ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 701-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարության անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն.
2) ռուսերեն` министерство спорта и по делам молодёжи Республики Армения.
3) անգլերեն` Ministry of Sport and Youth Affairs of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն՝ Ministère du Sport et de la Jeunesse de la Rèpublique d'Armènie:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու հայերեն անվանմամբ իր կլոր կնիքը և ձևաթղթերը: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Նախարարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աբովյան 9:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Նախարարության նպատակներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը.
2) բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված ժամանակակից համակարգի ստեղծումը և զարգացումը.
3) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործին, ինչպես նաև ֆիզիկապես կոփված, կրթված և հայրենասեր սերնդի ձևավորմանն աջակցումը.
4) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումը.
5) հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանն աջակցումը.
6) փաստարկված երիտասարդական պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
7) երիտասարդության ներուժի իրացման և զարգացման, երիտասարդների լիարժեք ինքնադրսևորման, կայացման, երիտասարդական մասնակցության խթանման համար պայմանների ստեղծումը.
8) հասարակական, քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության աստիճանի բարձրացումը։
10. Նախարարության խնդիրներն են՝
1) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի գործնականում ներդնելը, հաշմանդամություն ունեցող անձանց` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստմանն աջակցելը, ինչպես նաև նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.
3) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասման ապահովումը, երիտասարդական ոլորտում՝ մեթոդական աշխատանքների և ուսումնասիրությունների իրականացման ապահովումը.
4) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն աջակցումը.
5) երիտասարդական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակման աշխատանքներին նպաստումը և դրանց իրականացմանն օժանդակումը.
6) սպորտային և երիտասարդական քաղաքականության քարոզչության` զանգվածային լրատվության միջոցներով ապահովումը.
7) երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջմարզային և միջհամայնքային հորիզոնական համագործակցության զարգացմանն աջակցումը.
8) երիտասարդների զբաղվածության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցումը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.
3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.
4) իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման աշխատանքների մեթոդական ղեկավարումը.
5) վարում է սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը.
6) բնագավառի վաստակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.
7) շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.
8) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին.
9) մշակում և կիրառում է արդյունավետ մեխանիզմներ՝ երիտասարդների ներուժի իրացման և զարգացման համար.
10) իրականացնում է երիտասարդների մասնակցային գործընթացների խթանմանը, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ.
11) ապահովում է երիտասարդական ոլորտում ուսումնասիրությունների, հետազոտությունների իրականացումը.
12) իրականացնում է սպորտի և երիտասարդության ոլորտի քարոզչությունը.
13) ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ սպորտային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.
14) աջակցում է ազգային սպորտային խաղերի և ազգային մարզաձևերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, սպորտաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.
15) ապահովում է սպորտի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը.
16) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.
17) միջազգային սպորտի և երիտասարդական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում սպորտային և երիտասարդական խմբերի, անհատ երիտասարդների և մարզիկների, աջակցում է միջազգային սպորտային և երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը.
18) համագործակցում և մասնակցում է միջազգային սպորտային և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.
19) մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ.
20) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.
21) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մարզական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը և երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը.
22) վերլուծում է ծառայությունների շուկան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը.
23) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.
24) մշակում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպման ծրագրեր.
25) կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.
26) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում մարզական, մանկապատանեկան ու երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.
27) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում.
28) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում արծարծված հարցերի լուծմանը.
29) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.
30) ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում`
ա. վերլուծում է քաղաքականությունը, ուսումնասիրում քաղաքականության միտումները և օրինաչափությունները,
բ. մշակում է քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.
31) մշակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):
13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝
1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.
2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.
3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:
14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
15. Նախարարը հաշվետու է կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա կազմակերպությունների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
18. Նախարարը՝
1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
2) իրականացնում է նախարարությանը ենթակա կազմակերպությունների կառավարումը և վերահսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.
5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.
7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.
8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
9) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.
10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
11) նշանակում և ազատում է իր խորհրդականին (խորհրդականներին), մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին (օգնականներին), նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
13) հաստատում է հաստիքացուցակը.
14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.
19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:
19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
20. Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին և ենթակա կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջականորեն հաշվետու է նախարարի տեղակալին:
22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում գլխավոր քարտուղարի միջոցով:
23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:
26. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.
5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:
27. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջականորեն հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
28. Նախարարի խորհրդականը (խորհրդականները)՝
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
4) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
5) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
29. Նախարարի մամուլի քարտուղարը՝
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
30. Նախարարի օգնականը (օգնականները)՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.
2) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
31. Նախարարի տեղակալի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.
2) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ՝ կազմակերպում է նախարարի տեղակալի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարի տեղակալին.
3) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն.
2) մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն.
3) սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն.
4) երիտասարդական քաղաքականության վարչություն.
5) ներքին աուդիտի բաժին:
33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչություն.
2) քարտուղարություն.
3) անձնակազմի կառավարման բաժին.
4) հաշվապահական հաշվառման բաժին.
5) միջազգային կապերի և իրավաբանական բաժին.
6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
34. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
35. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
36. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է կառավարությունը:
37. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
38. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:
VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
39. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, որոնց համակարգման աշխատանքներն իրականացնում և ապահովում է գլխավոր քարտուղարը:
40. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
41. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
42. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |