ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1457-Ն
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԸ (ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ) ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի ենթարկելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1457-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԸ (ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ) ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի (այսուհետ` հսկողական անալիզ) ենթարկելու կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հսկողական անալիզի իրականացման նպատակն օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատության ապահովումն է` ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերում ներառելու համար:
3. Հսկողական անալիզի է ուղարկվում ընդերքօգտագործողի կողմից անալիզի ենթարկված փորձանմուշների կրկնօրինակների ընդհանուր քանակի առնվազն 5 տոկոսը:
4. Հսկողական անալիզի ուղարկվող նմուշները պետք է ընդգրկեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները` ըստ մետաղների պարունակության:
5. Հսկողական անալիզի ուղարկվող յուրաքանչյուր նմուշի տոպրակի կամ տարայի վրա նշվում է նմուշի համարը, կազմակերպության անվանումը և նմուշի ուղարկման ամսաթիվը: Ուղարկվող յուրաքանչյուր նմուշի քաշը որոշվում է հսկողական անալիզ կատարող լաբորատորիայի (այսուհետ` լաբորատորիա) և ընդերքօգտագործողի փոխհամաձայնությամբ` կախված անալիզի տեսակից և իրականացման մեթոդից:
6. Հսկողական անալիզի ուղարկվող նմուշի ուղեկցող փաստաթղթում նշվում է կատարված անալիզի մեթոդը և նմուշի համառոտ միներալապետրոգրաֆիական բնութագիրը:
7. Հսկողական անալիզի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լաբորատորիան ընդերքօգտագործողին տեղեկացնում է լաբորատոր անալիզների աշխատանքների ավարտի և երկու տվյալների համադրման նպատակով համատեղ քննարկում անցկացնելու վայրի ու օրվա մասին:
8. Համատեղ քննարկման դրվող յուրաքանչյուր անալիզի արդյունքը պետք է ստորագրված լինի համապատասխան լաբորատորիաների ղեկավարների կողմից, որոնց մեկական օրինակները փոխանակվում են` դրա մասին նշում կատարելով քննարկման արձանագրությունում:
(8-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)
9. Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը պահվում է լաբորատորիայում, իսկ երկրորդ օրինակը հանձնվում է ընդերքօգտագործողին:
10. Լաբորատորիան հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից կատարված հսկողական անալիզին և սույն կարգի 10-րդ կետին համապատասխան կազմում է օգտակար հանածոյի որակական և քանակական տվյալների ճշտության հավաստիության մասին եզրակացություն, որի մեկ օրինակը պատշաճ ձևով հանձնում է ընդերքօգտագործողին:
11. Հսկողական անալիզի և ընդերքօգտագործողի կողմից իրականացված անալիզի արդյունքների միջև շեղումները գնահատվում են անալիզների արդյունքների տարբերության միջին մեծությամբ` միևնույն մեթոդի կիրառման դեպքում: Հսկողական անալիզների արդյունքում հայտնաբերված սիստեմատիկ շեղումների մեծությունը գնահատվում է որպես տվյալ մեթոդի կիրառման սխալ:
12. Հսկողական անալիզը կատարվում է վճարովի հիմունքներով, հսկողական անալիզի դիմաց վճարումը կատարվում է պատվիրատուի (ընդերքօգտագործողներ, Հայաստանի Հանրապետության կառավարություն) կողմից:
13. Հսկողական անալիզների արդյունքների շրջանակներում լաբորատորիայի և ընդերքօգտագործողի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |