ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0437/05/10 2011թ. | ||||
Վարչական գործ թիվ ՎԴ/0437/05/10 |
|||||
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի ապրիլի 27-ին,
քննարկելով Յուրիկ Ավինյանի, Կարինե Արզումանյանի, Ռաֆիկ Բաբայանի, Ռուբեն Աթոյանի, Սուսաննա Կիրակոսյանի, Ամալյա Օհանյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Նորա Կիրակոսյանի, Սուսաննա Եղիազարյանի, Սուսաննա Ղոնախչյանի, Անահիտ Համբարձումյանի, Ալբերտ Մովսիսյանի, Ռազմիկ Հարությունյանի, Արմեն Հակոբյանի, Գագիկ Հակոբյանի, Ելենա Պետրոսյանի, Մարգարիտա Աստվածատրյանի, Մարիամ Մինասյանցի, Աշոտ Քոչարյանի, Ծովինար Մինասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սամվել Չախոյանի, Կարինե Չախոյանի, Նադեժդա Ծառուկյանի, Արա Կիլիկյանի, Լևիկ Գրիգորյանի, Արինա Ամիրջանյանի, Գրիշա Ղազարյանի, Անժելիկա Գրիգորյանի, Սամվել Ադամյանի և Լենա Միրզոյանի (այսուհետ` համահայցվորներ) ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ համահայցվորների հայցի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի` ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու և ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1516-Ն որոշման` որպես առոչինչ վարչական ակտի իրավական հետևանքները կիրառելու կամ այն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` համահայցվորները պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումը և կիրառել ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1516-Ն որոշման` որպես առոչինչ վարչական ակտի իրավական հետևանքները կամ այն ճանաչել անվավեր:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2010 թվականի որոշմամբ Դատարանի 11.11.2010 թվականի վճռի դեմ համահայցվորների վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել համահայցվորների ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է ժամկետանց: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոք բերելու վերջին օրը համընկել է ոչ աշխատանքային օրվան, որին հաջորդող աշխատանքային օրը 13.12.2010 թվականն էր: Այդ օրն էլ վերաքննիչ բողոքը հանձնվել է փոստային ծառայությանը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.12.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` ժամկետանց համարելու մասով։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի 11.11.2010 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 12.12.2010 թվականը, որպիսի ժամկետը համահայցվորների կողմից բաց է թողնվել և բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 13.12.2010 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի բացթողնմամբ: Միևնույն ժամանակ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, ուստի բողոքը ենթակա է վերադարձման:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում: Այսպես` Դատարանի 11.11.2010 թվականի վճիռը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի, պետք է օրինական ուժի մեջ մտներ 12.12.2010 թվականին: Մինչդեռ, 12.12.2010 թվականը ոչ աշխատանքային օր է, ուստի վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի, համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը, այն է` 13.12.2010 թվականը:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի պահպանմամբ:
Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելու մաuին ապացույցները: Այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն oրենuգրքի 117.4-րդ հոդվածի պահանջները:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքը վերադարձրել է` հիմք ընդունելով նաև այն հանգամանքները, որ բողոք բերողի կողմից չի ներկայացվել ապացույց` «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին բողոքի պատճենն ուղարկելու մասին, բացի այդ, բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հաստատող ապացույց:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմքով, ուստի Վերաքննիչ դատարանի մասնակիորեն սխալ պատճառաբանությունները չեն կարող հիմք հանդիսանալ 27.12.2010 թվականի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |