ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0684/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0684/02/08 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Դատավորներ՝ |
Կ. Չիլինգարյան |
Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի մարտի 12-ին
քննարկելով ըստ դիմումի Գագիկ Մանուկյանի` փաստացի տիրապետման եղանակով բանակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով գործին մասնակից չդարձված անձանց` Գասպար և Հրաչյա Մանուկյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2009 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2008 թվականի վճռով Գագիկ Մանուկյանի դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2009 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձանց` Գասպար և Հրաչյա Մանուկյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել գործին մասնակից չդարձված անձինք` Գասպար և Հրաչյա Մանուկյանները։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշմամբ պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոք բերած անձինք որևէ ապացույց չեն ներկայացրել այն մասին, թե երբ են իմացել բողոքարկվող վճռի մասին, ինչի հետևանքով չի հաստատվում այդ դատական ակտի կայացման մասին իմանալուց սկսած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված երեքամսյա ժամկետը պահպանված լինելու հանգամանքը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևոր փաստը, որ վերաքննիչ բողոքում հստակ նշված է` «Նշված վճռի մասին Հրաչյա և Գասպար Մանուկյանները տեղեկացվել են 02.11.2009 թվականի գրությունը ստանալուց հետո», և ի հավաստումն այդ փաստի` վերաքննիչ բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 02.11.2009 թվականի թիվ 6164/27-1108 գրությունը։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 22.12.2009 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
Գործին մասնակից չդարձած այն անձանց համար, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավական հնարավորություն։ Միաժամանակ վերոնշյալ հոդվածի իմաստից բխում է, որ նման դեպքերում այդ անձինք վերաքննիչ բողոքում պետք է հիմնավորեն, որ բողոք են ներկայացրել այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկման ժամկետը պահպանված լինելու հանգամանքը պետք է հիմնավորի վերաքննիչ բողոք բերող անձը։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոք բերած անձինք որևէ ապացույց չեն ներկայացրել այն մասին, թե երբ են իմացել բողոքարկվող վճռի մասին, ինչի հետևանքով չի հաստատվում այդ դատական ակտի կայացման մասին իմանալուց սկսած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված երեքամսյա ժամկետը պահպանված լինելու հանգամանքը։
Մինչդեռ գործում առկա վերաքննիչ բողոքի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը պարզեց, որ Գասպար և Հրաչյա Մանուկյանների վերաքննիչ բողոքում նշված է, որ Դատարանի 30.07.2008 թվականի վճռի մասին իրենց հայտնի է դարձել 02.11.2009 թվականին` Կադաստրի թիվ 6164/27-1108 գրությունն ստանալուց հետո և վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Կադաստրի նշված գրությունը։ Այնուհետև Գասպար և Հրաչյա Մանուկյանները, պահպանելով իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման մասին իմանալուց սկսած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված երեքամսյա ժամկետը, 14.12.2009 թվականին նշված վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք։
Վերոգրյալից հետևում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքը պարունակում է նշում բողոքարկվող դատական ակտի կայացման մասին իմանալու ժամկետի վերաբերյալ, ինչն էլ հավաստվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված Կադաստրի 02.11.2009 թվականի թիվ 6164/27-1108 գրությամբ, որպիսի փաստի անտեսման արդյունքում Վերաքննիչ դատարանը խախտել է բողոք բերած անձանց` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատարան դիմելու իրավունքը։
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2009 թվականի որոշումը։2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
