ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2020 թվականի N 417-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 359-L որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 359-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Միջոցառման համար ֆինանսական միջոցների հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ Միջոցառման իրականացման պատասխանատու մարմին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 31 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 31-ի N 417-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ
1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:
2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը, բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետական կառավարչական հիմնարկների։
3. Օժանդակությունը տրամադրվում է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով ունեցել են ամսեկան 2-ից 50 աշխատակից (ներառյալ 2 և 50), ընդ որում՝ հաշվի չառնելով 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թվաքանակը։
4. 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած տնտեսավարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի մարտ ամսվա համար եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելուն պես, տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում՝ Միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե տնտեսավարողի կողմից 2020 թվականի մարտ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների թվաքանակը և աշխատավարձի վճարմանն ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեծությունը, գերազանցում է (կամ հավասար է) հունվար և փետրվար ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում հայտարարագրված աշխատակիցների թվաքանակը և ԱՎՈՒՄ-ի մեծությունը՝ հաշվի չառած 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թվաքանակն ու նրանց ԱՎՈՒՄ-ի մեծությունը։
5. ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին Միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո, տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար։
6. ՀՀ ՊԵԿ կողմից դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան։
7. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՀՀ ՊԵԿ կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`
1) շահառուի անվանումը.
2) շահառուի ՀՎՀՀ-ն.
3) շահառուի բանկի անվանումը և հաշվի համարը.
4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը.
8. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |