Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.16/71(1524).1 Հոդ.925.5
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.06.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.06.2019
Дата вступления в силу
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2408/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/2408/02/14
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան  

Դատավորներ՝

Ն. Մարգարյան

   Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Է. Սեդրակյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ե. Խունդկարյան
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գրիգորի Սաֆարյանի ներկայացուցիչ Կարինե Ղաշանգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ Գրիգորի Սաֆարյանի հայցի ընդդեմ Սարգիս Ավետիսյանի` Սարգիս Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող շինության կառուցապատման հետևանքով Գրիգորի Սաֆարյանին պատճառված վնասները հատուցելու, Սարգիս Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Բաշինջաղյան թիվ 10/2 հասցեում կառուցվող շինությունը քանդելուն կամ Գրիգորի Սաֆարյանի ավտոտնակի օգտագործման համար խոչընդոտ և/կամ հասցվելիք վնասի պատճառ հանդիսացող մետաղյա աստիճանը, ջրահեռացման խողովակը վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

                                                            

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գրիգորի Սաֆարյանը պահանջել է պարտավորեցնել Սարգիս Ավետիսյանին հատուցել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Բաշինջաղյան թիվ 10/2 հասցեում կառուցվող շինության կառուցապատման հետևանքով իրեն պատճառված վնասը՝ 445.000 ՀՀ դրամի չափով, քանդել այդ շինությունը կամ վերացնել իր ավտոտնակի օգտագործման համար խոչընդոտ և/կամ հասցվելիք վնասի պատճառ հանդիսացող մետաղյա աստիճանը, ջրահեռացման խողովակը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 06.02.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.07.2018 թվականի որոշմամբ Գրիգորի Սաֆարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգորի Սաֆարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 47-րդ հոդվածները, 48-րդ հոդվածի  2-րդ, 6-րդ և 7-րդ կետերը, 51-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 60-րդ հոդվածը,      130-րդ հոդվածի 3-րդ կետը, 130.1-րդ և 131-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանող Սարգիս Ավետիսյանը ոչ միայն չի ժխտել պատճառված վնասի առկայության փաստը, այլ նաև պարտավորվել է հատուցել համապատասխան պարտավորագրով, որը կցված է եղել ոստիկանությունում հավաքագրված նյութերին և ներկայացվել է Դատարան:

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի շրջանակներում նշանակված փորձաքննության իրականացման համար հայցվոր Գրիգորի Սաֆարյանը ներկայացրել է տրանսպորտային միջոցը և դրա վերաբերյալ առկա փաստաթղթերը, այդ թվում` տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, որի վերաբերյալ առկա է նշում փորձագետի եզրակացության մեջ, սակայն Դատարանը, այն բավարար չհամարելով, հայցվորի վրա չի դրել պարտականություն` Դատարան ներկայացնելու նաև ապացույց` տրանսպորտային միջոցի պատկանելիության վերաբերյալ: Հետևաբար հայցվոր Գրիգորի Սաֆարյանը, հաշվի առնելով, որ փորձագետի եզրակացությամբ ապացուցվում է, որ ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է իրեն, Դատարան չի ներկայացրել այդ հանգամանքը հաստատող այլ ապացույց:  

 Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանող Սարգիս Ավետիսյանը խուսափել է փորձագետին ներկայացնել շինության կառուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` կառուցման նախագիծը, ինչի հետևանքով էլ փորձաքննությունը համապատասխան մասով մնացել է անկատար: Ուստի Դատարանը, հաշվի առնելով փորձաքննությունը մի մասով անկատար մնալու պատճառների վերաբերյալ փորձագետի կողմից եզրակացության մեջ արված նշումները, պարտավոր էր պատասխանողի կողմից խոչընդոտներ առաջացնելու պայմաններում վերջինիս վրա դնել հայցվորի կողմից վկայակոչված փաստի ապացուցման բեռը, իսկ չապացուցման դեպքում դա մեկնաբաներ հօգուտ հայցվորի: 

Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունը նախագահող դատավոր Ա. Սմբատյանը նույն գործով որպես գործը քննող դատավոր ներգրավված էր եղել նաև առաջին ատյանի դատարանում, ուստի պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել անկախ այն հանգամանքից, որ կողմը նման միջնորդությամբ հանդես չէր եկել, քանի որ դատավորին բացարկ հայտնելը կողմի իրավունքն է, իսկ դատավորը, ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքների առկայության դեպքում, պարտավոր է սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ հայտնել: Վերոհիշյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ գործի հանգամանքներն օբյեկտիվորեն չեն հետազոտվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.07.2018 թվականի որոշումը՝ հայցը բավարարել ամբողջությամբ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Հարթենյանի 11.09.2014 թվականի որոշմամբ Գրիգորի Սաֆարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 60):

2. 22.10.2014 թվականի գրությամբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Հարթենյանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի 21.10.2014 թվականի թիվ ՆՀ-558-Ա հրամանագրով իր լիազորությունների դադարեցման և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակվելու հանգամանքը, թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործը հանձնել է վերամակագրման (հատոր 1-ին, գ.թ. 67):

3. Թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործը 11.12.2014 թվականին վերամակագրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սմբատյանին, վերջինիս 15.12.2014 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ 24.02.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 66, 72):

4. 24.02.2015 թվականին կայացած նախնական դատական նիստը նախագահել է դատավոր Ա. Սմբատյանը, դատական նիստին մասնակցել են հայցվոր Գրիգորի Սաֆարյանը, վերջինիս ներկայացուցիչ Վարդան Խեչյանը, պատասխանող Սարգիս Ավետիսյանի ներկայացուցիչ Սամվել Դավթյանը: Նիստի ժամանակ Դատարանը պարզել է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, հայցի առարկան ու հիմքը, պահանջները հիմնավորող ապացույցները և գործի մի շարք այլ հանգամանքներ, վիճելի իրավահարաբերության բնույթը, ընդունել է միջնորդություններ՝ գրավոր հայտարարությունը` որպես ապացույց թույլատրելու մասին, պատասխանողի ներկայությունը դատական նիստին ապահովելու մասին, կատարել է դատավարական մի շարք այլ  գործողություններ (հատոր 1-ին, գ.թ. 84-86):

5. 16.04.2015 թվականի գրությամբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սմբատյանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի 16.04.2015 թվականի թիվ ՆՀ-272-Ա հրամանագրով իր լիազորությունների դադարեցման և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակվելու հանգամանքը, թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործը հանձնել է վերամակագրման (հատոր 2-րդ, գ.թ. 1):

6. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Փիլոսյանի 18.05.2015 թվականի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և ըստ էության լուծում է ստացել 06.02.2018 թվականի վճռով (հատոր 2-րդ, գ.թ. 2, 66):

7. Վերոնշյալ վճռի դեմ Գրիգորի Սաֆարյանի ներկայացուցիչ Կարինե Ղաշանգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Սմբատյանին (նախագահող դատավոր), Մ. Հարթենյանին, Կ. Հակոբյանին, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2018 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 24):

8. Սահմանված ժամկետում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Սմբատյանի (նախագահող դատավոր), Կ. Հակոբյանի և Ա. Պետրոսյանի 26.04.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 55):

9. Գործի քննության ընթացքում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 14.06.2018 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-28 որոշման հիման վրա պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 15.06.2018 թվականից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կ. Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, վերջինիս փոխարեն դատական կազմը համալրել է դատավոր Ն. Մարգարյանը և 26.07.2018 թվականին Դատարանի 06.02.2018 թվականի վճռի դեմ Գրիգորի Սաֆարյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ` Ն. Մարգարյան, Ա. Պետրոսյան) կայացրել է որոշում, որով վերաքննիչ բողոքը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 79-84):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.      

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում այլ դատարանում նույն գործի քննությանը մասնակցելու հիմքով դատավորի ինքնաբացարկի առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում

Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը (…) դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝ 1) պարզում է հայցի առարկան ու հիմքը. 2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները. 3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը. 4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը. 5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները. 6) կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը. 7) կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները. 8) քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը. 9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը. 10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև նույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար: Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51):

Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի և բացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում: Մասնավորապես` Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից` տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցությունը` որպես ինքնաբացարկի հիմք, ենթակա է գնահատման՝ հաշվի առնելով ստորադաս դատարանում դատավորի կողմից կատարված գործողությունների շրջանակը և բնույթը, կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանում օրենքով սահմանված կարգով տվյալ գործով քննությունը պետք է իրականացվի և տվյալ հարցով որոշումը պետք է կայացվի կոլեգիալ` երեք դատավորի կազմով, ապա կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորներից առնվազն մեկի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը բավարար է արձանագրելու համար, որ  դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է.

1.        յուրաքանչյուր դեպքում դատավորը չպետք է մասնակցի իր իսկ կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությանը, նույնիսկ այն պարագայում, երբ այդ բողոքը քննվում է կոլեգիալ կարգով, քանի որ իր իսկ որոշումների դեմ բերված բողոքները քննելով՝ դատավորն իր անաչառության վերաբերյալ առաջացնում է օբյեկտիվ կասկած թե´ գործի մասնակցի, և թե´ օբյեկտիվ դիտորդի մոտ:

2.        այն դեպքում, երբ բողոքարկված չէ նույն դատավորի կողմից նախկինում կայացված դատական ակտը, սակայն բողոքում բարձրացվում է տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարց, հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները:

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործը 11.12.2014 թվականին վերամակագրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սմբատյանին: Դատարանի 15.12.2014 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ: 24.02.2015 թվականին կայացած նախնական դատական նիստը նախագահել է դատավոր Ա. Սմբատյանը: 16.04.2015 թվականին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սմբատյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործը հանձնել է վերամակագրման: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Փիլոսյանի 18.05.2015 թվականի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և ըստ էության լուծում ստացել է 06.02.2018 թվականի վճռով, որով հայցը մերժվել է: 06.02.2018 թվականի վճռի դեմ Գրիգորի Սաֆարյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Սմբատյանի (նախագահող դատավոր), Կ. Հակոբյանի և Ա. Պետրոսյանի 26.04.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և բողոքի քննության արդյունքում որոշում կայացնելիս նախագահող դատավոր է հանդես եկել Ա. Սմբատյանը: Վերաքննիչ դատարանի 26.07.2018 թվականի որոշմամբ Գրիգորի Սաֆարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով դատավոր Ա. Սմբատյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ բողոքի հիմքին և հիմնավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարցը լուծելիս հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները: Նման պայմաններում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել դատավոր Ա. Սմբատյանի կողմից կատարված գործողությունները ստորադաս դատարանում: Մասնավորապես՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ա. Սմբատյանը գործն ընդունել է վարույթ և հրավիրել է նախնական դատական նիստ: Նախնական դատական նիստում դատավոր Ա. Սմբատյանը պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, հայցի հիմքը և առարկան, պահանջները հիմնավորող ապացույցները և գործի մի շարք այլ հանգամանքներ, ընդունել է միջնորդություններ՝ գրավոր հայտարարությունը որպես ապացույց թույլատրելու մասին, պատասխանողի ներկայությունը դատական նիստին ապահովելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլը, հանդիսանալով քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցակարգ, նպատակ է հետապնդում ապահովելու գործի ժամանակին և ճիշտ քննությունը ու լուծումը: Հաշվի առնելով գործը դատաքննության նախապատրաստելու փուլում օրենսդրի կողմից դատարանին վերապահված գործողությունների բնույթը և շրջանակը` ակնհայտ է, որ այս փուլում դատարանը հանգամանալից ուսումնասիրում է գործի փաստերը և բացահայտում է վիճելի իրավահարաբերության էությունը: Նշվածից հետևում է, որ նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարման ենթակա գործողությունների իրականացման արդյունքում գործը քննող դատավորի համար բացահայտվում են գործի այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են վեճին ըստ էության լուծում տալու համար: Սույն գործով դատավոր Ա. Սմբատյանի կողմից առաջին ատյանի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ կատարվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել գործի ըստ էության քննության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն և դատավորի մոտ ողջամտորեն կարող էր ձևավորել նախնական կարծիք գործի ըստ էության լուծման վերաբերյալ: Ուստի հաշվի առնելով դատավոր Ա. Սմբատյանի` ստորադաս դատական ատյանում գործի քննությանն ունեցած մասնակցության բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոհիշյալ հանգամանքն օբյեկտիվորեն կարող էր կասկածներ հարուցել վերադաս ատյանում դատավոր Ա. Սմբատյանի անաչառության վերաբերյալ, հետևաբար սույն գործով առկա է եղել դատավոր Ա. Սմբատյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով բողոք բերած անձի փաստարկներն առ այն, որ դատավոր Ա. Սմբատյանը սեփական նախաձեռնությամբ պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, արձանագրում է, որ սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է՝ վերաքննիչ բողոքը քննվել է ոչ օրինական կազմով, որպիսի պայմաններում բողոքի ըստ էության քննության արդյունքում արված հետևությունները ևս օրինական համարվել չեն կարող, ուստի Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված այլ խախտումների վերաբերյալ փաստարկների գնահատմանը:

 

   Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին նպատակահարմար չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  26.07.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:  

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

 

Ռ. Հակոբյան

 Զեկուցող

 

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

  

Ա. Բարսեղյան

 

 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

 

 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Ն. Տավարացյան