Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 դեկտեմբերի 1991 թ.
Հ.Ն.-0489-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ՀԱՐԿԻ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 1. Շահութահարկ գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս ստացված շահույթից:
ԳԼՈՒԽ II
ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ
ՀՈԴՎԱԾ 2. Հարկվող շահույթը հաշվարկվում է` ելնելով հաշվեկշռային շահույթից, որը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի և արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների գումարն է` հանած այդ գործառնությունների վրա կատարված ծախսերի գումարը:
Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այլ նյութական արժեքների իրացումից ստացվող շահույթը որոշվում է որպես արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի (առանց շրջանառության հարկի և ակցիզային հարկի) և դրա արտադրության և իրացման ինքնարժեքի մեջ մտնող ծախսերի տարբերություն:
Արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների (ծախսերի) կազմի մեջ մտնում են`
ա) գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները.
բ) փայամասնակցությունից ստացված շահութամասը, եթե շահույթը, որից վճարվում է նշված շահութամասը, նախօրոք շահութահարկով չի հարկվել.
գ) արժեթղթերից ստացված եկամուտները, բացառությամբ բաժնետոմսերից ստացված շահութամասերի (դիվիդենտների), եթե շահույթը, որից վճարվում են այդ շահութամասերը (դիվիդենտները), նախօրոք հարկվել է շահութահարկով.
դ) արտադրանքի արտադրության (աշխատանքների, ծառայությունների) և իրացման հետ անմիջականորեն չկապված գործառնություններից ստացվող մյուս եկամուտները (ծախսերը), ներառյալ տուգանքների, տույժերի և բաց թողնված եկամտի ձևով ստացված և վճարված գումարները և վնասների փոխհատուցման գումարները:
ՀՈԴՎԱԾ 3. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) դիմաց բնամթերային ձևով եկամուտներ ստացող ձեռնարկությունների կողմից վճարվող շահութահարկի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:
ՀՈԴՎԱԾ 4. Շահույթը որոշելիս արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ են մտցվում`
ա) նյութական ծախսերը.
բ) հիմնական արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման հատկացումները.
գ) աշխատանքի վարձատրման ծախսերը.
դ) վարձակալական վճարը.
ե) գույքի պարտադիր ապահովագրման վճարումները.
զ) պետական սոցիալական և բուժապահովագրության վճարումները.
է) բանկերի կարճաժամկետ վարկերի տոկոսների դիմաց կատարվող վճարումը (բացի ժամկետանց և տարկետված վարկերի).
ը) արտադրանքի արտադրման և իրացման մյուս ծախսերը (ներառյալ հիմնական արտադրական ֆոնդերի բոլոր տեսակի նորոգման ծախսերը):
ՀՈԴՎԱԾ 5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին ծախսերի համար սահմանված են նորմաներ, ապա արտադրանքի արտադրման (աշխատանքների, ծառայությունների) և իրացման ծախսերի մեջ ներառվող գումարները նախատեսվում են այդ նորմաների շրջանակներում:
ՀՈԴՎԱԾ 6. Տնտեսության առանձին ճյուղերում, ինչպես նաև տնտեսական ու այլ առևտրային գործունեության տարբեր բնագավառներում արտադրանքի արտադրությունից (աշխատանքներից, ծառայություններից) և իրացումից ստացված եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
ՀՈԴՎԱԾ 7. Այն դեպքում, երբ ստացված շահույթի որոշումն անհնար է, թույլատրվում է, ելնելով առանձին վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվող շահութաբերության համապատասխան նորմաներից, շահույթը որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 8. Հարկվող շահույթը հաշվարկելիս այն նվազեցվում է`
ա) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.
բ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.
գ) այն հարկերի և վճարումների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ III
ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ
ՀՈԴՎԱԾ 9. Հարկվող շահույթը հաշվարկվում է որպես սույն օրենքի 10 հոդվածով սահմանված համախառն եկամտի և այդ եկամտի ստացման հետ կապված ծախսերի տարբերություն:
ՀՈԴՎԱԾ 10. Համախառն եկամուտը տնտեսական ու այլ առևտրային գործունեության բոլոր տեսակներից ստացված եկամուտն է, որն ընդգրկում է`
ա) արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթը.
բ) ձեռնարկության սեփականությունը հանդիսացող գույքի իրացումից ստացված եկամուտները` հանած այդ սեփականության մնացորդային արժեքը և իրացման ծախսերը.
գ) տրամադրված վարկերի դիմաց ստացված տոկոսները.
դ) սեփականությունը վարձակալության տալուց ստացված վարձավճարը.
ե) արժեթղթերից ստացված եկամուտը, բացառությամբ բաժնետոմսերից ստացված շահութամասերի (դիվիդենտների), եթե այն շահույթը, որից վճարվում են այդ շահութամասերը (դիվիդենտները), արդեն հարկվել է շահութահարկով.
զ) փայամասնակցությունից (այդ թվում նաև տնտեսական ընկերակցություններում) ստացված շահութամասերը, եթե շահույթը, որից վճարվում են նշված շահութամասերը, նախօրոք շահութահարկով չի հարկվել.
է) գույքի կառավարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերից ստացված եկամուտները.
ը) տնտեսական տույժերի, տուգանքների և բաց թողնված եկամուտների ձևով ստացված գումարները և փոխհատուցված վնասները:
ՀՈԴՎԱԾ 11. Շահույթի հաշվարկման համար համախառն եկամտից նախապես հանվում են շրջանառության հարկը և ակցիզային հարկը, ապա` համախառն եկամտի ստացման նպատակով կատարված`
ա) նյութական, այն է` հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, ապրանքների, վառելիքի, էներգիայի, սարքերի գնման ծախսերը.
բ) աշխատանքի վարձատրության, այդ թվում` բնամթերային ձևով կատարված ծախսերը.
գ) արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման և վերանորոգման ամորտիզացիոն հատկացումները.
դ) վարձակալական վճարները.
ե) այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսերը, բացառությամբ կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի.
զ) գործուղումների, գրասենյակային, կապի միջոցներից օգտվելու ծախսերը.
է) մարկետինգի ծախսերը, այն է` շուկայի ուսումնասիրության, գովազդի, արտադրանքի գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական, վաճառահանման, դիզայնի ծախսերը.
ը) բնական ռեսուրսների օգտագործման վճարը.
թ) ապահովագրական վճարումները.
ժ) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից).
ի) պետական սոցիալական և բուժապահովագրական վճարները:
ՀՈԴՎԱԾ 12. Եթե սույն օրենքի 11 հոդվածում թվարկված առանձին ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված են նորմաներ, ապա եկամուտների ստացման նպատակով կատարված ծախսերը, որոնք գերազանցում են այդ նորմաները, չեն ընդգրկվում նշված ծախսերի կազմի մեջ:
ՀՈԴՎԱԾ 13. Բնամթերային ձևով վարձատրություն ստացող ձեռնարկությունների հարկվող շահույթի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:
ՀՈԴՎԱԾ 14. Շահույթի հաշվարկման ժամանակ գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
ՀՈԴՎԱԾ 15. Հարկվող շահույթը հաշվարկելիս այն նվազեցվում է`
ա) սեփականության վաճառքի կամ փոխանակության հետևանքով ստացված կորստի չափով (որը որոշվում է մնացորդային արժեքի և վաճառքի կամ փոխանակության արժեքի տարբերությամբ).
բ) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.
գ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.
դ) այն հարկերի և վճարումների գումարի չափով, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 16. Այն դեպքում, երբ ստացված շահույթի ուղղակի որոշումն անհնար է, թույլատրվում է այն որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների համար որոշված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված շահութաբերության համապատասխան նորմաներից:
ԳԼՈՒԽ IV
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 17. Հարկվող շահույթից շահութահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
հարկվող շահույթի տարեկան գումարը |
շահութահարկի դրույքաչափը |
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
մինչև 18000 ռուբլի |
12 տոկոս |
18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի |
2160 ռուբլի գումարած 18000 ռուբլուն գերազանցող գումարի 15 տոկոսը |
36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի |
4860 ռուբլի գումարած 36000 ռուբլուն գերազանցող գումարի 20 տոկոսը |
54001 ռուբլի և ավելի |
8460 ռուբլի գումարած 54000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը |
ՀՈԴՎԱԾ 18. Պետական մասնագիտացված բանկերի, առևտրային (այդ թվում` կոոպերատիվ) բանկերի, ապահովագրական կազմակերպությունների համար շահութահարկի դրույքաչափը սահմանվում է 45 տոկոս:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված ցանկով նախատեսված տնտեսական ու այլ առևտրային գործունեության առանձին տեսակների համար, ինչպես նաև առանձին դեպքերում, կարող են կիրառվել շահութահարկի այլ դրույքաչափեր:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակների համար սահմանվում են շահութահարկի հաստատագրված վճարումներ:
Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակ (այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարման ենթակա գործունեություն) իրականացնող ձեռնարկությունները շահութահարկ են վճարում ըստ առանձին վճարողների և գործունեության առանձին տեսակների համար սահմանված դրույքաչափերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 19. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ վերանայում է սույն օրենքի 17 հոդվածով սահմանված դրույքաչափերը` ելնելով ինֆլյացիայի գործակցի չափերից:
ԳԼՈՒԽ V
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ ԲՅՈՒՋԵ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 20. Շահութահարկի բաշխումը ըստ հանրապետական և տեղական բյուջեների իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 21. Եթե ձեռնարկությունների կառուցվածքային ստորաբաժանումները տեղաբաշխված են մի քանի վարչատարածքային միավորներում, ապա շահութահարկը համապատասխան բյուջեներ է վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
ԳԼՈՒԽ VI
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 22. Շահութահարկի վճարումից ազատվում են նոր ստեղծվող ձեռնարկությունները` շահույթ ստանալուն հաջորդող առաջին երկու տարում:
Մինչև եռամյա ժամկետի ավարտը ձեռնարկության լուծարման դեպքում հարկի գումարը հաշվարկվում է լրիվ չափով` դրա գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:
Նշված արտոնությունը չի տրվում պետական ձեռնարկություններին, վերակազմավորված, այդ թվում նաև` սեփականաշնորհված ձեռնարկություններին, լուծարված ձեռնարկությունների մասնաճյուղերի և ստորաբաժանումների հիման վրա ստեղծված ձեռնարկություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող ձեռնարկություններին:
ՀՈԴՎԱԾ 23. Սույն օրենքին համապատասխան հարկվող շահույթը նվազեցվում է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված ցուցակով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական կազմակերպությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների ձեռնարկությունների այն շահույթի չափով, որն այդ կազմակերպություններին է տրամադրվում իրենց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար.
բ) շուկաների և բորսաների կողմից ստացված շահույթի այն մասով, որն օգտագործվում է դրանց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար.
գ) տնտեսական գործունեության նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի հաշվին ձեռք բերված շահույթի գումարի չափով.
դ) շահույթի հաշվին իրականացվող գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների կատարման վրա ձեռնարկության ծախսումների գումարի 50 տոկոսի չափով.
ե) շահույթի հաշվին իրականացվող տեխնիկական վերազինման և վերակառուցման, նոր արտադրանքի և տեխնոլոգիայի յուրացման վրա ձեռնարկության ծախսումների գումարի չափով` այդ նպատակով օգտագործվող ամորտիզացիոն ֆոնդի միջոցների անբավարարության պայմաններում.
զ) կուտակման համար նախատեսվող շահույթի հաշվին չծածկվող, կենտրոնացված պետական կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը հատկացվող վարկը մարելու նպատակով օգտագործվող շահույթի գումարի չափով.
է) երկարաժամկետ վարկերի դիմաց տրված տոկոսների գումարի չափով.
ը) փոքր ձեռնարկության շահույթի հաշվին հիմնական ֆոնդերի կառուցման, վերակառուցման ու նորացման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի յուրացման, ինչպես նաև կադրերի պատրաստման նպատակով կատարված ծախսումների գումարի չափով.
թ) ձեռնարկության շահույթի հաշվին իրականացվող բնապահպանական միջոցառումների հետ կապված ծախսումների գումարի 30 տոկոսի չափով.
ժ) բարեգործական և այլ բնույթի ֆոնդեր մուծված, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի ու սպորտի, սոցիալական ապահովագրության և այլ ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին փոխանցված շահույթի գումարների չափով, բայց ոչ ավելի սույն օրենքին համապատասխան սահմանված հարկվող շահույթի 10 տոկոսից:
Նշված ֆոնդերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից.
ժա) հաշմանդամների աշխատանքն օգտագործող ձեռնարկությունների շահույթի գումարի 50 տոկոսի չափով, եթե նրանց թիվը կազմում է ընդհանուր թվակազմի առնվազն 50 տոկոսը կամ շահույթի գումարի 30 տոկոսի չափով, եթե հաշմանդամների թիվը կազմում է ձեռնարկությունում աշխատողների ընդհանուր թվակազմի 30-50 տոկոսը.
ժբ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունների (եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 30 տոկոսից) շահույթի այն մասով, որը հաշվապահական հաշվառման միջոցով ստացվել է վնասների բացահայտումից հետո հինգ տարվա ընթացքում և հատկացվել դրանց ծածկմանը` պահեստային ֆոնդի միջոցների անբավարարության պայմաններում.
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահեստային կամ համանման ֆոնդեր շահույթից մասհանվող գումարի չափով` մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերում սահմանված չափերին, բայց կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելի.
ժդ) Հայաստանի Հանրապետության ապրանքափոխանակման ֆոնդին վաճառված արտադրանքից ստացված շահույթի 30 տոկոսի չափով.
ժե) զբաղվածության ֆոնդ մուծված գումարների 30 տոկոսի չափով.
ժզ) իրենց հաշվեկշռում գտնվող առողջապահական օբյեկտների, ծերանոցների ու հաշմանդամների տների, մանկական, նախադպրոցական ու դպրոցական հիմնարկների, մշակույթի ու սպորտի օբյեկտների, ինչպես նաև կրթօջախների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նորմատիվների համաձայն ձեռնարկությունների շահույթի հաշվին կատարվող ծախսումների գումարի չափով:
ՀՈԴՎԱԾ 24. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունների` սույն օրենքին համապատասխան հաշվարկվող շահութահարկի գումարը նվազեցվում է գործունեության երրորդ տարվանից սկսած` շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 50 տոկոսից, իսկ եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը 30-ից մինչև 50 տոկոս է, ապա գործունեության երրորդ տարվանից սկսած` շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով:
ՀՈԴՎԱԾ 25. Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված հատուկ ցուցակում տեղ գտած առանձին արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը (ներկրումը) իրականացնող ձեռնարկությունների շահութահարկի վճարման ժամկետը կարող է երկարացվել մինչև երեք տարի ժամկետով:
Նման արտոնություններ ունեցող և այդ արտոնություններից չօգտվող ձեռնարկություններից գանձվող շահութահարկի գումարը առաջին երեք տարում նվազեցվում է 30 տոկոսի չափով:
ՀՈԴՎԱԾ 26. Տրված արտոնությունների հետևանքով բյուջե մուծվելիք շահութահարկի նվազումը չպետք է գերազանցի 60 տոկոսից, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածով, ինչպես նաև 23 հոդվածի «ա», «բ» և «ե» կետերով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ VII
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 27. Վճարողները հարկի գումարները որոշում են ինքնուրույնաբար, ելնելով հարկվող շահույթի չափից` հաշվի առնելով վերապահված արտոնությունները և հարկի դրույքաչափերը:
ՀՈԴՎԱԾ 28. Եռամսյակի ընթացքում բոլոր վճարողները (բացառությամբ սույն օրենքի 30 և 31 հոդվածներում թվարկվածների) շահութահարկի կանխավճարներ են կատարում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում մուծված հարկի հիման վրա` կիրառելով սույն օրենքով սահմանված շահութահարկի դրույքաչափերը:
Այն դեպքերում, երբ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում մուծված հարկի փաստացի գումարը հնարավոր չէ որոշել, ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարի չափը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները:
Շահութահարկի կանխավճարները բյուջե կատարվում են ամեն ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ, հավասար բաժիններով, շահութահարկի եռամսյակային գումարի մեկ վեցերորդի չափով:
Վճարողի միջնորդությամբ վճարողի գտնվելու վայրի հարկային մարմինը կարող է սահմանել բյուջե վճարում կատարելու մեկ ժամկետ` ամեն ամսվա 20-ը, հարկի եռամսյակային գումարի մեկ երրորդի չափով:
Առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա և տարվա ավարտից հետո վճարողը, ելնելով իր փաստացի ստացած և հարկման ենթակա շահույթից, տարեսկզբից աճող հանրագումարով հաշվարկում է հարկի գումարը:
ՀՈԴՎԱԾ 29. Հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական կազմակերպությունների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները, կոոպերատիվները, բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունները, համատեղ ձեռնարկությունները հարկը որոշում են եռամսյակը մեկ` տարեսկզբից աճող հանրագումարով, հաշվանցելով նախորդ եռամսյակների համար հաշվարկված հարկի գումարը:
ՀՈԴՎԱԾ 30. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները տարվա ընթացքում շահութահարկի եռամսյակային կանխավճարներ են կատարում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները:
ՀՈԴՎԱԾ 31. Սույն օրենքի 29-31 հոդվածներում թվարկված հարկատուները իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, և շահութահարկի գումարի հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևով:
Բաժնետիրական ընկերություններն ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ից ոչ ուշ հարկային մարմնին ներկայացնում են հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև տեղեկություններ` բաժնետերերի և փայատերերի եկամուտների մասին: Մինչև օրացուցային տարին ավարտվելը գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևով:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները տարեկան հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:
ՀՈԴՎԱԾ 32. Հարկի վճարումը ըստ եռամսյակային հաշվարկների կատարվում է հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում` ըստ տարեկան հաշվարկների, տարվա հաշվապահական հաշվետվության (հաշվեկշռի) ներկայացման համար` սահմանված օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 33. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ձեռնարկությունները շահութահարկը վճարում են անկանխիկ կարգով, ռուբլով կամ արտարժույթով` վճարողի ցանկությամբ, ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության պետբանկի առևտրային արժութային կուրսից:
Հարկատուները շահութահարկը բյուջե փոխանցելու հանձնարարագրերը բանկային հիմնարկին են հանձնում նախքան վճարման ժամկետը լրանալը:
ՀՈԴՎԱԾ 34. Հարկի ավելորդ մուծված գումարները հաշվանցվում են հերթական վճարումների հաշվին կամ վերադարձվում հարկատուին նրա գրավոր դիմումը ստանալուց հնգօրյա ժամկետում:
ԳԼՈՒԽ VIII
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ
ՀՈԴՎԱԾ 35. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձի պետական գրանցման բացակայությունը դիտվում է որպես հարկման ենթակա շահույթի թաքցնում:
ՀՈԴՎԱԾ 36. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթի ձևավորման առանձնահատկություններն ու այն հաշվարկելիս նկատի առնվող ծախսումների կազմը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
ՀՈԴՎԱԾ 37. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
ՀՈԴՎԱԾ 38. Օտարերկրյա իրավաբանական անձինք օգտվում են համատեղ ձեռնարկությունների համար սույն օրենքով սահմանված արտոնություններից: Այն դեպքում, երբ համատեղ ձեռնարկությունների համար, կախված օտարերկրյա մասնակցի բաժնից, սահմանվում են մի քանի արտոնություններ, ապա օտարերկրյա ձեռնարկությունների վրա տարածվում է տրված արտոնություններից առավելագույնը:
ՀՈԴՎԱԾ 39. Օտարերկրյա իրավաբանական անձը հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային մարմնին է ներկայացնում հաշվետվություն իր գործունեության մասին, ինչպես նաև հայտարարագիր եկամուտների մասին:
Մինչև օրացուցային տարին ավարտվելը, օտարերկրյա իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված կարգով:
Հաշվարկված հարկի գումարի վերաբերյալ հարկատուին վճարման ծանուցագիր է տրվում Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված կարգով:
Հարկը մուծվում է վճարման ծանուցագրում նշված ժամկետներում, անկանխիկ կարգով, Հայաստանի Հանրապետությունում շրջանառություն կատարող դրամով կամ արտարժույթով:
ՀՈԴՎԱԾ 40. Օտարերկրյա իրավաբանական անձանցից շահութահարկի գանձումը կարող է դադարեցվել կամ սահմանափակվել փոխադարձության սկզբունքով, այն դեպքերում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը նույնպիսի միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց առնչությամբ, ինչը պետք է հավաստվի այդ պետության հարկային մարմինների կողմից:
ԳԼՈՒԽ IX
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 41. Սույն օրենքի կիրարկման հրահանգները հրատարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` | Լ. Տեր-Պետրոսյան |
18 հունվարի 1992 թ. ՀՕ-8 |