ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
24 նոյեմբերի 2020 թ. |
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ «ՅՈՒԷՍԷՅ ԻՆՏԵՐԿԱՐԳՈ ԲՍԵ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողների՝ Լուսինե Հարությունյանի և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական սպասարկման և ապահովման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լուսինե Հարությունյանի և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի և 134-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը,հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին»:
Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝
1) բացակայում են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.
2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.
3) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»:
Գործի քննության առիթը Լուսինե Հարությունյանի և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի (այսուհետ` Դիմող)՝ 2020 թվականի հունվարի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումը
Դիմողը բարձրացնում է իրավական անորոշության և օրենսդրական բացի խնդիր: Ըստ նրա՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը և 134-րդ հոդվածի 2-րդ մասը չեն նախատեսում հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությամբ իրավունքի հնարավոր չարաշահումը կանխարգելելու իրավական երաշխիքներ:
Դիմողի գնահատմամբ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի մեջ բացակայում է այնպիսի նվազագույն պայմանների ցանկը, որոնց առկայությունն ստուգելը պետք է լինի դատարանի առաջին քայլը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը քննարկելիս: Համապատասխանաբար՝ իրավակիրառ պրակտիկայում ևս բացակայում է այդպիսի պայմանների կիրառումը:
Դիմողը մասնավորապես նշում է, որ Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ի մասը իրավական անորոշության տեղիք է տալիս այն հիմնավորմամբ, որ «դժվարացնել կատարումը», «հանգեցնել փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության», «էական վնաս հասցնել» բառակապակցությունները որևէ կերպ չեն բացատրվում կամ պարզաբանվում, և դատարանն այս նորմը կիրառելիս զրկված է լինում հայցի ապահովման միջոց կիրառելու հստակ հիմքերի ցանկից, ինչն էլ առաջացնում է նորմի կամայական կիրառման վտանգ: Իր դիրքորոշումը փաստարկելու համար Դիմողն արձանագրում է, որ նույն դատարանի կողմից նմանատիպ գործերով մի դեպքում դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, մյուս դեպքում՝ ոչ:
Դիմողը գտնում է նաև, որ Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ի մասի առկայության պայմաններում խախտվում է արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող՝ կողմերի իրավահավասարության սկզբունքը, քանի որ, ի տարբերություն հայցի ապահովում կիրառելու միջնորդություն ներկայացրած անձի՝ մյուս կողմը, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը, չի ստանում արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, անպաշտպան է մնում ոչ միայն դատավարության մյուս կողմի ցուցաբերած իրավունքի չարաշահումից, այլև իր գույքի նկատմամբ ապացույցներով չհիմնավորված, ուռճացված հայցագնի չափով արգելանքի կիրառումից: Որպես ապացույց իր փաստարկի՝ Դիմողն արձանագրում է, որ հայցվորն այդպես էլ դատարան չի ներկայացրել դրամական պահանջի մյուս մասը հիմնավորող ապացույցը, սակայն, դատարանը հայցի ապահովման միջոցը կիրառել է ամբողջ հայցագնի չափով: Ըստ Դիմողի՝ պատճառն այն է, որ հայցի ապահովման միջոց կիրառելիս դատարանը չի անդրադառնում հայցագնի չափի հիմնավորվածությանը և ապացույցներին:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում հայցապահանջով ակնկալվող դատական ակտի կայացման prima facie հավանականությունն ստուգելու պահանջ և հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությամբ իրավունքի հնարավոր չարաշահումը կանխարգելելու իրավական երաշխիքներ, ինչպես նաև հայցագնի չափի հիմնավորվածության ստուգում, հակասում է Սահմանադրության 11-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին և 78-րդ հոդվածին:
Ինչ վերաբերում է Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը, ապա այդ մասով Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը թույլ չի տալիս հաղթահարել Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման թերությունը, քանի որ հայցի ապահովման միջոցի վերացումը նույնպես կապվում է նշված նորմով ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի բացակայության հետ:
2. Պատասխանողի դիրքորոշումը
Վերլուծելով Սահմանադրության և Օրենսգրքի համապատասխան հոդվածները՝ պատասխանողը կարծիք է հայտնում, որ հայցի ապահովման ինստիտուտի էությունն այն է, որ հայցի բավարարման դեպքում վճռի կատարման համար ապահովվեն հուսալի երաշխիքներ, ինչպես նաև կանխվի հայցվորի նկատմամբ պատասխանողի պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը՝ միաժամանակ ապահովելով կողմերի հիմնական, այդ թվում՝ մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Պատասխանողը փաստում է, որ դատարանը հայցի ապահովման միջնորդությունը քննելիս ուսումնասիրում է՝ արդյոք ներկայացված միջնորդությունը հիմնավորված է, այսինքն՝ արդյոք առկա է այն մտահոգությունը, որ պատասխանող կողմը կարող է խուսափել իր պարտավորությունների պատշաճ իրականացումից:
Անդրադառնալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին (այն է՝ պատասխանող կողմին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը պետության կողմից միջամտություն է մասնավոր անձի սեփականությանը, սեփականության օգտագործման նկատմամբ պետության վերահսկողության դրսևորում է)՝ պատասխանողն արձանագրում է, որ պետության կողմից անձի սեփականության միջամտությունը տվյալ դեպքում նախատեսված է ներպետական օրենսդրությամբ. որպես իրավական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություն՝ երաշխավորել իրավունքի գերակայությունը, դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումը և հայցի ապահովման միջոցների կիրառումը: Այլ կերպ ասած՝ որպես իրավական պետություն, նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայությունը, հայցի ապահովման միջոցը միտված է պաշտպանել հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը:
Պատասխանողը գտնում է, որ հայցի ապահովման կիրառման արդյունքում անձի հիմնարար իրավունքների և ազատությունների հնարավոր սահմանափակումների օրինականությունն անհրաժեշտ է ուսումնասիրել Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքի սահմաններում: Նա փաստում է, որ հայցի ապահովման միջոցների կիրառման արդյունքում պատասխանող կողմի հիմնական իրավունքների հնարավոր միջամտությունը չի խաթարում համաչափության սկզբունքի էությունը, ուստի սահմանադրական իրավունքների անօրեն սահմանափակման մասին խոսք լինել չի կարող:
Պատասխանողը հավելում է նաև, որ հայցի ապահովման ինստիտուտը կիրառելիս երաշխավորվում է հայցվորի՝ հատուցում ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը: Ըստ պատասխանողի՝ Օրենսգրքով սահմանված են բավարար կարգավորումներ, որոնց հիման վրա արդարադատություն իրականացնող մարմինը հնարավորություն է ստանում ստուգել հայցի ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդության հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, իսկ անհիմն միջնորդության դեպքում՝ մերժել այն:
Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը և 134-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:
3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող դրույթներն անհրաժեշտ է դիտարկել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումների որոշակիության, այդ թվում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի համատեքստում հայցագնի հիմնավորվածության և դրա վերաբերյալ համապատասխան ապացույցներ ներկայացնելու պահանջի օրենսդրական ամրագրման տեսանկյունից:
Հաշվի առնելով նշված հանգամանքը` սույն գործի շրջանակում Օրենսգրքի վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.
1) վիճարկվող դրույթներով ամրագրված իրավակարգավորումները համահու՞նչ են արդյոք իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին,
2) վիճարկվող դրույթներով ամրագրված իրավակարգավորումների պայմաններում պահպանվու՞մ են արդյոք սեփականության իրավունքի սահմանափակման սահմանադրական չափանիշները,
3) հայցի ապահովման կիրառման արդյունքում անձի հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցներն արդյո՞ք պիտանի և անհրաժեշտ են Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար,
4) վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում առկա՞ է արդյոք օրենսդրական բաց՝ պայմանավորված հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի շարքում հայցագնի հիմնավորվածությունը հավաստող ապացույցներ ներկայացնելու օրենսդրական պահանջի բացակայությամբ:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև Դիմողի ներկայացրած դիրքորոշումներն առնչվում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի (հոդվ. 128, մաս 1) և հայցի ապահովման միջոցի վերացման (հոդվ. 134, մաս 2) սահմանադրականության խնդրին, սույն գործով ներկայացված դատական ակտերի ուսումնասիրման արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ բարձրացված խնդիրը վերաբերում է Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հետևյալ ձևակերպմանը՝ «Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը…»: Ուստի սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ 128-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված վերոնշյալ իրավակարգավորումների սահմանադրականությանը, որոնք անմիջականորեն վերաբերելի են նաև 134-րդ հոդվածի 2-րդ մասին:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Օրենսգրքի՝ «Հայցի ապահովումը» վերտառությամբ 13-րդ գլխում ներկայացվում են կարգավորումներ ինչպես հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերի, հայցի ապահովման միջոցների, դրանք կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու և այդ միջնորդությունը քննելու կարգի, այնպես էլ հայցի ապահովման միջոցի վերացման, հակընդդեմ ապահովման վերաբերյալ:
Հայցի ապահովման՝ որպես դատավարական ինստիտուտի նշանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն դիտարկվում է մի կողմից՝ օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը, իսկ մյուս կողմից՝ որպես դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն, այն հետապնդում է գործով կայացվելիք վճռի կատարման երաշխիքներ ապահովելու նպատակ:
Այսինքն՝ հայցի ապահովումը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող միջոցներով պաշտպանել գործին մասնակցող անձանց իրավունքները և օրինական շահերը հնարավոր բացասական հետևանքներից և ուղղված է վերջիններիս խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն՝ դրանով իսկ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումը:
Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ դատարանի կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառվում են հետևյալ դեպքերում. ա) եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, բ) դժվարացնել դատական ակտի կատարումը, գ) հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, դ) էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Վիճարկվող նորմը նաև կանխորոշում է այն անձանց շրջանակը, որոնց նախաձեռնությամբ քննարկվում է հայցի ապահովման անհրաժեշտությունը: Օրենսգրքի 130-րդ հոդվածով էլ սահմանվում են դատավարության այն փուլերը, որոնց ընթացքում կարող է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Հայցի ապահովման միջոց կիրառելու վերոնշյալ հիմքերի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման էությունն ու նշանակությունը հանգում է հայցվորի պահանջի բավարարման դեպքում դրա պատշաճ կատարմանը, որը՝
1) դրսևորվում է կոնկրետ դրամական պահանջի կատարումն ապահովելով,
2) որոշակի գործողություններ կատարելը արգելելով,
3) վեճի առարկա հանդիսացող գույքը պահպանելով, որոնցով պայմանավորված էլ սահմանվել են հայցի ապահովման տարբեր միջոցներ:
Ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության քննության կարգին, ապա օրենսդրորեն սահմանվում է, որ այն քննության է առնվում առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ:
Նշված իրավակարգավորումից հետևում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության քննության համար օրենսդիրը սահմանել է բավականին սեղմ ժամկետ, ինչն ինքնանպատակ չէ, և պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցի ապահովման միջոց կիրառելու գործընթացի երկարաձգումը կարող է պարզապես իմաստազրկել հայցի ապահովման միջոցի կիրառումը (oր.` այդ ընթացքում կարող են անհետանալ դրամական միջոցները կամ այն գույքը, որի պահպանմանն էր ուղղված հայցի ապահովումը):
Այս կապակցությամբ դատարանը նշում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու համար նախատեսվել են այնպիսի օրենսդրական հիմքեր, որոնց առկայությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատի դատարանը, և որոնց փաստումը որևէ պարագայում չի կարող անխուսափելիորեն հանգեցնել հայցվորի պահանջի բավարարմանը կամ գործի ըստ էության քննությանը և լուծմանը: Դրանք ուղղված են հայցվորի պահանջի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի պատշաճ կատարումն ապահովելուն:
4.2. Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ նման իրավակարգավորումները ձևակերպման առումով որոշակի ու հստակ չեն և կարող են հանգեցնել կամայական կիրառման, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության սկզբունքն ինքնին պահանջում է մասնավորապես իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի հնարավորինս հստակ ու որոշակի և հնարավորություն տա դրա հասցեատերերին ձևավորելու ու դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Միաժամանակ, վերահաստատելով իրավական որոշակիության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատման տեսանկյունից կարևորում է, որ ա) իրավական օրենքը «… պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում» (ՍԴՈ-753), բ) «Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753), գ) «… իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (ՍԴՈ-1176):
Իրավական որոշակիության վերաբերյալ մի շարք դիրքորոշումներ արտահայտել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի գործով (Case of Busuioc v. Moldova, Application no. 61513/00, 21/12/2004) վճռում գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն տա կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր՝ տվյալ գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ: Թեև օրենքում որոշակիությունն առավել ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, քանի որ կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված մի շարք հանգամանքներ պետք է իրենց մեկնաբանությունն ստանան հենց դատական քննության ընթացքում: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանն իր՝ 03.05.2016 թ. ՍԴՈ-1270 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»:
Միաժամանակ, հայցի ապահովման էության բացահայտման համատեքստում անհրաժեշտ է հստակորեն նախանշել այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են հայցի ապահովում կիրառելու համար, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դրանք կախված են գործով ներկայացված հանգամանքներից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթներով ամրագրված իրավակարգավորումները համահունչ են իրավական որոշակիության սկզբունքին, հստակ և որոշակի նախատեսում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը պետք է բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, իսկ թե ո՛ր հանգամանքներն են ներառվում այդ հիմքերի մեջ, օբյեկտիվորեն հնարավոր չէ սպառիչ նախատեսել օրենքով: Այդ իմաստով, հնարավոր չէ օրենսդրությունը կառուցել այն տրամաբանությամբ, որ դրանում առկա չլինեն գնահատողական կատեգորիաներ, մեկնաբանման ենթակա եզրույթներ կամ ձևակերպումներ, սակայն դա չի կարող հանգեցնել իրավական անորոշության, քանի որ այդպիսի ձևակերպումներն իրենց մեկնաբանությունն ու հստակեցումն են ստանում արդեն դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ և գնահատվում են դատարանի իրավակիրառ հայեցողության լիազորությունների իրականացման շրջանակներում:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն ամրագրված հիմքերից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում դատական ակտի կատարումը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, գործի հանգամանքներով փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:
4.3. Հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել նաև սեփականության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև դրա սահմանափակման համար նախատեսված ինչպես սահմանադրական, այնպես էլ միջազգային իրավական չափանիշների համատեքստում:
Սահմանադրության` «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման խնդրին՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի` այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, այդ սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին և չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: Ընդ որում, նույն որոշման մեջ Սահմանադրական դատարանը կարևորել է հիշատակված պայմանների առկայությունը՝ իրավունքն իրավաչափ սահմանափակելու համար:
Կոնկրետ հայցի ապահովման համար կիրառվող ապահովման միջոցների տեսակը և բովանդակությունը որոշելիս դատարանը պետք է հիմք ընդունի նաև համաչափության սկզբունքը: Ինչպես բխում է Սահմանադրության 78-րդ հոդվածից՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Նշված հիմնարար ու ելակետային գաղափարը հաշվի առնելով՝ օրենսդիրը Օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել է, որ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ վճիռներում նույնպես անդրադարձել է սեփականության իրավունքին՝ արձանագրելով, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով և ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինչ հիմքով էլ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված լինել բացառապես այն դեպքերում, երբ իրականացվել է ի շահ հանրության: Այդ հիմնավորմամբ պայմանավորված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ միջամտությունն արդարացված լինելու համար պետք է հետապնդի օրինաչափ նպատակ և լինի համաչափ, այսինքն՝ պետք է ապահովված լինի արդար հավասարակշռություն հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (Beyeler v. Italy, 5 January 2000, §98, §107; Sporrong and Lonnroth v. Sweden, 23 September 1982, § 61, § 69 և այլն):
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:
Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:
Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում, կոնկրետ գործի բարդությամբ կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոչ միշտ է հնարավոր հայցադիմումի հիմնավորվածության կամ ակնկալվող եզրափակիչ դատական ակտի մասին թեկուզև նախնական կամ prima facia եզրահանգումներ կատարել: Դատավարական այդ փուլում դատարանն օբյեկտիվորեն կարող է չտիրապետել նշված եզրահանգման համար անհրաժեշտ և բավարար այն տեղեկատվությանը, որը նրա ողջամիտ ենթադրությամբ կարող է դիտարկվել որպես իրականության մեջ գոյություն ունեցող տեղեկություն, սակայն որը ձեռքբերելն առանձին դեպքերում ենթադրում է լրացուցիչ դատավարական գործողություններ, որոնց իրականացման վրա ծախսված ժամանակը կարող է բացասաբար անդրադառնալ ակնկալվող ժամկետից ավելի ուշ կիրառված հայցի ապահովման միջոցի արդյունավետության վրա:
Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ինչպես հայցի ապահովման միջոց կիրառելու, այնպես էլ հայցի ապահովման միջոցի լրիվ կամ մասնակի վերացնելու մասին միջնորդությունը կարող են ներկայացվել ընդհուպ մինչև գործով դատաքննության ավարտը, որի պարագայում դատարանն առավել տեղեկացվածության պայմաններում կարող է վերստին անդրադառնալ կիրառված (կամ կիրառվելիք) հայցի ապահովման միջոցի արդյունավետության հարցին: Սա դատավարական կարևոր երաշխիք է՝ գործով կողմերի իրավունքների ու դատավարական հնարավորությունների հավասարակշռման առումով:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականնությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում: Սահմանադրական դատարանը, 10.03.2016 թ. ՍԴՈ-1257 որոշմամբ վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190 և ՍԴՈ-1222) արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ՝ «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ…»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով յուրաքանչյուրի համար ապահովվում է իր՝ քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող ցանկացած պահանջ դատարանի կամ տրիբունալի առջև ներկայացնելու իրավունքը: «Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող՝ ի վնաս կողմերից մեկի: Անընդունելի կլիներ, որ հարկավոր լիներ 6-րդ հոդվածի 1-ին կետով մանրամասն նկարագրել դատավարության մասնակիցներին տրամադրվող ընթացակարգային երաշխիքները՝ վարույթ, որն արդար, հրապարակային և արագացված է՝ առանց դատական որոշումների իրականացումը պաշտպանելու: 6-րդ հոդվածը, որպես բացառապես դատարանի մատչելիությանը և վարույթի իրականացմանը վերաբերող մեկնաբանելը, հավանաբար կտաներ օրենքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների, որը պայմանավորվող երկրները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են ապահովել: Այսպիսով, 6-րդ հոդվածի նպատակներից ելնելով՝ որևէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումը պետք է համարվի «դատավարության» անբաժանելի մաս» (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II, և Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, § 34, ՄԻԵԴ 2002-III):
Վերոգրյալից հետևում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները թույլ են տալիս եզրակացնել, որ պահանջի բավարարման դեպքում դատական ակտի կատարումն անհնարին կամ դժվար է լինելու՝ իմաստազրկելով այն ողջ գործընթացի տրամաբանությունը, որով անցել է անձը դատարան դիմելու և իր պահանջի բավարարում ստանալու համար, հայցի ապահովման միջոց կիրառելը իրավաչափ է և ընդունելի: Այլ է հարցը, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդրությամբ նշված հիմքերի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանն ի՛նչ տրամաբանությամբ և ի՛նչ սկզբունքներով է առաջնորդվում:
Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ prima facia հայցագնի հիմնավորվածությունը (դրամական պահանջների դեպքում), որոշակի գործողությունների կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության հիմնավորվածությունը (գործողություններ կատարելը պարտավորեցնելու կամ արգելելու դեպքերում), գույքի նկատմամբ ունեցած իրավունքների հավաստումը (գույքի իրացումը կասեցնելու կամ գույքի վրա արգելանք դնելու դեպքերում):
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս դատարանը պետք է առաջնորդվի վերոնշյալ հանգամանքների հաշվառմամբ, ինչպես նաև այնպիսի այլ հանգամանքների ուսումնասիրմամբ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայության հաստատման համար: Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքերում վերոնշյալ հանգամանքների հավաստման, հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության և դրա հիմքի առկայության հանգամանքները պետք է հստակ հիմնավորվեն դատարանի որոշմամբ:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ բացի հայցագնի հիմնավորվածության ստուգումից դատարանը հայցի ապահովում կիրառելիս պետք է ուշադրության արժանացնի նաև պատշաճ կողմերի առկայության խնդրին: Այսպես, Օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով»: Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց հետո դատարանն իրականացնում է Օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները, այդ թվում նաև՝ հայցի ապահովման հարցի լուծումը: Ինչ վերաբերում է դիմողի այն դիրքորոշմանը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ առկա իրավակարգավորումների պայմաններում չեն ապահովվում մյուս կողմի իրավունքների սահմանափակումներն անհիմն պահանջներից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ նախատեսված են իրավակարգավորումներ ինչպես հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ դիմելու հնարավորության, այնպես էլ հակընդդեմ ապահովման վերաբերյալ: Ուստի՝ անձը, որի դեմ կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում, դրա անհիմն լինելու դեպքում կարող է իր դիրքորոշումներն ու անհամաձայնությունը ներկայացնել կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջով, իսկ հնարավոր վնասների հատուցման համար կարող է ներկայացնել հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:
4.4. Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում առկա է օրենսդրական բաց՝ պայմանավորված այն իրողությամբ, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի շարքում բացակայում է հայցագնի հիմնավորվածությունը հավաստող ապացույցներ ներկայացնելու օրենսդրական պահանջը և մի շարք այլ նվազագույն պայմաններ, Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Սահմանադրական դատարանն իր՝ 08.04.2014 թ. ՍԴՈ-1143 որոշմամբ նշել է. «…Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»:
Իր մեկ այլ՝ 05.02.2010 թ. ՍԴՈ-864 որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:
Զարգացնելով հիշատակված իրավական դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանն իր՝ 14.09.2010 թ. ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է. «Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: … օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»:
Հիշյալ իրավական դիրքորոշման տրամաբանությունից հետևում է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու իրավական երաշխիքներ, մինչդեռ տվյալ դեպքում օրենսդրությամբ հստակ նշված են հայցի ապահովում կիրառելու հիմքերը, որոնք հայցի ապահովման ինստիտուտի էությամբ պայմանավորված չեն կարող լինել բացարձակ հստակ և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանի կողմից պետք է ստանան համարժեք մեկնաբանություն և հստակեցում:
Բացի դրանից, Օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին: Իսկ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Հիշատակված իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքների հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են բավարար երաշխիքներ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի, դրանց հիմնավորվածության և մյուս կողմի իրավունքներն անհիմն չարաշահումներից զերծ պահելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
24 նոյեմբերի 2020 թվականի ՍԴՈ-1561 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: