Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1430
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.10.29/80(1438) Հոդ.1102
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
23.10.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
23.10.2018
Дата вступления в силу
23.10.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 հոկտեմբերի 2018 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում ստորագրված՝ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2018 թվականի օգոստոսի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի մայիսի 14-ին, Սոչիում՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև:

2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 11-ի ՍԴՈ-1218 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2015 թվականի հունիսի 16-ին (ԱԺՈ-161-Ն):

 

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունը.

Համաձայնվել կատարելու փոփոխություն «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում՝ «Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառման ամսաթվից երեք տարի ժամկետով» բառերը փոխարինելով «Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով» բառերով (հոդվ. 1):

 

3. Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու ամսաթվից (2-րդ հոդվածի 1-ին մաս):

Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից այն (ՀՀ օրենսդրությամբ միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն չնախատեսելու հիմքով) կիրառվում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու ամսաթվից և տարածվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Ելնելով այն հանգամանքից, որ ՍԴՈ-1218 որոշմամբ 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող, ինչպես նաև հաշվի առնելով քննության առարկա Արձանագրությամբ այդ պարտավորությունների շարունակական կատարման հանգամանքը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ կատարվող վերոհիշյալ փոփոխությունն ինքնին սահմանադրականության խնդիր հարուցել չի կարող։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող`

Հ. Թովմասյան

 

23 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1430