ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 նոյեմբերի 1996 թ.
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ |
1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և ապահովագրական կազմակերպությունների միջև առաջացող ապահովագրական հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է ապահովագրական գործունեության սկզբունքները:
2. Ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 2. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
Ապահովագրությունը գործունեություն է, ըստ որի ապահովագրողները ստանձնում են պարտավորություն հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարների հետևանքով ապահովադիրների կրած փաստացի վնասը կամ կորուստները:
Հոդված 3. |
ԿԱՄԱՎՈՐ և ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Կամավոր ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի և ապահովադրի միջև կնքված ապահովագրության պայմանագրի հիման վրա: Կամավոր ապահովագրության իրականացման ընդհանուր դրույթները և կարգը որոշող պայմանները սույն օրենքին համապատասխան սահմանվում են ապահովագրողի կողմից, իսկ ապահովագրության հիմնական և լրացուցիչ պայմանները որոշվում են ապահովագրության պայմանագրով:
2. Պարտադիր ապահովագրության տեսակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Պարտադիր ապահովագրության բնագավառի առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պարտադիր ապահովագրության մասին օրենսդրությամբ և սույն օրենքով:
Հոդված 4. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ |
Ապահովագրության օբյեկտներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այն գույքային շահերը, որոնք կապված են ապահովադրի կամ ապահովագրված անձի կյանքի, լրակեցության և կենսաթոշակային ապահովվածության (կյանքի ապահովագրություն)` առողջության, անաշխատունակության, գույքի, դրա տիրապետման, օգտագործման և տնօրինման, ապահովադրի կողմից երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև նրանց գույքին պատճառած վնասի հատուցման հետ (ոչ կյանքի ապահովագրություն):
Հոդված 5. |
ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԸ |
Ապահովադիրներ են համարվում ապահովագրողների հետ ապահովագրության պայմանագիր կնքած ֆիզիկական, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: Ապահովադիրներն իրավունք ունեն ապահովագրողների հետ ապահովագրության պայմանագրեր կնքել հօգուտ երրորդ անձանց (շահառուների), ինչպես նաև պայմանագրում նշել ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, որոնք ապահովագրական պատահարի ժամանակ նույնպես ձեռք են բերում հատուցում ստանալու իրավունք: Ապահովագրված անձինք են հանդիսանում բոլոր նրանք, որոնց հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
Հոդված 6. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ |
1. Ապահովագրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, սահմանված կարգով լիցենզավորված և գրանցված ապահովագրական ընկերությունների կողմից (այսուհետև` ապահովագրողների), որոնք իրենց կազմակերպական-իրավական տեսակով կարող են լինել`
ա) բաժնետիրական ընկերություններ.
բ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:
Ա պ ա հ ո վ ա գ ր ա կ ա ն բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Ապահովագրողների անմիջական գործունեության առարկա չեն կարող լինել արտադրական, առևտրամիջնորդային, բանկային գործունեությունները:
Հոդված 7. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ |
1. Ապահովագրավճար է համարվում ապահովագրության համար նախատեսվող այն գումարը, որն ապահովադիրն ապահովագրության պայմանագրի կամ պարտադիր ապահովագրության դեպքում օրենսդրությանը համապատասխան պարտավոր է մուծել ապահովագրողին:
2. Ապահովագրական սակագինը սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:
Պարտադիր ապահովագրության տեսակների համար ապահովագրական սակագների առավելագույն չափը սահմանվում է պարտադիր ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Կամավոր ապահովագրության տեսակների համար ապահովագրական սակագները հաշվարկում են ապահովագրողները: Ապահովագրական սակագնի չափը կողմերի համաձայնությամբ որոշվում է ապահովագրության պայմանագրով:
Հոդված 8. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԸ |
1. Ապահովագրական ռիսկ է համարվում այն պատահարի (դեպքի) տեղի ունենալու հավանականությունը, որի հետ կապված իրականացվում է ապահովագրությունը:
2. Ապահովագրական պատահարը պատահական դեպք է, որի հետևանքով սկիզբ է առնում օրենսդրությամբ (պարտադիր ապահովագրության դեպքում) կամ ապահովագրության պայմանագրով (կամավոր ապահովագրության դեպքում) նախատեսված ապահովագրական հատուցում վճարելու ապահովագրողի պարտավորությունը:
Հոդված 9. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
1. Ապահովագրողներն ապահովագրության պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր հավանական պատահարի (պատահարների խմբի) համար սահմանում են ապահովագրական գումար, որը տվյալ պատահարի առաջացման ժամանակ ապահովագրության պայմանագրով նախատեսված հատուցման ենթակա առավելագույն չափն է: Ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվող գույքի համար սահմանվող ապահովագրական գումարը չի կարող գերազանցել նրա իրական (շուկայական) արժեքը` ապահովագրական արժեքը:
2. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվող գույքի համար սահմանվող ապահովագրական գումարը տվյալ գույքի ապահովագրական արժեքն է:
Հոդված 10. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
1. Ապահովագրական հատուցումն այն գումարն է, որն ապահովագրողները վճարում են ապահովադիրներին (շահառուներին)` ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած փաստացի վնասի կամ կորուստների դիմաց: Ոչ կյանքի ապահովագրության դեպքում կողմերի փոխադարձ համաձայնությամբ ապահովագրության պայմանագրով կարող է նախատեսվել հատուցման վճարման բնաիրային ձև:
Վճարման ենթակա ապահովագրական հատուցման արժեքը չի կարող գերազանցել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը: Ապահովագրական հատուցման չափը համապատասխանում է ապահովագրական գումարին միայն ապահովագրության օբյեկտի կորուստի դեպքում:
2. Ապահովագրական հատուցման վճարումից հետո ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը պակասեցվում է վճարված հատուցման չափով, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ապահովագրողներն իրավունք ունեն ապահովադրի համաձայնությամբ և նրա կողմից լրացուցիչ ապահովագրավճար մուծելու դեպքում վերականգնել ապահովագրական գումարի նախնական չափը:
Հոդված 11. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐը և ԲՐՈՔԵՐՆԵՐԸ |
1. Ապահովագրողներն ապահովագրական գործունեություն կարող են իրականացնել ապահովագրական գործակալների և բրոքերների միջոցով:
2. Ապահովագրական գործակալներն ապահովագրական կազմակերպությունների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք են, որոնք հանդես են գալիս ապահովագրողի անունից և նրա հանձնարարությամբ:
3. Ապահովագրական բրոքերները ապահովագրության գծով միջնորդային գործունեություն իրականացնող, սահմանված կարգով լիցենզավորված ձեռնարկություններ և անհատ ձեռներեցներ են, որոնք գործում են ապահովադրի հանձնարարությամբ և նրա անունից: Ապահովագրական բրոքերները նույնպես իրականացնում են ապահովագրական գործառնություններ:
4. Ապահովագրական բրոքերներն ապահովադիրների ապահովագրական ռիսկերը պետք է տեղաբաշխեն Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ապահովագրական ընկերություններում:
Ապահովագրական բրոքերներն ապահովագրողների ապահովագրական ռիսկերը իրավունք ունեն վերաապահովագրել նաև օտարերկրյա ապահովագրական կազմակերպություններում:
5. Օտարերկրյա ապահովագրական կազմակերպությունների անունից և նրանց հանձնարարությամբ ապահովագրության պայմանագրերի կնքման հետ կապված միջնորդային գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքում չի թույլատրվում, եթե Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 12. |
ՀԱՄԱՏԵՂ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
Ապահովագրության օբյեկտը կարող է ապահովագրվել մի քանի ապահովագրողների կողմից համատեղ` մեկ ապահովագրության պայմանագրով (համատեղ ապահովագրություն): Այդ դեպքում ապահովագրության պայմանագիրը պետք է ընդգրկի յուրաքանչյուր ապահովագրողի իրավունքները և պարտականությունները որոշող պայմանները:
Հոդված 13. |
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Վերաապահովագրությունը մեկ ապահովագրողի (վերաապահովագրվող) կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադրի նկատմամբ ունեցած իր բոլոր կամ մի շարք պարտավորությունների կատարման ռիսկի ապահովագրումն է, մեկ այլ ապահովագրողի մոտ (վերաապահովագրող):
2. Վերաապահովագրողի հետ պայմանագիր կնքած ապահովագրողը ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների ամբողջ ծավալով մնում է պատասխանատու` ապահովադրի նկատմամբ:
Հոդված 14. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ապահովագրողները իրենց գործունեության համակարգման, իրենց անդամների շահերի պաշտպանության և համատեղ ծրագրերի իրականացման համար կարող են ստեղծել միություններ, եթե դրանց ստեղծումը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Այդ միություններն իրավունք չունեն անմիջականորեն զբաղվելու ապահովագրական գործունեությամբ: Միությունները ենթակա են գրանցման լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Միությունների կարգավիճակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ II
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 15. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
Ապահովագրության պայմանագիրը գրավոր համաձայնագիր է ապահովագրողի և ապահովադրի միջև, ըստ որի ապահովագրողը պարտավորվում է ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ կատարել ապահովագրական հատուցում ապահովադրին կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը, իսկ ապահովադիրը պարտավորվում է սահմանված ժամկետում կատարել ապահովագրական մուծումները, ինչպես նաև կարգավորում է ապահովագրության արդյունքում կողմերի միջև առաջացող այլ հարաբերությունները:
Հոդված 16. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Ապահովագրության պայմանագրի կնքման իրողությունը հավաստող փաստաթուղթը ապահովագրողի կողմից ապահովադրին տրվող ապահովագրական վկայագիրն է (ապահովագրական պոլիս, ապահովագրական սերտիֆիկատ):
2. Ապահովագրության վկայագիրը պետք է բովանդակի`
ա) փաստաթղթի անվանումը.
բ) ապահովագրողի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), բանկային և այլ ռեկվիզիտներ, լիցենզիայի և պետական գրանցման համարները.
գ) ապահովադրի, եթե իրավաբանական անձ է` անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), բանկային և այլ ռեկվիզիտներ, իսկ ֆիզիկական անձանց` ազգանունը, անունը, անձնագրի տվյալները և բնակության վայրը (հասցեն).
դ) ապահովագրության օբյեկտի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն), եթե այդպիսիք կան.
ե) ապահովագրական գումարի չափը.
զ) հավանական ապահովագրական ռիսկի անվանումը.
է) ապահովագրավճարի չափը, մուծման ժամկետները և կարգը.
ը) ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի առաջացման մասին տեղեկություններն ապահովագրողին հայտնելու ժամկետը.
թ) պայմանագրի գործողության ժամկետը, իսկ անժամկետ պայմանագրի կնքման դեպքում` պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը.
ժ) ապահովագրողի անձնական մասնակցության չափը վնասի հատուցմանը, եթե այդպիսին կա (ֆրանշիզա).
ժա) կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ.
ժբ) պայմանագրի փոփոխման կարգը.
ժզ) ապահովագրողի և ապահովադրի ստորագրությունները:
3. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից առաջին ապահովագրավճարը մուծելու պահից, եթե պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Հոդված 17. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐն ու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Ապահովագրողը պարտավոր է`
ա) ապահովադրին ծանոթացնել ապահովագրության պայմաններին, ցույց տալ պետական գրանցումը և ապահովագրական գործունեությամբ զբաղվելու թույլտվությունը (լիցենզիան) հավաստող փաստաթղթերը.
բ) ապահովադրի պահանջով և սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարել ապահովագրության պայմանագրում, եթե նրա գործողության ընթացքում տեղի է ունեցել ապահովագրված գույքի արժեքի կամ ապահովագրական ռիսկի փոփոխություն.
գ) ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում ապահովագրական հատուցում վճարել ապահովադրին.
դ) ապահովագրական գումարի սահմաններում հատուցել ապահովադրի այն ծախսերը, որոնք կատարվել են ապահովագրական պատահարի ընթացքում վնասների կանխման և (կամ) նվազեցման նպատակով, եթե այդ ծախսերի հատուցումը նախատեսված է ապահովագրության պայմանագրով.
ե) չհրապարակել ապահովադրի առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
2. Ապահովագրողն իրավունք ունի`
ա) ուսումնասիրել ապահովագրության օբյեկտը.
բ) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը և թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը` սահմանելով հիմնավոր ժամկետներ.
գ) միակողմանի վաղաժամկետ լուծել ապահովագրության պայմանագիրը ապահովադրի կողմից` սույն օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված` իր պարտականությունները չկատարելու դեպքում.
դ) ապահովադիրների հետ հարաբերություններն իրականացնել ապահովագրական բրոքերների և գործակալների միջոցով.
ե) վերաապահովագրել ապահովագրական ռիսկերը ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Հոդված 18. |
ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐն ու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Ապահովադիրը պարտավոր է`
ա) ապահովագրության պայմանագրում նշված ժամկետներում մուծել ապահովագրավճարները.
բ) ապահովագրության պայմանագրի կնքման ժամանակ ապահովագրողին հայտնել ապահովագրական ռիսկի գնահատման համար էական նշանակություն ունեցող` իրեն հայտնի բոլոր տեղեկությունները.
գ) ապահովագրական պատահարների առաջացման դեպքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար և ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովագրողին հայտնել ապահովագրական պատահարի առաջացման մասին.
դ) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ապահովագրության օբյեկտին առնչվող համապատասխան անվտանգության նորմերը և կանոնները.
ե) ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրողին հնարավորություն տալ զննել և ուսումնասիրել պատահարի հետևանքով վնասված գույքը, փորձաքննություն կատարել վնասի առաջացման պատճառների և հետևանքների բացահայտման ուղղությամբ:
2. Ապահովադիրն իրավունք ունի`
ա) ապահովագրողից պահանջել ներկայացնել իր պետական գրանցումը և գործունեության թույլտվությունը (լիցենզիան) հավաստող փաստաթղթերը.
բ) ծանոթանալ ապահովագրության պայմաններին.
գ) ապահովագրողի հետ իր հարաբերություններն իրականացնել ապահովագրական բրոքերների և գործակալների միջոցով.
դ) ապահովագրության պայմանագրում (կյանքի ապահովագրության) նշել այն անձին, որին ինքը լիազորում է ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտականությունների կատարման և ապահովագրական հատուցում ստանալու իրավունքը (ապահովագրության պայմանագիրը ստորագրում է նաև այդ անձը).
ե) ապահովագրության պայմանագիր կնքել երրորդ անձի օգտին (ապահովագրված անձ):
Հոդված 19. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գույքային ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրի մահվան դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են այդ գույքը ժառանգած անձին: Գույքի սեփականատիրոջ փոփոխության այլ դեպքերում ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները, ապահովագրողի համաձայնությամբ, փոխանցվում են նոր սեփականատիրոջը, եթե օրենսդրությամբ կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրի մահվան դեպքում երրորդ անձի օգտին պայմանագրով որոշված իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են նրան:
3. Եթե ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, ապա նրա իրավունքները և պարտականություններն իրականացնում է վերջինիս խնամակալը կամ հոգաբարձուն: Ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները դադարում են դատարանի վճռով նրան անգործունակ ճանաչելու պահից:
4. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ձեռնարկությունների վերակազմավորման դեպքում նրա իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ փոխանցվում են նրա իրավահաջորդին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լուծարման դեպքում ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է:
Հոդված 20. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐը և ԿԱՐԳԸ |
1. Ապահովագրական հատուցումն իրականացվում է ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրին կամ օրենսդրությանը համապատասխան` հիմք ընդունելով ապահովադրի հայտարարությունը, վթարային հավաստագիրը, ինչպես նաև վնասների պատճառները և չափը հավաստող` համապատասխան լիազորված մարմինների կողմից հաստատված փաստաթղթերը:
Վթարային հավաստագիրը կազմում է ապահովագրողը կամ նրա կողմից լիազորված անձը: Ապահովագրողն անհրաժեշտության դեպքում ապահովագրական պատահարի հետ կապված տվյալներ է հավաքում իրավապահ մարմիններից, բանկերից, առողջապահական հիմնարկներից, և այն ձեռնարկություններից ու կազմակերպություններից, որոնք տնօրինում են ապահովագրական պատահարի առաջացման հանգամանքների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև իրավունք ունի ինքնուրույն պարզել ապահովագրական պատահարի առաջացման պատճառները և հանգամանքները:
2. Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ապահովագրողին հայտնել ապահովագրական պատահարի հետ կապված, ներառյալ` առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները: Այդ դեպքում ապահովագրողը պատասխանատվություն է կրում դրանց հրապարակման համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Հոդված 21. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ |
1. Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցումը մերժելու հիմք կարող է հանդիսանալ`
ա) ապահովադրի կամ երրորդ անձի կողմից, որի օգտին կնքվել է ապահովագրության պայմանագիրը, ապահովագրական պատահարի առաջացմանն ուղղված կանխամտածված անօրինական գործունեությունը.
բ) ապահովադրի կողմից ապահովագրողին ապահովագրության օբյեկտի վերաբերյալ դիտավորյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը.
գ) վնաս պատճառած անձի կողմից ապահովադրի գույքին հասցված վնասի հատուցման հանգամանքները.
դ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:
2. Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրական հատուցման մերժման նաև այլ պայմաններ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
3. Ապահովագրական հատուցումը մերժելու որոշումն ընդունվում է ապահովագրողի կողմից և ապահովադրին գրավոր տեղեկացվում է մերժման հիմնավորված պատճառների մասին:
4. Ապահովագրական հատուցումը մերժելու մասին ապահովագրողը պարտավոր է հայտնել ապահովադրին 30 օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ վերջինս դիմել է ապահովագրական հատուցում ստանալու համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
5. Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցում վճարելու մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
6. Ապահովագրական հատուցման վճարումը կարող է հետաձգվել, եթե ապահովադրի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` կապված ապահովագրական պատահարի առաջացման հետ:
Հոդված 22. |
ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԱՆՑՆԵԼԸ |
1. Գույքին հասցված վնասի հատուցում վճարած ապահովագրողին է անցնում տվյալ գումարի սահմաններում այն պահանջի իրավունքը, որն ապահովադիրը (կամ ապահովագրական հատուցում ստացած այլ անձ) ունի պատճառած վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ:
2. Գույքի ապահովագրության դեպքում ապահովադրին վճարած ապահովագրական հատուցման արժեքի սահմաններում փոխանցվում է այն պահանջի իրավունքը, որն ապահովադիրը (ապահովագրական հատուցում ստացողը) ունի պատճառած վնասի պատասխանատուի նկատմամբ:
3. Ապահովադիրը (ապահովագրական հատուցում ստացողը) պարտավոր է ապահովագրողին փոխանցել բոլոր փաստաթղթերը և ապացույցները, տեղյակ պահել այն բոլոր տվյալների մասին, որոնք անհրաժեշտ են ապահովագրողին` իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար:
Հոդված 23. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է`
ա) ապահովագրողի կողմից ապահովադրի նկատմամբ ապահովագրության պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարման.
բ) ապահովագրության պայմանագրով նախատեսված ժամկետներում ապահովադրի կողմից ապահովագրավճարները չմուծելու.
գ) ապահովադրի, եթե այն ձեռնարկություն է` լուծարման, իսկ եթե ֆիզիկական անձ է` մահվան, բացի սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված փոփոխություններից.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրողի լուծարման.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.
2. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովագրողի կամ ապահովադրի պահանջով, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ:
3. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման մտադրության մասին կողմերը պարտավոր են միմյանց տեղեկացնել վաղաժամկետ լուծման նախատեսվող ժամկետից ոչ պակաս, քան 30 օր առաջ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ապահովադրի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողը վերադարձնում է պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները, մասհանելով կատարված ծախսերը, իսկ եթե ապահովադրի պահանջները պայմանավորված են ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանների խախտմամբ, ապա վերջինս ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարներն ամբողջությամբ:
Ապահովագրողի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովադրին են վերադարձվում ապահովագրավճարներն ամբողջությամբ, իսկ եթե ապահովագրողի պահանջները պայմանավորված են ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագիրը չկատարելով, ապա նա ապահովադրին է վերադարձնում պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները` մասհանելով կատարված ծախսերը:
Հոդված 24. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ապահովագրության պայմանագիրն անվավեր է ճանաչվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
2. Ապահովագրության պայմանագիրն անվավեր է ճանաչվում նաև, եթե`
ա) այն կնքվել է ապահովագրական պատահարից հետո.
բ) ապահովագրության օբյեկտ է համարվում պայմանագրի կնքման պահին դատարանի որոշմամբ բռնագանձման ենթակա գույքը.
գ) պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել այնպիսի իրադարձություն, որը չունի կայացման հավանականություն և պատահականություն:
3. Ապահովագրության պայմանագիրն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ III
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 25. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ |
1. Ապահովագրողները, կյանքի և ոչ կյանքի ապահովագրական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, ապահովագրավճարներից ձևավորում են ապահովագրական պահուստներ:
Համանման կարգով ապահովագրողները կարող են ձևավորել նաև նախազգուշական միջոցառումների պահուստներ:
2. Ապահովագրողներն իրենց տրամադրության տակ մնացած այլ միջոցների, ինչպես նաև ապահովագրական պահուստների հաշվին կարող են կատարել ներդրումներ կամ դրանք տեղաբաշխել այլ ձևերով, վարկավորել կյանքի ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրներին` պայմանագրում նշված ապահովագրական գումարների սահմաններում:
3. Ապահովագրողներն ապահովագրական պահուստների 50 տոկոսից ոչ պակաս մասը պարտավոր են տեղաբաշխել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված առավել հուսալի ներդրումներում:
4. Ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 26. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
1. Ապահովագրական ընկերությունների կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը չպետք է պակաս լինի քսան միլիոն դրամից: Լիազորված պետական կառավարման մարմինն իրավասու է մեծացնել կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափն իր կողմից մշակված կարգով, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ կամ մի քանի տարիների ծրագրով:
2. Իրենց վճարունակությունն ապահովելու համար ապահովագրողները պարտավոր են պահպանել ակտիվների և իրենց կողմից վերցված ապահովագրական պարտավորությունների միջև նորմատիվային հարաբերակցությունը: Այդ հարաբերակցության հաշվարկների մեթոդոլոգիան և նորմատիվային չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ակտիվների և ապահովագրական պարտավորությունների նորմատիվային հարաբերակցությունը գերազանցող ապահովագրական պարտավորությունների ծավալներն ապահովագրողները պարտավոր են վերաապահովագրել:
Հոդված 27. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ապահովագրողների հաշվային պլաններն ու հաշվապահական հաշվառման կարգը, հաշվետվության, ապահովագրական գործարքների հաշվառման ձևերը և ցուցանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Ապահովագրողների կողմից կյանքի և ոչ կյանքի ապահովագրությունների գործարքները հաշվառվում են առանձին-առանձին:
Հոդված 28. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
Ապահովագրողների տարեկան հաշվեկշիռները, եկամուտների և ծախսերի հաշիվները, աուդիտորական ծառայությունների կողմից դրանց հավաստիությունը հաստատելուց հետո, հրապարակվում են ոչ պակաս, քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում` մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը:
Գ Լ ՈՒ Խ IV
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ապահովագրական գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքի պահանջների կատարման և պահպանման, ապահովագրական ծառայությունների զարգացման, ապահովագրողների, ապահովադիրների, այլ շահագրգիռ անձանց և պետության շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (հետագայում` լիազորված պետական կառավարման մարմին):
3. Լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական պարտավորություններն են`
ա) ապահովագրողին ապահովագրական գործունեության իրականացման համար լիցենզիայի հանձնումը և նրանց` մեկ միասնական պետական գրանցամատյանի (ռեեստրի) վարումը.
բ) ապահովագրողների և նրանց միությունների, ինչպես նաև ապահովագրական բրոքերների համար մեկ միասնական պետական գրանցամատյանի (ռեեստրի) վարումը.
գ) ապահովագրողների վճարունակության ապահովման նկատմամբ վերահսկողությունը.
դ) սույն օրենքով սահմանված, լիազորված պետական կառավարման մարմնի իրավասության շրջանակներին վերաբերող մասով ապահովագրական գործունեության համար նորմատիվ և մեթոդոլոգիական փաստաթղթերի մշակումը:
4. Լիազորված պետական կառավարման մարմինն իրավունք ունի`
ա) ապահովագրողներից ստանալ սահմանված ձևերի հաշվետվություններ իրենց գործունեության վերաբերյալ և տեղեկատվություն` ֆինանսական վիճակի վերաբերյալ.
բ) ապահովագրողների կողմից ապահովագրության մասին օրենսդրության պահանջների կատարման, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող հաշվետվությունների հավաստիության ապահովման համար իրականացնել ստուգումներ.
գ) ապահովագրողների կողմից ապահովագրության մասին օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում դրանց վերացման մասին տալ գրավոր նախազգուշացում, որի չկատարման դեպքում կասեցնել կամ սահմանափակել այդ ապահովագրողների լիցենզիաների գործողությունը` ընդհուպ մինչև հայտնաբերված թերությունների վերացումը կամ կայացնել որոշում` տրված լիցենզիայի գործողության դադարեցման մասին.
դ) ապահովագրողների կողմից ապահովագրության օրենսդրության խախտումների դեպքում, ինչպես նաև առանց լիցենզիաների ապահովագրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց նկատմամբ հայց ներկայացնել դատարան:
5. Ապահովագրողն իրավունք ունի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից լիցենզիայի մերժումը գանգատարկել դատական կարգով:
Հոդված 30. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ |
1. Ապահովագրական ընկերությունները (ապահովագրողները) և ապահովագրական բրոքերները գրանցվում են ձեռնարկությունների պետական ռեգիստրում:
Ապահովագրական ընկերությունները (ապահովագրողները) և ապահովագրական բրոքերները գրանցվում են նաև լիազորված պետական կառավարման մարմնի կողմից վարվող միասնական պետական գրանցամատյանում (ռեեստրում):
2. Ապահովագրական ընկերությունների (ապահովագրողների) և ապահովագրական բրոքերների լիցենզավորումը և վերահսկողությունն իրականացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:
3. Ապահովագրողներին լիցենզիաները տրվում են կյանքի և ոչ կյանքի կամավոր և պարտադիր ապահովագրության, ինչպես նաև վերաապահովագրություն իրականացնելու համար, եթե ապահովագրողի գործունեության առարկան հանդիսանում է բացառապես վերաապահովագրությունը:
4. Ապահովագրողների և ապահովագրական բրոքերների լիցենզավորման կարգը, պայմանները և չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 31. |
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
Լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն որևէ ձևով հրապարակել կամ շահադիտական նպատակներով օգտագործել ապահովագրողների` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները: Նման տեղեկությունների հրապարակման և դրա հետևանքով ապահովագրողներին և այլ անձանց պատճառած վնասի համար պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 32. |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ |
Լիազորված պետական կառավարման մարմնի գործողությունները, նորմատիվ և անհատական ակտերը, ինչպես նաև լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել դատարան: Լիազորված պետական կառավարման մարմնի նորմատիվ և անհատական ակտերի գործողությունը կասեցվում է միայն դատարանի վճռով:
Հոդված 33. |
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ |
Ապահովագրողների լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
Գ Լ ՈՒ Խ V
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական պաշտպանության իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց համահավասար:
Հոդված 35. |
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ |
Ապահովագրության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 36. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 37. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ |
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված և գործող ապահովագրական կազմակերպությունները պարտավոր են մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին:
Հոդված 38. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
16 դեկտեմբերի 1996 թ. ՀՕ-87 |