Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.06.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
05.06.2020
Дата вступления в силу
05.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0023/04/17

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0023/04/17

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան  

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

 

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. հակոբյան

 

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ`Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի ընդդեմ «Արատտա Փարթներս» ՍՊԸ-ի (այսուհետ`Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 26.12.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 22.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 26.10.2018 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Լ. Գրիգորյան) 31.01.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը ստորագրել է Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի նախագահը՝ օգտվելով համապատասխան օրենսդրական կարգավորումներից: Նշված լիազորագիրը ստորագրված է Կոմիտեի նախագահի կողմից: Ավելին, այդ լիազորագրի վրա առկա են Կոմիտեի ՀՀ զինանշանով կնիքները, որոնցից մեկը բնօրինակի ձևով է, մյուսը՝ պատճենի, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի գրառումն այն մասին, որ «իսկականի հետ ճիշտ է»՝ վավերացված նաև նույն քարտուղարության կնիքով և քարտուղարության պետի ստորագրությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքը համարել վարույթ ընդունված բողոքը ներկայացնելու սկզբնական օրը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Կոմիտեի լիազորագրի տրման վավերապայմանների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե ինչ կարգով է ենթակա ձևակերպման և հաստատման տվյալ դեպքում Կոմիտեի կողմից տրված լիազորագիրը՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները՝ այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից լիազորագիր հասարակ գրավոր ձևով կարող է տրվել նրա ղեկավարի կամ վերջինիս տեղակալի (տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի) կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց (տե՛ս, ‹‹ՎՏԲ-Հայաստան բանկ›› ՓԲԸ-ն ընդդեմ ‹‹Գեթսեմանի այգի›› ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.02.2019 թվականի որոշումը)

 

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 26.10.2018 թվականի վճռի դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` դրան կցելով Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի պատճենը (հատոր 4-րդ, գ.թ. 20-22)։

Վերաքննիչ դատարանը 31.01.2019 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ «բողոքին կցված հրամանի պատճենը ներկայացուցիչ Արման Մնացականյանի լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց չի կարող հանդիսանալ, քանի որ հրամանի պատճենի վրա «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքի առկայությունը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված»: Միաժամանակ սահմանվել է ժամկետ` բողոքում թույլ տրված նաև այդ խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 4-րդ, գ.թ. 35-36):

Կոմիտեի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` բողոքին կցելով Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը (հատոր 4-րդ, գ.թ. 68-70), որի վրա կատարված է գրառում ‹‹Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյան (ստորագրություն)›› և վավերացված է Կոմիտեի՝ ՀՀ զինանշանով բնօրինակ կնիքով:

Միաժամանակ, վերաքննիչ բողոքին կցվել է նաև Կոմիտեի նախագահի 24.10.2018 թվականի թիվ 2/5343-Ա հրամանը, ըստ որի՝ Կոմիտեի քարտուղարության պետ Սմբատ Մարտիրոսյանի բացակայության ընթացքում նրա պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է Կոմիտեի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Աննա Միքայելյանին: Նշված հրամանը նույնպես ստորագրվել է Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի կողմից, այն պատճենի տեսքով է, վավերացված է Կոմիտեի և Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության բնօրինակ կնիքներով, վրան կրկին կատարված է գրառում ‹‹Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյան (ստորագրություն)›› (հատոր 4-րդ, գ.թ. 67):

Վերաքննիչ դատարանը, 04.03.2019 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրել է, որ «Բողոքին կից ներկայացվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 24.12.2018 թվականի թիվ 2/5343-Ա հրամանի պատճենը: Հրամանի պատճենի վրա առկա են քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող, «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքներ, որպիսի պայմաններում հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ա. Միքայելյանի՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը կամ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ (հատոր 4-րդ, գ.թ. 73-75):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի N 702-Լ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության»՝ «Կոմիտեի կառավարումը և ղեկավարումը» վերտառությամբ IV բաժնի 15-րդ կետով սահմանվում է, որ Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի ղեկավարը: Նույն բաժնի 17-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Կոմիտեի ղեկավարը՝ իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր, իսկ նույն կետի 14-րդ ենթակետի համաձայն՝ Կոմիտեի ղեկավարը` իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և ընդունում որոշումներ, տալիս է հանձնարարականներ, ցուցումներ: Նույն բաժնի 21-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) կոմիտեի ղեկավարի և (կամ) կոմիտեի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Վերը նշվածից հետևում է, որ Կոմիտեի կանոնադրությամբ նույնպես Կոմիտեի ղեկավարին (տվյալ դեպքում նախագահին) է վերապահված առանց լիազորագրի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը, ինչպես նաև լիազորագրեր տալը, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով: Միաժամանակ նույն կանոնադրությամբ Կոմիտեի գլխավոր քարտուղարին իրավունք է վերապահվել կնքելու Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում նախագահի) կամ նրա տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան օրենքով այլ բան է սահմանված: Այսինքն, Կոմիտեի կանոնադրության ուժով Կոմիտեի գլխավոր քարտուղարն իրավասու է կամ այլ կերպ ասած օժտված է առանց որևէ լիազորագրի վավերացնելու ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հրամանները:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրած անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի լիազորությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի ղեկավարին (տվյալ դեպքում նախագահին), որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ` տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում նախագահի), ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ, որը նաև կարող է կնքվել (վավերացվել) Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից: Ավելին՝ լիազորագիրը պետք է նշում պարունակի Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում նախագահի) կողմից լիազորած անձի (անձանց)՝ Կոմիտեի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու մասին։

 Քննարկվող պարագայում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի ղեկավարը (տվյալ դեպքում նախագահը)՝ 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանով, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ վարչապետի վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Նշված լիազորագիրն ստորագրված է Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում նախագահի) կողմից և այդ լիազորագրի վրա առկա են Կոմիտեի բնօրինակ կնիքները: Ավելին լիազորագիրը վավերացվել է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից՝ «իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ` վավերացված նաև նույն քարտուղարության բնօրինակ կնիքով և քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրությամբ: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, ինչպես նաև լիազորագրի 6-րդ կետում նշված է, որ (…) հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով (…): Կոմիտեի անունից վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 20.02.2019 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 71): Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Վերը նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ գործում առկա լիազորագրի (14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի) յուրաքանչյուր էջի վրա առկա են Կոմիտեի բնօրինակ կնիքները, որպիսի հանգամանքը սույն գործով վիճարկված չէ, ինչպես նաև այն վավերացված է դրա իրավասությամբ օժտված Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի անունից տրված լիազորագիրը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Այսինքն, վերաքննիչ բողոքը ստորագրվել է դրա իրավասությունն ունեցող անձի՝ Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է մերժել Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 26.10.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան