Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.12/61(1616).1 Հոդ.751.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.04.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
10.04.2020
Дата вступления в силу
10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0341/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0341/02/16

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

Ս. Միքայելյան
 

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

           

2020 թվականի ապրիլի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտ Բարսեղյանի ընդդեմ Լիլիթ Մնացականյանի, Տիգրան Պողոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Աշոտ Բարսեղյանը պահանջել է Տիգրան Պողոսյանից և Լիլիթ Մնացականյանից հօգուտ իրեն բռնագանձել 11.888.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.05.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը փոխառությամբ տրված գումարի նկատմամբ հաշվարկել և պատասխանողներից բռնագանձել տոկոսներ` կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված դրույթները` բռնագանձումը տարածելով պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան) 31.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Տիգրան Պողոսյանից և Լիլիթ Մնացականյանից հօգուտ Աշոտ Բարսեղյանի համապարտության կարգով բռնագանձվել է 11.888.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար: Տիգրան Պողոսյանից և Լիլիթ Մնացականյանից հօգուտ Աշոտ Բարսեղյանի համապարտության կարգով բռնագանձվել է` փոխառության գումարի՝ 11.888.000 ՀՀ դրամի, նկատմամբ 25.05.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվարկված տոկոսագումարը: Տիգրան Պողոսյանին և Լիլիթ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին հայցապահանջը` մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.12.2016 թվականի որոշմամբ Լիլիթ Մնացականյանի և Տիգրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 31.05.2016 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Բարսեղյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, խստորեն կիրառելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի դրույթները, ինքն է խախտել այդ հոդվածի պահանջները՝ դատական նիստի և ժամանակի մասին բողոքաբերին չծանուցելով:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 31.05.2016 թվականի դատական ակտը, հաստատված է համարել պատասխանողների պատշաճ ծանուցված չլինելու փաստը` հիմքում դնելով 05.10.2016 թվականին, բողոքաբերների կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 03.10.2016 թվականի թիվ 4152601 եզրակացությունը:

Վերաքննիչ դատարանի համար կողմերի ծանուցված չլինելու փաստարկը և դա հաստատող փորձագետի եզրակացությունը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ դատական ակտը բեկանելու համար: Նմանատիպ փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Բացի այդ, դատաձեռագրաբանական եզրակացությունը արվել է պատճենների հիման վրա, հետևաբար փորձագիտական եզրակացությունը հիմնավոր չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.05.2016 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանը 14.03.2016, 14.04.2016, 17.05.2016 թվականներին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը Տիգրան Պողոսյանին ուղարկել է քաղաք Երևան, Ջամբուլի փողոց, թիվ 30 տուն հասցեով, իսկ Լիլիթ Մնացականյանին` քաղաք Երևան, Մելիքյան փողոց, թիվ 20 տուն հասցեով, դատական ծանուցագրերը Տիգրան Պողոսյանը և Լիլիթ Մնացականյանը ստացել են համապատասխանաբար 26.02.2016, 01.04.2016, 02.05.2016 թվականներին (հատոր 1-ին գ.թ. 33, 35, 47, 49, 67, 70):

2) Դատարանի 31.05.2016 թվականին կայացված վճռի օրինակը Տիգրան Պողոսյանին ուղարկվել է քաղաք Երևան, Ջամբուլի փողոց, թիվ 30 տուն հասցեով, իսկ Լիլիթ Մնացականյանին` քաղաք Երևան, Մելիքյան փողոց թիվ 20 տուն հասցեով, վճռի օրինակները Տիգրան Պողոսյանը և Լիլիթ Մնացականյանը ստացել են 18.06.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 84, 86):

3) Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարան 05.10.2016 թվականին ներկայացվել է ապացույցը գործին կցելու մասին դիմում, որին կից ներկայացվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը (հատոր 2-րդ, գ.թ. 52):

4) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված՝ «Փորձագիտական եզրակացություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ փորձաքննության հիմք է հանդիսացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հ. Հարությունյանի 28.09.2016 թվականի դիմումը՝ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին: Փորձաքննության համար առաջադրվել է հետևյալ հարցը՝ փորձաքննությանը տրամադրված թվով 6 ծանուցագրերի պատճեններում առկա ստորագրությունները կատարված են Տիգրան Պողոսյանի, Լիլիթ Մնացականյանի, թե մեկ այլ անձի կողմից: Փորձաքննությանը տրամադրվել են հետազոտելի փաստաթղթերի՝ ծանուցագրերի պատճենները՝ 6 թերթից: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի (թվով 2), 01.04.2016, 02.05.2016, 18.06.2016 թվականների (թվով 2) ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն-ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր տառերի հատվածում տեղադրված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ գ.թ. 53-57):

5) Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված «Փորձագիտական եզրակացությունը» (հատոր 2-րդ գ.թ. 85-87):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`

1) Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, որի առկայությունը, սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2) Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

1) Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ (...) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը` ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն, կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին), իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Նախկին օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

Նախկին օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի՝ մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ կիրառման հարցը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (տե՛ս, Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունները կրել են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսել: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Նշված նորմի կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանում դատական նիստին ներկա գտնվելու իրավունքն անվերապահորեն ճանաչել է միայն բողոք բերող անձի առնչությամբ, չնայած, միաժամանակ, թե՛ բողոք բերող անձին, թե՛ գործին մասնակցող անձանց դատական նիստին կանչելը (հրավիրելը, ծանուցելը) սահմանվել է որպես վերաքննիչ դատարանի «հայեցողական լիազորություն», քանի որ վերջինս այդ գործողությունները կատարում է միայն համապատասխան «անհրաժեշտության դեպքում»: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը (օրինակ` դատական կազմի մեջ ընդգրկված դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացում և այլն) չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Դատական ծանուցման վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը սույն գործով հարկ է համարում անդրադառնալ նաև Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի կարգավորմանը: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերն ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրն իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ՝ այդ հասցեում բնակվելու հանգամանքից (տե՛ս, Արամ Մակարյանն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքին և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի այնպես, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող մեխանիզմը կօգտագործի մյուս կողմին ի վնաս` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 14.09.2016 թվականի դատական նիստի վերաբերյալ ծանուցումն Աշոտ Բարսեղյանին ուղարկել է քաղաք Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, թիվ 8 տուն հասցեով: Նշված ծանուցումն Աշոտ Բարսեղյանը ստացել է 10.08.2016 թվականին: Հետագա՝ 28.09.2016, 16.11.2016, 21.12.2016 թվականներին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցումներն Աշոտ Բարսեղյանին ուղարկվել են նույն հասցեով, սակայն վերադարձվել են «տեղափոխված» նշումով: Վերաքննիչ դատարանը 16.11.2016 և 21.12.2016 թվականների դատական նիստերի վերաբերյալ Աշոտ Բարսեղյանի ծանուցումն իրականացրել է Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ծանուցագրերն ուղարկելով նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և տեղադրելով Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում:

Անդրադառնալով վերաքննության փուլում Աշոտ Բարսեղյանի ծանուցված լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննության փուլում Աշոտ Բարսեղյանը ստացել է առաջին դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը, իսկ հետագա ծանուցագրերը չի ստացել: Ընդ որում, այլ հասցե տեղափոխվելու վերաբերյալ Աշոտ Բարսեղյանը Վերաքննիչ դատարանին տեղեկություն չի հայտնել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Բարսեղյանի կողմից նախապես իր բնակության վայրի մասին տեղեկություններ ներկայացնելուց հետո այդ հասցեում փաստացի չգտնվելու և դատական ծանուցագրերը չստանալու պարագայում վերջինս է կրել իր իսկ մատնանշած հասցեով ուղարկված դատական ծանուցագրերը չստանալու` Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված բացասական հետևանքների ռիսկը: Այսինքն՝ փաստացի բնակության հասցեն փոփոխելու վերաբերյալ տեղեկության բացակայության պայմաններում ծանուցումները համարվում են հանձնված` անկախ Աշոտ Բարսեղյանի` այդ հասցեում բնակվելու հանգամանքից: Հետևաբար, սույն գործով հայցվոր Աշոտ Բարսեղյանը Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ թեև վերոգրյալն արդեն իսկ բավարար էր Աշոտ Բարսեղյանին պատշաճ ծանուցված համարելու համար, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը ձեռնարկել է պատշաճ ծանուցումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ ևս՝ Աշոտ Բարսեղյանին ծանուցելով նաև Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը դատավարական նորմի՝ Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում թույլ չի տվել, հետևաբար վճռաբեկ բողոքն այդ հիմքով անհիմն է:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ արտադատական կարգով ձեռք բերված փորձագիտական եզրակացությունը որպես ապացույց ընդունելու որոշ խնդիրներին:

 

2) Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) փորձագետների եզրակացություններով (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության), իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները, գնահատվեն որպես մեկ ապացույց (տե´ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են Նախկին օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջներն օրենքով սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվի հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում՝ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել Նախկին օրենսգրքով (տե՛ս, Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 28.12.2016 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 31.05.2016 թվականի դատական ակտն արձանագրել է, որ անդորրագրերը ստորագրված լինելու և փոստային բաժանմունքի կողմից Դատարան հետ վերադարձվելու պայմաններում փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է բողոք ներկայացրած անձը, քանի որ հետադարձ ստացման մասին անդորրագրերը ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել, այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Սույն դեպքում վերաքննիչ բողոք բերած անձինք տվյալ փաստն ապացուցելու համար ներկայացրել են փորձագետի եզրակացություն, որի համաձայն. «Փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի (թվով 2), 01.04.2016 թվականի, 02.05.2016 թվականի և 18.06.2016 թվականի ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն և ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր բառերի հատվածում տեղավորված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից ապացուցվել է, որ ստացման մասին անդորրագրերը ստորագրվել են ոչ թե սույն գործով պատասխանողներ Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ մեկ այլ անձի կողմից:

Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի կարգավորման պայմաններում որոշակի հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանումը գործնականում կարող էր իրականացվել երկու եղանակով՝ կա՛մ փորձագետի եզրակացությամբ, կա՛մ այդ հարցերի վերաբերյալ փաստաթուղթ՝ գրավոր ապացույց ներկայացնելով:

Ընդ որում, եթե Նախկին օրենսգրքի համաձայն՝ գրավոր ապացույց է համարվում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը կամ նյութը, որը ներկայացվում է գործին մասնակցող անձի կողմից, ապա փորձագետի եզրակացության համար անհրաժեշտ է, որ այն կազմված լինի Նախկին օրենսգրքի 60-62-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ: Մասնավորապես՝ ըստ Նախկին օրենսգրքի՝ փորձաքննությունը պետք է նշանակվի դատարանի որոշմամբ, որում պետք է փորձագետին առաջադրվեն հարցեր դատարանի կողմից՝ այդ թվում հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված հարցերը: Փորձաքննության ավարտին փորձագետի կազմած եզրակացությունը պետք է ներկայացվի դատարան և հետազոտվի դատական նիստում՝ այլ ապացույցների հետ միասին, դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Փաստորեն դատական փորձաքննության դատավարական ձևի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն իրականացվում է քաղաքացիադատավարական օրենքով սահմանված կարգով` փորձագետի կողմից, ով դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: Առանց այդ դատավարական ընթացակարգի պահպանման՝ հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը չի կարող ընդունվել և գնահատվել որպես փորձագետի եզրակացություն: Ուստի, այդպիսի փորձաքննության արդյունքը դատարանը չի կարող ընդունել որպես փորձագիտական եզրակացություն:

Վերոգրյալ վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «Փորձագետի եզրակացություն» վերտառությամբ փաստաթուղթը չի բավարարում Նախկին օրենսգրքով փորձագետի եզրակացությանը ներկայացված պահանջներին, քանի որ այն կատարվել է ոչ թե դատարանի որոշմամբ, այլ գործին մասնակցող անձի հանձնարարությամբ: Բացի այդ, փորձագետը դատարանի կողմից չի նախազգուշացվել ակնհայտ կեղծ եզրակացության համար քրեական պատասխանատվության մասին: Հետևաբար ներկայացված փաստաթուղթը չի կարող համարվել փորձագետի եզրակացություն՝ Նախկին օրենսգրքի իմաստով:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն Նախկին օրենսգրքի՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս գործին մասնակցող անձին ներկայացնելու փորձագետի եզրակացություն, որն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։

Անդրադառնալով «Փորձագետի եզրակացություն» վերտառությամբ փաստաթուղթը Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված փաստը հիմնավորող անհրաժեշտ և բավարար գրավոր ապացույց դիտարկելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Փորձագետի եզրակացություն» վերտառությամբ փաստաթուղթը սույն գործի շրջանակներում կարող էր հավակնել միայն համարվելու գրավոր ապացույց, սակայն գրավոր ապացույց համարվելով հանդերձ՝ դրա գնահատումը պետք է իրականացվեր Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նշված հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոգրյալ դիրքորոշումները: Այլ կերպ ասած՝ «Փորձագետի եզրակացություն» վերտառությամբ փաստաթուղթը պետք է գնահատվեր գործում առկա այլ ապացույցների համատեքստում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով որպես փորձագիտական եզրակացություն ներկայացված գրավոր ապացույցը բավարար չէր այն եզրահանգմանը հանգելու համար, որ ստացման մասին անդորրագրերը ստորագրվել են ոչ թե սույն գործով պատասխանողներ Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ մեկ ուրիշ անձի կողմից: Նման հետևության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ ներկայացված գրավոր ապացույցը պետք է միաժամանակ բավարարեր թույլատրելիության, վերաբերելիության, բավարարության և արժանահավատության պահանջներին, որպեսզի դատարանի մոտ ստեղծեր համոզմունք այն մասին, որ դրանում պարունակվող տեղեկություններն անհրաժեշտ և բավարար են վերոգրյալ եզրահանգման համար: Մինչդեռ որպես փորձագիտական եզրակացություն ներկայացված գրավոր ապացույցի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հստակ չէ, թե ինչ փաստաթղթերում առկա ստորագրություններն են համեմատվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի ստորագրությունների նմուշների հետ, այդ թվում նաև՝ եզրակացությանը կից հավելվածներում առկա չեն տվյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նաև կարևորում է այն, որ որպես փորձագիտական եզրակացություն ներկայացված գրավոր ապացույցում նշված է, որ փորձաքննության ժամանակ հետազոտվել են համապատասխան դատական ծանուցագրերի պատճենները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նախ ինքնին վիճելի է պատճենի հիման վրա կատարած փորձաքննության արժանահավատությունը, բացի այդ, անգամ այդ դեպքում ենթակա էր պարզման նաև փորձագետին տրված նյութերի նույնականացման հարցը, քանի որ համապատասխան դատական ծանուցագրերի բնօրինակները գտնվել են դատական գործի նյութերում:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը դատարանի կողմից առանցքային նշանակություն ունի դատավարության համար և չի կարող պայմանավորվել բացառապես ապացույցի վերաբերյալ դատավարության կողմերի արտահայտած դիրքորոշումներով: Ցանկացած դեպքում ապացույցները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել ապացույցի յուրաքանչյուր տեսակի համար դատավարական օրենքով նախատեսված ձևի և բովանդակության պահանջի պահպանումը:

