ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4037/05/16 Վարչական գործ թիվ ՎԴ/4037/05/16 Դատավորներ՝ Ա. Առաքելյան Ա. Սարգսյան
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ե. Խունդկարյան
2019 թվականի հոկտեմբերի 08-ին
քննելով ըստ հայցի Արսեն Բաբասյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` անչափահաս Տիգրան և Արամայիս Բաբասյաններին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին 11.05.2016 թվականի որոշումը վերացնելու և Արամայիս ու Տիգրան Բաբասյանների` Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արսեն Բաբասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արսեն Բաբասյանը պահանջել է առոչինչ կամ անվավեր ճանաչել Նախարարության 11.05.2016 թվականի «անչափահաս Տիգրան և Արամայիս Բաբասյաններին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշումը և այն ամբողջությամբ վերացնել, անվավեր ճանաչելու դեպքում` պարտավորեցնել Նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կհանձնարարվի Արամայիս և Տիգրան Բաբասյանների վերադարձը նրանց մշտական բնակության երկիր` Ռուսաստանի Դաշնություն կամ կհանձնարարվի չխոչընդոտել նրանց վերադարձմանն Արսեն Բաբասյանի կողմից:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2017 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.02.2018 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի` Դատարանի 28.11.2017 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 27.04.2018 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի` Դատարանի 28.11.2017 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Բաբասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի կողմից գործի վարույթը կարճելը, իսկ այնուհետև Վերաքննիչ դատարանի կողմից փաստերը խեղաթյուրելը հանգեցրել են բողոքաբերի իրավունքների կոպիտ խախտման, ինչպես նաև իրավական կազուսի` նկատի ունենալով, որ ուժի մեջ է մնում և շարունակում է գործել Նախարարության ապօրինի որոշումը, ինչի կապակցությամբ փաստացի արդեն իսկ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում այն մասին, որ կոնվենցիոն իրավունքները ենթակա են պաշտպանության դատական, այլ ոչ թե վարչարարության կարգով:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ անտեսել է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության առկայության փաստը` թույլ տալով դատավարական նորմի խախտում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 27.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին:
Այսպես, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36):
Պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը` իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Běleš and others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (...): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։ Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել։ Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն` վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման: Միաժամանակ նույն հոդվածի 5-րդ մասով օրենսդիրն ամրագրել է, որ բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը, եթե նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացվում և գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքը կրկին ներկայացվում է բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Ընդ որում, բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման` բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է (տե´ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո կրկին բերելու դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու անձի իրավունքին համապատասխանում է այդ միջնորդությունը քննարկելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, որպիսի միջնորդության քննարկումը պայմանավորում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վերաքննիչ դատարանի համապատասխան լիազորության կիրառումը: Այսինքն` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը կրկին բերվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո և անձը ներկայացնում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, վերաքննիչ դատարանը պարտավոր է այն քննարկման առարկա դարձնել (եթե առկա չեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր), իսկ վերաքննիչ դատարանի կողմից այդ միջնորդության չքննարկումը կհանգեցնի դատարանի մատչելիության, մասնավորապես` դրա բաղկացուցիչ մաս կազմող բողոքարկման իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «(...) գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով (...)»:
Իր նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման իրավական բնույթը, ինչպես նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման, այդ թվում` գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումները, գտել է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետային սահմանափակումները և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու և վերաքննիչ դատարանի կողմից քննարկվելու վերաբերյալ վերոգրյալ դիրքորոշումները կիրառելի են նաև գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի դեմ ներկայացվող (այդ թվում` կրկին ներկայացվող) վերաքննիչ բողոքների նկատմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Արսեն Բաբասյանի ներկայացուցիչը 22.01.2018 թվականին փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 28.11.2017 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ (հատոր 4-րդ, գ.թ. 94-96, 100): Վերաքննիչ դատարանը 20.02.2018 թվականի որոշմամբ վերադարձրել է Արսեն Բաբասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը դրանում առկա սխալները շտկելու համար, և ի թիվս այլ խախտումների, արձանագրել է, որ «(...) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և այն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն (...)»: Միաժամանակ նույն որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` բողոքում առկա թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար նախատեսված է տասնհինգօրյա ժամկետ (հատոր 4-րդ, գ.թ. 101-103): Արսեն Բաբասյանի ներկայացուցիչը կրկին` 20.04.2018 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը և կրկին ներկայացնելու հետ կապված տասնհինգօրյա ժամկետը վերականգնելու մասին» միջնորդություն: Միջնորդությունը ներկայացվել է այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 28.11.2017 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը բողոքաբերի կողմից ստացվել է 20.12.2017 թվականին, իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տասնհինգօրյա ժամկետին, ապա ըստ բողոքաբերի` «(...) հայցվորի ներկայացուցիչը 18.03.2018-23.03.2018 թվականներին գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 30.03.2018-10.04.2018 թվականներին` ԱՄՆ-ում` գործուղումների (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 111):
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող` 27.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ «(...) Արսեն Բաբասյանի կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքը կրկին ներկայացնելու դատավարական ժամկետը, իսկ կրկին ներկայացված բողոքը չի պարունակում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ինչը հիմք է բողոքը վերադարձնելու համար (...)»:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվել է այն պատճառաբանությամբ, որ խախտվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքը կրկին ներկայացնելու դատավարական ժամկետը, և առկա չէ այն հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն` այն դեպքում, երբ միջնորդությունն առկա է գործում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ վերադարձնելով Արսեն Բաբասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն սահմանափակել է Արսեն Բաբասյանի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի` «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը և կրկին ներկայացնելու հետ կապված տասնհինգօրյա ժամկետը վերականգնելու մասին» միջնորդությանն անդրադառնալու և Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, ու միջնորդությունների (և՛ ըստ էության դատական ակտի դեմ բերված բողոքի, և՛ կրկին ներկայացված բողոքի համար բաց թողնված դատավարական ժամկետների վերաբերյալ) քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. Տավարացյան
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