ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից 20 մայիսի 1992 թ. Հ.Ն.-0634-I
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1. Ակցիզային հարկն ապրանքի գնի մեջ մտնող անուղղակի հարկ է:
Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինե-օղու արտադրանք, շոկոլադ, ծխախոտ, մորթի և մորթեղեն, ավտոդողեր, բարձրորակ ճենապակյա, բյուրեղապակյա և ոսկերչական իրեր, գորգեր և գորգագործական արտադրանք, բնական կաշվից հագուստ թողարկող և նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ):
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ
Հոդված 3. Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:
Հոդված 4. Նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ակցիզային հարկման ենթակա ապրանքների իրացումը հարկման ենթակա չէ:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. Ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողների կողմից ինքնուրույնաբար` ելնելով հարկման ենթակա ապրանքների իրացման ծավալից և սահմանված դրույքաչափերից:
Հոդված 7. Գինե-օղու արտադրանք թողարկող, ինչպես նաև ներմուծող ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները հարկ վճարում են ապրանքի իրացման պարբերականությամբ` իրացման երրորդ աշխատանքային օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակների համար ակցիզային հարկ վճարում է ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակների դիմաց` դրանց հաջորդող 3-րդ աշխատանքային օրերին և երրորդ տասնօրյակի դիմաց` հաջորդ ամսվա 3-րդ աշխատանքային օրը:
Հոդված 8. Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները վճարողների կողմից հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:
Հոդված 9. Հարկի հաշվանցումը բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
06 հունիսի 1992 թ. ՀՕ-33 |