Հաշվի առնելով վերը նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված «Փորձագիտական եզրակացություն» վերտառությամբ փաստաթղթի հիմքով ապացուցված համարել վերաքննիչ բողոքի հիմքում դրված փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ հետաձգված վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

  Գ. Հակոբյան
 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

 

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՄԴ/0341/02/16 քաղաքացիական գործով 10.04.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

10.04.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի ապրիլի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտ Բարսեղյանի ընդդեմ Լիլիթ Մնացականյանի և Տիգրան Պողոսյանի (այսուհետ` նաև Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին1, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի և եզրափակիչ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը

«Դիմելով դատարան՝ Աշոտ Բարսեղյանը պահանջել է Տիգրան Պողոսյանից և Լիլիթ Մնացականյանից հօգուտ իրեն բռնագանձել 11.888.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.05.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը փոխառությամբ տրված գումարի նկատմամբ հաշվարկել և պատասխանողներից բռնագանձել տոկոսներ` կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված դրույթները` բռնագանձումը տարածելով պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան) 31.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Տիգրան Պողոսյանից և Լիլիթ Մնացականյանից հօգուտ Աշոտ Բարսեղյանի համապարտության կարգով բռնագանձվել է 11.888.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար: Տիգրան Պողոսյանից և Լիլիթ Մնացականյանից հօգուտ Աշոտ Բարսեղյանի համապարտության կարգով բռնագանձվել է` փոխառության գումարի՝ 11.888.000 ՀՀ դրամի, նկատմամբ 25.05.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվարկված տոկոսագումարը: Տիգրան Պողոսյանին և Լիլիթ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին հայցապահանջը` մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.12.2016 թվականի որոշմամբ Լիլիթ Մնացականյանի և Տիգրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 31.05.2016 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Բարսեղյանը»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

 «Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

1) Վերաքննիչ դատարանը խախտել է Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը խստորեն կիրառելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի դրույթները ինքն է խախտել այդ հոդվածի պահանջները, դատական նիստի և ժամանակի մասին բողոքաբերին չծանուցելով:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 31.05.2016 թվականի դատական ակտը, հաստատված է համարել պատասխանողների պատշաճ ծանուցված չլինելու փաստը` հիմքում դնելով 05.10.2016 թվականին, բողոքաբերների կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 03.10.2016 թվականի թիվ 4152601 եզրակացությունը:

Վերաքննիչ դատարանի համար կողմերի ծանուցված չլինելու փաստարկը և դա հաստատող փորձագետի եզրակացությունը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ դատական ակտը բեկանելու համար: Նմանատիպ փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Բացի այդ, դատաձեռագրաբանական եզրակացությունը արվել է պատճենների հիման վրա, հետևաբար փորձագիտական եզրակացությունը հիմնավոր չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.05.2016 թվականի վճռին»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Դատարանը 14.03.2016, 14.04.2016, 17.05.2016 թվականներին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը Տիգրան Պողոսյանին ուղարկել է քաղաք Երևան, Ջամբուլի փողոց, թիվ 30 տուն հասցեով, իսկ Լիլիթ Մնացականյանին` քաղաք Երևան, Մելիքյան փողոց, թիվ 20 տուն հասցեով, դատական ծանուցագրերը Տիգրան Պողոսյանը և Լիլիթ Մնացականյանը ստացել են համապատասխանաբար 26.02.2016, 01.04.2016, 02.05.2016 թվականներին (հատոր 1-ին գ.թ. 33, 35, 47, 49, 67, 70):

2) Դատարանի 31.05.2016 թվականին կայացված վճռի օրինակը Տիգրան Պողոսյանին ուղարկվել է քաղաք Երևան, Ջամբուլի փողոց, թիվ 30 տուն հասցեով, իսկ Լիլիթ Մնացականյանին` քաղաք Երևան, Մելիքյան փողոց թիվ 20 տուն հասցեով, վճռի օրինակները Տիգրան Պողոսյանը և Լիլիթ Մնացականյանը ստացել են 18.06.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 84, 86):

3) Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարան 05.10.2016 թվականին ներկայացվել է ապացույցը գործին կցելու մասին դիմում, որին կից ներկայացվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը (հատոր 2-րդ, գ.թ. 52):

4) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննության հիմք է հանդիսացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հ. Հարությունյանի 28.09.2016 թվականի դիմումը՝ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին: Փորձաքննության համար առաջադրվել է հետևյալ հարցը՝ փորձաքննությանը տրամադրված թվով 6 ծանուցագրերի պատճեններում առկա ստորագրությունները կատարված են Տիգրան Պողոսյանի, Լիլիթ Մնացականյանի, թե մեկ այլ անձի կողմից: Փորձաքննությանը տրամադրվել են հետազոտելի փաստաթղթերի՝ ծանուցագրերի պատճենները՝ 6 թերթից: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի (թվով 2), 01.04.2016, 02.05.2016, 18.06.2016 թվականների (թվով 2) ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն-ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր տառերի հատվածում տեղադրված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ գ.թ. 53-57):

5) Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը (հատոր 2-րդ գ.թ. 85-87)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`

1) Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, որի առկայությունը, սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2) Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

1) Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ (...) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը` ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն, կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին), իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Նախկին օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

Նախկին օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի՝ մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ կիրառման հարցը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (տե՛ս, Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունները կրել են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսել: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Նշված նորմի կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանում դատական նիստին ներկա գտնվելու իրավունքն անվերապահորեն ճանաչել է միայն բողոք բերող անձի առնչությամբ, չնայած, միաժամանակ, թե՛ բողոք բերող անձին, թե՛ գործին մասնակցող անձանց դատական նիստին կանչելը (հրավիրելը, ծանուցելը) սահմանվել է որպես վերաքննիչ դատարանի «հայեցողական լիազորություն», քանի որ վերջինս այդ գործողությունները կատարում է միայն համապատասխան «անհրաժեշտության դեպքում»: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը (օրինակ` դատական կազմի մեջ ընդգրկված դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացում և այլն) չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Դատական ծանուցման վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը սույն գործով հարկ է համարում անդրադառնալ նաև Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի կարգավորմանը: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերն ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրն իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ՝ այդ հասցեում բնակվելու հանգամանքից (տե՛ս, Արամ Մակարյանն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքին և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի այնպես, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող մեխանիզմը կօգտագործի մյուս կողմին ի վնաս` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 14.09.2016 թվականի դատական նիստի վերաբերյալ ծանուցումն Աշոտ Բարսեղյանին ուղարկել է քաղաք Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, թիվ 8 տուն հասցեով: Նշված ծանուցումն Աշոտ Բարսեղյանը ստացել է 10.08.2016 թվականին: Հետագա՝ 28.09.2016, 16.11.2016, 21.12.2016 թվականներին նշանակված նիստերի վերաբերյալ ծանուցումներն Աշոտ Բարսեղյանին ուղարկվել են նույն հասցեով, սակայն վերադարձվել են «տեղափոխված» նշումով: Վերաքննիչ դատարանը 16.11.2016 և 21.12.2016 թվականների նիստերի վերաբերյալ Աշոտ Բարսեղյանի ծանուցումն իրականացրել է Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ծանուցագրերն ուղարկելով նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և տեղադրելով Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում:

Անդրադառնալով վերաքննության փուլում Աշոտ Բարսեղյանի ծանուցված լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննության փուլում Աշոտ Բարսեղյանը ստացել է առաջին դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը, իսկ հետագա ծանուցագրերը չի ստացել: Ընդ որում, այլ հասցե տեղափոխվելու վերաբերյալ Աշոտ Բարսեղյանը Վերաքննիչ դատարանին տեղեկություն չի հայտնել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Բարսեղյանի կողմից նախապես իր բնակության վայրի մասին տեղեկություններ ներկայացնելուց հետո այդ հասցեում փաստացի չգտնվելու և դատական ծանուցագրերը չստանալու պարագայում վերջինս է կրել իր իսկ մատնանշած հասցեով ուղարկված դատական ծանուցագրերը չստանալու` Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված բացասական հետևանքների ռիսկը: Այսինքն՝ փաստացի բնակության հասցեն փոփոխելու վերաբերյալ տեղեկության բացակայության պայմաններում ծանուցումները համարվում են հանձնված` անկախ Աշոտ Բարսեղյանի` այդ հասցեում բնակվելու հանգամանքից: Հետևաբար՝ սույն գործով հայցվոր Աշոտ Բարսեղյանն Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ թեև վերոգրյալն արդեն իսկ բավարար էր Աշոտ Բարսեղյանին պատշաճ ծանուցված համարելու համար, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը ձեռնարկել է պատշաճ ծանուցումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ ևս՝ Աշոտ Բարսեղյանին ծանուցելով նաև Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը դատավարական նորմի՝ Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում թույլ չի տվել, հետևաբար վճռաբեկ բողոքն այդ հիմքով անհիմն է:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ արտադատական կարգով ձեռք բերված փորձագիտական եզրակացությունը որպես ապացույց ընդունելու որոշ խնդիրներին:

 

2) Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) փորձագետների եզրակացություններով (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության), իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները, գնահատվեն որպես մեկ ապացույց (տե´ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են Նախկին օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջներն օրենքով սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվի հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում՝ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել Նախկին օրենսգրքով (տե՛ս, Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 28.12.2016 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 31.05.2016 թվականի դատական ակտն արձանագրել է, որ անդորրագրերը ստորագրված լինելու և փոստային բաժանմունքի կողմից Դատարան հետ վերադարձվելու պայմաններում փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է բողոք ներկայացրած անձը, քանի որ հետադարձ ստացման մասին անդորրագրերը ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել, այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Սույն դեպքում վերաքննիչ բողոք բերած անձինք տվյալ փաստն ապացուցելու համար ներկայացրել են փորձագետի եզրակացություն, որի համաձայն. «Փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի (թվով 2), 01.04.2016 թվականի, 02.05.2016 թվականի և 18.06.2016 թվականի ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն և ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր բառերի հատվածում տեղավորված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից ապացուցվել է, որ ստացման մասին անդորրագրերը ստորագրվել են, ոչ թե սույն գործով պատասխանողներ Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ մեկ այլ անձի կողմից:

Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական փորձաքննության դատավարական ձևի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն իրականացվում է քաղաքացիադատավարական օրենքով սահմանված կարգով` փորձագետի կողմից, ով դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: Առանց այդ դատավարական ընթացակարգի պահպանման, հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը չի կարող ընդունվել և գնահատվել որպես փորձագետի եզրակացություն: Ուստի, այդպիսի փորձաքննության արդյունքը դատարանը չի կարող ընդունել որպես փորձագիտական եզրակացություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտադատական կարգով իրականացված փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական եզրակացությունը կարող է ապացուցողական նշանակություն ունենալ առնվազն այն դեպքում, երբ դատարանը փորձաքննություն կատարած անձին հրավիրում է դատական նիստին, ստուգում է վերջինիս որակավորումը և ճանաչելով որպես փորձագետ նախազգուշացնում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:

Բացի այդ, ենթակա էր պարզել նաև փորձաքննության համար տրված նյութերի նույնականության հարցը, քանի որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունն իրականացնելու համար անհրաժեշտ նյութերը՝ դատական ծանուցագրերն ուղարկելու փոստային առաքանու հետադարձ ծանուցումները, գտնվել են քաղաքացիական գործի նյութերում, հետևաբար համեմատության համար տրված ստորագրությունների փորձանմուշների պատկանելիության հարցը ևս Վերաքննիչ դատարանի կողմից պարզված չէ:

Սույն պարագայում Վերաքննիչ դատարանը չէր կարող ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագիտական եզրակացության հիմքով ապացուցված համարել վերաքննիչ բողոքի հիմքում դրված փաստը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը դատարանի կողմից առանցքային նշանակություն ունի դատավարության համար և չի կարող պայմանավորվել բացառապես ապացույցի վերաբերյալ դատավարության կողմերի արտահայտած դիրքորոշումներով: Ցանկացած դեպքում ապացույցները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել ապացույցի յուրաքանչյուր տեսակի համար դատավարական օրենքով նախատեսված ձևի և բովանդակության պահանջի պահպանումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման թիվ 2-ի ներքո նշված պատճառաբանական մասում, ինչպես նաև եզրափակիչ մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 31.05.2016 թվականի վճռով Աշոտ Բարսեղյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Համապատասխանողները՝ որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտման հիմնավորում նշելով նաև այն, որ Դատարանում իրենք չեն ծանուցվել որոշակի օրերին և ժամերին նշանակված դատական նիստերի մասին, ծանուցագրերի վրա առկա ստորագրություններն իրենցը չեն՝ դրանք ստորագրված են այլ անձանց կողմից՝ որպես այդ հիմնավորումը հաստատող ապացույց վկայակոչելով փորձագետի եզրակացությունը։

Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Համապատասխանողների ներկայացուցիչը Վերաքննիչ դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագետի եզրակացությունը, որի համաձայն՝ փորձագետ Հ. Հարությունյանը հետևություն է արել այն մասին, որ փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի թվով երկու, 01.04.2016 թվականի, 02.05.2016 թվականի և 18.06.2016 թվականի թվով երկու ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն-ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր բառերի հատվածում տեղադրված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «ստացման մասին անդորրագրերը ստորագրված լինելու և փոստային բաժանմունքի կողմից Դատարան հետ վերադարձվելու պայմաններում փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է բողոքաբերը, քանի որ հետադարձ ստացման մասին անդորրագրերը ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Սույն դեպքում բողոքաբերները տվյալ փաստն ապացուցելու համար ներկայացրել են փորձագետի եզրակացություն, որի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի թվով 2, 01.04.2016 թվականի, 02.05.2016 թվականի և 18.06.2016 թվականի ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն և ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր բառերի հատվածում տեղավորված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից», գտել է, որ «բողոքաբերի կողմից ապացուցվել է, որ ստացման մասին անդորրագրերն ստորագրվել են ոչ թե սույն գործով պատասխանողներ Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ՝ մեկ այլ անձի կողմից: Թեև Տիգրան Պողոսյանը մասնակցել է 14.03.2016 թվականին ժամը 14։30-ին նշանակված դատական նիստին, սակայն մյուս նիստերի տեղի և ժամանակի մասին դատական ծանուցագրերը, ըստ փորձագետի եզրակացության, ստորագրվել են այլ անձի կողմից, հետևաբար հիմնավոր է բողոքաբերների այն փաստարկը, ըստ որի գործի քննությունն անցկացվել է առանց դատական նիստերի տեղի և ժամանակի մասին իրենց պատշաճ ծանուցելու»։

Վերոգրյալի հիման վրա 28.12.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը Համապատասխանողների վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 31.05.2016 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության՝ Լիլիթ Մնացականյանին և Տիգրան Պողոսյանին հնարավորություն տալով իրականացնելու իրենց արդար դատաքննության իրավունքը։

Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Բարսեղյանը՝ վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքի հիմք այդ մասով նշելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի խախտում թույլ տալը, իսկ որպես դրա հիմնավորում նշելով, որ վերը նշված եզրակացությունը չէր կարող Վերաքննիչ դատարանի համար բավարար հիմք հանդիսանալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված չլինելու վերաբերյալ հետևություն անելու համար. դրա համար անհրաժեշտ էր գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, որը Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել։ Բացի այդ, պատճենահանված ծանուցագրերով անցկացված փորձաքննությունը չի կարող լինել արժանահավատ։

Այժմ Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ՝

1) դատական փորձաքննության դատավարական ձևի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն իրականացվում է քաղաքացիադատավարական օրենքով սահմանված կարգով` փորձագետի կողմից, ով դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: Առանց այդ դատավարական ընթացակարգի պահպանման, հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը չի կարող ընդունվել և գնահատվել որպես փորձագետի եզրակացություն: Ուստի, այդպիսի փորձաքննության արդյունքը դատարանը չի կարող ընդունել որպես փորձագիտական եզրակացություն,

2) արտադատական կարգով իրականացված փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական եզրակացությունը կարող է ապացուցողական նշանակություն ունենալ առնվազն այն դեպքում, երբ դատարանը փորձաքննություն կատարած անձին հրավիրում է դատական նիստին, ստուգում է վերջինիս որակավորումը և ճանաչելով որպես փորձագետ՝ նախազգուշացնում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին,

3) ենթակա էր պարզման նաև փորձաքննության համար տրված նյութերի նույնականության, համեմատության համար տրված ստորագրությունների փորձանմուշների պատկանելիության հարցերը ևս, որոնք Վերաքննիչ դատարանը չի պարզել,

գտել է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագիտական եզրակացության հիմքով ապացուցված համարել վերաքննիչ բողոքի հիմքում դրված փաստը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 60-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է բացառապես վերը նշված թվով 3 շարժառիթներով: Նշված շարժառիթներից առաջինը և երկրորդը վերլուծելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով՝ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, նպատակ է ունեցել Վերաքննիչ դատարանին վերագրելու նախկին քաղաքացիադատավարական օրենքով սահմանված դատական փորձաքննության կանոնների խախտումներ, որոնք տվյալ դեպքում պայմանավորել է նրանով, որ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել այնպիսի փորձաքննության արդյունք և այն դիտել որպես փորձագիտական եզրակացություն, որը տված փորձագետին չի հրավիրել դատական նիստին, չի ստուգել վերջինիս որակավորումը, չի ճանաչել որպես փորձագետ, չի նախազգուշացրել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին, և նրանից ստորագրություն չի վերցրել նախազգուշացման մասին ու չի կցել դատական նիստի արձանագրությանը։

Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի բովանդակությունից բխել է, որ վերաքննիչ բողոքում պետք է նշում կատարվի նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, իսկ նույն կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ պետք է նշվի դրա վերաբերյալ հիմնավորումը։

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Դատարանի 31.05.2016 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում այն ներկայացրած անձանց կողմից նշվել է ինչպես համապատասխան դատավարական իրավունքի նորմի խախտման մասին, այնպես էլ՝ դրա վերաբերյալ հիմնավորումը, որի համաձայն՝ վերաքննիչ բողոք ներկայացրած անձինք չեն ծանուցվել որոշակի օրերին և ժամերին նշանակված դատական նիստերի մասին, ծանուցագրերի վրա առկա ստորագրություններն իրենցը չեն՝ դրանք ստորագրված են այլ անձանց կողմից։ Ի հաստատումն նշված հիմնավորման՝ վերաքննիչ բողոք ներկայացրած անձանց կողմից ներկայացվել է վերը նշված փորձագետի եզրակացությունը։

Ինչպես վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ գործած Նախկին օրենսգիրքը, այնպես էլ այլ նորմատիվ իրավական ակտերը Վերաքննիչ դատարանի համար չեն նախատեսել լիազորություն՝ արտադատարանական կարգով ձեռք բերված և ի հաստատումն վերաքննիչ բողոքում նշված տվյալ հիմքերի (որ պատշաճ ձևով չեն ծանուցվել որոշակի օրերին և ժամերին նշանակված դատական նիստերի մասին, ծանուցագրերի վրա առկա ստորագրություններն իրենցը չեն՝ դրանք ստորագրված են այլ անձանց կողմից) ներկայացված մասնագիտական եզրակացություններով կատարելու Վճռաբեկ դատարանի կողմից վկայակոչված վերը նշված դատավարական գործողությունները։ Ավելին՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

Ի տարբերություն Նախկին օրենսգրքի՝ ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը որոշակի կանոն է նախատեսել գործին մասնակցող անձանց կողմից արտադատական կարգով ձեռք բերված փորձագետի եզրակացություններին իրենց ապացուցողական նշանակությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացություններին հավասարազոր դարձնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ կարծում եմ, որ նշված կանոնը բացառապես կիրառելի է առաջին ատյանի դատարանների կողմից՝ հիմք ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի սկզբունքները և համապատասխան ինստիտուտների վերաբերյալ տրված կարգավորումները։

Նման պայմաններում գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված վերը նշված գործողությունները չկատարելը որպես քաղաքացիադատավարական օրենքով սահմանված դատական փորձաքննության կանոնների խախտումներ Վերաքննիչ դատարանին վերագրելը չի բխում իմ կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումից։

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված «փորձագետի եզրակացությունը», որպես ի հաստատումն վերաքննիչ բողոքում նշված համապատասխան հիմքի ներկայացված գրավոր ապացույց, ենթակա էր հետազոտման և գնահատման Վերաքննիչ դատարանի կողմից՝ պարզելու համար վերաքննիչ բողոքում նշված համապատասխան հիմքի առկայությունը կամ բացակայությունը, որպիսի գործողությունները և կատարել է Վերաքննիչ դատարանը։

Նման պայմաններում կարծում եմ, որ վերը նշված 1-ին և 2-րդ շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հիմք հանդիսացած երրորդ շարժառիթին, ապա կարծում եմ, որ այն ևս չէր կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ ինչպես վճռաբեկ բողոք բերած անձն իր վճռաբեկ բողոքում չի հիմնավորել «պատճենահանված ծանուցագրերով արված դատաձեռագրաբանական փորձաքննության» անարժանահավատությունը, այնպես էլ՝ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ չի հիմնավորել երրորդ շարժառիթի հիմքով դատական ակտը բեկանելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված վճռաբեկ բողոք ներկայացրած անձի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությամբ։

 

Վերը նշված պատճառաբանությամբ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով ևս ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի 28.12.2016 թվականի որոշումը՝ անփոփոխ թողնման։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

______________
1 Պահանջը նշված է Վճռաբեկ դատարանի որոշումից բառացի՝ չնայած սույն գործով ներկայացված է նաև այլ պահանջ. մյուս բոլոր մեջբերումները Վճռաբեկ դատարանի որոշումից նույնպես կատարվել են բառացի՝ առանց որևէ խմբագրման։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան