ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ Հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող քաղաքացիների և առևտրային կազմակերպություն չհանդիսացող կազմավորումների մասնակցությամբ տնտեսական վեճերը և այլ գործեր, եթե դրանք իրենց էությամբ առնչվում են ձեռնարկատիրական գործունեության ոլորտին:»:
Հոդված 2.
Օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.«Տնտեսական դատարանում բոլոր տնտեսական գործերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման հետևանքով տնտեսական դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, ապա վճռաբեկ դատարանի նախագահը գործը հանձնում է առաջին ատյանի որևէ դատարանի քննությանը, իսկ եթե գործը քննվում է կոլեգիալ կարգով` քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի քննությանը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 81-րդ հոդվածը «գործերը» բառից հետո լրացնել «, բացի տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա գործերից,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 206-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 206. |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ |
Առաջին ատյանի դատարանների` օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` վերաքննիչ դատարան):»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ բաժնով.
«ԲԱԺԻՆ ՉՈՐՐՈՐԴ1
ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 221.1. |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ |
Սույն օրենսգրքի 16-րդ հոդվածով և այլ օրենքներով նախատեսված տնտեսական վեճերը և այլ գործերն ըստ էության քննվում են տնտեսական դատարանում:
Հոդված 221.2. |
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
Տնտեսական դատարանը, որպես կանոն, գործը պետք է քննի և վճիռ կայացնի հայցադիմումն ընդունելու օրվանից 1-ամսյա ժամկետում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 221.3. |
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
Տնտեսական դատարանում գործն առաջին անգամ ըստ էության քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:
Տնտեսական դատարանում գործի նոր քննությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ վարույթի կանոններով: Օրենքով կարող է նախատեսվել տնտեսական դատարանում առանձին բնույթի գործերի քննության հատուկ կարգ:
Հոդված 221.4. |
ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո:
Հոդված 221.5 |
ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼԸ |
Տնտեսական դատարանի վճիռը հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հոդված 221.6. |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
Տնտեսական դատարանի վճիռներն և որոշումները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:
Տնտեսական դատարանի որոշումները ենթակա են բողոքարկման սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 7. Օրենսգրքի 222-րդ հոդվածի`
ա) 1-ին կետը «դատարանների» բառից հետո լրացնել «, տնտեսական դատարանի» բառերով, իսկ 2-րդ «վերաքննիչ դատարանի`» բառերը փոխարինել «վերաքննիչ, տնտեսական դատարանների`» բառերով.
բ) 2-րդ կետի «Դատարանի`» բառը փոխարինել «Առաջին ատյանի դատարանների և տնտեսական դատարանի`» բառերով, իսկ «վերաքննիչ դատարանի» բառերը` «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերով:
Հոդված 8.
Օրենսգրքի 223-րդ հոդվածի`ա) 1-ին կետի «Վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «Վերաքննիչ և տնտեսական դատարանների`» բառերով.
բ) 2-րդ կետի «առաջին ատյանի և վերաքննիչ» բառերը փոխարինել «առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 224-րդ հոդվածը «դատարանների» բառից հետո լրացնել «տնտեսական դատարանի» բառերով, իսկ 2-րդ «վերաքննիչ դատարանի`» բառերը փոխարինել «վերաքննիչ, տնտեսական դատարանների`» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 235. |
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
Վճռաբեկ դատարանի պալատը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:»:
Հոդված 11. Օրենսգրքի 236-րդ հոդվածի`
ա) 2-րդ կետի «բավարարման» բառից հետո միջակետի փոխարեն դնել վերջակետ, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«: Եթե բեկանվել է տնտեսական դատարանի վճիռը, գործն ուղարկվում է տնտեսական դատարան` դատավորների կոլեգիալ կազմով քննելու համար: Սնանկության վերաբերյալ գործերը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործեր տվյալ գործով կայացված վճռի բեկանումից հետո շարունակվում են քննվել միանձնյա.».
բ) 3-րդ կետը «առաջին ատյանի դատարանում» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանում» բառերով:
Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 249-րդ հոդվածով.
«Հոդված 249. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` օրենքով սահմանված կարգով կազմավորումը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կազմավորման պահից Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի և առաջին ատյանի դատարանների վարույթներում եղած տնտեսական գործերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան, որտեղ շարունակվում է այդ գործերի դատական քննությունը համապատասխանաբար` վերաքննիչ վարույթի և առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|