ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2018 թվականի N 236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1105-Ն որոշման N 1 հավելվածի 62-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ, 19.4-րդ, 19.5-րդ և 19.6-րդ կետերով.
«19.1. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում, մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` գնորդը պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական գնորդը պետք է ներկայացնի՝
1) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, գրանցման համարը, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև գույք ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը.
2) ֆիզիկական անձանց համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով.
3) գործարար (ներդրումային) ծրագիր (մրցույթի դեպքում).
4) գրավոր առաջարկություն գույքը ձեռք բերելու վերաբերյալ:
19.2. Լիազորված պետական մարմինը, սույն կարգի 19.1-ին կետում նշված պայմաններով գույքի օտարման վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում՝ նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումն ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական գնորդին: Ընդ որում, դիմումն ընդունելու դեպքում՝ հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:
19.3. Եթե սույն կարգի 19.2-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի գնման համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:
19.4. Դիմումատուի կողմից սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում լիազորված պետական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
19.5. Սույն կարգի 19.2-րդ և 19.3-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե՝
1) չեն ներկայացվել սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը.
2) սույն կարգի 19.4-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:
19.6. Սույն կարգի 19.5-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 19.1-19.5-րդ կետերով սահմանված պայմաններով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 14 Երևան |