ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0678/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0678/02/08 |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի մարտի 31-ին,
քննարկելով ըստ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի հայցի ընդդեմ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պայմանագիրը լուծելու, պարտավորությունները կատարելու և միջին վաստակը վճարելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.01.2010 թվականի որոշմամբ Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 19.11.2009 թվականին, որի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մեկամսյա ժամկետում, իսկ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի վերջին օրը եղել է ոչ աշխատանքային օր և ժամկետի ավարտման օր է համարվել դրան հաջորդող աշխատանքային օրը, և նշված աշխատանքային օրը վերաքննիչ բողոքը հանձնվել է կապի կազմակերպությանը, վերադարձրել է Գարեգին-Կիրկ Օդաբաշյանի վերաքննիչ բողոքը, զրկելով նրան ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքից։ Ավելին, գործում առկա է վերաքննիչ բողոքը 21.12.2009 թվականին կապի կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ ապացույցը։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.01.2010 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին։ Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը։ Դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված։
Դատավարական ժամկետներից բխող դատավարական իրավահարաբերությունների կարգավորման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արտահայտել է իր դիրքորոշումը (տես՝ ըստ աշխատանքի պետական տեսչության Վայոց Ձորի մարզի տարածքային կենտրոնի հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արամ Սարդարյանի՝ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշում, գործ թիվ 3-1888(ՏԴ)) և արձանագրել է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված, կիրառման ենթակա է նաև քաղաքացիական դատավարության իրավահարաբերությունների նկատմամբ։
Նշվածից բխում է, որ մինչև վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված վերաքննիչ բողոքը պետք է համարվի Վերաքննիչ դատարան հանձնված։
Վերը նշված դրույթների պահանջների համաձայն` սույն գործով Դատարանի 19.11.2009 թվականին հրապարակված վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել վճռի հրապարակման պահից մեկ ամիս ժամկետում` մինչև 20.12.2009 թվականը։ Սակայն, հաշվի առնելով, որ 20.12.2009 թվականը կիրակի է` ոչ աշխատանքային օր, ուստի Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրվա ժամը քսանչորսը, տվյալ դեպքում երկուշաբթի օրը` 21.12.2009 թվականի ժամը քսանչորսը։
Սույն գործով վերաքննիչ բողոքին կից ներկայացված կապի կազմակերպության հավաստագրերի համաձայն` վերաքննիչ բողոքի պատճեններն Ընկերությանը և Դատարանին ուղարկվել են 21.12.2009 թվականին, ժամը 10.00-ին (հատոր 3-րդ, գ.թ. 54,55)։
Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է բողոք բերած անձի Վերաքննիչ դատարանին հասցեագրված նամակը 21.12.2009 թվականին ժամը 10.00-ին կապի կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ ապացույցը (հավաստագիրը)։
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելիս, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածով, պատճառաբանել է, որ «Դատարանի վճռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան հրապարակման օրվանից` 19.11.2009թ.-ից սկսած մեկամսյա ժամկետում, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 28.12.2009թ.-ին` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո»։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է կապի կազմակերպության միջոցով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջին օրը` 21.12.2009 թվականին, հետևաբար այդ օրն էլ վերաքննիչ բողոքը պետք է համարվի Վերաքննիչ դատարանին հանձնված, այսինքն` բողոք բերած անձը չի խախտել վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծելիս, պետք է առաջնորդվեր ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատական քննության իրավունքի ապահովման սկզբունքից, քանի որ արդար դատաքննության բաղկացուցիչ տարրերից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է։ Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տես` Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, կետ 33)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում խախտվում է դատական ակտն օրենքով նախատեսված կարգով վերանայելու անձի իրավունքը, հետևյալ պատճառաբանությամբ.
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն։
Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան)։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2010 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|