Գլխավոր տեղեկություն
Номер
N 245-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2020
Дата вступления в силу
10.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2020 թվականի N 245-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-399-02.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 6

Երևան

    

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-399-02.12.2019-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն առաջարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածում լրացնել

«ժբ)» կետ, որի համաձայն պետական կազմակերպության գործադիր մարմինը չի կարող աշխատանքի նշանակել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), եթե նրանց աշխատանքը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝

1. Հարկ է նշել, որ համանման կարգավորում առկա է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում, որի համաձայն հանրային հատվածի կազմակերպությունների գլխավոր հաշվապահ չի կարող աշխատել այն անձը, որը մերձավոր ազգակցական կամ խնամիական (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) կապի մեջ է կազմակերպության ղեկավարի հետ:

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններ են համարվում պետական կառավարչական հիմնարկները, համայնքների ղեկավարների աշխատակազմերը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

Այնուհանդերձ, նշված կարգավորումը վերաբերում է միայն գլխավոր հաշվապահին, ուստի նախագիծն ընդհանուր առմամբ համարում ենք ընդունելի:

Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ևս սահմանված է համանման արգելք: Մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է համատեղ աշխատել իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

 Մինչդեռ նախագծով առաջարկվող արգելքը վերաբերում է միայն գործադիր մարմնի կողմից նոր նշանակվող անձանց, իսկ արդեն իսկ նշանակված անձի հետագա պաշտոնավարման հարցն այն դեպքում, երբ վերջինիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը ևս ընդունվում է աշխատանքի, կարգավորված չէ:

Ուստի առաջարկում ենք քննարկել նախկինում նշանակված անձանց հետագա աշխատանքային հարաբերությունները ևս կարգավորելու հարցը:

2. Նախագծով նախատեսվող արգելքը սահմանվում է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց համար, մինչդեռ նախագծով առաջարկվող դրույթում թվարկված են միայն ազգակցությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր): Ուստի առաջարկում ենք մի շարք օրենքների, օրինակ՝ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի օրինակով հստակեցնել նաև խնամիությամբ կապված անձանց շրջանակը:

3. Նկատի ունենալով, որ գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս որևէ պատասխանատվություն կիրառել գործադիր մարմնի համար՝ վերոգրյալ պարտականությունը խախտելու դեպքում, առաջարկում ենք նախատեսել պատասխանատվության վերաբերյալ համապատասխան կարգավորումներ:

4. Նախատեսվող լրացումը նպատակահարմար է կատարել ոչ թե «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածում, այլ գործադիր մարմնի համար սահմանափակումներ նախատեսող 15-րդ հոդվածում, կամ սահմանել առանձին հոդվածի տեսքով:

5. Գտնում ենք, որ անհրաժեշտ է կիրառել ոչ թե «աշխատանքի նշանակում են», այլ «աշխատանքի ընդունում են» ձևակերպումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ, 85-րդ և այլ հոդվածների պահանջները:

6. Միաժամանակ առաջարկում ենք քննարկել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բացի նաև պետական մասնակցությամբ այլ իրավաբանական անձանց վերաբերող օրենքներում նշված կարգավորումը սահմանելու հարցը, սակայն դեռևս ձեռնպահ մնալով օրենքի կիրառումը փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում տարածելուց, քանի որ բնակչության թվի փոքր լինելու պայմաններում նախագծի սահմանափակումը կհանգեցնի կադրային խնդիրների: