի հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ոչ թե կողմերի միջև նախկինում կնքված պայմանագրի դրույթներով, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով, հետևաբար 28.03.2011թ-ին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը չի կարող բավարար հիմք հանդիսանալ վիճելի անշարժ գույքը Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի մոտ գրավ դրված լինելու հիմքով դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Բացի այդ, 18.05.2015թ-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արմեն Հրայրի Աճեմյանի կողմից վիճելի անշարժ գույքը ձեռք բերելիս անշարժ գույքը գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել, հետևաբար Արմեն Աճեմյանը ձեռք է բերել երրորդ անձանց իրավունքներից ազատ գույք, հետևաբար օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ ձեռք բերված գույքի վրա չի կարող բռնագանձում տարածվել գույքի նախկին սեփականատիրոջ և այլ անձի միջև առկա պայմանագրով նախատեսված որևէ դրույթի չկատարման համար»:
Ինչ վերաբերում է Սուսաննա Մանուկյանի կողմից որպես իր ամուսնու՝ Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ, թիվ ԵՄԴ/1114/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ 27.04.2015 թվականին գրված պարտավորագրի պատճենին, ապա Դատարանը գտել է, որ դա ևս չի կարող հիմք հանդիսանալ գումարի բռնագանձումն այլ անձի՝ Արմեն Աճեմյանի գույքի վրա տարածելու համար՝ նկատի ունենալով, որ վերջինս տվյալ պարտավորության կողմ չի հանդիսանում և չի կարող որևէ պարտականություն կրել Սուսաննա Մանուկյանի կողմից ստանձնած պարտականությունը չկատարելու համար:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանելով, որ 28.03.2011 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրից հետո Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Ջիվանի Գրիգորյանի հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ոչ թե կողմերի միջև նախկինում կնքված պայմանագրի դրույթներով, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով, հետևաբար 28.03.2011 թվականին կնքված անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիրը չի կարող բավարար հիմք հանդիսանալ վիճելի անշարժ գույքը Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի մոտ գրավ դրված լինելու հիմքով դրա վրա բռնագանձում տարածելու համար: Բացի այդ, 18.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արմեն Հրայրի Աճեմյանի կողմից վիճելի անշարժ գույքը ձեռք բերելիս անշարժ գույքը գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել, ուստի Արմեն Աճեմյանը ձեռք է բերել երրորդ անձանց իրավունքներից ազատ գույք, հետևաբար օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ ձեռք բերված գույքի վրա չի կարող բռնագանձում տարածվել գույքի նախկին սեփականատիրոջ և այլ անձի միջև առկա պայմանագրով նախատեսված որևէ դրույթի չկատարման համար:
Վճռաբեկ դատարանը, քննելով Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2018 թվականի որոշման դեմ և վերլուծության ենթարկելով գրավի իրավունքը՝ որպես իրային իրավունքների շարքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող իրավունքի տեսակի, ու վերահաստատելով «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ (1) գրավի իրավունքը հանդիսանում է գրավառուի սահմանափակ իրային իրավունքը, (2) գրավառուն ունի հիմնական պարտավորության չկատարման դեպքում նախապատվության իրավունքով գրավադրված գույքի արժեքից իր պահանջների բավարարում ստանալու «օրինական սպասելիք», հետևաբար սեփականության իրավունքի պաշտպանության թե՛ սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոն ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության նկատմամբ (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 6-7-րդ էջերը), արձանագրել է, որ Երևանի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի գրավի իրավունքը պետք է դիտարկել այն համատեքստում, որ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը, հետևաբար անկախ այն հանգամանքից, որ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքն անցել է այլ անձանց՝ Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի սեփականությանը, դեռևս չի նշանակում, որ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանը կորցրել է իր գրավի իրավունքն այդ գույքի նկատմամբ, քանի որ գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականությանը: Այս տեսանկյունից Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատել Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ գրավի վրա բռնագանձում տարածելու մասին դատական ակտի կայացումից հետո կողմերի հարաբերությունները կարգավորվել են այդ դատական ակտով և ոչ թե պայմանագրով, քանի որ անկախ գրավի իրավահարաբերությունների վերաբերյալ դատական ակտի կայացումից, օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ գրավով ապահովված պարտավորությունն ամբողջությամբ և պատշաճ չի կատարվել: Անդրադառնալով նաև Վերաքննիչ դատարանի մյուս պատճառաբանությանն այն մասին, որ Արմեն Աճեմյանը ձեռք է բերել երրորդ անձանց իրավունքներից ազատ գույք, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դա ևս չի կարող հանդիսանալ հայցի մերժման մասին վճիռն անփոփոխ թողնելու հիմնավոր պատճառաբանություն, քանի որ տվյալ դեպքում գրավի իրավունքը ծագել է օրենքի ուժով՝ տարաժամկետ առուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում, իսկ գույքն օտարելիս Սուսաննա Մանուկյանը պարտավոր էր գնորդին նախազգուշացնել գույքի նկատմամբ այլ անձի իրավունքների առկայության մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Խաչատուր Գրիգորյանի և նրա իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանի կողմից ամբողջությամբ չի կատարվել անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի 28.03.2011 թվականին կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունը` չի վճարվել պայմանագրով սահմանված գնի գումարից 1.600.000 ՀՀ դրամը, Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանի պարտավորությունն ապահովված է եղել այդ գույքի գրավով, իսկ օրենքի ուժով գրավի նպատակն է ապահովել ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորությունը, քանի դեռ ապառիկ վաճառված գույքի գնի գումարն ամբողջությամբ չի վճարվել, գույքը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված՝ անկախ այդ գույքի սեփականատիրոջ հետագա փոփոխությունից։ Միևնույն ժամանակ արձանագրելով, որ նկատի ունենալով, որ գրավադրված գույքն անցել է Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի ընդհանուր համատեղ սեփականությանը, սակայն վերջինս գործին մասնակից չի դարձվել, իսկ սույն գործով վեճն առնչվում է նաև վերջինիս իրավունքներին ու պարտականություններին (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 9-10-րդ էջերը), Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը և դրանց գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի ուժով ծագած գրավի մասին նույն օրենսգրքի կանոնները համապատասխանաբար կիրառվում են օրենքի հիման վրա ծագած գրավի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը` պետական գրանցման: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Գրավի իրավունքի ծագումը» վերտառությամբ 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: (…)
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է գրավի իրավունքի ծագման երկու հիմք.
1. պայմանագրի ուժով,
2. օրենքի հիման վրա:
Օրենսդիրը նախատեսել է անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների ծագման, փոխանցման և դադարման համար պետական գրանցման պարտադիր պահանջ: Ընդ որում, անշարժ գույքի գրավի պայմանագրի ուժով գրավի իրավունքի ծագման պահն օրենսդիրը պայմանավորել է այդ պայմանագրի պետական գրանցման հանգամանքով: Այսինքն՝ անշարժ գույքի գրավի պայմանագրի ուժով գրավի իրավունքը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ կատարվել է այդ իրավունքի պետական գրանցման պարտադիր պահանջը:
Հարկ է նկատել, որ անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող գրավի իրավունքի պետական գրանցման ենթակա լինելն անվիճելի է ու հստակ կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Միևնույն ժամանակ օրենքի հիման վրա ծագած գրավի իրավունքի պետական գրանցման ենթակա լինելու պարտադիրությունը բխում է ինչպես վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից, այնպես էլ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում ամրագրված իրավակարգավորումներից:
Այսպես. իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման հիմնական սկզբունքներն են`
ա) գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանությունը պետության կողմից.
(…):
Օրենքի1 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման հիմնական խնդիրներն են`
ա) պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը.
(…):
Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման օբյեկտներն են` նույն օրենքով սահմանված պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը:
Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված և գրանցված:
Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը`
(…)
ե) անշարժ գույքի օգտագործման սահմանափակումների մասին որոշումներն ու պայմանագրերը.
(…)
թ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, այլ սահմանափակումները, (…) ենթակա են (պետք է ներկայացվեն) պետական գրանցման` գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի:
Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից:
Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրում անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրանցման մատյանում` հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում:
Հիփոթեքով պարտավորության ծավալի, ժամկետի, ինչպես նաև հիփոթեք դրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ գրավառուի համաձայնությամբ, գրանցման մատյանում կատարվում է հիփոթեքի իրավունքի գրանցման փոփոխություն:
Օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումից հետո գույքի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում է սահմանափակում (արգելադրում):
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պետության կողմից ճանաչվում, երաշխավորվում և պաշտպանվում են միայն գրանցված գույքային իրավունքներն ու սահմանափակումները: Այլ կերպ ասած՝ ցանկացած հիմքով ծագած իրավունքները պետությունը ճանաչում ու պաշտպանում է, եթե դրանք գրանցված են պետական իրավասու մարմնի՝ Կադաստրի կոմիտեի (անշարժ գույքի պետական ռեգիստրի) կողմից:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ օրենսդիրն անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի ծագման պահը չի պայմանավորել գրավի իրավունքի ծագման հիմքով: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, գրավի իրավունքը ծագել է պայմանագրի, թե օրենքի ուժով, այն ենթակա է պետական գրանցման:
Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ հարկ եմ համարում անդրադառնալ օրենքի ուժով գրավի իրավունքի ծագման և դրա գրանցման ենթակա լինելու առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է ապրանքի համար վճարել այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո (ապրանքի ապառիկ վաճառք), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ նախատեսված չէ պայմանագրով` նույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը:
Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները:
Ամբողջությամբ ընդունելի է սույն գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի և 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:
Գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.
- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),
- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ):
Ամբողջությամբ ընդունելի է նաև սույն գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած մյուս իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Այդուհանդերձ գտնում եմ, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառելի լինելն ուղղակի պայմանավորված է գրավի իրավունքի ծագման հանգամանքով:
Ինչպես վերն արդեն նշել եմ, անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի ծագման պահն օրենսդիրը չի պայմանավորել գրավի իրավունքի ծագման հիմքով, հետևաբար անկախ այն հանգամանքից, գրավի իրավունքը ծագել է պայմանագրի, թե օրենքի ուժով, այն ենթակա է պետական գրանցման։ Այլ կերպ ասած, անկախ գրավի իրավունքի ծագման հիմքից (պայմանագիր կամ օրենք) այդ իրավունքը կարող է իրացվել, այդ թվում՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս պահպանել իր ուժը և հիմք հանդիսանալ գրավով ապահովված պարտավորության կատարման համար միայն պետական գրանցման ենթարկված լինելու պարագայում:
Այսպիսով, գտնում եմ, որ այն դեպքերում, երբ օրենքի հիման վրա գրավի իրավունքի ծագումը պայմանավորված է անշարժ գույքի ապառիկ վաճառքի պայմանագրով, որի դեպքում ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, ապա նշված պայմանագրի կնքման փաստով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ կետի ուժով ծագած գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Վերոգրյալ դատողությունը հաստատվում նաև 23․06․2011 թվականին ընդունված և 01․01․2012 թվականից ուժի մեջ մտած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով, որով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Ըստ այդմ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի «Հիփոթեքի պետական գրանցման առանձնահատկությունները» վերտառությամբ 39-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքի հիման վրա ծագած գրավի իրավունքի պետական գրանցման, դրա փոփոխման կամ դադարեցման վրա: Եթե օրենքի հիման վրա գրավի իրավունքի ծագումը պայմանավորված է այնպիսի գործարքի կնքմամբ, որից ծագող իրավունքը նույն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման (հիմնական պարտավորությունից ծագող իրավունք), ապա գրավի իրավունքի պետական գրանցում չի կարող իրականացվել, եթե պետական գրանցման չի ներկայացվել հիմնական պարտավորությունից ծագող իրավունքը, կամ այդ իրավունքի պետական գրանցումը մերժվել է:
Այսինքն՝ օրենսդրական զարգացումները ևս վկայում են այն մասին, որ անկախ գրավի իրավունքի ծագման հիմքից, այդ իրավունքը ենթակա է պետական գրանցման։
Ամփոփելով վերոգրյալը՝ արձանագրում եմ, որ օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը գրավառուի համար կարող է իրավական հետևանքներ առաջացնել, այդ թվում միջոց հանդիսանալ վերջինիս հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար, եթե այդ իրավունքը ենթարկվել է պետական գրանցման և ստացել է պետական պաշտպանություն: Հակառակ պարագայում, այսինքն՝ օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը պետական գրանցման ենթարկված չլինելու դեպքում խոսք չի կարող լինել այդ իրավունքի գոյության մասին ընդհանրապես և գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանվելու մասին մասնավորապես, քանի որ իր ուժը կարող է պահպանել միայն գոյություն ունեցող, այսինքն՝ գրանցված իրավունքը:
Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի և Խաչատուր Գրիգորյանի միջև 28.03.2011 թվականին կնքվել է «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագիր» (հատոր 1-ին, գ.թ. 17), որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (անվիճելի փաստ, որը հաստատված է նաև թիվ ԵՄԴ/1114/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2012 թվականի որոշմամբ՝ հ. 1-ին, գ.թ. 10-14):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.06.2012 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.03.2012 թվականի թիվ ԵՄԴ/1114/02/11 վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Խաչատուր Գրիգորյանից հօգուտ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի բռնագանձվել է 5.505.000 ՀՀ դրամ՝ որպես 28.03.2011 թվականին կնքված «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով» սահմանված գումարի չվճարված մաս, որի նկատմամբ 01.08.2011 թվականից սկսած հաշվարկվել են տոկոսներ՝ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Նշված որոշման հիման վրա տրվել է կատարողական թերթ:
Կատարողական վարույթի ընթացքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2012 թվականի վճռով հաստատվել է՝ Խաչատուր Գրիգորյանը պարտավորվել է մինչև 2013 թվականի հունիս ամիսը նշված կատարողական թերթով սահմանված 5.505.000 ՀՀ դրամը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն ամեն ամիս, մաս-մաս վճարել Ռոբերտ Մելիք-Ստեփանյանին: Նշված պարտավորությունն ամբողջությամբ և ժամանակին կատարելու դեպքում պահանջատերը պարտավորվել է ներկայացված թիվ ԵՄԴ/1114/02/11 կատարողական թերթը հետ վերցնել: Խաչատուր Գրիգորյանի կողմից նշված պարտավորությունն ամբողջությամբ չկատարվելու դեպքում հաշտության համաձայնությունը չեղյալ է համարվում և նշված գումարի բռնագանձումը ենթակա է կատարման ԴԱՀԿ ծառայության միջոցով հարկադիր կարգով՝ հաշվանցելով Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականին արդեն իսկ վճարված գումարները:
Խաչատուր Գրիգորյանի կողմից 15.11.2012 թվականի դրությամբ վճարվել է 1.221.000 ՀՀ դրամ: Խաչատուր Գրիգորյանի կողմից հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունը չկատարելու հիմքով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի 13.05.2013 թվականի որոշմամբ կասեցված թիվ 01/12-4291/11 կատարողական վարույթը վերսկսվել է:
Կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Խաչատուր Գրիգորյանը մահացել է: 27.04.2015 թվականի պարտավորագրի համաձայն` Սուսաննա Մանուկյանը պարտավորվել է Ավետիս Քալաշյանին` որպես Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի լիազորված անձ, մինչև 01.08.2015 թվականը վճարել 1.600.000 ՀՀ դրամ: Պարտավորվել է նաև Երևանի Հաղթանակի 7-րդ փողոց 33 տունը գրավադրել բանկում նշված գումարը վերադարձնելու համար, որն իրականացնելու համար իր խնդրանքով Ավետիս Քալաշյանը պետք է դիմում ներկայացներ ԴԱՀԿ ծառայություն նշված տան վրա դրված արգելանքը հանելու համար:
18.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Սուսաննա Մանուկյանը վաճառել, իսկ Արմեն Աճեմյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը, որը պայմանագրի 3-րդ կետի համաձայն` գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102016-01-0104 վկայականի համաձայն` 18.05.2015 թվականի թիվ 2089 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևանի Հաղթանակի 7-րդ փողոց, 33 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի ընդհանուր համատեղ սեփականությունը։
Սույն գործով անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյո՞ք գրավի առարկան օտարելու դեպքում օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը դադարում է, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը, հետևաբար անկախ այն հանգամանքից, որ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքն անցել է այլ անձանց՝ Արմեն Աճեմյանի և Արմինե Հայդարցյանի սեփականությանը, դեռևս չի նշանակում, որ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանը կորցրել է իր գրավի իրավունքն այդ գույքի նկատմամբ, քանի որ գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականությանը:
Փաստորեն Վճռաբեկ դատարանն անտեսել է գրավի իրավունքի պարտադիր գրանցման ենթակա լինելու օրենսդրական պահանջը՝ 28.03.2011 թվականի «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի» կնքման փաստն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված իրավակարգավորումը դիտելով բավարար գրավի իրավունքին իրավական պաշտպանություն տալու, մասնավորապես այդ իրավունքի գոյությունը, որպես հաստատված փաստ, ընդունելու և գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանված համարելու համար: Մինչդեռ պահպանվել կարող է միայն գրանցված գրավի իրավունքը, քանի որ միայն գրանցված իրավունքն է ճանաչվում, երաշխավորվում և պաշտպանվում պետության կողմից, հետևաբար օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը գրանցված լինելու դեպքում միայն գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը կպահպանի իր ուժը:
Այսպիսով, սույն հատուկ կարծիքում շարադրված հիմնավորումներով գտնում եմ, որ տվյալ դեպքում 28.03.2011 թվականի «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի» կնքման փաստով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, այսինքն՝ օրենքի ուժով ծագել է գրավի իրավունքը, այն է՝ նշված պայմանագրի առարկա հանդիսացող Երևանի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը գնորդին՝ Խաչատուր Գրիգորյանին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվել է վաճառողի՝ Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Այդուհանդերձ, օրենքի ուժով ծագած գրավի իրավունքը ենթակա էր պետական գրանցման, ուստի նշված գրավի իրավունքը Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի համար կարող էր իրավական հետևանքներ առաջացնել, այդ թվում գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս պահպանել իր ուժն ու միջոց հանդիսանալ վերջինիս հանդեպ Խաչատուր Գրիգորյանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար միայն գրավի իրավունքի պետական գրանցման պահանջը կատարված լինելու պարագայում:
Մինչդեռ սույն գործով օրենքի ուժով ծագած գրավի իրավունքի պետական գրանցման փաստը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել: Ավելին, 28.03.2011 թվականին կնքված «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրից» ծագող իրավունքների պետական գրանցումից ավելի քան չորս տարի անց՝ 18.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Խաչատուր Գրիգորյանի իրավահաջորդ Սուսաննա Մանուկյանը վաճառել է, իսկ Արմեն Աճեմյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Հաղթանակի 7-րդ փողոցի թիվ 33 տունը, որը պայմանագրի 3-րդ կետի համաձայն` գրավի, կալանքի, արգելանքի տակ չի եղել:
Նման պայմաններում, գտնում եմ, որ խոսք չի կարող լինել գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց՝ Արմեն Աճեմյանին և Արմինե Հայդարցյանին անցնելիս Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի գրավի իրավունքի պահպանման, հետևաբար և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու վերջինիս պահանջը բավարարելու մասին, քանի որ դրա համար նախևառաջ պետք է առկա լինի իրավական պաշտպանություն ստացած, այսինքն՝ Կադաստրի կոմիտեի (անշարժ գույքի պետական ռեգիստրի) կողմից գրանցված գրավի իրավունք, որպիսի պայմանը սույն գործով բացակայում է:
Այսպիսով, գտնում եմ, որ Դատարանը, մերժելով Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, ուստի Ռոբերտ Մելիք-Ստեփանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավոր | Ռ. Հակոբյան |
___________________
1 Հղումները կատարվում են իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: