ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
3 ապրիլի 2020 թվականի N 460-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշմամբ հաստատված կարգով վճարման ցուցակ ձևավորելուց հետո մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի N 460-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են միանվագ աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
2. Միանվագ աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալները՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ (այդ թվում՝ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը հարկային մարմին ներկայացված)։
3. Աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով։
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանն է տրամադրում բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների հարկ վճարողների հաշվառման համարները։
(4-րդ կետը լրաց. 09.04.20 N 503-Լ)
5. Ծառայությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 410-Լ որոշման դրույթները, ձևավորում է վճարման ցուցակ։
6. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը և վճարման ենթակա գումարը։
7. Միանվագ աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ, ապա գումարն վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
8. Վճարման ցուցակում բանկի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ բոլոր շահառուներին հավասարապես բաշխելով համաձայնագիր կնքած բանկերի միջև։
9. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունն դրա մասին գրավոր տեղեկացնում է շահառուներին։
10. Միանվագ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
11. Միանվագ աջակցության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։
(հավելվածը լրաց. 09.04.20 N 503-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.09.2020, N 1464-Լ | 10.09.2020, N 460-Լ | |
18.05.2020, N 759-Լ | 21.05.2020, N 460-Լ | |
14.04.2020, N 555-Լ | 17.04.2020, N 460-Լ | |
09.04.2020, N 503-Լ | 12.04.2020, N 460-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|