ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2020 թվականի N 787-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելուց, դոնոր կազմակերպություններին ներկայացնելուց կամ իրականացնելուց առաջ թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը, նոր ծրագրային լուծումները, գործող էլեկտրոնային համակարգերի արդիականացմանը վերաբերող լուծումները և խորհրդի նախագահի կողմից առաջարկվող այլ ձևաչափով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են խորհրդի կարծիքին».
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VII գլխով.
«VII. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Խորհրդի նիստում պարտադիր քննարկման ենթակա են`
1) թվայնացման տարեկան և բազմամյա ծրագրերը.
2) թվայնացման տարեկան և բազմամյա ծրագրերում ընդգրկված միջոցառումներին վերաբերող հայեցակարգային դրույթները, տեխնիկական առաջարկությունները, տեխնիկական պահանջները, ռազմավարական փաստաթղթերը.
3) պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կամ պետական կառավարման hամակարգի մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվող նոր ծրագրային լուծումները (էլեկտրոնային ծրագրեր, կայք, հարթակ, ծրագրային ապահովում), գործող ծրագրային լուծումներն ամբողջությամբ նորով փոխարինելու կամ ավելի քան 50 տոկոս արդիականացվող ծրագրերը.
4) պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կամ պետական կառավարման համակարգի մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվող ցանկացած ծրագրային լուծում (էլեկտրոնային ծրագրեր, կայք, հարթակ, ծրագրային ապահովում և այլն), որի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը կամ համարժեք գումարը.
5) թվայնացմանը և էլեկտրոնային կառավարմանն առնչվող ռազմավարական փաստաթղթերը.
6) սերվերային ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող լուծումները:
29. Խորհրդի նիստում քննարկման ենթակա չեն՝
1) առկա ծրագրային գործիքների ոչ էական, ընթացիկ բարելավումները, որոնց շնորհիվ արդիականացվում է գործող էլեկտրոնային կառավարման համակարգը, բարելավվում է համակարգի գործառնությունը և որոնց արժեքը չի գերազանցում 25 միլիոն դրամը կամ համարժեք գումարը.
2) համակարգչային տեխնիկայի գնման, արդիականացման (բացառությամբ սերվերային տնտեսությանը վերաբերող արդիականացումների) ծրագրերը.
3) էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովում քննարկվող հարցերը:
30. Խորհրդի քննարկմանը հարցեր կարող են ներկայացնել՝
1) խորհրդի անդամները.
2) խորհրդի անդամ չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները.
3) պետական կառավարման համակարգի մարմինները.
4) միջազգային կազմակերպությունները.
5) տեղական ինքնակառավարման մարմինները.
6) «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը։
31. Խորհրդի քննարկմանը հարցերը ներկայացվում են հետևյալ ձևաչափով՝
1) հայեցակարգային լուծումներ.
2) տեխնիկական առաջադրանքներ (Terms of reference (ToR) և (կամ) տեխնիկական պահանջներ (Technical requirments (TR)).
3) էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման և ներդրման ծրագրեր.
4) իրականացված կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացումներ.
5) թվայնացմանը և էլեկտրոնային կառավարմանը վերաբերող ռազմավարական փաստաթղթեր.
6) այլ ոլորտի ռազմավարական և ծրագրային փաստաթղթեր, որոնք առնչվում են թվայնացմանը և էլեկտրոնային կառավարմանը.
7) խորհրդի նախագահի կողմից սահմանված այլ ձևաչափով սահմանված փաստաթղթեր:
32. Թվայնացման ոլորտում առկա խնդիրների վերլուծությունները խորհրդի քննարկմանն են ներկայացվում սույն աշխատակարգի 28-րդ կետով ներկայացված հարցերի շրջանակներում՝ ներառյալ համապատասխան լուծման առաջարկը:
33. Եթե հարցը խորհրդի քննարկմանը ներկայացված է հայեցակարգային լուծումների կամ ծրագրի ձևաչափով, տվյալ հարցը հավանության արժանանալու դեպքում խորհրդի նախագահի որոշմամբ հայեցակարգային լուծման կամ ծրագրի հիման վրա մշակված տեխնիկական առաջադրանքը և (կամ) տեխնիկական պահանջը նույնպես պետք է քննարկվի և հավանության արժանացվի խորհրդի կողմից:
34. Հարցը ներկայացնողի հայեցողությամբ և խորհրդի նախագահի որոշմամբ հայեցակարգային լուծումները խորհրդի քննարկմանը կարող են ներկայացվել առանց նախնական շրջանառության և շահագրգիռ մարմինների կարծիքներն ստանալու:
35. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակված սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերը, բացառությամբ 1-ին և 4-րդ ենթակետերի, նախքան խորհրդի քննարկմանը ներկայացնելը պետք է համաձայնեցվեն պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների հետ, որոնք իրենց դիրքորոշումը պետք է ներկայացնեն տասը օրվա ընթացքում՝ համապատասխան կարծիքների հիման վրա լրացված ամփոփաթերթը (այսուհետ՝ ամփոփաթերթ) ներկայացնելով։ Խորհրդի քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի շրջանառությունն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
36. Շահագրգիռ մարմինների ցանկը որոշում է խորհրդի քննարկմանը հարց ներկայացնողը։ Միևնույն ժամանակ, սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (պետական կամ վարկային միջոցների հաշվին ծրագրերը ֆինանսավորվելու դեպքում), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (ծրագրի ներդրման արդյունքում իրավական փոփոխությունների անհրաժեշտության դեպքում), «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության և խորհրդի անդամների հետ:
37. Եթե հարցը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի կամ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, սույն աշխատակարգի 34-36-րդ կետերում նշված համաձայնեցումներն իրականացվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի կամ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
38. Խորհրդի քննարկմանը ներկայացվող հայեցակարգային լուծումները պետք է առնվազն պարունակեն՝
1) անվանումը.
2) հակիրճ նկարագրությունը.
3) նպատակը և շրջանակը.
4) նախահաշվային բյուջեն (առկայության դեպքում).
5) ակնկալվող արդյունքները.
6) շահառուները.
7) իրականացնող կառույցը կամ կառույցները.
8) ամփոփաթերթը (առկայության դեպքում).
39. Խորհրդի քննարկմանը ներկայացվող ծրագրերը պետք է առնվազն պարունակեն՝
1) անվանումը.
2) նկարագրությունը.
3) նպատակը և շրջանակը.
4) նախահաշվային բյուջեն.
5) շահառուները.
6) ակնկալվող արդյունքները.
7) իրականացնող կառույցը կամ կառույցները.
8) իրականացման հնարավոր ռիսկերի նկարագրությունը.
9) ամփոփաթերթը:
40. Խորհրդի քննարկմանը ներկայացվող տեխնիկական առաջադրանքները (TOR) և (կամ) տեխնիկական պահանջները (TR) պետք է առնվազն պարունակեն`
1) անվանումը.
2) հակիրճ նկարագրությունը.
3) նպատակը և շրջանակը.
4) շահառուները.
5) բիզնես նպատակները (ցանկալի է).
6) բիզնես գործառույթներին և աշխատանքային բնութագրերին ներկայացվող պահանջները (ցանկալի է).
7) ներդրման ժամանակացույցը.
8) ակնկալվող արդյունքները.
9) բյուջեն.
10) իրականացման հնարավոր ռիսկերի նկարագրությունը.
11) ամփոփաթերթը:
41. Խորհրդի քննարկմանը ներկայացվող ռազմավարական փաստաթղթերը պետք է առնվազն պարունակեն՝
1) ընդգրկումը.
2) ժամկետայնությունը.
3) մշակման հիմքերը (Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններ, Հայաստանի Հանրապետության օրենքներ).
4) նպատակը և շրջանակը.
5) ակնկալվող արդյունքները.
6) մշակող և հաստատող մարմինը.
7) իրականացնող մարմինը կամ մարմինները.
8) պետական ծախսերի վրա ազդեցությունը.
9) ռազմավարական նպատակների սահմանումը.
10) փաստաթղթում նշված նպատակներին հասնելու ճանապարհների, գործողությունների կամ միջոցառումների նկարագրությունը.
11) արդյունքային ցուցանիշների սահմանումը.
12) գերակայությունների սահմանումը.
13) ծախսային գնահատականները ներկայացնելը.
14) իրականացման հնարավոր ռիսկերի նկարագրությունը.
15) տիտղոսաթերթը.
16) ամփոփաթերթը:
42. Սույն աշխատակարգով սահմանված ձևաչափով ներկայացված փաստաթղթի՝ խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցը որոշում է խորհրդի նախագահը։ Խորհրդի նախագահն իրավասու է հարցը վերադարձնելու ներկայացնող մարմին՝ լրամշակման, եթե հարցը չի քննարկվել շահագրգիռ մարմինների հետ կամ ներկայացվող հարցի շուրջ առկա են շահագրգիռ մարմինների հետ չհամաձայնեցված հարցեր։
43. Խորհրդի հավանությանն արժանացած՝ սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերի վերաբերյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը։
44. Խորհրդի քննարկմանը հարց ներկայացնող սուբյեկտը խորհրդի կողմից սահմանված ձևաչափով յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ։
45. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը կիսամյակային կտրվածքով խորհուրդ է ներկայացնում համառոտ տեղեկանք խորհրդի հավանությանն արժանացած՝ սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերի վերաբերյալ:»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 7 Երևան |