ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/1040/05/12 2012 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/1040/05/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան | |
Դատավորներ` Ա. Աբովյան |
|
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի օգոստոսի 22-ին,
քննարկելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.05.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Ծառայության ընդդեմ Ռուբեն Մայիլյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` 15.01.2010 թվականի ԱԲ թիվ 397234 վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Ռուբեն Մայիլյանից 10.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ արձակել վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանը 24.05.2010 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռուբեն Մայիլյանը պահանջել է վերացնել Ծառայության 15.01.2010 թվականի ԱԲ թիվ 397234 վարչական ակտը:
ՀՀ վարչական դատարանի 27.02.2012 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:
Գործի քննության ընթացքում Ծառայությունը հայցից հրաժարվել է` նկատի ունենալով, որ Ռուբեն Մայիլյանը սահմանված ժամկետում վճարել է վարչական տուգանքի գումարը:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան, այսուհետ՝ Դատարան) 27.03.2012 թվականի վճռով վարչական գործի վարույթը կարճվել է: Միաժամանակ որոշվել է Ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.500 ՀՀ դրամ` որպես հայց ներկայացնելու համար չվճարված պետական տուրքի գումար:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.05.2012 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը վերադարձվել է` հակընդդեմ հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրք վճարված և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով: Միաժամանակ արձանագրվել է բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու պարագայում որոշումն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում վերաքննիչ բողոք կրկին ներկայացնելու հնարավորություն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անկախ հակընդդեմ հայցի բնույթից և բովանդակությունից անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթից, որով, հետևաբար նաև դրա դեմ վերաքննիչ բողոքով բողոք բերած անձն ազատված է պետական տուրքի վճարումից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.05.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մաuում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու պարագայում հայցվորի կողմից պետական տուրքի վճարման հարցին և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար, այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն (տե՛ս ըստ Ծառայության հայցի ընդդեմ Գարեգին Գալոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2011 թվականի թիվ ՎԴ6/0035/05/10 որոշումը):
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելը պատճառաբանել է նրանով, որ Ծառայության կողմից բողոքարկվել է Դատարանի 27.03.2012 թվականի վճիռն ամբողջությամբ, որով լուծում է տրվել նաև հակընդդեմ հայցին, իսկ նշված պահանջի մասով Ծառայությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով ազատված չէ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումից:
Մինչդեռ վերաքննիչ բողոքով Ծառայությունը պահանջել է բեկանել Դատարանի 27.03.2012 թվականի վճռի` Ծառայությունից պետական բյուջե 1.500 ՀՀ դրամ բռնագանձելու մասը և այն փոփոխել` պետական տուրքի հարցը համարել լուծված:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձն ազատված է սույն գործով հայցի համար սահմանված պետական տուրքի վճարումից: Հետևաբար, նկատի ունենալով, որ բողոք բերած անձը Դատարանի վճիռը բողոքարկել է ոչ թե ամբողջությամբ, այլ հայց ներկայացնելու համար իր նկատմամբ պետական տուրքի վճարման պարտականություն դնելու մասով, ապա վերջինս օրենքի ուժով ազատված է նաև Դատարանի վճռի նշված մասի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.15-րդ, 118.17-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.05.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Վ. Աբելյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |