Գլխավոր տեղեկություն
Номер
N 53-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 25.01.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.01.2020
Дата вступления в силу
26.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2020 թվականի N 53-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը:

  

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 23

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 53-Լ որոշման

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

  

I. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

   

1. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը:

1989 թվականից սկսած սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուսիսային մարզերում: Կատարվել է շենքերի ու շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապամոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միևնույն ժամանակ Երևանն ու Հայաստանի Հանրապետության մնացած մարզերը, որոնք նույնպես ընկած են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում, ինչ-որ տեղ անտեսվել են:

2. Այս ծրագրի շրջանակներում բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները դիտվում են որպես սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջին փուլ: Հետազոտվող բնակավայր է ընտրվել Ջերմուկ քաղաքը, քանի որ այն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքից դուրս զբոսաշրջության առաջատար քաղաքներից մեկն է:

3. Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988 թվականը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերն անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Այդ է վկայում Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզը, որը կազմվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և հաստատվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի N 1261-Ն հրամանով:

  

II. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

   

4. Ջերմուկ քաղաքում գոյություն ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում է դրանց մանրամասն հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ սոցիալական և տնտեսական տեսանկյունից ընդունելի սեյսմակայունության մակարդակ ապահովելու համար:

Կարևորագույն խնդիր է շենքերի փաստացի տեխնիկական վիճակի գնահատումը, նրանց ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումների ուսումնասիրումը, փաստացի սեյսմիկ խոցելիության գնահատումը` հաշվի առնելով վերջին երկրաշարժերի հետևանքներն ու կուտակված փորձը:

Ծրագրի ընթացքում կվերլուծվեն շենքերի նախագծային փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում կիրականացվեն չափագրման աշխատանքներ: Չափագրման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռեսուրսների հաշվին: Կուսումնասիրվեն շենքերի կրող կոնստրուկտիվ տարրերը, կգնահատվեն երկաթբետոնե ու մետաղական կոնստրուկցիաների վնասվածքների աստիճաններն ու առաջացման պատճառները, կորոշվեն բետոնի ամրության բնութագրերը, խտությունն ու որակը, կոնստրուկտիվ տարրերի միացումների որակը և այլն:

5. Հետազննություններն ամբողջական դարձնելու համար նախատեսվում են օգտագործել կրող կոնստրուկտիվ տարրերի ամրության բնութագրերի որոշման ժամանակակից սարքավորումներ, թվային հեռաչափական լազերային գործիքներ, ինչպես նաև թվային ֆոտոխցիկներ, որոնց միջոցով կլուսանկարվեն կոնստրուկցիաներում բացահայտված վնասվածքները, թերությունները, դեֆորմացիաները, ինչպես նաև շենքերի ընդհանուր տեսքերը, որպեսզի դրանցից առավել բնութագրականները ֆիքսվեն եզրակացություններում: Ժամանակակից սեյսմիկ սարքավորումներով կորոշվեն ուսումնասիրվող շենքերի դինամիկ բնութագրերը:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մշակված այս ծրագրի նպատակն է գնահատել Ջերմուկ քաղաքի գոյություն ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը և սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ մշակել առաջարկություններ:

  

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

  

7. Ծրագրի իրականացմանը կարելի է հասնել հետևյալ 4 խնդիրների հերթական լուծմամբ`

1) Ջերմուկ քաղաքի կառուցապատման տվյալների բազայի հավաքագրում.

2) բազմաբնակարան շենքերի մանրամասն հետազննում.

3) բազմաբնակարան շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում.

4) առաջարկություններ բարձր սեյսմիկ խոցելիություն ունեցող բազմաբնակարան շենքերի ուժեղացման վերաբերյալ:

8. Ծրագրի իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ համակատարողը` Ջերմուկի քաղաքապետարանը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռեսուրսների հաշվին: Նախնական տվյալներով ծրագրի կատարման ժամկետը մոտ 9 ամիս է, իսկ արժեքը կկազմի մոտ 10 մլն դրամ:

  

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

  

9. Սույն ծրագրի իրականացումը հնարավորություն կտա գնահատելու տարբեր ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներ ունեցող բազմաբնակարան շենքեր, որոնք կառուցված են տարբեր գրունտային պայմաններում` ըստ սեյսմիկ հատկությունների: Այս աշխատանքի արդյունքում պարզ կդառնան նաև գոյություն ունեցող մնացած բոլոր նմանատիպ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը Ջերմուկ քաղաքում և կբարձրացնի ինչպես բնակչության, այնպես էլ պետական մարմինների պատրաստվածության մակարդակը դիմակայելու ուժեղ երկրաշարժերին, զգալիորեն ցածրացնել տարածաշրջանի սեյսմիկ ռիսկը:

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան