ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/1046/03/16 Դատավորներ՝
Քաղաքացիական գործ
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան
Ն. Բարսեղյան
Տ. Նազարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
ե. խունդկարյան |
|
|
Գ. հակոբյան |
Է. Սեդրակյան |
2019 թվականի հուլիսի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ)՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Լիլի Իվանովայի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «ԱրմենՏել» ՓԲԸ-ն պահանջել է Մարինե Սահակյանից 35.313 ՀՀ դրամ բռնագանձելու մասին արձակել վճարման կարգադրություն:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ս. Սահակյան) 30.11.2016 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
Ընկերությունը 26.06.2018 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով հարգելի համարել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը և տրամադրել կատարողական թերթ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 12.09.2018 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2018 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը՝ դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը և 368-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը և արձանագրելով, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, մինչդեռ պետական տուրքը հատուկ վարույթի գործերով բողոքարկման դեպքում կազմում է 8.000 ՀՀ դրամ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը սպառիչ սահմանում է հատուկ վարույթի կարգով քննվող գործերի ցանկը: Այսինքն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը ենթակա չէր կիրառման, քանի որ հայցվորը բողոքարկել էր կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշումը, որը չի վերաբերում հատուկ վարույթի կարգով քննվող գործերին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետները վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումներով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու խնդրի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի, 368-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրության հիման վրա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումի և դրա կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի համար բողոք բերող անձի վրա կարող է դրվել պետական տուրք վճարելու պարտականություն:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`
ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,
բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով,
գ) հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի ութապատիկի չափով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ՝ գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը: Այլ կերպ ասած` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը` տարբերակվել են հայցային և հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական և ոչ դրամական պահանջների համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ իրավական գնահատական տալով պետական տուրքի գանձման օբյեկտներին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը պետական տուրքի գանձման օբյեկտ, այսինքն` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողություն է դիտարկում, մասնավորապես, դատարան տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննությունը: Այդ իսկ նկատառումով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար, այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Անդրադառնալով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումների և դրանց կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքների համար պետական տուրքի գանձման հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է՝ դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանված են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումները, որոնցից, ի թիվս այլնի, հանդիսանում է նաև կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կատարողական թերթի տրամադրումը կոչված է կատարողական վարույթի միջոցով ապահովելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման գործընթացը, ինչն իր հերթին հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի՝ ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվենցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի, դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա, հավանաբար, կհանգեցնի այնպիսի իրողության, որ անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):
Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է հատուկ ընթացակարգ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարան տրվող դիմումների համար: Մասնավորապես՝ պայմանավորված այդ դիմումների քննության առանձնահատկությամբ՝ տվյալ դիմումի քննության համար օրենսդիրը սահմանել է առավել սեղմ ժամկետ՝ 10 օր, դիմումը ստանալու օրվանից՝ միաժամանակ իրավունք վերապահելով գործին մասնակցող անձանց բողոքարկելու տվյալ գործերով կայացված դատական ակտը (տվյալ դեպքում՝ դատարանի որոշումը): Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը նշված վարույթն անմիջականորեն ուղղված չէ որևէ վեճի լուծմանը կամ գործի փաստական հանգամանքների պարզմանը: Տվյալ դեպքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով գործի քննությունն արդեն իսկ ավարտվել է և դատարանի միակ գործողությունը կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու հարցի պարզումն ու գնահատումն է: Այսինքն՝ վերը նշվածը վկայում է, որ տվյալ վարույթի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողությունները կրում են սահմանափակ բնույթ, բացակայում է պետական տուրքի գանձման օբյեկտը, ըստ այդմ՝ նաև պետական տուրք վճարելու պարտականությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումներով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով առկա չէ պետական տուրքի գանձման օբյեկտը, որպիսի պայմաններում դիմողների վրա չի կարող դրվել վերը նշված գործերով կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու համար պետական տուրքի վճարման պարտականություն:
Սույն գործի փաստերի համաձայն՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, 29.11.2016 թվականին դիմելով դատարան, պահանջել է Մարինե Սահակյանից 35.313 ՀՀ դրամ բռնագանձելու մասին արձակել վճարման կարգադրություն (գ.թ. 1): Դատարանը 30.11.2016 թվականին արձակել է վճարման կարգադրություն (գ.թ. 19): Ընկերությունը 26.06.2018 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ նշելով, որ Դատարանը չի տրամադրել կատարողական թերթ, հետևաբար խնդրել է հարգելի համարել կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը և տրամադրել կատարողական թերթ (գ.թ. 25):
Դատարանը 12.09.2018 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը մերժել է՝ պատճառաբանելով, որ թիվ ԱՎԴ2/1046/03/16 վճարման կարգադրությունն ուժի մեջ մտած վճռի ուժ է ստացել 14.03.2017 թվականին, ինչի մասին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացվել է 30.03.2017 թվականին, սակայն վերջինիս կողմից օրենքով սահմանված ժամկետում կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել, հետևաբար կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը չի կարող համարվել հարգելի (գ.թ. 36-37):
Ընկերությունը 14.11.2018 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով «բեկանել Դատարանի 12.09.2018 թվականի որոշումը և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնել»: Միաժամանակ Ընկերության կողմից ներկայացվել է միջնորդություն՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին (գ.թ. 45-48)։
Վերաքննիչ դատարանը 05.12.2018 թվականի որոշմամբ դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձրել՝ պատճառաբանելով, որ «ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը կատարելու փաստը հավաստող ապացույց («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` պետական տուրքը գանձվում է հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով, այսինքն 8.000 ՀՀ դրամ), չի ներկայացրել նաև արտոնություն կիրառելու վերաբերյալ որևէ միջնորդություն` գույքային դրությունը հիմնավորող ապացույցների ուղեկցմամբ»: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (գ.թ. 59)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.
Սույն քաղաքացիական գործով Ընկերությունը վերաքննության կարգով բողոքարկել է Դատարանի 12.09.2018 թվականի որոշումը, որը կայացվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով:
Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ ներկայացված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա էր վճարման հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով:
Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.
1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը.
2) շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը.
3) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) գործերը.
4) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գործերը.
5) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործերը.
6) երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը.
7) անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը.
8) քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ գործերը.
9) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը (կոչի վարույթ).
10) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ գործերը.
11) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործերը:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածում սպառիչ սահմանել է հատուկ վարույթի կարգով քննվող գործերի ցանկը, որոնց շարքում կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումները չեն ներառվել, այսինքն՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելը և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը չի հանդիսանում հատուկ վարույթի կարգով քննվող գործ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնող անձի վրա չի կարող դրվել հատուկ վարույթի գործերի համար սահմանված դրույքաչափով պետական տուրք վճարելու պարտականություն, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված իրավակարգավորումից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված չլինելը, ինչպես նաև պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունեն Ընկերության վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման համար, քանի որ Ընկերությունը վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում պետական տուրքի վճարման պարտականություն չունի՝ բողոքարկման ենթակա դատական ակտի տեսակով և հայցվող գործողությամբ պայմանավորված՝ պետական տուրքի վճարման օբյեկտի բացակայության հիմքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի և 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն վերադարձնելով Ընկերության վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Գ. Հակոբյան
Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ե. Խունդկարյան
Է. Սեդրակյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|