040.0125.22.02.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 26.03.15 N 330-Ն, 01.03.18 N 207-Ն)
22 փետրվարի 2001 թվականի N 125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.03.15 N 330-Ն, 01.03.18 N 207-Ն)
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրման, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների վարձակալության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության տրամադրման մրցույթի կազմակերպման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը, այդ թվում՝ նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) վարձակալության տրամադրվող՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` հաստատել բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձակալության մասին պայմանագրերի տիպային օրինակը` դրանում սահմանելով դրույթ, որի համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձատուի պահանջով վարձավճարի չափը ենթակա է վերահաշվարկման:
3. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը (բացառությամբ հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների, ինչպես նաև ժամավճարով՝ մինչև 15 օր ժամկետով, օգտագործման իրավունքի մասին պայմանագրերին համապատասխան տրամադրվող տարածքների) մինչև մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրվում է ուղղակի ձևով և աճուրդով: Սույն կետի պահանջը չի տարածվում այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վրա, որոնց ամրացված գույքի վարձակալության կամ օգտագործման տրամադրման համար օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված է այլ կարգ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ՝ պետական հիմնարկ) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (այսուհետ՝ գույք)՝ ուղղակի ձևով և մրցույթով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև պետական հիմնարկին ամրացված բնակելի տարածքների վարձակալության տրամադրումը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ՝ վարչություն), իսկ պետական հիմնարկին ամրացված գույքի, այդ թվում՝ նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) ամրացված գույքի վարձակալության տրամադրման աճուրդները կազմակերպում և անցկացնում է վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Կազմակերպությանն ամրացված մինչև մեկ տարի ժամկետով սահմանված կարգով աճուրդով վարձակալության տրամադրված գույքը (բացառությամբ հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների) մինչև մեկ տարի ժամկետով վարձակալին՝ ուղղակի ձևով վարձակալության է տրամադրում կազմակերպությունը` վարչության համաձայնությամբ:
5. Սահմանել, որ՝
1) պետական հիմնարկին ամրացված գույքը կարող է տրամադրվել վարձակալության ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով.
2) գույքի վարձակալության պայմանագրերը հաշվառվում են վարչության կողմից.
3) գույքի վարձակալության պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ ուսումնասիրություններն իրականացվում են վարչության կողմից՝ պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների և պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքն աճուրդով` մինչև մեկ տարի ժամկետով (այդ թվում՝ 15 օրվանից ավելի ժամկետով՝ ժամավճարով) վարձակալության տրամադրելու (այսուհետ՝ վարձակալության աճուրդ) նպատակով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը), կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, վարչություն է ներկայացնում հայտ, որում պետք է ներառվեն՝
1) գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով աճուրդով վարձակալության տրամադրման նպատակահարմարությունը, հիմնավորումը և օգտագործման նպատակը.
2) մինչև մեկ տարի ժամկետով՝ աճուրդով վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և ժամկետները.
3) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ նվազագույն վարձավճարի հաշվարկման համար անհրաժեշտ շենք, շինությունների վիճակը բնութագրող և տարածքում իրականացվող գործունեության մասին տեղեկատվությունը:
7. Սահմանել, որ հանրակրթական ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպության գույքն աճուրդով` մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության կարող է տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, սոցիալական գործունեություն ծավալելու նպատակով:
8. Վարչությունը սույն որոշման 6-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին (Երևանի քաղաքապետին): Ընդ որում, ներկայացված հայտը կարող է մերժվել, եթե՝
1) չեն ապահովվել սույն որոշման 6-րդ կետով նախատեսված պահանջները.
2) հայտը չի համապատասխանում սույն որոշման 7-րդ կետով սահմանված պահանջներին: Հայտը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
9. Ներկայացված հայտն ընդունվելու դեպքում վարչությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է գույքի վարձակալության աճուրդը և աճուրդի արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին (Երևանի քաղաքապետին)՝ ներկայացնելով աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը:
10. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) վարձակալության աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրության հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին առաջարկում է կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր:
11. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) սույն որոշմամբ սահմանված կարգով իրականացված վարձակալության աճուրդների արդյունքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև գույքի նկատմամբ ծագած իրավունքների պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթերի մեկ օրինակը մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է վարչություն՝ հաշվառում իրականացնելու նպատակով:
12. Պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության առաջին աճուրդը չկայանալու դեպքում ևս մեկ անգամ կազմակերպվում է նոր աճուրդ՝ սույն որոշմամբ սահմանված կարգով:
13. Կազմակերպությանն ամրացված գույքը, օգտագործման իրավունքի մասին պայմանագրերին համապատասխան, մինչև 15 օր ժամավճարով տրամադրելու դեպքում կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վարչությանը՝ ներկայացնելով տեղեկատվություն գույքի գտնվելու վայրի, գույքի կազմի և օգտագործման ժամկետի մասին:
14. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացնում է կազմակերպություններին ամրացված գույքի և ամրացված գույքից վարձակալության տրամադրված գույքի ընտրանքային ուսումնասիրություն ու արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) կազմակերպությունների կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում կազմում է տեղեկանք ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
15. Վարչության կողմից վարձակալության տրամադրվող գույքի մասին հայտարարությունները պարտադիր կարգով տեղադրվում են վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am կայքում:
16. Վարչությանն ամրացված՝ արդեն իսկ վարձակալության տրամադրված գույքն ուղղակի ձևով վարձակալության է տրամադրվում տվյալ գույքի վարձակալի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, իսկ վարչությանն ամրացված ազատ տարածքների վարձակալության տրամադրման նպատակահարմարության մասին որոշումն ընդունում է վարչության պետը՝ սույն որոշմամբ սահմանված կարգերին համապատասխան:
17. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերը (այսուհետ՝ հողամաս), սույն կարգին համապատասխան մրցույթով վարձակալությամբ տրամադրելիս, սակարկությունների առարկա է շենքերի, շինությունների և հողամասի վարձակալական վճարների հանրագումարը, որոնց նվազագույն մեծությունը հաշվարկվում է սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2001 թվականիփետրվարի 22-ի N 125 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) (այսուհետ՝ պետական հիմնարկին ամրացված) գույքի ուղղակի ձևով վարձակալության տրամադրման, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված (այսուհետ՝ կազմակերպությանն ամրացված) գույքի ուղղակի ձևով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
2. Պետական հիմնարկին ամրացված գույքը կարող է ուղղակի ձևով վարձակալության տրամադրվել՝
1) տվյալ գույքի վարձակալին (այսուհետ՝ վարձակալ), որը կատարել է վարձակալական պայմանագրով նախատեսված պարտավորությունները և ներկայացրել է վարձակալության պայմանագիրը վերակնքելու հայտ.
2) միակ հայտը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, եթե սույն որոշման 15-րդ կետով նախատեսված հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետում տվյալ գույքի վարձակալության նպատակով այլ հայտեր չեն ներկայացվել:
3. Պետական հիմնարկին ամրացված գույքը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձանց վարձակալության տրամադրման ժամկետները սահմանվում են՝
1) ներդրումային ծրագիր չներկայացվելու դեպքում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով.
2) գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարված լինելու դեպքում՝ առավելագույնը 10 տարի ժամկետով:
4. Պետական հիմնարկին ամրացված գույքի վարձակալության տրամադրման նպատակով պետական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն) է ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝
1) գույքի վարձակալության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումը, այդ թվում` սահմանափակումները և վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը, ինչպես նաև տեղեկատվություն նշված տարածքը հիմնարկի կողմից չօգտագործվելու մասին.
2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը.
3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև վարձակալության տրամադրվող անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը.
4) սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի 2 կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ նվազագույն վարձավճարի հաշվարկման համար անհրաժեշտ շենք, շինությունների վիճակը բնութագրող և առկա ծառայությունների մասին տեղեկատվությունը:
5. Վարչությանն ամրացված գույքի վարձակալության տրամադրման նպատակով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձինք վարչություն են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝
1) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման համարը.
2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը:
6. Վարչության պետը սույն կարգի 4-րդ կամ 5-րդ կետերում նշված հայտն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պետական հիմնարկին, իսկ վարչությանն ամրացված գույքի դեպքում՝ հայտը ներկայացնող անձին:
7. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից սույն կարգի 4-րդ կամ 5-րդ կետերում նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացնելու դեպքում վարչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձանց, ովքեր գրությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են շտկել փաստաթղթերում առկա թերությունները:
8. Ներկայացված հայտը վարչության կողմից մերժվում է, եթե՝
1) չեն ապահովվել սույն կարգի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված պահանջները.
2) 5-10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության տրամադրման դեպքում գույքի բարելավման համար ներդրումային ծրագիրը կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարված լինելու մասին հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել.
3) սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:
9. Սույն կարգի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված պայմանները բավարարող հայտն ստանալուց հետո վարչությունը վարձակալի կամ միակ հայտ ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ կնքում է գույքի վարձակալության պայմանագիր:
10. Կազմակերպությանն ամրացված մինչև մեկ տարի ժամկետով սահմանված կարգով վարձակալության տրամադրված գույքի (բացառությամբ հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների) վարձակալական պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ շուտ քան 1 ամիս առաջ, եթե տվյալ գույքի վարձակալը պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները կատարել է, ապա կազմակերպության լիազոր մարմինը, իսկ Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը դիմում է վարչություն՝ գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալին՝ ուղղակի ձևով վարձակալության տրամադրելու նպատակով համաձայնություն ստանալու համար:
Սույն կետի պահանջը չի տարածվում այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վրա, որոնց ամրացված գույքի վարձակալության կամ օգտագործման տրամադրման համար օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված է այլ կարգ:
11. Վարչության համաձայնության դեպքում կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը վարձակալի հետ մինչև մեկ տարի ժամկետով կնքում է գույքի վարձակալության պայմանագիր: Կնքված պայմանագրի, ինչպես նաև գույքի նկատմամբ ծագած իրավունքների պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթերի պատճենների մեկ օրինակը՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են վարչություն՝ հաշվառում իրականացնելու նպատակով:
12. Սույն կարգով սահմանված ձևով գույքը վարձակալության տրամադրելու դեպքերում վարձավճարի նվազագույն մեծությունը հաշվարկվում է սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2001 թվականիփետրվարի 22-ի N 125 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկներին (այսուհետ` պետական հիմնարկ) ամրացված բնակելի տարածքների (այսուհետ` բնակելի տարածքներ)՝ բացառությամբ սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների, վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Բնակելի տարածքները վարձակալությամբ տրամադրվում են ուղղակի ձևով կամ աճուրդով:
3. Բնակելի տարածքներն ուղղակի ձևով վարձակալության կարող են տրամադրվել բնակելի տարածքում փաստացի բնակվող և հաշվառված բնակչին (բնակիչներին) կամ տվյալ բնակելի տարածքի այն վարձակալին, որի հետ կնքված վարձակալության մասին պայմանագրի գործողության ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին չի ավարտվել (այսուհետ՝ նախկին վարձակալ): Նախկին վարձակալի հետ վարձակալության մասին պայմանագիրը կարող է կնքել առավելագույնը 5 տարի ժամկետով:
4. Փաստացի բնակվող և հաշվառված բնակչի (բնակիչների) կամ նախկին վարձակալի կողմից բնակելի տարածքը վարձակալելու նախապատվության իրավունքից հրաժարվելու դեպքում, ինչպես նաև ազատ բնակելի տարածքները վարձակալության են տրամադրվում աճուրդով: Բնակելի տարածքները աճուրդով վարձակալության կարող են տրամադրվել առավելագույնը 5 տարի ժամկետով:
5. Սույն կարգով սահմանված ձևերով բնակելի տարածքների վարձակալության տրամադրման դեպքերում վարձավճարների նվազագույն մեծությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:
6. Բնակելի տարածքներն ուղղակի ձևով կամ աճուրդով վարձակալության տրամադրելու նպատակով պետական հիմնարկի ղեկավարը ներկայացնում է հայտ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն), որում պետք է ներառվեն՝
1) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը.
2) վարձակալության տրամադրվող բնակելի տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև կադաստրային արժեքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը:
7. Վարչությանն ամրացված բնակելի տարածքն ուղղակի ձևով, իսկ ազատ բնակելի տարածքն աճուրդով վարձակալության տրամադրելու նպատակով նախկին վարձակալը կամ ֆիզիկական անձը վարչություն է ներկայացնում հայտ, որը պետք է ներառի նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով:
8. Վարչությունը, սույն կարգի 6-րդ և (կամ) 7-րդ կետերում նշված հայտն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է համապատասխան պետական հիմնարկին, իսկ վարչությանն ամրացված բնակելի տարածքի համար՝ նախկին վարձակալին կամ հայտ ներկայացրած ֆիզիկական անձին:
9. Ներկայացված հայտը վարչության կողմից մերժվում է, եթե չեն ապահովվել սույն կարգի 6-րդ և (կամ) 7-րդ կետերով նախատեսված պահանջները:
10. Վարչությունը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները բավարարող հայտն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է բնակելի տարածքի վարձակալության տրամադրման աճուրդը, իսկ ուղղակի վարձակալության դեպքում վարձակալի հետ կնքում է բնակելի տարածքի վարձակալության մասին պայմանագիր:
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2001 թվականիփետրվարի 22-ի N 125 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ՝ պետական հիմնարկ) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (այսուհետ` գույք)՝ մրցույթով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Գույքի վարձակալության տրամադրման մրցույթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան, անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ վարչություն) պետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` մրցութային հանձնաժողով):
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
3. Մրցութային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 6 անձից։ Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են վարչության (հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի քարտուղար, երկու անդամ) և համապատասխան պետական հիմնարկի (երկու անդամ) ներկայացուցիչներ:
4. Գույքի վարձակալության մրցույթ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց հետո մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում հրապարակման:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է վարչության կողմից սահմանված ձևին համապատասխանող մրցույթի մասնակցության հայտերը, կազմակերպում և անցկացնում է գույքի վարձակալության մրցույթը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության մրցույթի հաղթողին:
6. Մրցութային հանձնաժողովի գործունեությունն իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում:
7. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած՝ մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց և դրա մասին արձանագրություն կազմելուց ու վարչության պետի հաստատմանը ներկայացնելուց հետո:
III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
8. Գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:
9. Գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները`
1) մրցույթի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) մրցույթի կազմակերպչի անվանումը.
3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
5) մրցույթով վարձակալության տրվող գույքի անվանումը, գույքի որակական և քանակական պայմանները (անշարժ գույքի դեպքում՝ հասցեն (գտնվելու վայրը), մակերեսը).
6) մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).
7) մրցույթի մասնակցության հայտին կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`
ա. գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
բ. նախավճարի մուծումը հաստատող անդորրագիրը,
գ. ներդրումային ծրագիրը,
դ. գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար), քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը (բացակայության դեպքում՝ անձնագրի պատճենը` հաշվառման էջով),
ե. հայտատուի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).
8) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.
9) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը.
10) նախավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում՝ նախավճարի վերադարձման կարգը.
11) գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ:
10. Մրցույթի մասնակցության նախավճարների չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի համաձայն հաշվարկված` գույքի առնվազն մեկ ամսվա վարձավճարի չափով:
11. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:
12. Գույքի վարձակալության մրցույթի պայմանների փոփոխման դեպքում մրցութային հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Թույլատրվում է հրապարակային ծանուցման մեջ կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
13. Գույքի վարձակալության մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում՝ չեղյալ հայտարարելով նախկին ծանուցումը:
IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
14. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
15. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` վարչություն մուտքագրման օրը և ժամը:
16. Սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը՝ առանց ծրարը բացելու, վերադարձվում են հայտը ներկայացնողին:
17. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները՝ մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի մասնակցության հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:
18. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտը գրանցվում է վարչության կողմից սահմանված ձևին համապատասխանող՝ մրցույթի մասնակցության հայտերի գրանցամատյանում՝ հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:
19. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները, հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` վարչության աշխատակազմի անվամբ գանձապետարանում բացված մրցույթի մասնակցության արտաբյուջետային (ժամանակավոր) դրամային հաշվին:
20. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի վարձակալական վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և մրցույթը համարվում է չկայացած:
21. Մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները պետք է դիմեն վարչություն:
22. Վարչությունը սույն կարգի 21-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձնում է դիմումատուի համապատասխան հաշվին:
23. Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետում մրցույթում հաղթող չճանաչված հայտատուի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից համապատասխան դիմում չներկայացվելու դեպքում մրցույթի մասնակցության նախավճարը հաշվանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
24. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին՝ մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:
25. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
26. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուներից մեկի (կամ մի քանիսի) պահանջով ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, ինչպես նաև մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
27. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն արժեքային մեծություններով:
28. Մրցութային հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`
1) մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի անունը, ազգանունը, իսկ կազմակերպության դեպքում՝ անվանումը.
2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին.
3) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:
29. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
30. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
31. Եթե մրցութային պայմանների գնահատման համար մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված են կշռային գործակիցներ, ապա մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է բոլոր պայմանների միավորների հանրագումարը` ըստ կշռային գործակիցների: Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ստացել է հաշվարկված հանրագումարի ամենաբարձր միավորը: Մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չլինելու դեպքում մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում առաջարկն առավելագույնս է բավարարում մրցույթի պայմանները:
32. Մրցութային հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
33. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
34. Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
35. Մրցութային հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:
36. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:
VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
37. Գույքի վարձակալության մրցույթը համարվում է չկայացած, եթե՝
1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել.
3) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
38. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:
39. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
40. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2001 թվականիփետրվարի 22-ի N 125 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), այդ թվում՝ նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (այսուհետ` գույք) աճուրդով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման դեպքում, բացի գույքի վարձակալության վարձավճարի չափից, այլ պայմաններ և սահմանափակումներ չեն կարող սահմանվել:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքն աճուրդով վարձակալության տրամադրելու դեպքում՝ հիմնարկի ղեկավարը, կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մինչև մեկ տարի ժամկետով աճուրդով վարձակալության տրամադրելու դեպքում՝ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը (այսուհետ՝ վարչություն) ամրացված գույքի համար՝ վարչության համապատասխան ստորաբաժանումն առաջարկություն են ներկայացնում գույքի վարձակալության տրամադրման աճուրդի անցկացման վերաբերյալ:
4. Գույքի վարձակալության աճուրդը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան, կազմակերպում և անցկացնում է վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հրամանով նշանակված աճուրդի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ):
II. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
5. Կազմակերպիչը պետք է կազմված լինի առնվազն 6 անձից։ Կազմակերպչի կազմում ընդգրկվում են վարչության (հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի քարտուղար, երկու անդամ), կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի (Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետարանի) (մեկ անդամ) և կազմակերպության (մեկ անդամ) ներկայացուցիչները:
6. Գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց հետո կազմակերպիչը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում վարչություն` հրապարակելու համար:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում կազմակերպիչն ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը (ըստ սահմանված ձևի), կազմակերպում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում է գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:
8. Կազմակերպչի գործունեությունն իրավազոր է կազմակերպչի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդի անցկացմանը մասնակցող կազմակերպչի գործունեությունն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին ծանուցվում են աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձինք՝ հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում:
9. Կազմակերպիչն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վարձակալության աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ) (համաձայնությամբ):
10. Կազմակերպչի գործունեությունը համարվում է դադարած՝ աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրությունը վարչության պետի հաստատմանը ներկայացվելուց հետո:
III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
11. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ:
12. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
1) աճուրդի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անվանումը.
3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).
4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
5) աճուրդով վարձակալության տրվող գույքի անվանումը, գույքի որակական և քանակական պայմանները (անշարժ գույքի դեպքում՝ հասցեն (գտնվելու վայրը), մակերեսը և այլն).
6) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը (անվանումները), լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ.
7) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝
ա. նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը (անդորրագիրը),
բ. իրավաբանական անձանց համար` գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
գ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը).
8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
9) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.
10) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.
11) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.
12) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.
13) աճուրդի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը։
13. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր։
14. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վարձակալության աճուրդն սկսելուց մեկ աշխատանքային օր առաջ, ժամը 13:00-ին:
15. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պարտավոր է աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները: Գույքի վարձակալության աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:
IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
16. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
17. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով:
18. Գույքի վարձակալության աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճար՝ այդ նպատակով բացված աճուրդի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:
19. Գույքի վարձակալության աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:
20. Գույքի վարձակալության աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:
21. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցի տոմսերի վաճառքը դադարեցվում է գույքի վարձակալության աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է մինչև գույքի վարձակալության աճուրդն սկսվելը:
22. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:
23. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարն ընդգրկվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:
24. Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրության ստորագրումից հետո կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գինը վճարելու համար հանձնարարագիր (այսուհետ՝ հանձնարարագիր), որն ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը մեկ ժամվա ընթացքում վճարում է իր առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերություն կազմող գումարը, ընդ որում, սույն կետով սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:
25. Եթե հանձնարարագիրն ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը սույն կարգի 24-րդ կետում նշված ժամկետում չի վճարում լոտի գինը, ապա հաղթող ճանաչված անձի կողմից աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարը (այսուհետ՝ նախավճար) չի վերադարձվում, իսկ աճուրդը համարվում է չկայացած:
26. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցները 10-օրյա ժամկետում կարող են դիմել վարչություն` աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման համար, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում աճուրդի մասնակցության նախավճարը վերադարձվում է դիմումատուի համապատասխան հաշվին: Սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
27. Գույքի վարձակալության աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վարձակալության առաջարկվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը (որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգի համաձայն հաշվարկված` գույքի մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսից ոչ պակաս չափով:
28. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:
29. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի՝ իր կողմից առաջարկվող վարձավճարի չափն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:
30. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել գույքի առավելագույն վարձավճարի չափ առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:
31. Գույքի առավելագույն վարձավճարի չափ առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից երրորդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդում հաղթող:
32. Կազմակերպիչը մեկօրյա ժամկետում աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն: Կազմակերպչի անդամի հատուկ կարծիք լինելու դեպքում այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
33. Կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդի արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է վարչությանը` ներկայացնելով աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը:
34. Կազմակերպչին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:
VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
35. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) բացակայում է գույքը մեկնարկային վարձավճարի չափով վարձակալելու համաձայնությունը.
3) գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը) սահմանված ժամկետներում գույքի վարձակալության աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չի ստորագրել, հետագա վճարումները չի կատարել.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
36. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2001 թվականիփետրվարի 22-ի N 125 որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական սեփականություն հանդիսացող գույքի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման համար հատկացված հողամասերի (այսուհետ՝ հողամաս) վարձավճարների հաշվարկման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված վարձակալության տրամադրվող գույքի և հողամասի ամսական վարձավճարների նվազագույն մեծությունները որոշվում են`
1) յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար` հետևյալ բանաձևով՝
Վգ = Ահ/(Աժ x 12) (բանաձև 1)
որտեղ`
Վգ -ն յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,
Ահ -ն վարձակալության տրամադրվող գույքի հաշվեկշռային արժեքն է` արտահայտված դրամով,
Աժ -ն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի2 121-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է, 12-ը՝ ամիսների թիվը.
2) շենքերի, շինությունների համար`
ա. գիտական, կրթական, առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, մշակույթի, արվեստի ոլորտի գործունեություն ծավալելու նպատակով (այսուհետ՝ գրասենյակային տարածքներ) պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալության տրամադրելու դեպքում՝ վարձակալական վճարների մեծությունը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
Վտ = (Ակ x 0,05) / 12 x Գո (բանաձև 2)
որտեղ`
Վտ -ն շենքերի, շինությունների ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Ակ -ն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ շենքերի, շինությունների կադաստրային արժեքն է, իսկ 12-ը՝ ամիսների թիվը,
Գո -ն շենքերի, շինությունների վիճակը բնութագրող և մատուցվող ծառայությունների հետևյալ գործակիցների արտադրյալն է.
Գ1 . հարկայնության գործակից, որը սահմանվում է` նկուղի, ձեղնահարկի (տեխնիկական) և հիմնախորշերի համար` 0,9, 1-ին հարկի՝ 1, 5, 2-րդ և 3-րդ հարկի՝ 1,25, 3-ից բարձր հարկերի համար՝ 1,15,
Գ2 . առանձնացված մուտքի գործակից՝ առկայության դեպքում՝ 1,5, առկա չէ՝ 1,
Գ3 . վերանորոգման գործակից՝ առկայության դեպքում՝ 1,4, առկա չէ՝ 1,
Գ4 . հաղորդակցուղիների (կոմունիկացիա) գործակից` (օդափոխություն, ջեռուցում, հովացում, ինտերնետ) որևէ մեկի առկայության դեպքում՝ 1,3, առկա չէ՝ 1,
Գ5 . սանհանգույցի գործակից՝ վարձակալած տարածքում առկայության դեպքում՝ 1,2, առկա չէ՝ 1,
Գ6 . բնական լուսավորվածության գործակից՝ առկայության դեպքում 1,3, առկա չէ՝ 1:
Գրասենյակային տարածքներ են համարվում այն տարածքները, որոնցում ծավալվում են գիտության, կրթության, առողջապահության, սպորտի, մշակույթի, արվեստի և տեղեկատվական ոլորտներում գործունեություն, ինչպես նաև տարածքներ, որոնցում տեղակայված են հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գրասենյակները:
Այն դեպքում, երբ առկա է շենքերի, շինությունների կադաստրային արժեքը, սակայն բացակայում է վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը, վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը (Ակվ ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ակվ = Ամիջին x Տվ x Գ1 (բանաձև 3)
որտեղ`
Տվ -ն վարձակալության տրամադրվող տարածքի մակերեսն է,
Գհ -ն շենքերի, շինությունների հարկայնության գործակիցն է,
Ամիջին -ը տվյալ շենքի, շինության մեկ քառակուսի մետրի կադաստրային միջին արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ամիջին = Ակ /Տը , (բանաձև 4)
որտեղ`
Տը -ն շենքի, շինության ընդհանուր մակերեսն է,
Ակ -ն շենքի, շինության (ընդհանուր) կադաստրային արժեքն է,
բ. առևտրի, հանրային սննդի (բացառությամբ հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների) և կենցաղային սպասարկման նպատակով (այսուհետ՝ առևտրային գործունեություն ծավալելու համար) պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալության տրամադրելու դեպքում՝ վարձակալական վճարների մեծությունը որոշվում է ելնելով անկախ գնահատողների կողմից գնահատված վարձավճարի շուկայական արժեքից:
Առևտրային գործունեություն համարվում է գնորդների, հաճախորդների հետ անմիջական շփմամբ ապրանքների վաճառքի իրականացումը, հանրային սննդի (բացառությամբ հանրակրթական ոլորտի) և այլ ծառայությունների (բացառությամբ սոցիալական նշանակության) մատուցումը, ինչպես նաև տարատեսակ ժամանցային միջոցառումների և տեխնիկական միջոցների (բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքեր) կիրառմամբ ծառայությունների կազմակերպումը,
գ. արտադրական նշանակության շենքերի, շինությունների տարածքների վարձակալության դեպքում վարձակալական վճարների մեծությունը հաշվակվում են հետևյալ բանաձևով`
Վտ = (Ակ x 0,05) / 12 (բանաձև 5),
դ. բնակելի նշանակության շենքերի, շինությունների տարածքների վարձակալության դեպքում՝ թիվ 5 բանաձևով հաշվարկված վարձակալական վճարների մեծության նկատմամբ կիրառվում է 0,5 գործակից.
3) ժամավճարով՝ օգտագործման իրավունքի պայմանագրերին համապատասխան տրամադրվող տարածքի համար՝ հետևյալ բանաձևով՝
Վժ = (Վտ /(24 x 30)) x Գժ x Ժ (բանաձև 6)
որտեղ`
Վժ -ն ժամավճարով տրամադրվող տարածքի մեկ ժամի համար հաշվարկված վճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Վտ -ն բանաձև 2-ով հաշվարկված տարածքի ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Գժ -ն ժամավճարով տրամադրվող տարածքի նկատմամբ կիրառվող գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով՝
ժամը 9.00-ից մինչև 16.00-ն` 10,
ժամը 16.00-ից մինչև 18.00-ն` 9,
ժամը 18.00-ից մինչև 20.00-ն` 8,
ժամը 20.00-ից մինչև 9.00-ն` 6,
Ժ-ն ամսվա ընթացքում վարձակալության տրամադրվող ժամերն են.
4) հողամասի համար` հետևյալ բանաձևով՝
Վհ = (Ակհ x Տհ x Գկհ ) / 12 (Բանաձև 7)
որտեղ`
Վհ -ն հողամասի ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Ակհ -ն հողի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքն է,
Տհ -ն վարձակալության տրամադրվող հողամասի մակերեսն է (քառակուսի մետրով արտահայտված),
Գկհ -ն վարձակալության տրամադրվող հողամասի ուղղիչ գործակիցն է, որը սահմանվում է 0.01-ի չափով: