ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում աուդիտորական գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության վրա:
Հոդված 3. | Աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերը |
Աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, աուդիտորական գործունեությանը վերաբերող նորմեր պարունակող այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից ընդունված այլ իրավական ակտերից:
Հոդված 4. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետևյալ իմաստով`
աուդիտորական ծառայություն` աուդիտը և (կամ) աուդիտորական դիտարկումը.
աուդիտ իրականացնող անձ` աուդիտորական կազմակերպությունը և (կամ) անհատ աուդիտորը.
աուդիտորական կազմակերպություն` աուդիտորական ծառայություններ իրականացնող իրավաբանական անձը.
անհատ աուդիտոր` աուդիտորական ծառայություններ իրականացնող անհատ ձեռնարկատերը.
աուդիտի ենթարկվող անձ` այն իրավաբանական անձը, հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը, որի մոտ իրականացվում են աուդիտորական ծառայություններ.
աուդիտոր` աուդիտորի որակավորում ստացած ֆիզիկական անձը:
Հոդված 5. | «Աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերի օգտագործումը |
1. «Աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ կարող է օգտագործել միայն աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա օգտագործման իմաստից բխում է, որ խոսքն աուդիտորական գործունեությանը չի վերաբերում:
2. Աուդիտորական կազմակերպությունը չի կարող իր անվանման մեջ օգտագործել ապակողմնորոշող այնպիսի բառեր, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության` տվյալ աուդիտորական կազմակերպության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ II
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ
Հոդված 6. | Աուդիտորական գործունեության հասկացությունը |
1. Աուդիտորական գործունեությունը ֆինանսական հաշվետվությունների և (կամ) ֆինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) աուդիտի և (կամ) աուդիտին հարակից ծառայությունների (աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում) իրականացումն է:
2. Աուդիտորական գործունեությունն իրականացվում է աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Աուդիտը և աուդիտորական դիտարկումն աուդիտ իրականացնող անձին հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու իր հավաստիացումը, իսկ համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան այդպիսի հավաստիացում չեն նախատեսում:
4. Աուդիտորական ծառայության իրականացումն առանց աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) արգելվում է: Աուդիտորական ծառայությունները պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից:
Հոդված 7. | Աուդիտը |
1. Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն:
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին` կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ աուդիտի ենթարկվող անձի նախաձեռնությամբ (կամավոր աուդիտ):
Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (այլ ստանդարտներով և այլն), եթե աուդիտի արդյունքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող օգտագործողների համար:
Հոդված 8. | Աուդիտորական դիտարկումը |
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 9. | Համաձայնեցված ընթացակարգերը |
Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը) և համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումները:
Հոդված 10. | Կոմպիլյացիան |
Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումը և ամփոփումն է` այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով:
Հոդված 11. | Աուդիտի ստանդարտները |
Աուդիտի ստանդարտները` աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող, աուդիտի անցկացման, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերն են:
Աուդիտ իրականացնող անձն ինքնուրույն է ընտրում իր աշխատանքի ձևերն ու մեթոդները` ելնելով աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներից:
Հոդված 12. | Աուդիտորի, աուդիտ իրականացնող անձի գործունեության սահմանափակումները |
1. Աուդիտ իրականացնող անձին, բացի աուդիտորական գործունեությունից և սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ զբաղվելը:
2. Աուդիտ իրականացնող անձին չի արգելվում մատուցել նաև հետևյալ ծառայությունները`
ա) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում.
բ) հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների և աուդիտի գծով ուսուցանում.
գ) ակտիվների և պարտավորությունների գնահատում.
դ) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում.
ե) կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.
զ) հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն.
է) գործարար (բիզնես) պլանի կազմում.
ը) հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում.
թ) մասնագիտական գրականության հրատարակում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար օրենքով լիցենզիա պահանջվելու դեպքում աուդիտ իրականացնող անձը գործունեության այդ տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան լիցենզիա:
4. Աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել`
ա) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ աուդիտի ենթարկվող անձին մատուցել է հաշվապահական հաշվառման վերականգնման, վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման ծառայություններ` տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար.
բ) այն աուդիտորը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը), ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) կամ տվյալ իրավաբանական անձի կամ հիմնարկի ղեկավարը կամ տվյալ աուդիտի ենթարկվող անձի հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ինչպես նաև մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նաև ամուսնու երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ է գտնվում նշված անձանց հետ.
գ) այն աուդիտորը, որը չի ապահովում սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջները.
դ) այն աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) կամ տվյալ իրավաբանական անձի կամ հիմնարկի հիմնադիրը (մասնակիցը).
ե) այն աուդիտորական կազմակերպությունը, որի ղեկավարը կամ ղեկավար անձնակազմից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը), ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) կամ տվյալ իրավաբանական անձի կամ հիմնարկի ղեկավարը կամ տվյալ աուդիտի ենթարկվող անձի հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ինչպես նաև մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նաև ամուսնու երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ է գտնվում նշված անձանց հետ.
զ) այն աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հիմնադրված կամ նրա մասնակցությամբ ստեղծված աուդիտորական կազմակերպություն.
է) այն աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ իրավաբանական անձի կամ հիմնարկի հետ ունի որևէ ընդհանուր հիմնադիր (մասնակից):
Հոդված 13. | Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը |
1. Աուդիտի և հարակից ծառայությունների իրականացումը պարտադիր փաստաթղթավորվում է աուդիտ իրականացնող անձի կողմից` աուդիտի ստանդարտներով սահմանված կարգով:
2. Աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի և աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմումը: Պայմանագրով նախատեսված դեպքերում կամ աուդիտ իրականացնող անձի նախաձեռնությամբ կազմվում է նաև աուդիտորական հաշվետվություն (նամակ աուդիտի ենթարկվող անձի ղեկավարությանը):
3. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերն աուդիտի անցկացման նպատակով աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող և պահպանվող փաստաթղթերն են: Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր են:
4. Աուդիտորական եզրակացությունները, աուդիտորական հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Հոդված 14. | Աուդիտորական եզրակացությունը |
1. Աուդիտորական եզրակացությունն աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են աուդիտի ստանդարտներով:
2. Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է, որի հրապարակման անհրաժեշտությունը որոշում է աուդիտի ենթարկվող անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է աուդիտ իրականացնող անձի կողմից: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ:
Հոդված 15. | Կեղծ աուդիտորական եզրակացությունը |
Սույն օրենքի իմաստով` կեղծ աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտ անցկացնելու կամ աուդիտի ստանդարտներին համապատասխան փաստաթղթավորում իրականացնելու, ինչպես նաև այն եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված և աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը:
Աուդիտորական եզրակացությունը կեղծ է ճանաչվում դատական կարգով:
Հոդված 16. | Աուդիտորական հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը) |
1. Աուդիտորական հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ աուդիտի ընթացքի, հայտնաբերված սխալների և թերությունների, հաշվապահական հաշվառման վարմանը ու ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջների խախտումների, առանձին հարցերի գծով վերլուծության արդյունքների, պայմանագրով նախատեսված և այլ հարցերի մասին, ինչպես նաև առաջարկություններ սխալների և թերությունների վերացման ուղղությամբ: Աուդիտի ենթարկվող անձի կամ աուդիտորի ցանկությամբ աուդիտորական հաշվետվությունում կարող են ընդգրկվել նաև այլ տեղեկություններ:
2. Աուդիտորական հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի ու ստորագրվում և (կամ) կնքվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի կողմից: Աուդիտորական հաշվետվության առնվազն մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ:
Գ Լ ՈՒ Խ III
ԱՈՒԴԻՏՈՐԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ
Հոդված 17. | Աուդիտորը |
Աուդիտորն աուդիտորական ծառայություններ կարող է իրականացնել ինքնուրույն` որպես անհատ աուդիտոր և (կամ) որպես աուդիտ իրականացնող անձի աշխատող, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, եթե նա անդամակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` լիազորված մարմնի կողմից հավատարմագրված, Հաշվապահների միջազգային դաշնության կողմից հրատարակված` Պրոֆեսիոնալ հաշվապահների վարքագրքին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հաշվապահների և (կամ) աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությանը (այսուհետ` մասնագիտացված կառույց):
Հոդված 18. | Աուդիտ իրականացնող անձի իրավունքները և պարտականությունները |
1. Աուդիտ իրականացնող անձն իրավունք ունի`
ա) աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում լրիվ ծավալով ուսումնասիրել աուդիտի ենթարկվող անձի ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև ստուգել փաստաթղթերում հաշվառված գույքի փաստացի առկայությունը.
բ) աուդիտի ենթարկվող անձից ստանալ աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ բանավոր, գրավոր բացատրություններ և այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև պահանջել այդպիսի տեղեկությունների ստացումը երրորդ անձանցից.
գ) աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ գրավոր հարցում անել և ստանալ երրորդ անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն կամ հավաստումներ.
դ) աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում ներգրավել այլ աուդիտորների, մասնագետների (այդ թվում` պայմանագրային հիմունքներով), ինչպես նաև այլ առևտրային կազմակերպությունների: Աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում նշված անձանց ներգրավման կարգը նախատեսվում է աուդիտի ստանդարտներով.
ե) աուդիտորական եզրակացություն պատրաստելու համար աուդիտի ենթարկվող անձի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չներկայացվելու դեպքում հրաժարվել աուդիտ անցկացնելուց կամ աուդիտորական կարծիք արտահայտելուց.
զ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ իրավունքներ:
2. Աուդիտ իրականացնող անձը պարտավոր է`
ա) աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
բ) ապահովել իր աշխատող աուդիտորների, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետում նշված անձանց կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանումը.
գ) լիցենզիայի բացակայության կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով սահմանված պայմանների առկայության դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայություններ իրականացնելուց.
դ) ապահովել աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում ստացված և կազմված փաստաթղթերի, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիության պահպանումը: Գաղտնի տեղեկությունների ցանկը սահմանվում է օրենքով, աուդիտորական գործունեության իրականացման մասին պայմանագրով և ենթակա չէ հրապարակման, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրավոր համաձայնությամբ, որի մոտ իրականացվել է աուդիտորական գործունեությունը: Այդ ցանկում չեն ներառվում այն տեղեկությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն կարող լինել ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք.
ե) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել լիազորված մարմին.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարել իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան.
ը) կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
Հոդված 19. | Աուդիտի ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները |
1. Աուդիտի ենթարկվող անձն իրավունք ունի`
ա) ինքնուրույն ընտրել աուդիտ իրականացնող անձին, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան սահմանված չէ.
բ) աուդիտ իրականացնող անձից ստանալ աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն.
գ) լիազորված մարմնին և (կամ) մասնագիտացված կառույցին տեղեկացնել աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման մասին.
դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ իրավունքներ:
2. Աուդիտի ենթարկվող անձը պարտավոր է`
ա) չխոչընդոտել աուդիտորական ծառայությունների իրականացմանը, աուդիտորական ծառայությունների իրականացման համար աուդիտ իրականացնող անձին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, աուդիտորների բանավոր և (կամ) գրավոր հարցումներին տալ պարզաբանումներ և բացատրություններ (բանավոր և (կամ) գրավոր), ինչպես նաև աուդիտորի առաջարկությամբ, իր իրավասության սահմաններում, երրորդ անձանցից պահանջել աուդիտորական ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ.
բ) չձեռնարկել աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակները սահմանափակող որևէ միջոց.
գ) վերացնել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում բացահայտված` հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած թերություններն ու խախտումները.
դ) աուդիտ իրականացնող անձից պահանջել ներկայացնելու լիցենզիայի պատճենը.
ե) կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
Հոդված 20. | Աուդիտորական ծառայությունների վճարը |
Աուդիտորական ծառայությունների դիմաց վճարի չափը, վճարման կարգը և ձևը որոշվում են կողմերի միջև կնքված պայմանագրով և չեն կարող կախվածության մեջ դրվել աուդիտի ենթարկվող անձի այնպիսի պահանջներից, որոնք կարող են ազդել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում տրամադրվող եզրակացության (հաշվետվության) բովանդակության վրա:
Գ Լ ՈՒ Խ IV
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 21. | Աուդիտորների որակավորումը |
1. Աուդիտորների որակավորումը սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող) մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:
Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Աուդիտորների որակավորման քննությունները կազմակերպվում և անցկացվում են մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան կրթական ծրագրերի շրջանակներում:
Վկայականը տալիս է մասնագիտացված կառույցը` դիմողի կողմից ծրագրի բոլոր բաժինների գծով քննությունները հանձնելու և վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորներ վաստակելու դեպքում:
2. Դիմողի կողմից որոշակի պաշտոններում կամ որոշակի աշխատանքներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը տվյալ անձի աուդիտորի որակավորում ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ չի համարվում:
Հոդված 22. | Աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպումը |
1. Աուդիտորների որակավորման քննություններն իրականացնում է հանձնաժողովը, որի կազմավորման կարգը, կանոնադրությունը, աուդիտորների որակավորման ստուգման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է մասնագիտացված կառույցը: Որակավորման քննությունների համար հարցերը չեն հրապարակվում: Հրապարակվում է միայն որակավորման քննությունների ծրագիրը` այն թեմաները, որոնցից կազմված են լինելու քննությունների համար հարցերը:
2. Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, որոնցից` լիազորված մարմնի ղեկավարի կողմից ներկայացվող լիազորված մարմնի երկու ներկայացուցիչ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվող բանկի մեկ ներկայացուցիչ:
3. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը:
Հոդված 23. | Դիմողին ներկայացվող պահանջները |
1. Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ունեն`
ա) տնտեսագետի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ`
բ) բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական աշխատանքի վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Հոդված 24. | Վկայականի ժամկետը |
1. Վկայականը տրվում է անժամկետ:
2. Վկայականն ստանալուն հաջորդող յուրաքանչյուր տարվա համար առնվազն 40 ժամ աուդիտորը պետք է մասնակցի (կամ դասախոսի) աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին և (կամ) խորհրդակցություններին (այսուհետ` դասընթացներ), որոնց ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը:
3. Վկայականն ստանալուն հաջորդող յուրաքանչյուր տարվա համար դասընթացներին մասնակցությունը հաստատող փաստաթղթերն աուդիտորների կողմից ներկայացվում են մասնագիտացված կառույց:
4. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում աուդիտորը պարտավոր է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով: Աուդիտորը կարող է կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմում ներկայացնել մասնագիտացված կառույց:
Մասնագիտացված կառույցը պարտավոր է տալ կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակը` աուդիտորի կողմից վերը նշված դիմումը ներկայացվելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն մասով սահմանված կարգով:
5. Իր անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում, աուդիտորը պարտավոր է դիմում ներկայացնել վկայականի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է աուդիտորի համապատասխան դիմումը մասնագիտացված կառույցում մուտքագրվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ V
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 25. | Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը |
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտներին «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի համաձայն լիցենզիաների տրման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված գործընթաց է:
Հոդված 26. | Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները |
1. Լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած մասնագիտացված կառույցին անդամակցող աուդիտորը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունը` անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության`
ա) աշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են, և նրանցից մեկը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է.
բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 1/2-ը մասնագիտացված կառույցին անդամակցող աուդիտոր է, և`
- կազմակերպության կանոնադրական կապիտալի 50 տոկոսից ավելին պատկանում է նրանց, կամ`
- նրանց և աուդիտորական կազմակերպություններին (այդ թվում` օտարերկրյա պետություններում սահմանված կարգով գրանցում ստացած) է պատկանում կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 75 տոկոսը:
2. Աուդիտորի որակավորման տվյալ վկայականը հիմք է հանդիսանում միայն մեկ լիցենզիայի` սույն հոդվածով սահմանված պայմանները կամ դրանցից որևէ մեկն ապահովելու համար:
Հոդված 27. | Լիցենզիայի գործողության կասեցումը |
Լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձն այդ մասին տեղեկացրել է լիազորված մարմնին` սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետում: Վերջինիս կապակցությամբ լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:
Հոդված 28. | Լիցենզիայի գործողության դադարեցումը |
1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև`
ա) աուդիտ իրականացնող անձի կողմից կեղծ աուդիտորական եզրակացություն տրամադրվելու դեպքում.
բ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջները խախտելու դեպքում.
գ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկը խախտելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձն այդ մասին չի տեղեկացրել լիազորված մարմնին` սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն կեղծ ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:
Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիազորված մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
Գ Լ ՈՒ Խ VI
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 29. | Լիազորված մարմնի խնդիրները և գործառույթները |
1. Լիազորված մարմնի խնդիրներն են աուդիտորական գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, աուդիտորական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մշակումը, դրանց պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը և աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման իրականացումը:
2. Սույն օրենքով սահմանված խնդիրներն իրագործելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները`
ա) կազմակերպում և իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
բ) ամփոփում է աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ.
գ) իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
3. Լիազորված մարմինն աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ աշխատանքներում ներգրավում է աուդիտ իրականացնող անձանց` նախապես համաձայնեցնելով նրանց հետ:
Նշված աշխատանքներում յուրաքանչյուր աուդիտոր կարող է ներգրավվել տարեկան մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հսկողական աշխատանքների իրականացման ընթացքում բանկային գաղտնիքին առնչվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնագետներ, որոնք ծագած հարցերի վերաբերյալ տալիս են գրավոր կարծիք:
Հոդված 30. |
Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորված մարմնի իրավասությունները |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է աուդիտ իրականացնող անձանց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և պայմանագրերի գրանցամատյանի ձևերը:
2. Լիազորված մարմինն իր իրավասության սահմաններում`
ա) հաստատում է աուդիտի ստանդարտները, դրանց կիրառման հրահանգները և մեթոդական ցուցումները.
բ) իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը:
Գ Լ ՈՒ Խ VII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 31. | Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտորները, աուդիտ իրականացնող անձինք և աուդիտի ենթարկվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ VIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 32. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը` սույն օրենքը հրապարակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին համապատասխանեցվելու պայմանով:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուժի մեջ գտնվող աուդիտորի որակավորման վկայականները գործում են այդ պահից հետո` երկու տարի վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|