ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 փետրվարի 2021 թ. |
ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողներ Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի ներկայացուցիչ Գ. Թորոսյանի,
գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը» վերտառությամբ 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը սահմանում են.
«1. Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
(…)
4. Դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը» վերտառությամբ 391-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի»:
Ընդունումից ի վեր Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում, 391-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ/լրացումներ չեն կատարվել:
Գործի քննության առիթը Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի (ներկայացուցիչ՝ Գ. Թորոսյան)՝ 2020 թվականի օգոստոսի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողների դիրքորոշումները
Դիմողները, մասնավորապես, գտնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 391-րդ հոդվածի 1-ին մասը և 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու՝ դատարանների պարտականությունը, հակասում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին:
Ըստ դիմողների՝ այն դեպքերում, երբ ակտն իր բովանդակային մասով բողոքաբերին հասանելի է դառնում հրապարակման օրվանից հետո որոշ ժամանակ անց, բողոքաբերը հրապարակման պահից սկսած մինչև ամբողջական դատական ակտն ստանալու պահը չունի այն բողոքարկելու իրական հնարավորություն, քանի որ իր տրամադրության տակ չկան բողոքի արդյունավետության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ: Վիճարկվող դրույթների բովանդակությունը հանգում է նրան, որ նույնիսկ բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (օրինակ՝ դատական ակտը փոստային առաքմամբ ուշ ստանալու պատճառով) վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի համարելու, վճռաբեկ բողոքը դատական ակտն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոքաբերը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի Վճռաբեկ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ վերջինիս հայեցողության սահմաններն ու շրջանակները որևէ կերպ սահմանված չեն օրենքով: Բողոքաբերի կամքից անկախ պատճառով, ինչպիսին է փոստային առաքմամբ բողոքարկվող դատական ակտն ուշ ստանալը, իր բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետը փոքրանում է, եթե բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվի ակտի հրապարակման, այլ ոչ թե դրա ստացման օրվանից: Ընդ որում, այս դեպքում որևէ նշանակություն չունի, թե քանի օր ուշացումով է բողոքաբերն ստանում դատական ակտը:
Դիմողները, հղում կատարելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերին, գտնում են, որ քաղաքացիական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված մեկամսյա ժամկետի փոխարեն ավելի սեղմ ժամկետում այդ գործողությունը կատարելու պարտականություն սահմանելը և այն բողոքաբերի վրա դնելը դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակում է:
Դիմողները խնդրում են որոշել Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ բացահայտելով դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը գտնում է, որ օրենսդիրը բոլոր հնարավոր ձևերով սահմանել է անձի՝ «արդար դատաքննության իրավունքի» իրացման հնարավորությունը՝ նախատեսելով ինչպես վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու հիմքերն ու ժամկետները, այնպես էլ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձանց կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջոցներն ու միջնորդություն ներկայացնելու կարգը:
Ըստ պատասխանողի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձանց զրկելով այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, օրենսդիրը ոչ միայն չի խախտել անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունքը, այլ ավելին՝ նույնիսկ ապահովել է վերջինիս՝ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձանց զրկելով այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից: Միաժամանակ, օրենսդիրը, նախատեսելով որոշակի բացառություններ, դատարանին, ելնելով գործի հանգամանքներից, որոնք կարող են լինել բազմաթիվ և բազմաբնույթ, հնարավորություն է ընձեռել բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պատասխանողը գտնում է, որ սույն գործով Օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ:
Ըստ պատասխանողի՝ բազմաթիվ երկրների իրավական պրակտիկան վկայում է, որ հավասարապես ընդունելի են թե՛ այն իրավադրույթները, համաձայն որոնց՝ դատարանի վճռի դեմ բողոք կարող է բերվել դրա հրապարակման կամ դրա պատճենի առաքման պահից և թե՛ այն իրավակարգավորումը, երբ այդ ժամկետը սահմանվում է դատական ակտն ստանալու պահից: Այստեղ էականն այն է, որ բոլոր այն երկրներում, որտեղ բողոքարկման ժամկետի հաշվարկման համար հիմք է ընդունվում դատական ակտի հրապարակման պահը, օրենսդրորեն սահմանվում են անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ, որ դատական ակտն ամբողջությամբ բողոք բերող կողմը կստանա ողջամիտ ժամկետում և ի վիճակի կլինի արդյունավետ իրացնել դատարանի մատչելիության և արդար դատաքննության իր իրավունքը (հիշյալն արտացոլված է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշման 11-րդ կետում):
Պատասխանողը խնդրում է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և 391-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:
3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները
Սույն գործով Օրենսգրքի վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրմանը.
- արդյոք սույն գործով վիճարկվող իրավակարգավորումները երաշխավորում են անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի իրացման համատեքստում դատարանի մատչելիության իրավունքի պատշաճ իրացումը՝ նկատի ունենալով նաև դրանցով նախատեսված ժամկետային սահմանափակումները:
Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականության հարցին Սահմանադրական դատարանն անդրադառնում է՝ հաշվի առնելով իր մի շարք որոշումներում արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև գնահատելով վիճարկվող և վերաբերելի այլ իրավակարգավորումների առնչությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի՝ նշված իրավակարգավորումներին համահունչ լինելու հանգամանքը:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրական դատարանը, իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) անդրադառնալով արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության հիմնախնդիրներին, կարևորել է վերջինս՝ որպես կարևոր նախապայման՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համար:
Սահմանադրական դատարանը 19.06.2018 թ. ՍԴՈ-1420 որոշմամբ ընդհանրացրել և վերահաստատել է վերոթվարկյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ, որոնք, մասնավորապես, հանգում են հետևյալին.
«(...) - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման»:
Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանի 18.06.2020 թ. ՍԴՈ-1546 որոշման մեջ արձանագրված է. «Սահմանադրական դատարանն (…) հարկ է համարում առանձնացնել դատական պաշտպանության հիմնական իրավունքը` որպես օրենսդրի կողմից ուղղակիորեն (առանց կոլիզիոն սահմանադրական իրավունքով լեգիտիմացման) սահմանափակման ոչ ենթակա հիմնական իրավունք (...)»:
Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), որոնք, մասնավորապես, հանգում են հետևյալին.
- «Դատարանի մատչելիության իրավունքը ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները: Այս համատեքստում կարգավորումներ սահմանելու հարցում պետություններն ունեն որոշակի հայեցողություն»: (Mamikonyan v. Armenia, 16.03.2010 թ. վճիռ, գանգատ թիվ 25083/05, 25-րդ կետ, Scholz AG v. Armenia, 24.01.2019 թ. վճիռ, գանգատ թիվ 16528/10, 57-րդ կետ),
- «Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն. հակառակ պարագայում այդպիսի սահմանափակումները չեն համապատասխանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին»: (Khalfaoui v. France, 14.12.1999 թ. վճիռ, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania, 26.07.2007 թ. վճիռ, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ),
- «Անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան լինեն, որ վնաս հասցնեն այդ իրավունքի բուն էությանը»: (Luordo v. Italy, 17.10.2003 թ. վճիռ, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland, 09.07.2007 թ. վճիռ, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria, 17.01.2012 թ. վճիռ, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ),
- «Ընթացակարգային նորմերը կիրառելիս ներպետական դատարանները պետք է խուսափեն և՛ չափազանցված ձևականությունից, որը կազդի ընթացակարգի արդարացիության վրա, և՛ չափազանցված ճկունությունից, որը կհանգեցնի օրենքով սահմանված ընթացակարգային պահանջների վերացմանը»: (Walchli v. France, 26.07.2007 թ. վճիռ, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ, Peca v. Greece (no. 2), 10.06.2010 թ. վճիռ, գանգատ թիվ 33067/08, 30-րդ կետ),
- «Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի»: (Efstathiou and others v. Greece, 27.07.2006 թ. վճիռ, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ, Vamvakas v. Greece, 16.10.2008 թ. վճիռ, գանգատ թիվ 36970/06, 26-րդ կետ, Louli-Georgopoulou v. Greece, 16.03.2017 թ. վճիռ, գանգատ թիվ 22756/09, 39-րդ կետ):
4.2. Սահմանադրական դատարանի 18.10.2006 թ. ՍԴՈ-652 որոշման մեջ արձանագրված է. «Ժամկետային սահմանափակման նպատակն է պահպանել իրավական որոշակիությունը և ապահովել, որպեսզի գործերը վերանայվեն ողջամիտ ժամկետներում»: Սահմանադրական դատարանը նշված դիրքորոշումը վերահաստատել է 16.10.2012 թ. ՍԴՈ-1052 որոշման մեջ, մասնավորապես, արձանագրելով. «(...) ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման համար որոշակի ժամկետի սահմանումը հետապնդում է իրավաչափ նպատակ՝ երաշխավորելու իրավական որոշակիությունը (...)»:
Համանման դիրքորոշում որդեգրել է նաև ՄԻԵԴ-ը, որն, անդրադառնալով բողոքարկման իրավունքի ժամկետներով սահմանափակման հարցին, նշել է. «Բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետների կարգավորումը, անկասկած, նպատակ ունի ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը, հատկապես իրավական որոշակիության սկզբունքը։ Շահագրգիռ անձինք պետք է հաշվի առնեն, որ այդ կանոնները պետք է կիրառվեն» (Perez de Rada Cavanilles v. Spain, 28.10.1998 թ., Societe anonyme "Sotiris et Nikos Kouras ATTEE" v. Greece (16.11.2000 թ.), 16.02.2001 թ.):
4.3. Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո: Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի և սույն գործով վիճարկվող 391-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ օրենսդիրը սահմանել է վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների՝ Վճռաբեկ դատարան բողոքարկելու մեկամսյա ժամկետ, ընդ որում՝ այդ ժամկետի հաշվարկման սկիզբ դիտարկելով դատական ակտի հրապարակման պահը:
Հարկ է նշել, որ ՄԻԵԴ-ը, համանման հարցով անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածով սահմանված նախկին կարգավորմանը (համաձայն որի՝ վերաքննիչ դատարանի դատավճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից հետո՝ տասնօրյա ժամկետում), արձանագրել է. «...թեպետ տասնօրյա ժամկետը երկար չէր, այն ինքնին այնքան էլ կարճ չէր, որպեսզի զրկեր դիմումատուին բողոքարկման ընթացակարգից օգտվելու իրական և արդյունավետ հնարավորությունից» (Mamikonyan v. Armenia, 16.03.2010 թ. վճիռ, գանգատ թիվ 25083/05, 29-րդ կետ): ՄԻԵԴ-ը, հղում կատարելով իր նախորդ վճիռներից մեկին, արձանագրել է, որ բողոքարկման համար սահմանված կարճ ժամկետներն ընդհանուր են Բարձր պայմանավորվող կողմերի բողոքարկման համակարգերի համար (Bačev v. the Former Yugoslav Republic of Macedonia, 14.02.2006 թ. վճիռ, գանգատ թիվ 13299/02):
Ինչպես վերը նշվեց՝ Օրենսգրքով վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ է դիտարկվում դատական ակտի հրապարակման պահը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար և, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի՝ գործին մասնակցող անձին հասանելիության և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով՝ վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը:
Նման մոտեցում Սահմանադրական դատարանը որդեգրել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1268 և այլն)՝ առանձնակի կարևորելով այդ առումով բողոքարկվող դատական ակտի՝ կողմի համար հասանելիության երաշխավորման հարցը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը 16.10.2012 թ. ՍԴՈ-1052 որոշմամբ արձանագրել է, որ համապատասխան կարգավորման արդյունքում առկա է լինում որոշակի ժամանակային խզում դատական ակտը հրապարակելու, ուղարկելու և այն հասցեատիրջ կողմից (մեղադրյալ, պաշտպան և այլն) փաստացի ստանալու միջև: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է.
- «... ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է՝ ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար։ Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար».
- «(…) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում՝ ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը».
- «(…) Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (…), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից»:
Որպես բողոքարկվող դատական ակտի՝ անձին հասանելիության ապահովման երաշխիք՝ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1052 որոշմամբ դիտարկել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի այն կարգավորումը, համաձայն որի` վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է վարույթի համապատասխան մասնակիցներին (դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և այլն): Սահմանադրական դատարանը, ընդգծելով ուղարկելու և հանձնելու ժամանակային առումով ոչ համարժեքությունը, արձանագրել է. «Այդ հասկացությունները բովանդակային առումով կարող են նույնական համարվել միայն այն դեպքերում, երբ դատական ակտի ամբողջական տեքստն այդ ժամկետում տրամադրվում է համապատասխան սուբյեկտներին կամ տեղակայվում է դատարանի պաշտոնական կայքում՝ նրանց անմիջապես հասանելի լինելու համար, ինչն արվում է բազմաթիվ երկրներում»:
Սահմանադրական դատարանը 18.12.2012 թ. ՍԴՈ-1062 որոշման մեջ արձանագրել է. «(…) սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ։ (…) սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի (հասանելի դարձվի) անձին։ Այսինքն, համաձայն գործող օրենսդրության՝ անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար»:
Սահմանադրական դատարանը 22.12.2015 թ. ՍԴՈ-1249, 09.02.2016 թ. ՍԴՈ-1254 որոշումներով վերահաստատել է իր դիրքորոշումները, իսկ 26.04.2016 թ. ՍԴՈ-1268 որոշմամբ, քննության առնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը և անդրադառնալով դատական ակտի բողոքարկման ժամկետը հրապարակման պահից հաշվարկելու հարցին, արձանագրել է. «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուժով իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի այն ընկալմամբ, որ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից` այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում: (...) «առնվազն 27 օր ժամանակը» չի կարող դիտարկվել բողոք ներկայացնելու համար հաշվարկման ենթակա ինքնուրույն և առավելագույն ժամկետ: Միայն այն դեպքում, երբ դատական ակտի հրապարակման պահից օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) պետք է ունենա առնվազն 27 օր ժամանակ, որպես նվազագույն ժամկետ, հիմնավոր բողոք ներկայացնելու համար...»:
Սահմանադրական դատարանը 08.12.2017 թ. ՍԴՈ-1394 որոշման մեջ որոշակիորեն զարգացրել է վերոնշյալ իրավական դիրքորոշումը՝ արձանագրելով. «(...) իրավակիրառական պրակտիկայում ՍԴՈ-1062 որոշման մեջ ամրագրված դիրքորոշումները չեն կարող պարզ անալոգիայով կիրառվել կոնկրետ գործով նմանատիպ հարաբերություններ կարգավորող այլ նորմերի կիրառման դեպքում, այնպես, ինչպես դիմողի գործով արել են քրեական վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: Այսինքն, եթե դատական ակտի պատճենը կողմին տրամադրելու եռօրյա ժամկետի դեպքում Սահմանադրական դատարանն առնվազն 27-օրյա ժամկետի առկայությունը բավարար է համարել դատական ակտի բողոքարկման համար, ապա դա չի նշանակում, որ այն ինքնաբերաբար տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ օրենսդրությամբ սահմանված է տվյալ տեսակի դատական ակտի պատճենը կողմին հանձնելու հնգօրյա ժամկետ կամ նույնիսկ հնգօրյա ժամկետը խախտելու պարագայում: Ավելին, չպետք է մեխանիկական մոտեցում դրսևորել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացման ու դատարանին անհիմն չծանրաբեռնելու մոտեցումների միջև ընտրություն կատարելիս:
(...) բոլոր այն դեպքերում, երբ դատարանի թերացման հետևանքով դատական ակտն ուշ է հասանելի դարձել իրավասու անձին, և դա փաստարկվել ու հիմնավորվել է, ապա նրա համար իրավունքի ուժով պետք է երաշխավորվի դատական ակտը հասանելի դառնալու պահից մեկամսյա ժամկետում բողոք բերելու հնարավորությունը:
(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտի հանձնումն անձին (նրա համար հասանելի դարձնելը) այն հրապարակելու օրվանից հնգօրյա ժամկետում՝ ինքնին սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, եթե երաշխավորվի դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ՝ առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով (այդ թվում՝ էլեկտրոնային) հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման, և պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածին՝ ՍԴՈ-1052 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի՝ «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի ցանկացած եղանակով (այդ թվում՝ էլեկտրոնային) հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին՝ պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը»:
4.4. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե Օրենսգրքի վերաբերելի կարգավորումներով որքանո՞վ է ապահովված դատական ակտի հասանելիությունն անձին (կողմին), և արդյոք համապատասխան իրավակարգավորումները համահունչ են Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներին: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում Օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել Օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի (ընդունված՝ 17.06.1998 թ., ուժը կորցրած՝ 09.04.2018 թ.), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի՝ նշված դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված մի շարք դրույթների հետ՝ ընդգծելով համապատասխան իրավակարգավորումների առանցքային տարբերակիչ գծերը: Այսպես, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (373-րդ հոդվածի 1-ին մաս, 393-րդ հոդվածի 13-րդ մաս), Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով (114-րդ հոդվածի 6-րդ մաս, 149-րդ հոդված) նախատեսված է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքով (124-րդ, 2212 հոդվածներ) նախատեսված էր դատական ակտի (եզրափակիչ դատական ակտի) դատական նիստում հրապարակման կարգ: Մինչդեռ, Օրենսգիրքը դատական նիստ գումարելու միջոցով դատարանի եզրափակիչ դատական ակտերը հրապարակելու կարգ չի նախատեսում՝ սահմանելով նշված ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման կարգ (Օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մաս, 179-րդ հոդվածի 1-ին մաս, 386-րդ հոդվածի 1-ին մաս): Դատարանի եզրափակիչ դատական ակտերի հրապարակման՝ Օրենսգրքով սահմանված նոր կարգը միտված է դատական ակտի հրապարակման և շահագրգիռ (իրավասու) անձին հասանելիության միջև ընկած ժամանակային այն խզումը հնարավորինս բացառելուն, որն առաջանում է(ր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումների պայմաններում:
Ելնելով վերոնշյալից՝ կարելի է արձանագրել, որ Օրենսգրքի համապատասխան կարգավորումներն, ըստ էության, ուղղված են դատական ակտի՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման պահից անձի՝ իր իրավունքները շոշափող դատական ակտին նշված կայքի միջոցով հասանելիություն ձեռք բերելուն, դատական ակտին ծանոթանալու հնարավորություն ընձեռելուն, որպիսի պայմաններում դատական ակտի բողոքարկման ժամկետի՝ հրապարակման պահից հաշվարկելու կանոնակարգումն, ընդհանուր առմամբ, անձի վրա անհամաչափ բեռ չի դնում: Այդուհանդերձ, դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը որպես պատշաճ ծանուցում կարող է դիտարկվել էլեկտրոնային սարքավորումների և կապուղիների համընդհանուր հասանելիության պայմաններում:
4.5. ՄԻԵԴ պրակտիկայի համաձայն՝ դատական ակտի բողոքարկման (հայց ներկայացնելու) իրավունքը պետք է իրականացվի այն պահից, երբ համապատասխան անձը ստացել է դատարանի որոշմանը ծանոթանալու իրական հնարավորություն (Cherednichenko and Օthers v. Russia, 07.11.2017 թ. վճիռ, գանգատ թիվ 35082/13, 66-րդ կետ, Ivanova and Ivashova v. Russia, 26.01.2017 թ. վճիռ, գանգատներ թիվ 797/14 և 67755/14, 45, 57-րդ կետեր, Aepi S.A. v. Greece 11.04.2002 թ. վճիռ, գանգատ թիվ 48679/99, 26-րդ կետ):
«Դատարանը նշում է, որ համաձայն ներպետական օրենսդրության և պրակտիկայի (...), դիմումատուն իրավունք ուներ (ex officio) ստանալու Վերաքննիչ դատարանի որոշման գրավոր օրինակը, և այդ գործընթացը դատական մարմինների իրավասության շրջանակներում է, որոնք էլ պատասխանատու են գործընթացի ձգձգումների համար: (...) դատարանը կիսում է Հանձնաժողովի այն տեսակետը (...), որ (…) վեցամսյա ժամկետը, որը հաշվարկվում է՝ սկսած որոշման գրավոր տարբերակի տրամադրման օրվանից» (Worm v. Austria, 29.08.1997 թ. վճիռ, գանգատ թիվ 83/1996/702/894, 33-րդ կետ):
«(…) այն դեպքերում, երբ դիմումատուն իրավունք ունի ստանալու ներքին վերջնական որոշման գրավոր պատճենը, (...) վեցամսյա ժամկետի հաշվարկը մեկնարկում է որոշման գրավոր տարբերակի տրամադրման օրվանից (...): Այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը չի նախատեսում ծառայությունների մատուցում, դատարանը նպատակահարմար է գտնում որպես վճռի ուղարկման վերջնական ելակետային ամսաթիվ հաշվել այն ամսաթիվը, երբ կողմերը հաստատապես կարող էին ծանոթանալ դրա բովանդակությանը» (Papachelas v. Greece, 25.03.1999 թ. վճիռ, գանգատ թիվ 31423/96, 30-րդ կետ):
4.6. Օրենսդիրը, մի կողմից՝ սահմանել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով դատական ակտի հրապարակման կարգ, մյուս կողմից՝ որպես լրացուցիչ երաշխիք, Օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով, 386-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությունը (եթե այն մինչ այդ նրանց առձեռն չի հանձնվել):
Վերոնշյալի առնչությամբ, Վճռաբեկ դատարանն Օրենսգրքի համապատասխան դրույթներին տվել է այնպիսի մեկնաբանություն, որով դատական իշխանության պաշտոնական կայքէջում դատական ակտի հրապարակումը, ըստ էության, չի դիտարկել իբրև անձի բողոքարկման իրավունքի իրացման ապահովման ինքնուրույն և լիարժեք երաշխիք: Վճռաբեկ դատարանն, ըստ էության, որդեգրել է այն մոտեցումը, համաձայն որի՝ անձի բողոքարկման իրավունքի իրացումը լիարժեք կապահովվի ոչ թե այն դեպքում, երբ դատական ակտը հրապարակվի կայքէջում, այլ այն ժամանակ, երբ դատական ակտի հրապարակումից հետո դատարանը դրա օրինակն ուղարկի (կամ հանձնի) համապատասխան անձին: Եվ միայն դատական ակտի հրապարակման և այն ուղարկելու (հանձնելու) երկու տարբեր գործողությունների միաժամանակյա առկայության պարագայում կարձանագրվի դատական ակտին հասանելի դարձնելու՝ դատարանի պատշաճ պարտականությունը՝ դրանով իսկ ապահովելով անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման լիարժեք նախադրյալներ: Այսպես, Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 30.05.2019 թ. որոշման մեջ նշված է. «(…) դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց»:
Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով 19.04.2019 թ. որոշման մեջ, մասնավորապես, արձանագրված է. «(...) եթե վճռի օրինակը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից ստանալու փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ», ապա «...վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետը հաշվարկելիս Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի վճռի օրինակը ստանալու օրվա վերաբերյալ բողոքաբերի կողմից ներկայացված տեղեկությունը` այն համարելով հավաստի (…)»: Վճռաբեկ դատարանի` թիվ ԱՐԴ/0051/02/19 քաղաքացիական գործով 05.05.2020 թ. որոշման մեջ, մասնավորապես, արձանագրված է. «(...) դատական ակտն առձեռն հանձնելու կամ ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը բողոք բերած անձին ուղարկելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Դատարանն ամբողջապես չի իրականացրել օրենքով իր վրա դրված պարտականությունը (...)»:
Սույն գործի առնչությամբ թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» 01.07.2020 թ. որոշման մեջ նշված է. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա թիվ RL040090715AM, թիվ RL040080772AM և թիվ RL040090769AM փոստային անդորրագրերի և փոստային հավաստագրերի համաձայն, Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշումն համապատասխանաբար Ռաֆայել Խաչատրյանին և Լիլիթ Թարվերդյանին (Խաչատրյան), Սաթենիկ, Ռաֆայել Խաչատրյանների և Լիլիթ Թարվերդյանի (Խաչատրյան) ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանին ուղարկվել է հաջորդ օրը՝ 27.03.2020 թվականին, որը վերջիններս ստացել են 13.04.2019 թվականին: Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշման դեմ Սաթենիկ, Ռաֆայել Խաչատրյանների և Լիլիթ Թարվերդյանի (Խաչատրյան) ներկայացուցիչը վճռաբեկ բողոք է ներկայացրել 05.05.2020 թվականին փոստային ծառայությանը հանձնելու եղանակով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չէ բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, քանի որ Վերաքննիչ դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթով 26.03.2020 թվականի որոշումը հաջորդ օրը՝ 27.03.2020 թվականի պատվիրված նամակով ուղարկել է Ռաֆայել Խաչատրյանին և Լիլիթ Թարվերդյանին (Խաչատրյան), Սաթենիկ, Ռաֆայել Խաչատրյանների և Լիլիթ Թարվերդյանի (Խաչատրյան) ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանին, հետևաբար բողոք բերած անձի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման…»: Այդ առնչությամբ, Վճռաբեկ դատարանի՝ «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու մասին» 17.11.2020 թ. որոշմամբ «(․․․) որը վերջիններս ստացել են 13.04.2019 թվականին» գրառման փոխարեն հարկ է կարդալ «(․․․) որը վերջիններս ստացել են 13.04.2020 թվականին» գրառումը:
Համաձայն Դատական դեպարտամենտից ստացված պատասխան գրության՝ (N ԴԴ-1 Ե-178, 20 հունվարի 2021թ.)՝ «… թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թ. մարտի 26-ի եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 2020 թ. մարտի 26-ին (ինչը հավաստվում է համակարգում դատական ակտի հրապարակման դաշտի ստեղծման ամսաթվի գրառումով)»:
4.7. Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքին համապատասխան՝ դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման կարգը, նպատակամղված լինելով նաև արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական վարույթի հրապարակայնության, դատական ակտի՝ ոչ միայն գործին մասնակցող անձանց, այլև հանրային հասանելիության և անձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման իրական երաշխիքների ապահովմանը, այդուհանդերձ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի բացառում դատական ակտի թղթային տարբերակը դատական ակտի բողոքարկման՝ Օրենսգրքով սահմանված ժամկետի կեսերին կամ ավարտին կամ ժամկետից հետո գործին մասնակցող անձին հասանելիության հնարավորությունն, անգամ այն պայմաններում, երբ Օրենսգրքով դատարանի՝ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պարտականության հետ մեկտեղ, սահմանված է նաև դատարանի՝ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ դատարանի կողմից վերոնշյալ երկու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա սույն գործի քննության շրջանակներում վերահաստատում է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար:
4.8. Դիմողների այն մոտեցման առնչությամբ, թե Օրենսգրքով սահմանված չեն վճռաբեկ բողոք բերելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի համարելու Վճռաբեկ դատարանի հայեցողության սահմաններն ու շրջանակները, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքում հայեցողական լիազորություն չունի: Այն բոլոր դեպքերում, երբ դատարանը պարզի, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իրավական հետևանքը մեկն է՝ պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած «որոշում է կայացնում» ձևակերպումը ենթադրում է դատարանի ոչ թե հայեցողությունը, այլ կոնկրետ որոշում կայացնելու պարտականությունը:
Բացի դրանից, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
2 փետրվարի 2021 թվականի ՍԴՈ-1575 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2021 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՍԴՈ-1575 ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԱՅԴ ԿԵՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի փետրվարի 2-ի ՍԴՈ-1575 որոշմամբ (հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 5-ին) որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում: (…)»:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 2-ի ՍԴՈ-1575 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետին և որոշման՝ նշված կետին վերաբերող մասերով պատճառաբանություններին (որի մասով որոշմանը ես դեմ եմ քվեարկել)՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
Հարկ եմ համարում ընդգծել, որ քննարկվող որոշմանն իմ անհամաձայնությունը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանություններին և եզրահանգմանը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:
Վերոգրյալ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ օրենքով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով պայմանավորված՝ ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
1. Սահմանադրական դատարանի որոշման առանցքում դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցն է (էջ 10), և որոշմամբ ներկայացված պատճառաբանությունների հիման վրա որոշման եզրափակիչ մասում Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում։
Անդրադառնալով Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանություններին և քննարկվող իրավանորմին որոշման եզրափակիչ մասում տրված մեկնաբանությանը, հարկ եմ համարում նշել հետևյալը.
Սահմանադրական դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 որոշմամբ արձանագրել է, որ «ժամկետային սահմանափակման նպատակն է պահպանել իրավական որոշակիությունը և ապահովել, որպեսզի գործերը վերանայվեն ողջամիտ ժամկետներում», իսկ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է, որ «(…) ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման համար որոշակի ժամկետի սահմանումը հետապնդում է իրավաչափ նպատակ` երաշխավորելու իրավական որոշակիությունը (…)»:
Այս դիրքորոշումն արտացոլված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում, որոնց համաձայն՝ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետների կարգավորումը նպատակ ունի ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը, և մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքը։ Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կիրառվելու են (տե՛ս, օրինակ, Pռrez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, Sotiris and Nikos Koutras ATTEE v. Greece գործով Եվրոպական դատարանի 16.11.2001 թվականի վճիռը)։
Օրենսգրքի վիճարկվող՝ 391-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու առավելագույն ժամկետը՝ այն կապելով բողոքարկվող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտի հետ։ Հաշվի առնելով, որ օրինական ուժի մեջ մտնելու պահից դատական ակտն օժտվում է որոշակի հատկանիշներով1, որոնք իրացվում են այդ դատական ակտի իրավական գործողության ընթացքում, օրենսդիրը որպես ընդհանուր կանոն սահմանել է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը:
Նման իրավակարգավորումն առաջին հերթին կարևորվում է գործին մասնակցող անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։ Անձինք իրավունք ունեն ակնկալելու, որ իրենց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող գործով կայացված դատական ակտը, մտնելով օրինական ուժի մեջ, գործնականում ձեռք է բերելու վերջնական դարձած դատական ակտին բնորոշ բոլոր հատկանիշները։
Կարծում եմ՝ վերաքննիչ դատարանի դատական ակտի բողոքարկումը մինչև այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը թույլատրելը, վերը նշված իրավական դիրքորոշումներին համահունչ, կոչված է ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և իրավունքի գերակայության, մասնավորապես՝ դրա հիմնարար տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքի իրացումը։
Միաժամանակ նպատակ ունենալով անհամաչափ չսահմանափակել բողոք բերող անձի իրավունքները՝ օրենսդիրը նախատեսել է վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում այն վերականգնելու հնարավորություն, որը կարգավորվել է Օրենսգրքի 119-րդ հոդվածով։ Այսինքն՝ Օրենսգրքի 119-րդ և 391-րդ հոդվածներով սահմանված կառուցակարգերի միջոցով ապահովվում է ողջամիտ հավասարակշռություն վերոգրյալ իրավունքների և սկզբունքների միջև։
Հետևաբար կարծում եմ, որ օրենսդրի կողմից սահմանված վերոգրյալ իրավակարգավորումներն ապահովում են անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի իրացումը, ուստի Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ։ Ավելին՝ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից նշված իրավանորմը կիրառվել էր դրա բովանդակությունից անմիջականորեն բխող մեկնաբանությամբ, ուստի Սահմանադրական դատարանի կողմից այն այլ կերպ մեկնաբանելու անհրաժեշտությունը բացակայում էր։
2. Հատկանշական է, որ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է միայն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտին (բողոքարկվող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը)։ Այդ իրավանորմը չի սահմանում վճռաբեկ ատյանում բողոքարկման ժամկետի սկիզբը։ Այսինքն՝ քննարկվող իրավանորմի կարգավորման առարկայում ներառված չէ այն հարցը, թե որ պահից է սկսում հոսել վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը՝ բողոքարկվող դատական ակտը վերաքննիչ դատարանի կողմից հրապարակվելու, դրա օրինակը գործին մասնակցող անձին ուղարկվելու, այն վերջինիս կողմից ստացվելու, թե որևէ այլ պահից։
Կարծում եմ՝ իրավական ակտի վիճարկվող դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու դեպքում Սահմանադրական դատարանի կողմից այդ դրույթին տրվող մեկնաբանությունը չպետք է վերաբերի այնպիսի հարցերի, որոնք այդ դրույթի կարգավորման դաշտում ներառված չեն։
Մինչդեռ Սահմանադրական դատարանի քննարկվող որոշումը կառուցված է վճռաբեկ ատյանում բողոքարկման ժամկետի հաշվարկը հրապարակման պահից սկսելու իրավաչափության հարցի շուրջ, իսկ որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով ոչ թե բացահայտվում է այդ դրույթի համառոտ uահմանադրաիրավական բովանդակությունը, այլ, ըստ էության, կարգավորվում է այդ դրույթին չվերաբերող, դրանով չկարգավորված հարց։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի քննարկվող դիրքորոշումը չէր կարող արտահայտվել Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանության միջոցով։
Վերոգրյալի հիման վրա խնդրահարույց եմ համարում Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասին Սահմանադրական դատարանի կողմից այդ դրույթի բովանդակությանը չվերաբերող մեկնաբանություն տալը։
3. Միաժամանակ կարծում եմ, որ քննարկվող որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով բացահայտված՝ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի uահմանադրաիրավական բովանդակության ձևակերպումն ինքնին խնդրահարույց է։
Սահմանադրական դատարանը 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը»:
Միաժամանակ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին ներկայացվող պահանջը՝ կարծում եմ, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մաuի 2-րդ կետով uահմանված որոշումն ընդունելու դեպքում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը պետք է ձևակերպվի այնպիսի հստակությամբ, որ միանշանակ կերպով բացահայտի վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը։
Այսպես՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից՝ այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում։
Նման պայմաններում հարց է առաջանում, թե ինչպես պետք է հաշվարկվի դատական ակտի բողոքարկման ժամկետն այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը չի ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ չի ունեցել (հասանելի չի դարձել) օրենքով նախատեսված ժամկետում։ Ընդ որում, միայն վերոնշյալ հարցի քննարկման արդյունքում է հնարավոր պարզել բողոքաբերի կողմից բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնված լինելու հանգամանքը և այն վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը։
Վիճարկվող իրավադրույթի նման uահմանադրաիրավական բովանդակության դեպքում օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հրապարակման պահից մեկամսյա ժամկետի ավարտից հետո դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չի դադարեցնում բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը, որպիսի պայմաններում էլ ստացվում է, որ այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը չի ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ չի ունեցել (հասանելի չի դարձել) օրենքով նախատեսված ժամկետում, ապա վճռաբեկ բողոքը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո բերվելու դեպքում բողոքարկման ժամկետը կարող է չհամարվել բաց թողնված, որից էլ կբխի այն եզրահանգումը, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։
Մինչդեռ կարծում եմ՝ խոսքը տվյալ դեպքում կարող էր վերաբերել ոչ թե դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկմանը, այլ՝ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնմանը։ Այսինքն՝ բողոքաբերի կողմից բողոքարկվող դատական ակտն օրենքով նախատեսված ժամկետում ստանալու/չստանալու կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալու/չունենալու (հասանելի դառնալու/չդառնալու) հանգամանքը կարող էր նշանակություն ունենալ ոչ թե դատական ակտի բողոքարկման ժամկետը հաշվարկելու, այլ՝ այն վերականգնելու հարցում։
Ընդ որում, նման մոտեցում որդեգրել է նաև Սահմանադրական դատարանը՝ իր որոշումներում (օրինակ՝ ՍԴՈ-1254) արձանագրելով բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության և ապացույցների պարագայում իրավունքի ուժով հարգելի ճանաչելու անհրաժեշտությունը։
Տվյալ դեպքում, եթե Սահմանադրական դատարանը նպատակ է ունեցել քննարկվող որոշման հիմքում դնել Սահմանադրական դատարանի նախկին որոշումների նույն տրամաբանությունը, ապա կարծում եմ, որ հնարավոր տարընկալումները բացառելու նպատակով որոշման եզրափակիչ մասում առնվազն անհրաժեշտ էր շեշտադրում կատարել բաց թողնված ժամկետը վերականգնելու անհրաժեշտության վրա։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ եթե անգամ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ էր համարում բացահայտել վիճարկվող իրավադրույթի նման uահմանադրաիրավական բովանդակությունը, ապա բողոքաբերի կողմից բողոքարկվող դատական ակտն օրենքով նախատեսված ժամկետում ստանալու/չստանալու կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալու/չունենալու (հասանելի դառնալու/չդառնալու) հանգամանքը որոշման եզրափակիչ մասում պետք է կապվեր ոչ թե դատական ակտի բողոքարկման ժամկետը հաշվարկելու, այլ՝ այն վերականգնելու հարցին։
4. Բացի վերոնշյալից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման պատճառաբանությունները վերաբերում են դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցին, վերոնշյալ պատճառաբանությունների համատեքստում, ինչպես նաև ելնելով քաղաքացիական դատավարության օրենսդրական համալիր զարգացումների ընդհանուր հայեցակարգից՝ հարկ եմ համարում կատարել համեմատական վերլուծություն Օրենսգրքով և 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված, 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) սահմանված՝ դատական ակտերի հրապարակման կարգի և առանձնահատկությունների վերաբերյալ։
Այսպես՝ Օրենսգրքով նախատեսվել է, ի թիվս այլնի, եզրափակիչ դատական ակտի (այդ թվում՝ վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտի) հրապարակում դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (Օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մաս, 386-րդ հոդվածի 1-ին մաս): Միաժամանակ նախատեսվել է դատական ակտի օրինակն առձեռն չհանձնելու դեպքում դատարանի՝ դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն (Օրենսգրքի 179-րդ հոդվածի 7-րդ մաս, 386-րդ հոդվածի 3-րդ մաս):
Մինչդեռ Նախկին օրենսգրքի իրավակարգավորմամբ նախատեսվել էր ինչպես վճռի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի դատական ակտի միայն եզրափակիչ մասերի հրապարակում դռնբաց նիստում: Միաժամանակ սահմանվել էր վերոնշյալ դատական ակտերի օրինակը հրապարակվելուց անմիջապես հետո գործին մասնակցած անձանց չհանձնելու դեպքում դատարանի՝ հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով վերջիններիս ուղարկելու պարտականություն (Նախկին օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերություն, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերություն, 2212-րդ հոդված): Դատական ակտերի հրապարակման նման կարգ նաև նախատեսված է ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (373-րդ հոդվածի 1-ին մաս, 393-րդ հոդվածի 13-րդ մաս), այնպես էլ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (114-րդ հոդվածի 6-րդ մաս, 393-րդ հոդվածի 13-րդ մաս)։
Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ թե՛ նախկին, և թե՛ գործող իրավակարգավորումների պայմաններում դատարանը կրում է (էր) երկու պարտականություն, այն է՝ դատական ակտի հրապարակում և դատական ակտի հանձնում կամ ուղարկում գործին մասնակցող անձանց, սակայն ներկա իրավակարգավորման դեպքում Օրենսգիրքը դատական ակտի հրապարակման առումով բովանդակում է Նախկին օրենսգրքից, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքից տարբերակված իրավակարգավորում։
Մասնավորապես՝ նախկին իրավակարգավորմամբ նախատեսված էր դատական ակտի միայն եզրափակիչ մասի հրապարակում դատական նիստի ընթացքում, միաժամանակ, ինչպես արդեն վերը նշվեց, օրենսդիրը դատարանին պարտավորեցնում էր դատական ակտի օրինակը հրապարակումից հետո առձեռն հանձնել, իսկ դրա անհնարինության դեպքում ուղարկել գործին մասնակցող անձանց։ Այսինքն՝ Նախկին օրենսգիրքը դատական ակտի հրապարակման միջոցով ամբողջական դատական ակտի՝ գործին մասնակցող անձանց հասանելիության վերաբերյալ կարգավորում չէր բովանդակում, ուստի դատական ակտի հրապարակման միջոցով գործին մասնակցող անձանց կարող էր հասու դառնալ միայն դատական ակտի եզրափակիչ մասը, որպիսի պայմաններում վերջիններս առանց դատական ակտի ամբողջական տեքստի առկայության չէին կարող արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը։ Ուստի դատարանը միաժամանակ կրում էր դատական ակտի հանձնման կամ ուղարկման պարտականություն, սակայն նման պայմաններում հաճախ չէր ապահովվում ամբողջական դատական ակտի՝ գործին մասնակցող անձի կողմից հասանելիությունը դատական ակտի բողոքարկման համար օրենսգրքով սահմանված ժամկետներում, որպիսի պայմաններում էլ վերջինս զրկվում էր դատական պաշտպանության, այդ թվում՝ դատարանի մատչելիության սահմանադրական հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունից։ Հարկ է նշել, որ ներկայումս քրեադատավարական և վարչադատավարական կարգով դատական ակտի հրապարակումն ունի բովանդակային համարժեքություն Նախկին օրենսգրքի իրավակարգավորման հետ։
Մինչդեռ այլ է իրավիճակը Օրենսգրքով սահմանված իրավակարգավորման դեպքում, մասնավորապես՝ օրենսդիրը, ելնելով անձի համար դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունից, նախատեսել է դատական ակտի ամբողջական տեքստի՝ գործին մասնակցող անձանց հասանելիության արդյունավետությունն ապահովող կառուցակարգային համապատասխան երաշխիքներ։
Այսպես՝ գործող իրավակարգավորմամբ նախատեսվել է ամբողջական դատական ակտի հրապարակում դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով՝ միաժամանակ չբացառելով դատական ակտի օրինակը հրապարակումից հետո առձեռն հանձնելու կամ հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ դատարանի պարտականությունը։ Այսինքն՝ Օրենսգրքով դատական ակտի հրապարակման նոր կարգ սահմանելը միտված է գործին մասնակցող անձանց դատական ակտին առավել սեղմ ժամկետներում հաղորդակից դարձնելուն։
Վերոնշյալ նոր իրավակարգավորման առնչությամբ թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի մայիսի 30-ին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենսգրքով սահմանված՝ դատական ակտի հրապարակման վերաբերյալ նոր կարգավորմանը, նշել է, որ դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակումից հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ:
Այսպիսով, օրենսդիրը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով դատական ակտի հրապարակումը դիտարկել է որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց անմիջապես հասանելի դարձնելու միջոց՝ այն դիտարկելով որպես անհրաժեշտ երաշխիք՝ ամբողջական դատական ակտի՝ գործին մասնակցող անձանց համար գործնականում լիարժեքորեն հասու լինելու և դատական ակտի բողոքարկման իրավունքը սահմանված ժամկետում իրացնելու համար։
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1394) արձանագրել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համարե։
Միաժամանակ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1062 որոշմամբ նշել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ:
Ուստի օրենսդիրը, դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման համար որպես երաշխիք ամրագրելով դատական ակտի հրապարակում դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, նպատակ է ունեցել ապահովել դատական ակտի ամբողջական և ողջամիտ ժամկետում հասանելիությունը գործին մասնակցող անձանց:
Բացի այդ, նախկին իրավակարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից մի շարք որոշումներով տրված մեկնաբանությունները նույնպես չեն բացառում դատական ակտի բողոքարկման ժամկետի հոսքը հրապարակման պահից հաշվարկելը դատական ակտը կողմին ցանկացած եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելու դեպքում։
Մասնավորապես՝ քննարկվող որոշմամբ Սահմանադրական դատարանի կողմից վկայակոչված նախկին որոշումների բովանդակությունը հանգում է հետևյալին.
- «(…) Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (…), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից» (16.10.2012թ․, ՍԴՈ-1052):
- Սահմանադրական դատարանը, բողոքարկվող դատական ակտը բողոքաբերին հասանելի դարձնելու հարցի համատեքստում անդրադառնալով «հանձնվի» և «ուղարկվում է» եզրույթներին, նշել է հետևյալը. «Այդ հասկացությունները բովանդակային առումով կարող են նույնական համարվել միայն այն դեպքերում, երբ դատական ակտի ամբողջական տեքստն այդ ժամկետում տրամադրվում է համապատասխան սուբյեկտներին կամ տեղակայվում է դատարանի պաշտոնական կայքում՝ նրանց անմիջապես հասանելի լինելու համար, ինչն արվում է բազմաթիվ երկրներում» (16.10.2012թ․, ՍԴՈ-1052):
- «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուժով իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի այն ընկալմամբ, որ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից` այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում» (26.04.2016թ․, ՍԴՈ-1268):
- «(...) դատական ակտի հանձնումն անձին (նրա համար հասանելի դարձնելը) այն հրապարակելու օրվանից հնգօրյա ժամկետում՝ ինքնին սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, եթե երաշխավորվի դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ՝ առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով (այդ թվում՝ էլեկտրոնային) հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման, և պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը» (08.12.2017թ․, ՍԴՈ-1394):
Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումների մեջբերված դիրքորոշումների համալիր մեկնաբանությունից բխում է, որ նույնիսկ նախկին իրավակարգավորման պայմաններում Սահմանադրական դատարանի մոտեցումը միտված էր նախատեսելու դատական ակտի հասանելիություն ցանկացած եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային՝ միաժամանակ չբացառելով դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելու դատարանի պարտականությունը։
Այսինքն՝ ըստ Սահամանադրական դատարանի որոշումների տրամաբանության՝ օրենքով նախատեսված ժամկետում դատական ակտի՝ էլեկտրոնային եղանակով հասանելիությունը չբացառելը նպատակ է ունեցել ապահովելու գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտին առավել արագ և սեղմ ժամկետներում ծանոթանալու իրական հնարավորությունը։
Հարկ եմ համարում նշել, որ օրենսդիրը, նախատեսելով դատական ակտի հրապարակումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ հաշվի առնելով ներկայումս էլեկտրոնային ռեսուրսի օբյեկտիվորեն սահմանափակ բնույթը, նախատեսել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտի օրինակը հանձնելու կամ ուղարկելու պահանջ։ Ուստի նման պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու նպատակով դատարանն ունի երկու պարտականություն։
Վերոնշյալ պարտականությունների առնչությամբ իր դիրքորոշումն է արտահայտել նաև Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մայիսի 30-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ՝ վեր հանելով դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելուն ուղղված դատարանի կողմից պարտականությունների պատշաճ կատարման եղանակները։ Հիշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է հետևյալը.
«(…) դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց»:
Վերոնշյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը կրում է դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու երկու եղանակների պատշաճ կատարման պարտականություն, որպիսի պարտականության չկատարման դեպքում էլ բացասական հետևանքները չեն կարող դրվել վերադասության կարգով բողոք բերող անձի վրա։
Միաժամանակ անդրադառնալով վերադասության կարգով բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու և այն վերականգնելու հարցի վերաբերյալ գործնականում առաջացող իրավիճակներին՝ հարկ եմ համարում նշել, որ դրանք երկուսն են`
1) երբ դատարանը պատշաճորեն չի կատարում գործին մասնակցող անձանց հայտարարված օրը դատական ակտն առձեռն հանձնելու կամ հրապարակման հաջորդ օրն ուղարկելու իր պարտականությունը2,
2) երբ դատարանը պատշաճորեն կատարում է դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու իր պարտականությունները, սակայն բողոք բերող անձը բողոքը ներկայացնում է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ (հայտարարված օրը դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, և դատական ակտն առձեռն հանձնվում է կամ հրապարակման հաջորդ օրը դատական ակտն ուղարկվում է գործին մասնակցող անձանց)։
Այսինքն՝ գործնականում առկա առաջին իրավիճակի պայմաններում գործին մասնակցող անձանց կողմից բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը կարող է համարվել դատարանի պարտականության ոչ պատշաճ կատարման հետևանք, մինչդեռ երկրորդ իրավիճակի դեպքում առկա է դատարանի պարտականության պատշաճ կատարում, ուստի նման պայմաններում անհրաժեշտ է պարզել, թե որն է գործին մասնակցող անձանց կողմից բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը, արդյոք այն կախման մեջ է գտնվում բողոք բերող անձի կամքից անկախ պատճառների հետ, թե՝ ոչ, որպիսի հարցի պարզումից հետո էլ հնարավոր է եզրահանգում կատարել բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության բավարարման կամ մերժման ենթակա լինելու մասին։
Վերոգրյալի լույսի ներքո հարկ եմ համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ չի տարանջատել վերոնշյալ իրավիճակները՝ չկարևորելով բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման հիմքում ընկած պատճառները։ Նման դիրքորոշումը հնարավոր է դարձնում դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու իր պարտականությունների պատշաճ կատարման պայմաններում գործին մասնակցող անձանց կողմից բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում իրենց դատավարական իրավունքներից օգտվելու իրավունքի չարաշահման դեպքերի առաջացումը։
Ավելին՝ Սահմանադրական դատարանը, թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի մայիսի 30-ին Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմանը տալով ընդարձակ մեկնաբանություն, վերջինիս կողմից արտահայտված դիրքորոշումները կիրառելի է համարել նաև վերոնշյալ իրավիճակի համար, մինչդեռ Վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ անդրադարձել է միայն դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականությունները պատշաճ չկատարելու և այդ դեպքում բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու հարցերին։
5. Նշվածի համատեքստում անհրաժեշտ եմ համարում նաև անդրադառնալ ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցին։
Ըստ դիմողների՝ վիճարկվող դրույթները «այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու՝ դատարանների պարտականությունը», հակասում են Սահմանադրությանը (էջեր 6 և 11)։ Դիմողներն այդպիսի դեպքի օրինակ են համարել դատական ակտը փոստային առաքմամբ ուշ ստանալը (էջ 6)։ Ըստ դիմողների՝ «դատական ակտի հրապարակումից և այն դիմումատուներին ուղարկելու պահից մինչև փաստացիորեն դիմումատուների կողմից այն ստանալը և դատական ակտի բովանդակությանը ամբողջությամբ ծանոթանալը անցել է որոշակի ժամանակահատված և այս դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքաբերներն իրենց կամքից անկախ պատճառներով դատական ակտը ստացել են ավելի ուշ և ներկայացրել են վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդություն, ապա իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվեր հարգելի (…)» (էջեր 11-12):
Տվյալ դեպքում դիմողների կողմից բարձրացված խնդիրը վերաբերում է դատական ակտի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու հարցին այն դեպքում, երբ բողոքաբերները դատական ակտի թղթային օրինակն ուշ են ստացել։ Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, այն հարցի պարզումը, թե արդյոք կոնկրետ դեպքում դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ դատարանի պարտականությունը պատշաճ կատարված լինելու պայմաններում դիմողներն այն ուշ են ստացել իրենց կամքից անկախ պատճառներով, թե իրենց կամքից կախված՝ ոչ պատշաճ դատավարական վարքագիծ դրսևորելու պատճառներով, ենթակա է պարզման բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննարկման շրջանակում։
Այսպես՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավակարգավորմանը3, արձանագրել է, որ «(...) բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:
Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը (…)»:
Թեև Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումն արտահայտվել է Նախկին օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների կապակցությամբ, սակայն դրանք, ինչպես Օրենսգրքի համապատասխան իրավանորմը, դատավարական ժամկետի վերականգնումը պայմանավորում են դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հետ՝ չմանրամասնելով այդ պատճառները հարգելի համարելու չափանիշները։
Փաստորեն, մի կողմից՝ օրենսդիրը սահմանել է, որ դատավարական ժամկետը գործին մասնակցող անձի կողմից հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է դատարանի կողմից բավարարման, իսկ մյուս կողմից՝ Վճռաբեկ դատարանը դատավարական ժամկետը բաց թողնելու «հարգելի պատճառ» է համարել նաև անձի կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները։
Ավելին՝ Սահմանադրական դատարանը նույնպես արձանագրել է, որ «(…) հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն»:
Վերոգրյալից հետևում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում առկա է դատարանի պարտականությունը՝ բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով, իսկ կոնկրետ դեպքում վճռաբեկ ատյանում բողոքարկման ժամկետը բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնելու հարցի պարզումը ենթադրում է ներկայացված միջնորդության քննարկում, որը տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի լիազորությունն է։
Այս կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն անձին հնարավորություն է տալիս վիճարկելու դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ասվածը նշանակում է, որ անձը չի կարող Սահմանադրական դատարանից հայցել դատական ակտի վերանայում, դրա սահմանադրականության գնահատում, նույնիսկ եթե նա ձևականորեն պահպանում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող պահանջները՝ իր կողմից բարձրացվող խնդիրը ներկայացնելով որպես նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության վիճարկում։
Տվյալ դեպքում դիմողները, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի այն եզրահանգմանը, որ «(…) տվյալ դեպքում առկա չէ բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը (…)», Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով նաև բարձրացնում են Վճռաբեկ դատարանի որոշման օրինականության, դրանով նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը, Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված և բազմիցս վերահաստատված իրավական դիրքորոշման համաձայն, Սահմանադրական դատարանում քննության ենթակա չէ։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն չհամարելու, սույն գործի վարույթը չկարճելու և վիճարկվող դրույթի սահմանադրականությանն ըստ էության անդրադառնալու պայմաններում անհրաժեշտ էր կիրառել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը՝ կայացնելով Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում։
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշման՝ վերը նշված մասերին իմ անհամաձայնությունն առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանի կողմից քննարկվող հարցերը դիտարկվել են միակողմանիորեն՝ միայն դատական ակտի դեմ բողոք բերող անձի իրավունքների իրացումն ապահովելու տեսանկյունից։ Միանշանակ ընդունելի համարելով գործին մասնակցող անձանց կողմից բողոք բերելու իրավունքի իրացման համար արդյունավետ կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությունը, միաժամանակ կարծում եմ, որ այն չպետք է ուղեկցվի գործին մասնակցող մյուս անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակմամբ։ Ուստի նման իրավիճակում անհրաժեշտ էր գտնել գործին մասնակցող բոլոր անձանց իրավունքները հավասարակշռող լուծում, ինչն օրենսդիրն այս դեպքում իրականացրել էր՝ մի կողմից նախատեսելով դատական ակտի բողոքարկման հնարավորություն մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, մյուս կողմից՝ սահմանելով բաց թողնված ժամկետը վերականգնելու դատարանի պարտականությունը՝ այն հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում՝ համապատասխան միջնորդության և միջնորդությունը հիմնավորող ապացույցների առկայության պայմաններում։
_____________________
1 Օրինակ՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտը ձեռք է բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշներ (Օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մաս)։
2 Ինչ վերաբերում է դատարանի կողմից դատական ակտը հայտարարված օրը հրապարակելու պարտականությունը պատշաճ չկատարելուն, ապա տվյալ դեպքում հարկ չեմ համարում քննարկել նշված իրավիճակը՝ հաշվի առնելով այն իրավակարգավորումը, որ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը սկսվում է հաշվարկվել դատական ակտի հրապարակման պահից, ուստի դատարանի կողմից այն ուշ հրապարակելը «հետաձգում է» դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի հաշվարկը՝ բացառելով դրանով պայմանավորված բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը։
3 «Դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը»:
ԴԱՏԱՎՈՐ՝ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2021 թվական: