ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2018 թվականի N 581-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 151-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Բովանդակություն
1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ
2. ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
3. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
3.1. Զինված ուժեր
3.2. Արտաքին քաղաքականություն
3.3. Ներքին անվտանգություն
4. ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
4.1. Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն
4.2. Հանրային կառավարման, ֆինանսների և գնումների թափանցիկություն
4.3. Իրավաբանական անձանց գործունեության թափանցիկություն
5. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻ
5.1. Օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն
5.2. Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն
5.3. Առողջապահություն
5.4. Կրթություն և գիտություն
5.5. Մշակույթ
5.6. Սպորտ և երիտասարդություն
5.7. Շրջակա միջավայր
6. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
6.1. Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ
6.2. Պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում
6.3. Տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում
6.4. Տնտեսական զարգացման առաջնահերթություններ
6.4.1. Առաջնահերթություն N 1. Բարձր տեխնոլոգիաներ
6.4.2. Առաջնահերթություն N 2․ Գյուղատնտեսություն
6.4.3. Առաջնահերթություն N 3․ Զբոսաշրջություն
6.5. Տնտեսական այլ ուղղություններ
7. ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐ
1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ
ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն:
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն՝
- Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
- Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:
- Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
- Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:
- Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:
- Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։
- Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:
2. ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։
Կառավարությունն արձանագրում է նաև, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։
Այս առումով կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է՝
- Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,
- Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,
- Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,
- Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,
- Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,
- Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
3. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտն է, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության գոյությունը։
Նման պայմանների առկայությունը հնարավորություն է տալիս ազգային լավագույն ներուժը համախմբել Զինված ուժերի արդիականացման ու մարտունակության բարձրացման, սահմանների պաշտպանության, ներքին անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման համար։ Հենց այդ մթնոլորտն է, որ կարող է ապահովել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում բոլորի ներգրավվածության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումը և քաղաքացի-բանակ իրական և արդյունավետ կապը։ Զուգահեռաբար այդ մթնոլորտն է, որ կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, իրավապահ մարմինների նկատմամբ վստահության ձևավորման, քաղաքացի-իրավապահ մարմիններ անհրաժեշտ համագործակցության համար։
3.1. Զինված ուժեր
Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոցը բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխությունն է։
Ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ։ Յուրաքանչյուր սպա, ենթասպա և շարքային պետք է առաջնորդվի պետության և ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով։ Զինված ուժերի յուրաքանչյուր հրամանատար և պաշտոնյա պետք է առաջնորդվի այդ առաքելությունը լավագույնս իրականացնելու նպատակով հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության և հասարակության անվտանգության ապահովմանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցմամբ։ Յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի և անվտանգության ապահովման բարձր պատասխանատվությունը։ Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով իրեն տրամադրված ռեսուրսներ են։ Եվ այս գիտակցության տարածումը կառավարությունը պետք է ապահովի սեփական գործունեության օրինակով։
Զինված ուժերը պետք է գործնականում զերծ մնան քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից: Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչև գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքն արտահայտել առանց ապօրինի ներգործությունների։
Քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը և ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող հետևյալ խնդիրներին՝
- Անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրվածությամբ, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդրմամբ, ինչպես նաև անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշերի սահմանմամբ ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համապատասխանեցվի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու նպատակով:
- Առաջնագիծը շարունակաբար համալրել արդիական տեխնիկական միջոցներով և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացնել այնպես, որ հակառակորդի կողմից դիտարկվող հատվածները հասնեն նվազագույնի, իսկ հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը՝ առավելագույնի։
- Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակը և արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ էականորեն բարձրանա Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, ապահովվի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, նվազագույնի հասնեն ոչ կանոնագրային հարաբերությունները, դրանց հետևանքով զինծառայողների արժանապատվության խոցումը, ինքնավնասման և ինքնասպանության (ինքնասպանության փորձերի) դեպքերը։
Այս նպատակի իրագործման համար կարևորագույն խնդիր է նաև ժամկետային զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ամբողջ ընթացքում։ Զինվորի կրթական ցենզի բարձրացումը և ինտելեկտուալ մակարդակի աճը պետք է լինի Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղությունը։
- Ժամկետային զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։ Շարքային կազմի իրավունքների պաշտպանությունը, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական ապահովումը պետք է լինի Զինված ուժերի ղեկավարության հոգածության ու ուշադրության առարկա և մնան հասարակության վերահսկողության ուշադրության կենտրոնում:
- Բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը, իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման և այլ ծրագրեր՝ պետական եկամուտների աճի ծավալներին զուգընթաց։ Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև բանակի ապաքաղաքականացման և չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։
- Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով զարգացնել ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերությունները՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:
3.2. Արտաքին քաղաքականություն
Կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը և դեպի Հայաստան և Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը։
Արտաքին քաղաքականություն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվելու է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերով։
Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ջանքեր է գործադրելու՝
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ․ գործընթաց, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:
Կառավարությունը համոզված է, սակայն, բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը և կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։
Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։ Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։
- Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
- Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ։
- ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։
- ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։
- Իրանի և Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին և որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհքաղաքական ազդեցություններից։ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ։
- Ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ:
- Զարգացնելու համագործակցությունն Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ:
Բազմակողմ հարթակներում կառավարությունը կարևորում է՝
- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և ՀՀ շահերի պաշտպանությունը,
- ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը,
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպումը, 2018-2020 թթ. ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը,
- ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը,
Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը կարևորում է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցության ցուցաբերման, Հայաստանի զարգացման համար բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ:
3.3. Ներքին անվտանգություն
Ներքին անվտանգության ապահովման գործում կարևորագույն հայեցակարգային խնդիրը քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն է։
Այս իմաստով անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
- բարձրացնել իրավապահ համակարգի՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի վստահելիության մակարդակը՝ այս համակարգերում կոռուպցիայի բացառման, քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիներին տուգանելու և հետապնդելու նպատակադրման բացառման միջոցով,
- հանրության և հատկապես երիտասարդության շրջանակներից հետևողականորեն արմատախիլ անել այսպես կոչված գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները. կառավարությունը հստակ խնդիր է առաջադրում, որ ոչ հրապարակային, այսպես ասած ստվերային հանրային կյանքում գերիշխող տեսակը պետք է լինի ոչ թե քրեածին տարրը, այլ օրինապաշտ, ինտելեկտուալ, ուրիշների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, սեփական և ուրիշների իրավունքները իմացող և հարգող քաղաքացին, ով ճանաչում է հանրային անվտանգության ապահովման հարցում իր պարտականությունները և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ։
Հանրային անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել ընտանեկան, քաղաքական, տնտեսական, հանրային հարցերում բռնության բացառման շուրջ հանրային համաձայնության հասնելու ուղղությամբ։
Սա այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա հասնել ներքին անվտանգության և հանրային համերաշխության անհամեմատ ավելի բարձր աստիճանի և թույլ կտա քաղաքական գործունեության հետ առնչվող գործերով բանտերում հայտնված գործիչներին ազատ արձակել և հասնել հանրային համերաշխության առավել բարձր մակարդակի։
Այս համաձայնությունը, սակայն չի կարող մեկնաբանվել որպես հանրային և ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման բացառում։
Ներքին անվտանգության ապահովման իմաստով կառավարությունը կարևորում է նաև իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությունը։ Այս իմաստով հարկավոր է միջնաժամկետ հեռանկարում քննարկել ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցը, նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար։
4. Պայքար կոռուպցիայի եվ կաշառակերության դեմ
Կառավարությունը համոզված է, որ մեր հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, և այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։
Այդ պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները և մարմինները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։ Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը:
4.1. Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն
Կոռուպցիայի աճի կամ կանխարգելման առաջնային պայմաններից մեկն ակնհայտորեն պետության առաջին դեմքերի, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունն է կոռուպցիոն համակարգի մեջ կամ համապատասխանաբար, նրանց կողմից կոռուպցիոն համակարգերի մերժումը։ Ըստ այդմ, իշխանական վերնախավի չներգրավվածությունը կոռուպցիոն համակարգերի մեջ գործնականում երաշխավորում է կոռուպցիոն համակարգի պարտությունը, և կառավարությունը վճռական է այսպիսի պայմաններ ապահովելու գործում։
Այսպիսով, կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորագույն նշանակություն ունի իրական հանրային վերահսկողությունը պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից առանձնապես կարևորվում են՝
- այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպիտի կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա.
- այնպիսի նոր համակարգի ներդրումը, ըստ որի պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության.
- պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը (նվիրատուների անունները/անվանումները, եկամուտ վճարողների անունները/անվանումները, գույքի գտնվելու վայրը և այլն)՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը:
4.2. Հանրային կառավարման, ֆինանսների և գնումների թափանցիկություն
Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով կարևորվում է կառավարման այնպիսի էլեկտրոնային համակարգերի ներդրումը և աստիճանական ինտեգրացիան, որոնք կապահովեն պաշտոնյաների գործունեության, ինչպես նաև կառավարման մարմինների, օղակների և գործընթացների թափանցիկություն, տվյալների անփոփոխելիություն, միասնականություն և ավտոմատացում։
Կառավարությունը նպատակ է դնում աստիճանաբար վերանայել պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող/հավաքագրվող դրամական միջոցների մուտքը համապատասխան բյուջե և հետագայում՝ ըստ անհրաժեշտության այդ գումարների բաշխումն այդ բյուջեներից:
Կառավարությունը նաև մտադիր է դիտարկել գնումների կամ բյուջետային այլ ծախսերի անարդյունավետության դեպքում պետությանը պատճառված վնասի հիմքով իրավական հետևանքների կիրառման և դրանք պետական բյուջե հետ վերադարձնելու մեխանիզմների ստեղծման հնարավորությունը։
4.3. Իրավաբանական անձանց գործունեության թափանցիկություն
Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը կարող է լինել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը։ Կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ։
Անհրաժեշտ է նաև վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը։
Մինչ նոր համակարգերի ներդրումը կառավարությունը Հայաստանի օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի և կաշառակերության դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան և կաշառակերությունը պետք է արժանան լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման:
5. Ազատ, արժանապատիվ եվ երջանիկ քաղաքացի
Պետության և կառավարության գործունեության գործնական նշանակությունը պետք է լինի մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և ազատությունների ապահովումը, նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելը, մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։
Քաղաքացու երջանկության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է ապահովել նրա ներգրավվածությունը հանրային կյանքին՝ աշխատանքային, տեղական ինքնակառավարման և համապետական մակարդակում։ Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ինքը հանրային կյանքի վրա ազդելու կոնկրետ և գործուն հնարավորություն ունի, և այդ հնարավորությունն առաջին հերթին պետք է ապահովվի իշխանության ձևավորման համակարգի նկատմամբ բարձր վստահությամբ։
Քաղաքացին պետք է գիտակցի նաև քաղաքացիական վերահսկողության իր գործառույթը, ընդ որում, նա պետք է հնարավորություն ունենա օրենքով չարգելված միջոցներով վերահսկողություն իրականացնելու ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, այլև ուղղակի մասնակցություն ունենալ հանրային հարաբերությունների մշակույթի զարգացմանն ու հղկմանը։ Լայնորեն տարածված հակամարտության, հարկադրանքի, ուժի դիրքերից հարաբերվելու մշակույթը պետք է փոխարինվի հանրային և համայնքային խնդիրները ուժերի մեկտեղման և համագործակցության եղանակով լուծելու մշակույթով։
5.1. Օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն
Հայաստանի զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի և անհատների գոյությամբ, օրենքի և այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ և անպատժելիությամբ։
Օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու համար Հայաստանում չկար և չկա որևէ օրենսդրական խոչընդոտ։ Խնդրի լուծումը երաշխավորող միակ գործոնը կառավարության քաղաքական կամքն է։ Կառավարությունը, վայելելով Հայաստանի քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը և հանդես գալով նրանց անունից, հաստատում է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում իր վճռականությունը և խնդիրը լուծելու իր կարողությունը։
Արդարության զգացումի և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ դատական համակարգի գոյությունն է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններից իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական վճիռների համար, որովհետև այդ վճիռներն, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք։ Կառավարությունը բացառում է իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Սրան զուգահեռ, կառավարությունը պետք է կարողանա նաև բացառել դատավորների կողմից անձնական նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորությունը։ Կառավարությունը համոզված է, որ այս երկու հիմնական, ինչպես նաև դատարանների անկախությանը նպաստող այլ պայմանների ապահովումը բնականորեն կհանգեցնեն դատական անկախ համակարգի գոյությանը և իշխանության ճյուղերի իրական տարանջատմանը։
Դատական և իրավապահ համակարգի գործունեության բարձր որակի պոտենցիալ արդյունքը նաև հանցավորության ցածր մակարդակն է, ինչը ևս էական նշանակություն ունի մարդու անվտանգության և երջանկության զգացումի համար։
Մարդու իրավունքների ոլորտի կարևորագույն խնդիր է մարդու ազատության սահմանափակման օրենսդրական հնարավորությունների կամայական կիրառումը։ Կառավարությունը պետք է քաջալերի ազատության զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառումը։ Բացի դրանից, պետք է բացառել այն իրավիճակը, երբ կալանքի ենթարկված որևէ անձ քրեակատարողական հիմնարկում չունի օրենքով նախատեսված քնելատեղ։ Կալանավորված և ազատազրկված անձանց թիվը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների լիարժեք ապահովման հնարավորությունների հետ։
Քաղաքացիների արժանապատվությունը և իրավունքները պետք է հարգանքի արժանանան և պաշտպանված լինեն նաև կյանքի մյուս ոլորտներում։
Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետական հիմնարկներում և մասնավոր ընկերություններում քաղաքացիների սպասարկման մակարդակն էականորեն և շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ։ Պետական հիմնարկների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների և քաղաքացիների շփման մշակույթն էականորեն պետք է բարելավվի։ Միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետևողական քաղաքականության արդյունքում։
5.2. Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն
Արժանապատվության և երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը։ Այս առումով կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։
Այս իմաստով կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վերածվելու են ներդրումային հոսքի, և կառավարությունը մտադիր է ներդրումներն ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները. անհրաժեշտ է կատարելագործել գոտիական հարկային քաղաքականությունը։ Կառավարությունն այս իմաստով շարունակում է հանդես գալ սեփականության և ներդրումների անձեռնմխելիության երաշխավորի դերում։
Այս պահին առկա սոցիալական վիճակում, սակայն, պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի աջակցության մասին։ Այստեղ կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը և արդյունավետությունը, դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը։ Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները, այդ թվում՝ դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։
Կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար իրականացնելու է արագ և արդյունավետ միջոցառումների իրականացում, մասնավորապես, ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները և օժանդակությունները:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության բոլոր ոլորտներում մատչելի պայմանների ստեղծումը, իրավունքների պաշտպանության առարկայական ապահովումը, «ընտանիքից դուրս» գտնվող երեխաներին հասարակության լիարժեք ինտեգրումը, երեխաների հետագա կյանքի կազմակերպմանն ուղղված քայլերը լինելու են կառավարության առաջնահերթություններից:
2018 թ-ին լրանում է 1988 թ-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը, և մինչև այժմ մի քանի հազար ընտանիքների տնակներում բնակվելը մեր ամոթալի իրողություններից է: Կառավարությունն սկսելու է ծրագիր՝ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելով երկրաշարժի հետևանքով բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին:
5.3. Առողջապահություն
Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման կարևորագույն գործոններից մեկն առողջապահական ծառայությունների բարձր որակը, հասանելիությունը և մատչելիությունն է, և դա ապահովելը կառավարության առաջնահերթություններից է։ Անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին սպասարկումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:
Առողջապահական քաղաքականության անկյունաքարային ուղղությունը, այսուհանդերձ, պետք է դառնա հիվանությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը։
Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները:
Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման բարելավումը:
5.4. Կրթություն և գիտություն
Քաղաքացու՝ իրեն արժանապատիվ և երջանիկ զգալու կարևոր բաղադրիչ է կրթությունը։ Այս ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները պետք է ձևավորեն այնպիսի միջավայր, որտեղ կարևորվելու են կրթության որակը և արդիականությունը, կրթության մատչելիությունը և հասանելիությունը, կրթությունը որպես իրավունք, քաղաքացիական գիտակցության ձևավորումը, ինչպես նաև դպրոցի աշակերտակենտրոն, իսկ բուհի` ուսանողակենտրոն լինելը։
Կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովել կրթության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Սոցիալական վիճակն ու Հայաստանի աշխարհագրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթության իրավունքի իրացման համար: Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որևէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից։
Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների և բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը, ինչը տարիներ շարունակ բացասական ազդեցություն է գործել կրթության որակի վրա` աստիճանաբար հեղինակազրկելով դպրոցը, բուհը, ուսուցչին, կրթության ոլորտի կազմակերպիչներին։
Իբրև կրթության ոլորտի առաջնահերթություններ, անհրաժեշտ է՝
- Մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում:
- Ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելներ։
- Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ մշակել նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, վերարժևորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա:
- Որպես աշխատաշուկայում կադրերի ապահովման հիմնական օղակ դիտարկել միջին մասնագիտական կրթությունը՝ նախապես ներդնելով աշխատաշուկայի կարիքների գնահատման և կրթական քաղաքականության իրականացման սինխրոնիզացման հստակ մեխանիզմներ։
- Բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։
- Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող համակարգ:
5.5. Մշակույթ
Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման հաջորդ կարևորագույն գործոնը նրա մշտական հաղորդակցությունն է մշակույթի և մշակութային կյանքի հետ։ Ըստ այդմ, կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված կլինի մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցությունն ապահովելուն, մշակութային միջոցառումների լայն քարոզչություն իրականացնելուն և դեպի մշակութային հաստատություններ քաղաքացիների հարաճուն հոսքին նպաստելուն։
Միաժամանակ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ստեղծագործական կարողությունների արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: Մշակույթի և ստեղծարարության ազատության ապահովման նպատակով կխրախուսվեն դեբյուտային ստեղծագործական ծրագրերը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերը։ Կապահովի արվեստին և մշակույթին հատկացվող պետական միջոցների և դրամաշնորհների հատկացման թափանցիկությունն ու մրցակցայնությունը, արդարացիությունն ու արդյունավետությունը:
Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիության ապահովումը ՀՀ մարզերում: Կարևոր ենք համարում նաև հայկական մշակույթի ճանաչելիության ընդարձակումը ՀՀ սահմաններից դուրս:
Կառավարությունը նաև պետք է միջոցներ ձեռնարկի հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ. հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը և հարաբերությունների մակարդակն իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը:
5.6. Սպորտ և երիտասարդություն
Առողջ ապրելակերպի և սպորտի քաղաքականությամբ կառավարությունը նպատակ է ունենալու ապահովել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, բնակչության առողջության ամրապնդումն ու առողջ ապրելակերպի ձևավորումը, ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցումը, հանրային կյանքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ֆեդերացիաների գործունեությանն աջակցումը:
Երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականությունը կնպաստի երիտասարդության ներուժի լիարժեք իրացմանը և զարգացմանը, երիտասարդների ինքնադրսևորման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների ստեղծմանը` կարևորելով քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության աստիճանի բարձրացումը, նրանց սոցիալական կայացումը, հասարակական-մասնագիտական գործունեությանն աջակցությունը։
5.7. Շրջակա միջավայր
Շրջակա միջավայրի քաղաքականության նպատակն է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ռիսկային ոլորտների վերահսկողությանը, շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրման աշխատանքներին:
6. Տնտեսության շարունակական զարգացում
6.1. Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ
Տևական ժամանակ փորձ է արվել Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարևաններից երկուսի հետ փակ սահմանները, Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ ցամաքային կապի բացակայությունը և արտաքին տնտեսաքաղաքական իրողությունները ներկայացնել որպես տնտեսական կայուն զարգացման, մարդկային ներուժը երկրում իրացնելու և հասարակական բարեկեցության աճի ապահովման գործում ձախողումների առաջնային պատճառ։ Չնսեմացնելով տարածաշրջանային խաղաղության և հարևանների հետ բաց սահմաններ ունենալու կարևորությունը` կառավարությունն ամրագրում է, որ վերջին տասնամյակներին Հայաստանում տնտեսական լճացման հիմնապատճառը եղել է մրցակցության և համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը։
Հայաստանում ոչ մի գործոն չի կարող փոխհատուցել արդարության և մրցակցության պակասը, ինչը շատ հստակ ապացուցվել է անցած տասնամյակներին երկրի զարգացման իրողություններով։ Մրցակցության և արդարության երաշխավորումը պետք է ամրագրվի և համընդհանուր ընկալվի որպես տնտեսական զարգացման անվիճարկելի հենասյուն:
Ըստ այդմ, տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցայնությունը և մենաշնորհների բացառումը։ Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսության մեջ մենաշնորհային երևույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ։ Հետևաբար, այդ երևույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է, և այդ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված և հայտարարված է ՀՀ վարչապետի կողմից։
Այդուհանդերձ, գոյություն ունի վտանգ, որ շուկայի հասանելիության ոլորտում կարող են պահպանվել իներցիոն երևույթներ, և կառավարությունը մտադիր է մենաշնորհային դրսևորումների նկատմամբ մշտադիտարկում իրականացնել դրանց հետևողական վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Քայլերը կարող են ներառել օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ, հրապարակային քննարկումներ, տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների գործարկում և այլն։
Կառավարությունը կարևորում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ ելնելով այն հրամայականից, որ տնտեսական գործունեության որևէ ազատության կիրառում չպետք է հանգեցնի տնտեսական որևէ այլ գործունեությամբ զբաղվելու անհամաչափ սահմանափակման։ Այս իմաստով կառավարությունը կարևորում է կարգավորիչ մեխանիզմների գործարկումը։
Տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը տնտեսվարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահովումն է։ Այս ֆոնին կառավարությունը կարևոր է համարում հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարված հարկային պարտավորությունների վերլուծությունը և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ։
Այս համատեքստում կառավարությունը երաշխավորում է քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը՝ միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում։
6.2. Պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում
Տնտեսական իրական զարգացմանը մեծապես խոչընդոտող մեկ այլ գործոն է ստվերային տնտեսվարումը։ Գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և ապահովել պետական եկամուտների ծրագրավորվածից էականորեն բարձր կատարողական։ Նման խնդրի իրագործման իրատեսականությունը հիմնավորվում է նրանով, որ հատկապես խոշոր բիզնեսում ստվերային շրջանառության ծավալները համաձայնեցված և որոշված են եղել իշխանության ներկայացուցիչների հետ։
Պետական եկամուտների քաղաքականության ոլորտում կառավարությունը նախատեսում է հետևյալ ուղղություններն ու առաջնահերթությունները՝
- Ազգային տնտեսության ներդրումային գրավչության և տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձևավորման տեսանկյունից խիստ կարևորվում է հնարավորին չափ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը:
- Տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով բազմակողմանիորեն ուսումնասիրվելու են կապիտալի և եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու հնարավորությունները:
- Հարկային եկամուտների շարունակական աճ ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է նաև կամավորության սկզբունքով հարկային պարտավորությունները կատարելու մշակույթի ներդրումն ու ամրապնդումը:
- Հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարող, օրինապահ հարկ վճարողների համար ստեղծվելու է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների վրա կառուցված հարկային միջավայր:
- Գույքային հարկերի համակարգը կատարելագործելու, այն առավել արդարացի սկզբունքներով գործարկելու և ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կարևոր աղբյուր դարձնելու նպատակով իրականացվելու են համակարգային փոփոխություններ:
- ԵԱՏՄ-ի շրջանակներում իրականացվող միասնական քաղաքականությանը մեր երկրի մասնակցությունը հիմնված է լինելու ազգային տնտեսության շահերի պաշտպանության, մրցունակության բարձրացման ու ամրապնդման սկզբունքների վրա:
- Ակտիվ աշխատանքներ են իրականացվելու միջազգային հարկային հարաբերություններում՝ կարևորելով հատկապես կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ցանցի ընդլայնումը, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին վերաբերող և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրումը, երկրի ներսում ձևավորվող հարկման բազաների պաշտպանությունը:
6.3. Տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում
Տնտեսական զարգացման կառավարության մոտեցումներն ու առաջնահերթություններն ուրվագծվել են ՀՀ վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում ունեցած ծրագրային ելույթում։ Ըստ այդմ՝ կառավարությունը կարևորում է տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը։ Տնտեսության զուտ վիճակագրական աճը, որն էական ոչինչ չի փոխում մարդկանց կյանքում, մնում է որպես սովորական վիճակագրություն։ Մինչդեռ, հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման և ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իր վրա զգալու տնտեսական աճի հետևանքները։
Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ:
6.4. Տնտեսական զարգացման առաջնահերթություններ
Կառավարությունը վերահաստատում է տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները:
6.4.1. Առաջնահերթություն N 1. Բարձր տեխնոլոգիաներ
Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմաններն այսօր առկա են մեր երկրում։ Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի կայացումը, որն ի վիճակի կլինի ապահովելու մեր բանակի մարտունակության և ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Ընդ որում, ռազմարդյունաբերական համալիր ասելով պետք է հասկանալ ոչ միայն այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների որդեգրումն ու կիրառումը, այլև նոր, հեղափոխական գաղափարների մշակումը։
ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև՝
- Խրախուսել գիտության և իրական հատվածի միջև համագործակցությունը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը` ինովացիոն և բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրերի խրախուսման և բիզնես ներդրողներ ներգրավելու միջոցով։
- Հայաստանում հնարավոր է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղափոխական տեմպերով զարգացումը՝ հիմք ընդունելով ներկայումս առկա նախապայմանները: Տնտեսության միջնաժամկետ և երկարաժամկետ կայուն աճի շարժիչ ուժը պետք է հանդիսանա նորարարությունը և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ պետական կառավարումը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և այլն: Միաժամանակ Հայաստանի նորարարական զարգացման հենասյունը կրթված և ազատ քաղաքացին է, ուստի նորարարական զարգացումը պետք է սկիզբ առնի յուրաքանչյուր քաղաքացու վաղ տարիքից:
- Խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացմանը։
- Խթանել Հայաստանի մարզերում առկա ենթակառուցվածքների հիմքով ժամանակակից հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և ձեռնարկել միջոցներ այլ քաղաքներում նոր կենտրոնների ստեղծման ուղղությամբ:
- Նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան՝ հիմնելու բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական-արտադրական և կրթական կենտրոններ։
6.4.2. Առաջնահերթություն N 2. Գյուղատնտեսություն
Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը։ Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության գերխնդիրն է լինելու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսություններից ու գյուղացիական կոոպերատիվներից սկսած մինչև վերամշակողների ու արտահանողների, կենսամակարդակի և եկամտաբերության բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կայուն ապահովումը։
Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել են անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նորանոր խթաններ ու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։
Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պիտի լինի, ինչպես էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի։
Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի համատարած ներդրումը հնարավորություն կտան էապես խնայել ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է հակակարկտային էֆեկտիվ համակարգի բացակայությունը։ Կառավարությունը հնարավոր միջոցներ կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։
Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու հողի աշխատավորին՝ ձգտելով համապարփակ և արդյունավետ աջակցություն ցույց տալ նրան՝ ապահովելով գյուղատնտեսությամբ զբաղվելու և գյուղատնտեսությամբ բարեկեցիկ կյանք ապահովելու համար հնարավոր օժանդակությունը։ Այս համատեքստում կառավարությունը կօգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթևացնելու հարցում։ Կառավարությունն սկսել է աշխատանքը բանկերին ու վարկային կազմակերպություններին ֆիզիկական անձանց ունեցած գյուղացիական վարկային պարտավորությունների գծով տույժերի և տուգանքների համաներման, ինչպես նաև վարկային պատմությունների ճշգրտման ուղղությամբ։
Կառավարությունը նաև գործուն քայլեր կձեռնարկի մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներին առավելագույն կերպով բավարարելու ուղղությամբ։
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում արտահանման մեծ պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ։ Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն դեպի նոր շուկաներ։
6.4.3. Առաջնահերթություն N 3. Զբոսաշրջություն
Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի և ժողովրդի վարկանիշը։ Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը։
Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով մեր անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որը հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում ձևավորվել է միջազգային հանրության մոտ։
Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Կառավարությունն զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարևոր է համարում նաև օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Այս առումով կկարևորվեն ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումները։
Նաև առանձնահատուկ կարևորվում է ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների աշխատանքը․ այս մարմինները հանրության հետ համագործակցված պետք է ապահովեն, որպեսզի քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի։ Հանրապետությունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս։
6.5. Տնտեսական այլ ուղղություններ
Տնտեսության զարգացման կարևոր առաջնահերթություն է համարվում նաև վերականգնվող՝ մասնավորապես արևային էներգետիկայի զարգացումը։ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին` ավարտին հասցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր և ազատական մոդելին անցումը, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը:
Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են լինելու ենթակառուցվածքների՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի, բնական գազի և էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը, կորուստների նվազումը, ինտերնետի որակի և տարածվածության հարցերը, երկաթուղու սակագնային բարելավումը, ճանապարհների որակի հետևողական բարձրացումը, երկրի ողջ տարածքով պատշաճ տրանսպորտային ենթակառուցվածքների և որակյալ ու անվտանգ ծառայությունների ապահովումը, տրանսպորտային միջոցների հարմարավետությունը, հասանելիությունը և հարմարեցված լինելը։ Կառավարության համար կարևոր է Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը և հետագա ճյուղավորումը։ Կվերանայվի արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների պրակտիկան։ Առաջիկայում կքննարկվի ենթակառուցվածքների զարգացման հիմնադրամի ստեղծման և դոնորների համաժողով անցկացնելու հնարավորությունը։
Հանքարդյունաբերության ոլորտում Կառավարությունն առաջնորդվելու է բնական ռեսուրսների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով: Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր:
7. Հայաստան-Սփյուռք ԿԱՊԵՐ
Կառավարությունը որդեգրում է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացնելու և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելու ռազմավարություն։ Այս իմաստով կարևոր է համարվում առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կվերացնեն սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու արգելքները։
Կառավարությունը կարևորում է սփյուռքի ջանքերը և դերը աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքներում հայապահպանության գործում։ Միաժամանակ կառավարության համար կարևոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծելու ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ճշգրտելու Հայաստանի Հանրապետության գործնական դերակատարումը։
Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների ինքնության անվտանգությունը և բնականոն զարգացումը։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |