ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/5358/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/5358/02/14 |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ռ. Հակոբյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ս. Միքայելյանի | ||
Ն. Տավարացյանի |
201
8 թվականի հուլիսի 13-ինգրավոր ընթացակարգով, քննելով Մուշեղ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գևորգ Մեհրաբյանի ընդդեմ Մուշեղ Սաֆարյանի, երրորդ անձ «Ամադեղա»ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Ընկերության կուտակված հարկային պարտավորությունները կատարել պարտավորեցնելու և պատճառված վնասը բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գևորգ Մեհրաբյանը պահանջել է պարտավորեցնել Մուշեղ Սաֆարյանին կատարել Ընկերության կուտակված հարկային պարտավորությունները՝ 17.464.752 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել պատճառված վնասը` 1.262.695 ՀՀ դրամ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 20.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Մուշեղ Սաֆարյանին պարտավորեցնել կատարել Ընկերության կուտակված հարկային պարտավորությունները. հայցը մնացած` պատճառված վնասը հատուցելու պահանջի մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.11.2016 թվականի որոշմամբ Գևորգ Մեհրաբյանի և Մուշեղ Սաֆարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 20.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Սաֆարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես՝ անտեսել է, որ 2013 թվականի օգոստոս ամսից ավազի հանքը (Ընկերությունը) փաստացի հանձնվել է Գևորգ Մեհրաբյանի կառավարմանը, և վերջինս շահագործել է հանքը, իրազեկված է եղել Ընկերության ֆինանսական վիճակի և հարկային պարտավորությունների մասին: Այսինքն՝ Գևորգ Մեհրաբյանը տեղեկացված էր Ընկերության` 17.944.850 ՀՀ դրամ հարկային պարտավորության մասին, որն արտացոլված էր թե´ 14.02.2014 թվականի նախավճարի, թե´ բաժնեմասի առուվաճառքի մասին պայմանագրերում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 14.02.2014 թվականին գործարքը կնքելիս Գևորգ Մեհրաբյանը` որպես գնորդ և Ընկերության միակ բաժնետեր, իր վրա է վերցրել պարտականություն ապահովելու Ընկերության հարկային պարտավորությունների կատարումը, այդ թվում` 01.11.2013 թվականի ստուգման ակտով առաջացած բոլոր պարտավորությունները, որն էլ իր արտացոլումն է գտել վերոնշյալ պայմանագրի 10-րդ կետում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2016 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Մուշեղ Սաֆարյանի, Վեներա Գալստյանի (այսուհետ` Կողմ 1) և Գևորգ Մեհրաբյանի (այսուհետ` Կողմ 2) միջև 14.02.2014 թվականին կնքված «Նախավճարի պայմանագրի» 1-ին կետի համաձայն` Կողմ 2-ը տալիս է Կողմ 1-ին 20.000 ՀՀ դրամ՝ որպես Ընկերության բաժնեմասերի առուվաճառքի նախավճար` ի ապահովումն դրա կատարման: (...) Բաժնեմասի վաճառքի ամբողջ գումարը սահմանվել է 50.000 ՀՀ դրամ, որից որպես նախավճարի գումար Կողմ 1-ը կանխիկ ստացել է 20.000 ՀՀ դրամ: Կողմ 1-ը պարտավորվել է համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 01.11.2013 թվականի 1004500 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ վերոհիշյալ ընկերության փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում, ստուգման ակտով առաջացած բոլոր տեսակի հարկերը, տուրքերը, հարկային պարտավորություններն ու վճարումները, տույժերն ու բոլոր տեսակի ֆինանսական տուգանքներն ամբողջությամբ, ինչպես նաև երրորդ անձանց առաջ առաջացած պարտավորությունները կատարել՝ մարել ստուգման ակտն ստանալուն պես, օրենքով նախատեսված ժամկետների ընթացքում և ձևակերպել բաժնեմասերի (բաժնետոմսերի) առուվաճառքը (հատոր 1-ին, գ.թ. 29).
2) Մուշեղ Սաֆարյանի և Գևորգ Մեհրաբյանի միջև 14.02.2014 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Սաֆարյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասը, իսկ Գևորգ Մեհրաբյանը գնել է նշված բաժնեմասը: Բաժնեմասի գին է սահմանվել 25.000 ՀՀ դրամը: Պայմանագրի 10-րդ կետով սահմանվել է, որ «...Գնորդին է փոխանցվում Ընկերության մասնակցի` մինչև բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները և պարտականությունները: Գնորդը հավաստիացրել է, որ իրազեկ է Ընկերության ֆինանսական, գույքային վիճակին և օտարվող բաժնեմասը ձեռք է բերում պայմանագրում նշված արժեքով և պայմաններով: Գնորդն իր վրա է վերցրել գնահատման տվյալների և հաշվեկշռային տվյալների անհամապատասխանության ռիսկը և պարտավորվել է Վաճառողի նկատմամբ պահանջներ չներկայացնել…» (հատոր 1-ին, գ.թ. 50-51).
3) ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 01.11.2013 թվականի թիվ 1004500 հանձնարարագրի հիման վրա 24.12.2013 թվականից մինչև 18.03.2014 թվականը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական վարչության կողմից Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 27.03.2014 թվականին կազմված թիվ 1004500 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 17.464.752 ՀՀ դրամի չափով լրացուցիչ պարտավորություն՝ որպես հարկային գործակալի կողմից պահվող (գանձվող) եկամտահարկի գծով պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 30-32):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, դրա արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նախավճարի դրույթներ պարունակող խառը պայմանագրի և առուվաճառքի պայմանագրի դրույթների միջև հակասության դեպքում պայմանագրերի մեկնաբանման կանոններին` միաժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3 հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր, իսկ 3-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438-րդ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (տե՛ս, «Ֆինլեքս» ՍՊԸ-ն ընդդեմ «Մետաքս» ԲԲԸ-ի թիվ ԵՄԴ/0492/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ելնելով պայմանագրի ազատության սկզբունքից՝ կողմերը կարող են կնքել նաև այնպիսի խառը պայմանագիր, որը նախատեսում է կարգավորում ինչպես պարտավորության կատարման ապահովման միջոց հանդիսացող նախավճարի վերաբերյալ, այնպես էլ կողմերի միջև կարգավորում է այլ հարաբերություններ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե կողմերի միջև կնքվում է ինչպես վերոնշյալ խառը պայմանագիր, այնպես էլ առուվաճառքի պայմանագիր, ապա կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են թե´ մեկով, թե´ մյուսով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ վերոնշյալ պայմանագրերը մեկնաբանելիս պետք է ղեկավարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`
1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).
2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:
Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե նախավճարի դրույթներ պարունակող խառը պայմանագիրը և առուվաճառքի պայմանագիրը վերը նշված կանոններով մեկնաբանելիս պարզ է դառնում, որ պայմանագրերի դրույթների միջև առկա է հակասություն, ապա պետք է գործեն առուվաճառքի պայմանագրի դրույթները՝ նկատի ունենալով, որ կողմերի միջև հարաբերություններն առուվաճառքի հարաբերություններ են, և այն կարգավորող հիմնական փաստաթուղթը հենց առուվաճառքի պայմանագիրն է:
Սույն գործի փաստերի համաձայն՝ կողմերի միջև 14.02.2014 թվականին կնքվել է նախավճարի մասին պայմանագիր, որի համաձայն` Մուշեղ Սաֆարյանը և Վեներա Գալստյանը պարտավորվել են համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 01.11.2013 թվականի 1004500 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ վերոհիշյալ ընկերության փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում, ստուգման ակտով առաջացած բոլոր տեսակի հարկերը, տուրքերը, հարկային պարտավորություններն ու վճարումները, տույժերն ու բոլոր տեսակի ֆինանսական տուգանքներն ամբողջությամբ, ինչպես նաև երրորդ անձանց առաջ առաջացած պարտավորությունները կատարել՝ մարել ստուգման ակտն ստանալուն պես, օրենքով նախատեսված ժամկետների ընթացքում և ձևակերպել բաժնեմասերի (բաժնետոմսերի) առուվաճառքը: Կողմերի միջև 14.02.2014 թվականին կնքվել է նաև բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որի 10-րդ կետով սահմանվել է, որ գնորդին է փոխանցվում Ընկերության մասնակցի` մինչև բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները և պարտականությունները, և գնորդը հավաստիացրել է, որ իրազեկ է Ընկերության ֆինանսական, գույքային վիճակին և օտարվող բաժնեմասը ձեռք է բերում պայմանագրում նշված արժեքով և պայմաններով: Գնորդն իր վրա է վերցրել նաև գնահատման տվյալների և հաշվեկշռային տվյալների անհամապատասխանության ռիսկը և պարտավորվել է վաճառողի նկատմամբ պահանջներ չներկայացնել: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական վարչության 27.03.2014 թվականի թիվ 1004500 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 17.464.752 ՀՀ դրամի չափով լրացուցիչ պարտավորություն:
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ անկախ այն հանգամանքից, որ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով որևէ դրույթ չի սահմանվել հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ, այդ պայմանագրի կնքմամբ չեն դադարել նախավճարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, գտել է, որ հայցն այդ մասով ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի վերը շարադրված պատճառաբանությունը, մերժել է Մուշեղ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ կողմերի միջև 14.02.2014 թվականին կնքված «Նախավճարի պայմանագիրն» իրականում նախավճարի տարրեր պարունակող խառը պայմանագիր է, քանի որ նախավճարի վերաբերյալ կարգավորումից բացի, պարունակում է նաև այլ կարգավորումներ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Մեհրաբյանի պահանջի հիմնավորվածությունը ստուգելու համար ստորադաս դատարանները պետք է գործում առկա բոլոր ապացույցները գնահատեին համակցության մեջ և Կողմերի միջև 14.02.2014 թվականին կնքված նախավճարի տարրեր պարունակող խառը պայմանագրի 1-ին կետում ամրագրված` «…Կողմ 1-ը պարտավորվել է համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 01.11.2013 թվականի 1004500 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ վերոհիշյալ ընկերության փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում, ստուգման ակտով առաջացած բոլոր տեսակի հարկերը, տուրքերը, հարկային պարտավորություններն ու վճարումները, տույժերն ու բոլոր տեսակի ֆինանսական տուգանքներն ամբողջությամբ, ինչպես նաև երրորդ անձանց առաջ առաջացած պարտավորությունները կատարել՝ մարել ստուգման ակտն ստանալուն պես, օրենքով նախատեսված ժամկետների ընթացքում և ձևակերպել բաժնեմասերի (բաժնետոմսերի) առուվաճառքը…» դրույթը մեկնաբանեին Մուշեղ Սաֆարյանի և Գևորգ Մեհրաբյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համատեքստում։ Մինչդեռ ստորադաս դատարանները, առանց հաշվի առնելու և մեկնաբանելու 14.02.2014 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, հայցը բավարարելու հիմքում դրել են միայն նախավճարի տարրեր պարունակող խառը պայմանագիրը:
Հիմք ընդունելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մուշեղ Սաֆարյանի և Գևորգ Մեհրաբյանի միջև պայմանագրի ազատության սկզբունքին համապատասխան կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որի 10-րդ կետի մեկնաբանությունից հետևում է, որ գնորդը, կրելով Ընկերության գնահատման և հաշվեկշռային տվյալների անհամապատասխանության ռիսկը, իրազեկված լինելով Ընկերության ֆինանսական, գույքային վիճակի մասին, համաձայնել է ստանձնել Ընկերության մասնակցի` մինչև բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները և պարտականությունները և օտարվող բաժնեմասը ձեռք է բերել պայմանագրում նշված արժեքով և պայմաններով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կողմերի միջև 14.02.2014 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի առկայությունն ինքնին բավարար է` փաստելու, որ անկախ այն հանգամանքից, որ նույն օրը կնքված նախավճարի տարրեր պարունակող խառը պայմանագրով նախատեսվել է սույն վեճի հիմքում ընկած պայմանը, կողմերի միջև առուվաճառքի պարտավորությունը ծագել է օրենքով սահմանված կարգով կնքված առուվաճառքի պայմանագրի առկայությամբ: Այլ կերպ ասած` կողմերի միջև կնքված նախավճարի դրույթներ պարունակող խառը պայմանագիրը կորցրել է իր իմաստը վիճելի պայմանի մասով, քանի որ կողմերի միջև արդեն իսկ կնքվել է առուվաճառքի պայմանագիրը, որը նախատեսել է այլ կարգավորում վիճելի պայմանի վերաբերյալ: Հետևաբար առուվաճառքի պայմանագիրը կնքած կողմերի համար նախավճարի դրույթներ պարունակող խառը պայմանագրով ամրագրված որևէ պայմանի չկատարելն այլևս իրավական հետևանքներ չի կարող առաջացնել մյուս կողմի համար՝ նկատի ունենալով, որ առուվաճառքի պայմանագրով կողմերն այլ կարգավորում են նախատեսել: Ուստի բաժնեմասի առուվաճառքի մասին պայմանագրի 10-րդ կետի մեկնաբանությունից հետևում է, որ գնորդը` Գևորգ Մեհրաբյանը, Մուշեղ Սաֆարյանի բաժնեմասը ձեռք է բերել պայմանագրով սահմանված արժեքով և պայմաններով, իրազեկված է եղել Ընկերության ֆինանսական և գույքային վիճակի վերաբերյալ և պարտավորվել է վաճառողի նկատմամբ այլ պահանջներ չներկայացնել: Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ առուվաճառքի պայմանագրի կնքմամբ դադարել է գործել նախավճարի տարրեր պարունակող խառը պայմանագրով սահմանված վիճելի պայմանը:
Ավելին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անգամ առուվաճառքի պայմանագրի 10-րդ կետում վերոգրյալ պայմանը սահմանված չլինելու դեպքում նախավճարի տարրեր պարունակող խառը պայմանագրով նախատեսված վիճելի պայմանը չէր կարող գործել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին) 3-րդ հոդվածի համաձայն՝ հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (…)` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության գործերը վարող անձի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա, ինչպես նաև կարող է սահմանվել համապարտ պատասխանատվություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով: (…)
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության համար Հայաստանի Հանրապետության հանդեպ առաջացել է հարկային պարտավորություն, որը դարձել է Մուշեղ Սաֆարյանի և Գևորգ Մեհրաբյանի միջև կնքված պայմանագրերի առարկա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պայմանագրերը մեկնաբանելիս անհրաժեշտ է ղեկավարվել պայմանագրի մեկնաբանման երրորդ կանոնը կիրառելով՝ նկատի ունենալով, որ նախորդ երկու կանոնի միջոցով պայմանագրերը մեկնաբանելիս պայմանը վիճելի է մնում:
Կիրառելով պայմանագրերի մեկնաբանման երրորդ կանոնը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու համար անհրաժեշտ է հիմք ընդունել վերոգրյալ իրավական նորմերը՝ նկատի ունենալով, որ կողմերի կամքը պետք է համապատասխաներ օրենսդրությանը: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հարկային պարտավորություն առաջացել է Ընկերության՝ որպես հարկային գործակալի համար, վերջինս, ղեկավարվելով հարկային օրենսդրությամբ, պարտավոր էր կատարել այդ պարտավորությունը: Հարկային պարտավորության չափը հաստատվել է ստուգման ակտով, որը, ընդ որում, կազմվել է ավելի ուշ, քան կնքվել են պայմանագրերը: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ հարկի՝ որպես պետական բյուջե վճարվող համապարտադիր վճարի գանձումից բխող և պետության ու հարկ վճարողի միջև առաջացող պարտավորությունները հանրային են և չեն կարող հանդիսանալ քաղաքացիաիրավական պայմանագրի առարկա: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նախավճարի տարրեր պարունակող խառը պայմանագրով սահմանված վիճելի պայմանի սահմանմանն ուղղված կողմերի իրական կամքը չէր կարող ուղղված լինել պարտավորեցնելուն Մուշեղ Սաֆարյանին կատարել Ընկերության ունեցած հարկային պարտավորությունները պետության նկատմամբ՝ առանց համապատասխան օրենսդրական կառուցակարգերի առկայության՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանց պետության կամքի դրսևորման՝ Ընկերության պարտավորությունն այլ անձի չէր կարող փոխանցվել՝ վերջինիս վրա դնելով պարտականություն, առավել ևս նման համաձայնությունը չէր կարող հանդիսանալ քաղաքացիաիրավական պայմանագրի առարկա: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի պայմանի վերաբերյալ կողմերի իրական կամքը բացահայտելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նաև վերը նշված պատճառաբանություններով և արձանագրել, որ կողմերի վերջնական ընդհանուր կամքն ուղղված չի եղել Մուշեղ Սաֆարյանի համար պարտականություն առաջացնելուն՝ վճարելու Ընկերության հարկային պարտավորությունը, որպիսի եզրահանգման համար հիմք է նաև այն հանգամանքը, որ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրում նման պայմանը բացակայել է՝ նախատեսելով, որ Գևորգ Մեհրաբյանը տեղեկացված է Ընկերության ֆինանսական, գույքային վիճակի վերաբերյալ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները, անտեսելով կողմերի միջև առկա 14.02.2014 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով սահմանված կարգավորումը, եկել են այն սխալ եզրահանգման, որ Մուշեղ Սաֆարյանը չի կատարել 14.02.2014 թվականին նախավճարի պայմանագրով սահմանված իր պարտավորությունը և Գևորգ Մեհրաբյանի հայցապահանջն այդ մասով բավարարել են այն պայմաններում, երբ այն ենթակա էր մերժման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսմամբ, արդյունքում՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմամբ և դրա հետևանքով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի խախտմամբ սխալ եզրահանգման է եկել, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Մուշեղ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` միայն Մուշեղ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով բեկանելով, հիմք է ընդունում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է միայն այդ մասով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` մասնակիորեն բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Մեհրաբյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Գևորգ Մեհրաբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես Մուշեղ Սաֆարյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Գևորգ Մեհրաբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2016 թվականի որոշման` Մուշեղ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2016 թվականի վճռով հայցը մասնակիորեն բավարարելու մասն օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` Գևորգ Մեհրաբյանի հայցը` «Ամադեղա»ՍՊԸ-ի կուտակված հարկային պարտավորությունները կատարելուն Մուշեղ Սաֆարյանին պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել:
2. Գևորգ Մեհրաբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Գևորգ Մեհրաբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես Մուշեղ Սաֆարյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Գևորգ Մեհրաբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ռ. Հակոբյան | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ն. Տավարացյան |