Գլխավոր տեղեկություն
Номер
N 920-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.04.2020-20.04.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.653
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2002
Дата вступления в силу
10.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 920-Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.04.20 N 521-Ն)

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

(1-ին կետը փոփ. 09.04.20 N 521-Ն)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ վերակազմավորված`

ա) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Դիլիջան» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.

բ) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում,

երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

«Դիլիջան» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում,

գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Դիլիջան» պետական արգելոց» պետական հիմնարկի տնօրինության`

պետական սեփականություն հանդիսացող գույքը, համաձայն NN 3 և 4 հավելվածների, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

շենքերը և շինությունները, համաձայն N 5 հավելվածի, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական նախագծերի, «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

(2-րդ կետը լրաց. 09.04.20 N 521-Ն)

3. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 22.02.18 N 166-Ն, 10.10.19 N 1442-Ն, 09.04.20 N 521-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) «Դիլիջան» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Դիլիջան» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտիավորման սխեմայի կազմումը, պարկի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումը և, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Դիլիջան» պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դիլիջան» ազգային պարկը (այսուհետ` պարկ) կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ` Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ կազմակերպված «Դիլիջան» պետական արգելոցի և դրան հարակից տարածքների սահմաններում:

2. Պարկը հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք է:

3. Պարկի ստեղծման նպատակներն են`

1) Աղստև և Գետիկ գետերի ավազանների ջրային և ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

2) հյուսիսային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց բնակության միջավայրի պահպանությունը.

3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը.

4) պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսումն ու գնահատումը.

5) բնական օբյեկտների, այդ թվում` կենսաբանական պաշարների արդյունավետ օգտագործումը, օգտագործման ձևերի ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակումը.

6) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպումը, բնության տարեգրության վարումը և պարկի ու հարակից տարածքների բնության թանգարանի գործունեության կազմակերպումը.

7) ճանաչողական զբոսաշրջության և ռեկրեացիայի զարգացման նախադրյալների ապահովումը.

8) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության և իրազեկման աշխատանքների իրականացման ապահովումը:

4. Պարկի հողերը հանդիսանում են հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ներառում են բնապահպանական, պատմական և մշակութային և այլ նշանակության հողեր, որոնց վրա օրենքով սահմանված կարգով արգելվում է պարկի նպատակային նշանակությանը հակասող գործունեություն: Այլ հողատերերի, հողօգտագործողների և հողամասերի սեփականատերերի հողերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց շենքերն ու կառույցները, որոնք գտնվում են պարկի սահմաններում, օգտագործվում են իրենց նշանակությանը համապատասխան` այդ անձանց կողմից պահպանելով բնապահպանական նորմերը` սահմանված սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Պարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Դիլիջան» ազգային պարկ.

2) հայերեն կրճատ` «Դիլիջան» ԱՊ.

3) ռուսերեն լրիվ` Национальный парк "Дилижан".

4) ռուսերեն կրճատ` НП "Дилижан".

5) անգլերեն լրիվ` Dilijan National Park.

6) անգլերեն կրճատ` Dilijan NP:

 

II. ՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ

 

6. Պարկի կառավարման պլանը կազմվում է համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և անհրաժեշտության դեպքում ենթակա է վերանայման:

 

III. ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԱԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

7. Պարկի տարածքը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 204-Ն որոշմամբ հաստատված «Դիլիջան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի, բաժանվում է հետևյալ տարածքագործառնական գոտիների`

1) արգելոցային` ընդգրկում է «Աղավնավանքի կենու», «Խաչարձանի կաղնուտներ», «Բնական սոճուտներ» և «Հաղարծնի հաճարկուտներ» արգելոցները.

2) արգելավայրային` ընդգրկում է «Դիլիջանի ջրաբանական» և «Ֆրոլովա Բալկա» արգելավայրերը.

3) ռեկրեացիոն.

4) տնտեսական:

8. Արգելոցային գոտիների ստեղծման նպատակներն են`

1) հատապտղային կենու, որպես հազվագյուտ հանդիպող ռելիկտային տեսակ, պահպանության ապահովումը.

2) բնական կաղնուտների, սոճուտների և հաճարկուտների պահպանության ապահովումը.

3) արգելոցի տարածքին հատուկ բնական լանդշաֆտների պահպանումը.

4) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.

5) ճանաչողական զբոսաշրջության և ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (դպրոցականների ճանաչողական էքսկուրսիաներ), ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման ապահովումը` արգելոցների պահպանության ռեժիմին համապատասխան.

6) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը.

7) մարդածին բացասական ազդեցության կանխարգելումն արգելոցի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնականոն զարգացման վրա:

9. Արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներն են`

1) Դիլիջան քաղաքի խմելու ջրի մատակարարման աղբյուրների ու դրանց միջավայրի պահպանության ապահովումը.

2) հանքային աղբյուրների ու դրանց միջավայրի պահպանության ապահովումը.

3) արգելավայրերի տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.

4) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.

5) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը:

10. Ռեկրեացիոն գոտու ստեղծման նպատակներն են`

1) բնական լանդշաֆտների, բուսական ծածկույթի, բնական և մշակութային ժառանգության բնապատմական և գեղագիտական արժեքների պահպանության ապահովումը քաղաքացիների հանգստի կազմակերպման համար.

2) ազգային պարկի տարածքի զբոսաշրջային կարողությունների բացահայտումն ու պահպանումը և զբոսաշրջության տարբեր ձևերի, այդ թվում` ճանաչողական զբոսաշրջության զարգացմանը նպաստելը.

3) ռեկրեացիոն գոտու տարածքների նպատակային օգտագործման ապահովումը.

4) ռեկրեացիոն գոտում առկա պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանման գոտիների պահպանության ապահովումը.

5) ռեկրեացիոն գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:

11. Տնտեսական գոտու ստեղծման նպատակներն են`

1) պարկի տնտեսական գոտու տարածքին բնորոշ արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների պահպանության, վերարտադրության, էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վերականգնման, էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման, բնական պաշարների կայուն օգտագործման և պարկի ռեժիմով չարգելված այլ տնտեսական գործունեության ծավալման ապահովումը.

2) ընդերքի, ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական պաշարների արդյունավետ օգտագործման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

3) տնտեսական գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

12. Պարկի պահպանման գոտին ընդգրկում է պարկին հատկացված տարածքում Աղստև և Գետիկ գետերի ջրահավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանման գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Պարկի պահպանման գոտու տարածքում թույլատրվում է պարկի էկոլոգիական համակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների և դրանց պահպանման գոտիների պահպանությանը չվնասող, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

 

V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Պարկի պահպանությունն իրականացնում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

 

VI. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

 

15. Պարկի արգելոցային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ռեժիմը: Պարկի արգելոցային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) «Աղավնավանքի կենու» արգելոցում կենի հատապտղային տեսակի բնական միջավայրի, «Աղավնավանք» պատմաճարտարապետական հուշարձանի և դրա պահպանման գոտու պահպանությունը.

2) «Խաչարձանի կաղնուտներ» արգելոցում կաղնիների բնական միջավայրի պահպանությունը.

3) «Բնական սոճուտներ» արգելոցում սոճիների բնական միջավայրի պահպանությունը.

4) «Հաղարծնի հաճարկուտներ» արգելոցում հաճարենի արևելյան տեսակի բնական միջավայրի պահպանությունը.

5) կենդանիներին և թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.

6) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.

7) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը).

8) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը:

16. Պարկի արգելավայրային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ռեժիմը: Պարկի արգելավայրային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) «Դիլիջանի ջրաբանական» արգելավայրում Դիլիջան քաղաքի խմելու ջրի մատակարարման աղբյուրների ու դրանց բնական միջավայրի պայմանների պահպանությունը.

2) «Ֆրոլովա Բալկա» արգելավայրում հանքային աղբյուրների բնական միջավայրի պայմանների պահպանությունը.

3) կենդանիներին և թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.

4) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.

5) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը).

6) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.

7) որսորդության և ձկնորսության բացառումը.

8) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և օգտագործման բացառումը.

9) բույսերի պաշտպանության նպատակով թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործման բացառումը.

10) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ այլ թունավոր նյութերի արտադրության, օգտագործման և պահեստավորման բացառումը.

11) հողային ծածկույթի խախտում առաջացնող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործման, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխման բացառումը:

17. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի ռեկրեացիոն գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.

2) կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով տարածքի աղտոտման բացառումը.

3) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

18. Պարկի տնտեսական գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի տնտեսական գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.

2) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

 

VII. ՊԱՐԿԻ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

19. Պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված օգտագործման ձևերը: Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են`

1) արգելոցների ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առավելագույնը` 2 հատ, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը.

2) արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

3) տարածքի սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:

20. Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ, առավելագույնը` 3 ժամով:

21. Արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 1000-1800-ն` կազմակերպության կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

 

VIII. ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

22. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Ռեկրեացիոն գոտու տարածքներում թույլատրվում են`

1) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

2) բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

3) տվյալ տարածքի համար սահմանված քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կապիտալ շինարարությունը:

23. Ռեկրեացիոն գոտու մուտքն ազատ է:

24. Ռեկրեացիոն գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

25. Ռեկրեացիոն գոտու տարածքում գտնվող սեփականատերերն իրենց տարածքների օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:

26. Ռեկրեացիոն գոտում քաղաքացիների կարճատև հանգիստն անվճար է, եթե նրանք չեն օգտվում ռեկրեացիոն գոտու տարածքում մատուցվող սպասարկման ծառայություններից:

 

IX. ՊԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

27. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Տնտեսական գոտու տարածքներում թույլատրվում են`

1) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

2) կազմակերպության կողմից սահմանված վայրերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունագործական նպատակներով ձկնորսությունը և խեցգետնաորսությունը, կողմնակի անտառօգտագործումը և անտառշահագործումը, այդ թվում` հատապտուղների, սերմերի, տնտեսական արժեք ներկայացնող բուսատեսակների, թափուկի հավաքը, խոտհունձը, ինչպես նաև մեղվապահության նպատակով տարածքների վարձակալության տրամադրումը.

3) կառավարման պլանում անտառային ֆոնդի գույքագրման տվյալների հիման վրա տարեկան կտրվածքով սանիտարական և խնամքի հատումների հատատեղերի հատկացումը.

4) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

5) տրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված վայրերում մուտքն ու կանգառը.

6) առանձնացված վայրերում վրանների տեղադրումը և խարույկ վառելը.

7) առանձնացված վայրերում սիրողական և մարզական ձկնորսությունը.

8) տվյալ տարածքի համար սահմանված քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կապիտալ շինարարությունը:

28. Տնտեսական գոտու մուտքն ազատ է:

29. Տնտեսական գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

30. Տնտեսական գոտու տարածքում գտնվող սեփականատերերն իրենց տարածքների օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:

31. Տնտեսական գոտում քաղաքացիների կարճատև հանգիստն անվճար է, եթե նրանք չեն օգտվում տնտեսական գոտու տարածքում մատուցվող սպասարկման ծառայություններից:

(հավելվածը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

 
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ)

 

Գույքի անվանումը

2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ

քանակը
(հատ)

գումարը
(դրամ)

Կահույքի լրակազմ (կոմպլեկտ), (գրասեղան, սեղանիկ)

2

2800

Նիստերի սեղան

3

2600

Գրասեղան

8

5600

Գրապահարան

5

3400

Աթոռներ

50

1000

Պահարանների լրակազմ

1

1000

Հեռախոս. կապի լրակազմ

1

100000

Ամբիոն

1

500

Գրամեքենա «Ուկրաինա»

2

3400

Գրամեքենա «Լիստվիցա»

1

2200

Լուսամփոփ (ջահ)

2

1500

Էլ. շարժիչ (բենզ.)

1

74900

Նավթամթերքի լցավորման աշտարակ (կոլոնկա)

3

600

Նավթամթերքի տարողություն

4

6700

Էլ. էներգ. կուտակիչ. ենթակայան

1

2100

Էլ. եռակցման ապարատ

1

4500

Մետաղյա դարպաս

1

1000

Վերամբարձ կռունկ

1

900

Տրակտոր ԴՏ-75

5

579500

Տրակտոր  Տ-40

1

4100

Գութան ՊՊ-30

1

500

Փոցխ` տրակտորի

1

800

Մոտոպոմպ

1

500

Ավտոմեքենա «ԳԱԶ-66»

4

92100

Ավտոմեքենա «ԿԱՎԶ»

1

21100

Ավտոմեքենա «ԳԱԶ-53»

2

27300

Ավտոմեքենա «ԻԺ-27»

2

26000

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-469»

1

9700

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-451»

1

16800

Ավտոմեքենա «ԶԻԼ-157»

1

19100

Մոտոցիկլ «Դնեպր»

2

16700

Փայտամշակման հաստոց

1

900

Սղոց ռ/634-բ

1

1322900

Ընդամենը

113

2352700

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ)

 

Գույքի անվանումը

2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ

քանակը (հատ)

գումարը (դրամ)

Գազի սարք

1

139

Հոսանահատիչ (ռուբիլնիկ)

1

16000

Կրակմարիչ

5

50000

Տրակտորի թողարկման շարժիչ (պուսկաչ)

1

75000

Պահպանակ (նակլադկա) 503501106

5

40

Պահպանակ 5135001105

2

16

Պահպանակ 3500700200

10

154

Լծակիկ (ռիչաժոկ)

7

56

Հեռախոս

7

350

Երկաթյա պահարան

9

540

Կախիչ` հայելիով

3

135

Գրքերի պահարան

2

540

Սեղան

1

77

Գրասեղան

2

274

Հեռախոսների լրակազմ

6

27679

Օդաջեռուցիչ (կալորիֆեր)

2

20000

Վառարան

8

88000

Ընդամենը

72

279000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Անվանումը

Քանակը
(հատ)

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

Գրասենյակի շենք

1

733700

Ծածկ (գարաժ)` մեքենայի համար` 6 տեղ

1

120600

Չորանոց

1

16700

Անասնագոմ

1

17200

Ընդամենը

4

888200

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան