ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԷԴ/0044/01/12 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
2019 թվականի հունիսի 12-ին
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2013 թվականի մարտի 19-ի դատավճռով Տիգրան Ռոլանդի Չավուշյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և երկու դրվագով՝ 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Տ.Չավուշյանը երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով, երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Տ.Չավուշյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Պատժի սկիզբը հաշվվել է՝ 2011 թվականի հոկտեմբերի 12-ից։ Պատիժը կրելու ընթացքում Տ.Չավուշյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում՝ ափիոնային թմրամոլության դեմ։
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արմեն Լյովայի Մարկոսյանը, Արայիկ Կոլյայի Առաքելյանը, Կարո Սուրենի Մուրադյանը:
2. Ամբաստանյալներ Տ.Չավուշյանի, Կ.Մուրադյանի, Ա.Առաքելյանի և ամբաստանյալ Ա.Մարկոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:
3. Վճռաբեկ դատարանը 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ամբաստանյալներ Տ.Չավուշյանի, Ա.Առաքելյանի, Կ.Մուրադյանի և ամբաստանյալ Ա.Մարկոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի վճռաբեկ բողոքները վերադարձրել է:
4. Դատապարտյալ Տ.Չավուշյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Դատապարտյալ Տ.Չավուշյանը` երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] իրացնելու և իր գործածման նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, խոշոր չափի` շուրջ 10 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց։ Նույն օրը Երևան վերադառնալուց հետո, Տիգրան Չավուշյանը ձեռք բերված թմրամիջոցից չպարզված քանակություններով, անհատույց` հյուրասիրության կարգով, մեկական դեպքերով ապօրինի իրացրել է Արայիկ Առաքելյանին և Կարո Մուրադյանին։
Դրանից բացի, Տիգրան Չավուշյանն առանց իրացնելու նպատակի` (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, առանձնապես խոշոր չափի` շուրջ 15 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը հետագա օրերին գործածել է։
Բացի այդ, Տիգրան Չավուշյանը կրկին իրացնելու և իր գործածման նպատակով, (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, առանձնապես խոշոր չափի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից հետագա ժամանակահատվածում նախապես Կարո Մուրադյանից ապօրինի ձեռք բերած` թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդի» հետ բացելու եղանակով, պարբերաբար, տարբեր չափաբաժիններով պատրաստել է ներարկման համար պիտանի լուծույթ և իր վարձակալած` Երևան քաղաքի Դիմիտրով 36 հասցեի տանը, մի քանի դեպքով անհատույց` հյուրասիրության կարգով, ապօրինի իրացրել է Արայիկ Առաքելյանին, Կարո Մուրադյանին, իր քրոջ որդի` Արմեն Մարկոսյանին, վերջինիս օժանդակությամբ` ներարկելու միջոցով, նաև նրա ծանոթ Վանիկ Եփրեմյանին` նրա կողմից երկու անգամ ներարկվելու համար վճարած 15.000 ՀՀ դրամի դիմաց։
Բացի այդ, Արմեն Մարկոսյանի օժանդակությամբ 2 դեպքով, (...) յուրաքանչյուր անգամ խոշոր չափի` շուրջ 1-ական գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցից ապօրինի իրացրել է նաև գործով դեռևս չպարզված անձին։
Շարադրվածներից բացի, Տիգրան Չավուշյանը կրկին իրացնելու և իր գործածման նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել ընդհանուր, առանձնապես խոշոր չափի` շուրջ 34 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից հետագա ժամանակահատվածում նախապես Կարո Սուրադյանից ապօրինի ձեռք բերած թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդի» հետ բացելու եղանակով, պարբերաբար, տարբեր չափաբաժիններով պատրաստել է ներարկման համար պիտանի լուծույթ և իր վարձակալած նույն տանը, մի քանի դեպքով, անհատույց` հյուրասիրության կարգով, ապօրինի իրացրել է Արայիկ Առաքելյանին, Կարո Մուրադյանին, Յուրի Կառլենի Հովհաննիսյանին, իսկ Վանիկ Եփրեմյանին` Արմեն Մարկոսյանի օժանդակությամբ` չի հասցրել ապօրինի իրացնել, քանի որ նույն պահին իր տանից վերջիններիս հետ միասին թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ էլ իր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մնացած` առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 23.3 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը, 15 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդը», իսկ Կարո Մուրադյանի անձնական խուզարկությամբ` ներարկիչի մեջ լցված` խոշոր չափով` 0.3264 գրամ «ացետիլացված ափիոնի» պարունակությամբ լուծույթը (…)»1։
6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 6/7-1214 գրության համաձայն՝ Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի դատավճռով նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս՝ 20.000 ՀՀ դրամ վճարելու պայմանով2:
7. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի՝ 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ Ե/Պ/14-207 գրության համաձայն՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի բաժնում հաշվառման մեջ գտնվող դատապարտյալ Տիգրան Չավուշյանը՝ դատավճռով նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքը վճարել է և 2018 թվականի փետրվարի 26-ից հանվել հաշվառումից3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
8. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշումը վերանայելու համար:
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն4:
13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)5:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»6:
14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
15. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1.Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով։
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
(...)
2) խոշոր չափերով՝
(...)
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(...)
4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1.Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
(...)
2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 10.0 գրամը, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.2 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.23-2.3 կիլոգրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 2.3 կիլոգրամը:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 12.5 գրամը, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ։ Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Տիգրան Չավուշյանը դատապարտվել է՝
- ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու փորձի համար,
- երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի՝ 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի՝ 0.3264 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,
- երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի ձեռք բերելու և իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի՝ 10 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար,
- երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի՝ 15 գրամ, 20 գրամ և 34 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար7:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Տ.Չավուշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Տ.Չավուշյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
Մասնավորապես, «ափիոն» և «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցների խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը և 0.3264 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի են: Ուստի` դատապարտյալ Տ.Չավուշյանի արարքները համապատասխանում են երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին։
19. Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Տ.Չավուշյանի կողմից կատարված հանցանքների վրա:
20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Տ.Չավուշյանի վերաբերյալ կայացված Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշումը վերանայելու համար:
21. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալ Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը:
Տ.Չավուշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երեք դրվագով որակված արարքները պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ութ դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երեք դրվագով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և Տ.Չավուշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով՝ 2011 թվականի հոկտեմբերի 12-ից։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի՝ 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ Ե/Պ/14-207 գրության համաձայն՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի դատավճռով նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքը Տ.Չավուշյանը վճարել է8, ուստի այն պետք է համարել կրած:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Տիգրան Ռոլանդի Չավուշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երեք դրվագով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ութ դրվագով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երեք դրվագով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ երկու դրվագով նշանակված տուգանքը՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով և Տիգրան Ռոլանդի Չավուշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Պատժի սկիզբը հաշվել՝ 2011 թվականի հոկտեմբերի 12-ից։
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 128-129:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 101:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 110:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան