ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4272/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4272/05/10 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հունվարի 27-ին,
քննարկելով ըստ հայցի Հռիփսիմե Ղալաչյանի ընդդեմ Երևանի առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման, Էմմա Բազոյանի, Ռուզաննա Հակոբյանի` 14.11.2002 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Դանիել Մխեյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հռիփսիմե Ղալաչյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել 14.11.2002 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը:ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 16.07.2014 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է որպես պատասխանող, իսկ Նոտարը` երրորդ անձ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2014 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.07.2014 թվականի «Պատասխանողին փոխարինելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքում ներկայացված բազմաթիվ փաստերի վերաբերյալ իրավական վերլուծությունները և որևէ կերպ չի անդրադարձել դրանց:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հանգել է սխալ եզրակացության, որ դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է նաև նյութաիրավական իրավահաջորդության բացակայության պարագայում` անտեսելով, որ դատավարական իրավահաջորդությունը հիմնված է նյութաիրավական իրավահաջորդության վրա, որպիսին սույն գործի շրջանակներում բացակայում է: Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից ևս բխում է, որ օրենսդիրն ի սկզբանե նախատեսել է այնպիսի իրադրության հնարավորություն, երբ նյութաիրավական իրավահաջորդությունը բացառվում է, հետևաբար բացառվում է նաև դատավարական իրավահաջորդությունը:
Այնուամենայնիվ, եթե Հռիփսիմե Ղալաչյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ է սույն գործով Նոտարին փոխարինել իրավահաջորդով, ապա «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ նոտարական պալատի կանոնադրության և ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ Նոտարի դատավարական իրավահաջորդ պետք է ճանաչել ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` ՀՀ նոտարական պալատին, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի ուժով իրավասու է նոտարների շահերի պաշտպանությամբ հանդես գալ ՀՀ դատական ատյաններում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սխալ կիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. արդյո՞ք ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելիս նոտարն իրականացնում է հանրային գործառույթ, թե հանդես է գալիս որպես մասնավոր իրավահարաբերության մասնակից,
2. արդյո՞ք իրավական հիմքերի և իրավաբանական հետևանքների տեսանկյունից դատավարական իրավահաջորդության և ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման վարչադատավարական ինստիտուտները նույնական են,
3. արդյո՞ք նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործի քննության ընթացքում գործով պատասխանող նոտարի լիազորությունների դադարման, այդ թվում նաև` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում վերջինս պետք է փոխարինվի իրավահաջորդով, թե` պատշաճ պատասխանողով,
4. նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործի քննության ընթացքում զբաղեցրած պաշտոնից ազատված նոտարի փոխարեն ո՞վ պետք է ներգրավվի վարչական դատավարությանը` որպես պատշաճ պատասխանող։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (...), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (...) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (...) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության մաuնակիցներն են կողմերը` հայցվորը և պատաuխանողը, ինչպես նաև երրորդ անձինք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատաuխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում, իսկ 5-րդ մասի համաձայն` այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն`
1. Գործի քննության նախապատրաuտման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատաuխանողին:
2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատաuխանողի դեմ, որը պետք է պատաuխանի ըuտ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինել պատշաճ պատաuխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատաuխանողին փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպեu երկրորդ պատաuխանող:
3. Ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինելուց կամ գործում որպես երկրորդ պատաuխանող ներգրավելուց հետո գործի վարույթը uկuվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից:
4. Պատաuխանողին փոխարինելու կամ պատշաճ պատաuխանողին որպեu երկրորդ պատաuխանող ներգրավելու մաuին դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն`
1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
2. Նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
3. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում նոտարական գործողության հետևանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:
4. Նոտարական գործողության հետևանքով ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, ներառյալ` վավերացված գործարքների կողմերի միջև առաջացած վեճերը, ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, եթե դրանք, նույն գլխի համաձայն, քննության ենթակա պահանջներից ածանցվող պահանջներ չեն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) վարչական մարմիններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում: Եթե վերը թվարկված մարմիններից բացի, վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա նույն օրենքի իմաստով` դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ։
2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (...), նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (...) հիման վրա:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է նույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ: Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն նույն օրենքով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար: Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի և նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված` նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է: Նոտարական պալատն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, նույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին և իր կանոնադրությանը համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոտարական պալատը ներկայացնում և պաշտպանում է նոտարների շահերը, նրանց օգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս, (...) իրականացնում է նույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ՀՀ նոտարական պալատի կանոնադրության 1-ին կետի համաձայն` ՀՀ նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի և նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված` նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը նոտարների շահերը ներկայացնելը և պաշտպանելն է, նոտարական գործունեություն իրականացնելիս նրանց օգնություն ցույց տալը և այդ գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:
ՀՀ նոտարական պալատի կանոնադրության 2-րդ կետի համաձայն` պալատն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք է բերում պետական գրանցման պահից, (...) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
ՀՀ նոտարական պալատի կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` նույն կանոնադրության 1-ին կետում ամրագրված նպատակների իրականացմանն ուղղված` պալատը ներկայացնում և պաշտպանում է պալատի անդամների իրավունքները և շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ անձանց և կազմակերպությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Դավիթ և Լիլիթ Հաբեթյաններն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով 29.07.2015 թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով վարչական դատավարությունում կողմի իրավահաջորդության և ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուն վերաբերող դատավարական կառուցակարգերի փոխհարաբերակցությանը, ընդգծել է, որ քննարկվող դատավարական ինստիտուտների միջև առկա են էական տարբերություններ` ինչպես ըստ հիմքերի, այնպես էլ ըստ դատավարական հետևանքների. եթե դատավարական իրավահաջորդության հիմքը կողմի` նյութական իրավունքներում կամ պարտականություններում տեղի ունեցած իրավահաջորդությունն է, ապա ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումն իրար փոխարինող անձանց միջև, որպես կանոն, ոչ մի նյութաիրավական կապ չի ենթադրում:
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով կարգավորելով վարչական դատավարությունում դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերի, կատարման կարգի և իրավական հետևանքների հետ կապված հարաբերությունները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում թվարկել է այն փաստակազմերի սպառիչ ցանկը, որոնց գործնականում առկայությունը հնարավորություն է ընձեռում վարչական դատարանին կատարել դատավարության կողմի փոխարինում նրա իրավահաջորդով: Այսպես` վարչական դատավարությունում իրավահաջորդությունը տեղի է ունենում դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու հետևյալ դեպքերում. (1) իրավաբանական անձի վերակազմակերպում, (2) վարչական մարմնի վերակազմակերպում, (3) ֆիզիկական անձի մահ, (4) պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր: Այսպիսով, վարչական դատարանն իրավասու է դատավարության կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնել միայն վերը նշված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում: Հետևաբար վարչական դատարանն իրավասու չէ դատավարության կողմին փոխարինել նրա իրավահաջորդով` հիմնվելով այնպիսի փաստակազմերի վրա, որոնք նախատեսված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում:
Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով կարգավորել է վարչական գործի քննության ընթացքում ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատաuխանողին որպեu երկրորդ պատաuխանող ներգրավելու դատավարական կառուցակարգի առանձնահատկությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով ամրագրված իրավադրույթներից բխում է, որ ոչ պատշաճ պատասխանողը դատավարության մասնակից այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան, սակայն հետագայում գործի հանգամանքներով ժխտվել է դատավարության այդ մասնակցի` վիճելի պարտականության կրող լինելու, այսինքն` վիճելի իրավահարաբերության սուբյեկտ հանդիսանալու ենթադրությունը: Այլ կերպ ասած` եթե վարչական գործի քննության ընթացքում ժխտվում է այն ենթադրությունը, որ պատասխանողը հանդիսանում է վիճելի իրավահարաբերության սուբյեկտ, ապա այդ դեպքում վերջինս ճանաչվում է ոչ պատշաճ պատասխանող և պետք է փոխարինվի պատշաճ պատասխանողով, այսինքն` վիճելի իրավահարաբերության ենթադրյալ սուբյեկտով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման համաձայն` ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը կարող է կատարվել վարչական դատարանի նախաձեռնությամբ կամ հայցվորի միջնորդությամբ, բայց բոլոր դեպքերում միայն հայցվորի համաձայնությամբ, որը բխում է տնօրինչականության սկզբունքից: Փաստորեն, ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումն առանց հայցվորի համաձայնության հնարավոր չէ, իսկ եթե հայցվորը համաձայն չէ ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինելուն, ապա վարչական դատարանը կարող է պատշաճ պատասխանողին, այսինքն` այն սուբյեկտին, որը պետք է պատաuխանի ըuտ ներկայացված հայցի, ներգրավել որպեu երկրորդ պատաuխանող: Բացի այդ, վարչական գործի քննության ընթացքում ոչ պատշաճ պատասխանողի կատարած գործողությունները դատավարությանը մասնակից դարձված պատշաճ պատասխանողի համար նշանակություն չունեն և վերջինիս համար որևէ իրավունք կամ պարտականություն չեն առաջացնում: Պատշաճ պատասխանողի համար ծագում են նոր վարչադատավարական իրավահարաբերություններ, հետևաբար պատշաճ պատասխանողի համար գործի քննությունը սկսվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից` անկախ նրանից, թե դատավարության որ փուլում է բացահայտվել ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման անհրաժեշտությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, Դավիթ և Լիլիթ Հաբեթյաններն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով 29.07.2015 թվականին կայացված որոշմամբ նաև արձանագրել է, որ այն դեպքում, երբ նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում նոտարն ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, կամ նրա լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարում են, ապա դադարում է նաև վերջինիս` հանրային գործառույթներ իրականացնելու հանգամանքից բխող հանրային-իրավական կարգավիճակը: Հետևաբար նոտարի պաշտոնից ազատված կամ նոտարի լիազորությունները դադարած անձը նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործերի շրջանակներում այլևս չի կարող համարվել պատշաճ պատասխանող` (1) նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև (2) նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցապահանջների մասով: Տվյալ դեպքում վարչական դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով լուծել այդ նոտարին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին դատավարությանը որպես երկրորդ պատասխանող ներգրավելու հարցը: Ընդ որում, վարչական դատարանն իրավասու չէ նոտարի պաշտոնից ազատված կամ նոտարի լիազորությունները դադարած անձին փոխարինել նրա իրավահաջորդով, քանի որ վարչական դատարանը կարող է դատավարության կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնել միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում, մինչդեռ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով վարչական դատավարությունում դատավարական իրավահաջորդության հիմքերը, դրանց շարքում չի նախատեսել նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու պատճառով դատավարությունից դուրս գալու վերաբերյալ որևէ դրույթ:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն դեպքում, երբ նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործով պատասխանող նոտարն ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից կամ նրա լիազորությունները դադարում են, ապա նոտարի դեմ ներկայացված` նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջների մասով պատշաճ պատասխանող պետք է համարվի ՀՀ նոտարական պալատը, որը պետք է ներգրավվի դատավարությանը կամ որպես նոտարին փոխարինող պատշաճ պատասխանող կամ որպես երկրորդ պատասխանող հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ նոտարական պալատը նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է, որը, ի թիվս ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների, օժտված է նաև նոտարների շահերը ներկայացնելու և պաշտպանելու իրավասությամբ: ՀՀ նոտարական պալատն իրավասու է ներկայացնել և պաշտպանել նոտարների շահերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած հարաբերություններում, այդ թվում նաև դատարանում: Ընդ որում, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցապահանջի քննության շրջանակներում ՀՀ նոտարական պալատն իրավասու է դատարանում ներկայացնելու և պաշտպանելու իր զբաղեցրած պաշտոնից ազատված կամ լիազորությունները դադարած նոտարի շահերը, քանի որ նշված հայցապահանջներով վիճարկվում է նոտարի` հանրային-իրավական կարգավիճակից բխող գործողությունների իրավաչափությունը: Հետևաբար նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում նոտարի դեմ ներկայացված` նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջների մասով վարչական դատարանը պարտավոր է իր զբաղեցրած պաշտոնից ազատված կամ լիազորությունները դադարած նոտարին ՀՀ վարչական դատավարության կարգով փոխարինել պատշաճ պատասխանողով` ՀՀ նոտարական պալատով:
Փաստորեն, նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում նոտարի դեմ ներկայացված` (1) նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև (2) նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջների մասով իր զբաղեցրած պաշտոնից ազատված կամ լիազորությունները դադարած նոտարը պետք է ճանաչվի ոչ պատշաճ պատասխանող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով փոխարինվի պատշաճ պատասխանողով` ՀՀ նոտարական պալատով (տե՛ս, Դավիթ և Լիլիթ Հաբեթյաններն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):
Սույն գործի շրջանակներում անձի դատական պաշտպանության իրավունքի գործնականում արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանը հատուկ կարևորում է նաև ՀՀ իրավական համակարգում ժառանգության իրավունքի վկայագիրը դատարանում վիճարկելու իրավական հնարավորության բովանդակության բացահայտումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության հիմնախնդրին և նշել է, որ նոտարի կողմից տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ չէ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ անձն իրավունք չունի պահանջել վիճարկման հայցով վերացնել իր ենթադրյալ իրավունքները և ազատությունները խախտող ժառանգության իրավունքի վկայագիրը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն` վիճարկման հայցն օրենսդրի կողմից նախատեսված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական ակտով միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելուն կամ փոփոխելուն (տե՛ս, Սերժիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը չի կարող դիտարկվել նաև որպես նոտարական գործողությունը վիճարկելու պահանջ, եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է նաև ժառանգության իրավունքի վկայագիրը ընդհանուր իրավասության դատարանում վիճարկելու իրավական հնարավորության հիմնախնդրին և նշել է, որ եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ գործը չի ծագում հանրային իրավահարաբերություններից, այլ ծագում է մասնավոր իրավահարաբերություններից, հետևաբար` ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին (տե՛ս, Հուսիկ Թադևոսյանն ընդդեմ Արմեն Արիստակեսյանի, ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի թիվ ԱՐԴ1/0019/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն նաև արձանագրում է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով վարչական արդարադատության համակարգում ապահովել դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, ՀՀ վարչական դատավարությունում նախատեսել է հայցադիմումի վերահասցեագրման ինստիտուտը: Հայցադիմումի վերահասցեագրումը սահմանելով որպես վարչական դատարանի պարտականություն` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է, որ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ վարչական դատարանին, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը, իր 16.07.2014 թվականի «Պատասխանողին փոխարինելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշմամբ հղում կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի դրույթներին, որոնք սահմանում են վարչական դատավարությունում ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու հիմքերը և կարգը, գտել է, որ Նոտարին անհրաժեշտ է փոխարինել իրավահաջորդով, իսկ տվյալ դեպքում Նոտարի իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Այսպես, ըստ Դատարանի 16.07.2014 թվականի որոշման` «(...) նոտար Էմմա Շաբոյանը ՀՀ արդարադատության նախարարի 29.04.2014 թվականի թիվ 30-Ա հրամանով ազատվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարի պաշտոնից, իսկ վերջինս որպես նոտար` գործել է Հայաստանի Հանրապետության անունից, ուստի (...) նոտարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով նոտարի իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար անհրաժեշտ է նոտար Էմմա Շաբոյանին փոխարինել իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով (...)»: Դատարանի նույն որոշմամբ Նոտարը գործին ներգրավվել է որպես երրորդ անձ (հատոր 2-րդ, գ.թ. 149-150):
Վերաքննիչ դատարանի 10.12.2014 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.07.2014 թվականի «Պատասխանողին փոխարինելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։ Վերաքննիչ դատարանն իր 10.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ գտել է, որ Դատարանը Նոտարին դատավարական իրավահաջորդության կարգով փոխարինել է Հայաստանի Հանրապետությունով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ, քանի որ ըստ Վերաքննիչ դատարանի` «(...) նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելուց հետո նյութաիրավական տեսանկյունից նոտարի իրավահաջորդ գոյություն չունի: Մյուս կողմից, քանի որ նոտարական գործողությունը կատարվել է կամ նոտարական գործողության կատարումը մերժվել է Հայաստանի Հանրապետության անունից, և, ըստ ներկայացված հայցի, դրանցով խախտվել են հայցվորների իրավունքներն ու շահերը, ապա դատավարական իրավահաջորդության առումով սույն գործով ներկայացված պահանջի մասով զբաղեցրած պաշտոնից ազատված նոտարի իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 40-45):
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Ինչպես արդեն իսկ նշվել է վերոշարադրյալում, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է դատավարական իրավահաջորդության հիմքերը, որոնք վերաբերում են դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու հետևյալ դեպքերին` (ա) իրավաբանական անձի վերակազմակերպում, (բ) վարչական մարմնի վերակազմակերպում, (գ) ֆիզիկական անձի մահ, (դ) պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր: Հետևաբար, սույն վարչական գործի քննության ընթացքում Նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելը չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս դատավարական իրավահաջորդության համար, քանի որ օրենսդիրը, թվարկելով դատավարական իրավահաջորդության հիմքերը, դրանց շարքում իրավահաջորդության այդպիսի հիմք չի նախատեսել: Այսպիսով, սույն գործով Նոտարի դեմ ներկայացված 14.11.2002 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների շրջանակներում Նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում վերջինիս դատավարական իրավահաջորդության հարց, առհասարակ, չի կարող բարձրացվել, քանի որ այդպիսի իրավահաջորդության իրավական հիմքը բացակայում է:
Նշված փաստական հանգամանքները համադրելով վերոգրյալ իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նոտարը, ՀՀ արդարադատության նախարարի 29.04.2014 թվականի թիվ 30-Ա հրամանով ազատվելով իր զբաղեցրած պաշտոնից, զրկվել է իր հանրային-իրավական կարգավիճակից: Հետևաբար սույն գործի շրջանակում Նոտարի դեմ ներկայացված` 14.11.2002 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու հայցապահանջների շրջանակներում Նոտարն այլևս չի կարող համարվել պատշաճ պատասխանող և պետք է փոխարինվի պատշաճ պատասխանողով` ՀՀ նոտարական պալատով:
Այսպիսով, սույն վարչական գործով Նոտարի դեմ ներկայացված 14.11.2002 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների շրջանակներում Դատարանն անհիմն կերպով եզրահանգել է, որ Նոտարին անհրաժեշտ է փոխարինել իրավահաջորդով, իսկ տվյալ դեպքում Նոտարի իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչը հաշվի չի առնվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում նոտարի դեմ ներկայացված` նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջի մասով պատշաճ պատասխանող պետք է համարվի ՀՀ նոտարական պալատը, որն իրավասու է դատարանում ներկայացնելու և պաշտպանելու իր զբաղեցրած պաշտոնից ազատված կամ լիազորությունները դադարած նոտարի շահերը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով Նոտարի դեմ ներկայացված` 14.11.2002 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների շրջանակներում ոչ պատշաճ պատասխանող հանդիսացող Նոտարին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ պատասխանողով փոխարինելիս Դատարանը պարտավոր էր գործով որպես պատշաճ պատասխանող ներգրավել ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` ՀՀ նոտարական պալատին, որը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի և իր կանոնադրության ուժով իրավասու է դատարանում ներկայացնելու և պաշտպանելու Նոտարի շահերը` նաև վերջինիս նախկին հանրային-իրավական կարգավիճակից բխող գործողությունների իրավաչափության վիճարկման հայցապահանջի մասով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 16.07.2014 թվականի «Պատասխանողին փոխարինելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` Նոտարին Հայաստանի Հանրապետությունով փոխարինելու մասով, անհիմն է և այդ մասով ենթակա է վերացման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.12.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին Հայաստանի Հանրապետությունով փոխարինելու մասով ՀՀ վարչական դատարանի 16.07.2014 թվականի «Պատասխանողին փոխարինելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումն անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 16.07.2014 թվականի «Պատասխանողին փոխարինելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշման` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին Հայաստանի Հանրապետությունով փոխարինելու մասը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան
Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան