ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 նոյեմբերի 2017 թ. |
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ա. Զաքարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով` 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 02.11.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն (այսուհետև` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում` Հայաստանի Հանրապետությանը պետական արտահանման վարկ տրամադրելու նպատակով:
2. Ռուսաստանի Դաշնությունը (Ռուսական կողմ) Հայաստանի Հանրապետությանը (Հայկական կողմ) տրամադրում է մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ (այսուհետև` Վարկ) ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար՝ համաձայն Համաձայնագրի N 1 հավելվածում նշված ցանկի: Համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն` ցանկը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Վարկի գծով պարտքի հաշվառումը կատարվում է ԱՄՆ դոլարով, և Հայկական կողմը Վարկը կարող է օգտագործել 2018-2022 թթ. ընթացքում:
3. Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող 5 հավելված՝ Հավելված 1. «Ցանկ Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի», Հավելված 2. «Հիմնական պարտքի գումարի մարման ժամանակացույց», Հավելված 3. «Դիմում պայմանագիրը ֆինանսավորման ընդունելու մասին», Հավելված 4. «Հաստատում պայմանագիրը ֆինանսավորման ընդունելու մասին», Հավելված 5. «Մերժում պայմանագիրը ֆինանսավորելու»:
4. Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հայկական և ռուսական լիազորված կազմակերպությունները միմյանց հետ կնքում են Պայմանագրեր, որոնցով որոշվում են Համաձայնագրի շրջանակներում արտադրանքի մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: Պայմանագրերն ընդունվում են ֆինանսավորման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից հաստատվելուց հետո:
Համաձայնագրի շրջանակներում հաշվառում կատարելու և հաշվարկների վարման նպատակով Հայկական կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Ռուսական կողմից լիազորված «Վնեշէկոնոմբանկ»-ը Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան 60 օրացուցային օրվա ընթացքում կնքում են Համաձայնագրի շրջանակներում հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Վարկն օգտագործել ԱՄՆ դոլարով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից (այսուհետև՝ Պայմանագրեր) յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար, որոնք կնքվել են Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան հաստատված՝ պայմանագրերում նշված հայկական և ռուսական կազմակերպությունների միջև (այսուհետև՝ Լիազորված կազմակերպություններ) (հոդված 1, կետ 2),
- յուրաքանչյուր պայմանագրի արժեքի 10 տոկոսից ոչ պակաս չափով վճարել ԱՄՆ դոլարով կանխավճարներ հօգուտ ռուսական Լիազորված կազմակերպությունների (հոդված 1, կետ 3),
- Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում Ռուսական կողմի օգտին կատարել կոմիսիոն վճարում Վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով, որը կատարվում է ԱՄՆ դոլարով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնությամբ՝ ռուսական ռուբլով` ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի` Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված փոխարժեքով և ենթակա չէ Ռուսական կողմից փոխհատուցման (հոդված 2, կետ 5),
- սկսած 2023թ. մայիսի 15-ից մինչև 2037թ. նոյեմբերի 15-ը՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, մարել Վարկի փաստացի օգտագործված գումարը (այսուհետև՝ Հիմնական պարտք)՝ Համաձայնագրի N 2 հավելվածում սահմանված ժամանակացույցին համապատասխան (հոդված 3, N 2 հավելված),
- Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև Հիմնական պարտքի վերջնական մարման ամսաթիվը ներառյալ՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել Վարկի տոկոսավճարները տարեկան 3.0 տոկոս տոկոսադրույքով (հոդված 4, կետեր 1 և 2),
- Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված Հիմնական պարտքի մարման և (կամ) Վարկի տոկոսավճարների վճարման համար կատարված ցանկացած վճարում համապատասխան վճարման ամսաթվին հաջորդող 10 օրացուցային օրվա ընթացքում չկատարելու պարագայում՝ այդ պարտքը համարվում է ժամկետանց (այսուհետև՝ Ժամկետանց պարտք), վճարել դրա վրա հաշվեգրված տոկոսավճարները՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված վարկի դրույքի 150 տոկոսի չափով (այսուհետև՝ Ժամկետանց պարտքի տոկոսավճարներ)՝ սկսած վճարման համապատասխան ամսաթվից մինչև դրա ամբողջական ծավալով իրականացման ամսաթիվը ներառյալ (հոդված 5, կետ 1),
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Համաձայնագրի հետ կապված տեղեկատվության և գրագրության գաղտնիությունն ապահովելու նպատակով (հոդված 10):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 10 նոյեմբերի 2017 թվականի ՍԴՈ-1385
Գ. Հարությունյան