ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 մայիսի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 2-ին Բեյրութում ստորագրված՝ «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մարտի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Բեյրութում` նպատակ ունենալով զարգացնել և խորացնել հայ-լիբանանյան բարեկամական համագործակցությունը ռազմական ոլորտում:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Համաձայնագրի դրույթների իրագործման համար նշանակել լիազորված մարմին,
- մշակել երկկողմ ռազմական համագործակցության տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն այդ համագործակցության հեռանկարային ուղղությունները և կներառեն համագործակցության միջոցառումների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը, ինչպես նաև գործողությունների իրականացման ձևերը,
- ապահովել համագործակցությունը ներքոնշյալ ուղղություններով.
1) անվտանգություն և պաշտպանական քաղաքականություն,
2) ռազմական արդյունաբերություն,
3) ռազմական գիտատեխնիկական հետազոտություններ,
4) նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական նշանակության արտադրանքի ու ծառայությունների ձեռքբերում և մատակարարում,
5) ռազմական կրթություն և վարժանք,
6) ռազմական բժշկություն և առողջապահություն,
7) ռազմաիրավական պատրաստություն,
8) խաղաղությանն աջակցման, խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,
9) զինված ուժերի կազմակերպում և կառավարում,
10) կազմզորահավաքային պատրաստություն,
11) ռազմական գործողությունների հետևանքով առաջացած շրջակա միջավայրի խնդիրներ և աղտոտում,
12) ռազմական պատմություն,
13) ռազմական սպորտ,
14) Կողմերի համաձայնությամբ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ,
- ապահովել համագործակցության իրականացումը հետևյալ ձևերով.
1) պատվիրակությունների փոխադարձ այցելություններ ռազմական և քաղաքացիական հաստատություններ,
2) Կողմերի փորձագետների միջև փորձի փոխանակում,
3) Կողմերի Լիազորված մարմինների ներկայացուցիչների հանդիպումներ,
4) ռազմաուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում և վերապատրաստում,
5) դասախոսական և ուսուցանող անձնակազմի, ինչպես նաև ռազմական հաստատությունների ուսանողների փոխանակում,
6) Կողմերի Լիազորված մարմինների ընդհանուր համաձայնությամբ պաշտպանական նշանակության զինվորական և քաղաքացիական հաստատություններում առաջարկվող տեսական և գործնական ուսումնական դասընթացներին, կողմնորոշման փուլերին, սեմինարներին, խորհրդաժողովներին, կլոր սեղանի շուրջ քննարկումներին և գիտաժողովներին մասնակցություն,
7) մասնակցություն խաղաղությանն աջակցման, խաղաղապահ և մարդասիրական գործողություններին և զորավարժություններին,
8) այցելություններ ռազմական օդանավակայաններ և այլ կառույցներ,
9) մշակութային և մարզական միջոցառումների համատեղ իրականացում,
10) ռազմական նշանակության արտադրանքին և պաշտպանության հարցերին առնչվող ծառայությունների հետ կապված կոմերցիոն նախաձեռնություններին աջակցություն,
11) Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ ռազմական ուղղություն,
- որպես ուղարկող Կողմ հոգալ ճանապարհածախսը, աշխատավարձերը, առողջության և պատահարների ապահովագրությունը և հայկական անձնակազմի գործուղման հետ կապված ցանկացած այլ ծախս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության հետ կապված ծախսերի,
- որպես ընդունող Կողմ իր տարածքում հոգալ լիբանանյան Կողմի պատվիրակության անդամների ներքին տրանսպորտային փոխադրումների, կեցության և սննդի հետ կապված ծախսերը,
- Համաձայնագրով նախատեսված երկկողմ համագործակցության միջոցառումների իրականացման ընթացքում բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում` որպես ընդունող կողմ, լիբանանյան կողմի անձնակազմին անվճար հիմունքներով ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն ՀՀ ռազմաբժշկական հաստատություններում,
- Համաձայնագրով նախատեսված առաքելության/վարժանքի ընթացքում հայկական Կողմի անձնակազմի անդամի կողմից լիբանանյան կողմին հասցված ցանկացած վնաս փոխհատուցել փոխադարձ համաձայնության հիման վրա,
- երաշխավորել փոխանակված ցանկացած գաղտնի տեղեկատվության օգտագործումը՝ բացառապես Համաձայնագրի շրջանակներում և դրա նպատակներին համապատասխան,
- Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած վեճ կամ տարաձայնություն լուծել բացառապես խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, դիվանագիտական ուղիներով:
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի նոյեմբերի 2-ին Բեյրութում ստորագրված՝ «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
21 մայիսի 2019 թվականի ՍԴՈ-1461 |