ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0230/01/14 |
ԵԿԴ/0230/01/14 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2016 թվականի նոյեմբերի 1-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հակոբ Սարգսի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 8-ի որոշման դեմ տուժող Երվանդ Թովմասովի ներկայացուցիչ Արմեն Սողոմոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0230/01/14 քրեական գործն ըստ մեղադրանքի` Հակոբ Սարգսի Մկրտչյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2. Ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պաշտպան Հունան Բաբայանը 2015 թվականի հոկտեմբերի 6-ին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել Հ.Մկրտչյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ առանց խափանման միջոցը վերացնելու թույլատրել Հ.Մկրտչյանին բուժման նպատակով ժամանակավորապես մեկնելու ՀՀ-ից:
3. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պաշտպան Հ.Բաբայանի միջնորդությունը մերժելու, իսկ թիվ ԵԿԴ/0230/01/14 քրեական գործի վարույթը՝ կասեցնելու մասին:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2016 թվականի ապրիլի 8-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պաշտպան Հ.Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 21-ի որոշումը մասնակիորեն բեկանելու, ամբաստանյալ Հ.Մկրտչյանին բուժման նպատակով ՀՀ-ից դուրս մեկնել թույլատրելու և բողոքարկված որոշումը մնացած մասով անփոփոխ թողնելու մասին:
5. Տուժող Երվանդ Թովմասովի ներկայացուցիչ Արմեն Սողոմոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները.
6. Ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պաշտպան Հ.Բաբայանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել քննության 2016 թվականի մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին: Վերաքննիչ դատարանի նույն որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետը սահմանում է.«Գործի քննության տեղի և ժամանակի մասին իրազեկել պաշտպանին և դատախազին» (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթեր 9-10):
6.1. Վերաքննիչ դատարանի կողմից 2016 թվականի մարտի 14-ին, ինչպես նաև հետագայում ապրիլի 4-ին և ապրիլին 8-ին նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին տուժող Ե.Թովմասովին և նրա ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործի նյութերում առկա չէ (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթեր 9-16, 31, 35):
6.2. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 14-ի, ապրիլի 4-ի և ապրիլի 8-ի դատական նիստերին տուժող Ե.Թովմասովը և նրա ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանը չեն մասնակցել (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթեր 35-37):
6.3. Վերաքննիչ դատարանն իր՝ 2016 թվականի ապրիլի 8-ի որոշումը ուղարկել է միայն պաշտպան Հ.Բաբայանին (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթեր 46-47), իսկ մեղադրողը և տուժող Ե.Թովմասովը հիշյալ դատական ակտի պատճենը ստացել են 2016 թվականի մայիսի 19-ին Առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության ժամանակ (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթ 67):
6.4. Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունվարի 21-ի որոշման.
«10.04.2014 թվականին Հակոբ Սարգսի Մկրտչյանը ձերբակալվել է:
13.04.2014 թվականի որոշմամբ Հակոբ Սարգսի Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Դատարանի` 2014 թվականի օգոստոսի 04-ի որոշմամբ (...) քրեական գործն ըստ մեղադրանքի Հակոբ Սարգսի Մկրտչյանի՝ (...) նշանակվել է դատաքննության (...):
Հակոբ Սարգսի Մկրտչյանի պաշտպան Հունան Բաբայանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան ամբաստանյալին կալանքից ազատելու և փորձաքննություն նշանակելու մասին:
08.10.2014 թվականին դատարանը որոշում է կայացրել Հակոբ Մկրտչյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
10.12.2014 թվականին (...) դատարան է ստացվել ամբաստանյալ Հակոբ Սարգսի Մկրտչյանի նկատմամբ կատարված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, համաձայն հետևություններ մասի`
1.Ներկայում Հակոբ Մկրտչյանը տառապում է հետևյալ հիվանդություններով`
լյարդի ցիրրոզ` դեկոմպենսացիայի փուլում, պորտալ հիպերտենզիա, լյարդ-բջջային անբավարարություն 3-րդ աստիճանի, ասցիտ, սպլենոմեգալիս, էնցեֆալոպաթիա, ստորին վերջույթների հետտրոմբոտիկ հիվանդություն:
2.Ներկայիս առողջական վիճակով Հակոբ Մկրտչյանը չի կարող գտնվել անազատության մեջ, նրա բուժումը հնարավոր չէ իրականացնել անազատության պայմաններում և Հ.Մկրտչյանը կարիք ունի ստացոնար հետազոտությունների և բուժման` նեղ մասնագիտացված բաժանմունքում, ապահովելով համապատասխան մասնագետների /լյարդաբանի, անոթաբանի, սրտաբանի/ դինամիկ հսկողություն, և հնարավոր ծանրագույն բարդությունների առաջացման դեպքում` համապատասխան ինտենսիվ բուժական միջոցառումների կատարում: Հ.Մկրտչյանի հիվանդությունները համաձայն ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման 35 կետի՝ դասվում են պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների շարքին:
3.Հ.Մկրտչյանը ներկայիս առողջական վիճակով չի կարող մասնակցել դատական քննությանը:
2014 թվականի դեկտեմբերի 20-ին դատարանը (...) որոշում է կայացրել ամբաստանյալ Հակոբ Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ ամբաստանյալ Հակոբ Մկրտչյանը իր առողջական վիճակով ըստ փորձաքննության եզրակացության չի կարող գտնվել անազատության մեջ: (...)
2015 թվականի փետրվարի 16-ին դատարան է ստացվել (...) պաշտպան Հունան Բաբայանի միջնորդությունը` ամբաստանյալ Հակոբ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին վերացնելու վերաբերյալ: Դատարանի կողմից (...) միջնորդությունը մերժ[վ]ել է:
2015 թվականի հուլիսի 17-ին մեղադրող Գ.Սարգսյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` ամբաստանյալ Հ.Մկրտչյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որը նույն օրը դատարանի կողմից բավարարվել է:
2015 թվականի սեպտեմբերի 24-ին (...) դատարան է ստացվել ամբաստանյալ Հակոբ Սարգսի Մկրտչյանի նկատմամբ կատարված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, համաձայն հետևություններ մասի`
Հ.Մկրտչյանի ներկայիս առողջական վիճակը ծանր է` պայմանավորված հիվանդության ծանր կլինիկական ընթացքով բարդություններով, որոնք պահանջում են անկողնային ռեժիմ, և հանդիսանում են խոչընդոտ նրա ինքնուրույն տեղաշարժվելու համար:
2015 թվականի հոկտեմբերի 06-ին դատարան է ստացվել (...) պաշտպան Հունան Բաբայանի միջնորդությունը` ամբաստանյալ Հակոբ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին վերացնելու կամ առանց խափանման միջոցը վերացնելու թույլատրել Հ.Մկրտչյանին բուժման նպատակով ժամանակավորապես մեկնելու ՀՀ-ից, ինչպես նաև Դատարանից խնդրել է 1-ին կետում նշված պահանջը մերժելու դեպքում ժամանակավորապես Հ.Մկրտչյանին տրամադրել նրա անձնագիրը` հաշմանդամության թոշակը ձևակերպելու համար:
Դատարանը ուսումնասիրելով միջնորդությունը և կից ներկայացված փաստաթղթերը գտնում է, որ այն ենթակա [է] մերժման, քանի որ համաձայն (...) Մկրտչյանի նկատմամբ կատարված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննության եզրակացության, հետևություններ մասի`
Հ.Մկրտչյանի ներկայիս առողջական վիճակը ծանր է` պայմանավորված հիվանդության ծանր կլինիկական ընթացքով բարդություններով, որոնք պահանջում են անկողնային ռեժիմ, և հանդիսանում են խոչընդոտ նրա ինքնուրույն տեղաշարժվելու համար:
Այսինքն դատարանի 2015 թվականի հուլիսի 17-ի որոշման հիման վրա ստացված եզրակացությունում առկա չէ որևէ նշում Հակոբ Մկրտչյանի առողջական վիճակի, այսինքն ՀՀ-ից դուրս բուժումը շարունակելու մասին: (...)» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթեր 206-211):
6.5. Ըստ Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 8-ի որոշման. «Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող թիվ ԵԿԴ/0230/01/14 քրեական գործով (...) 17.07.2015թ. որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Պարզաբանման համար փորձագետին առաջադրվել է հետևյալ հարցը. Հ. Մկրտչյանը ներկայումս կարող է մասնակցել դատական քննությանը, թե ոչ:
Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը Հակոբ Մկրտչյանի վերաբերյալ 22.09.2015թ. տվել է եզրակացություն հետևյալի մասին.
/…/ «Հետևություններ. Հ.Մկրտչյանի ներկայիս առողջական վիճակը ծանր է` պայմանավորված հիվանդության ծանր կլինիկական ընթացքով, բարդություններով, որոնք պահանջում են անկողնային ռեժիմ և հանդիսանում են խոչընդոտ նրա ինքնուրույն տեղաշարժվելու համար»:
Նշված եզրակացության «Բժշկական փաստաթղթերի տվյալները» բաժնում նշվել է. /…/ Ինչպես երևում է «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի առ 12.01.15թ. տեղեկանքի - /…/ «Բժշկական խորհրդատվություն: Հիվանդին ցուցված է վիրահատական բուժում պորտոկավալ շունտավորում կամ պորտոկավալ պրոտեզավորում: ՀՀ-ում իրականացնել տեխնիկապես անհնարին է»:
(...)
(...) Վերաքննիչ դատարանը վերլուծելով սույն գործի նյութերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել գործում առկա մի շարք փաստական տվյալ, որոնք էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար:
Այսպես` համաձայն ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Ա.Կարապետյանի 2015թ. փետրվարի 13-ի թիվ 1440-15 գրության.
«ՀՀ առողջապահության նախարարին ուղղված Ձեր 23.01.2015թ. թիվ 03/015 գրության կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է քաղ. Հակոբ Սարգսի Մկրտչյանի խորհրդատվությունը ՀՀ ԱՆ առաջատար մասնագետների մոտ։ Հիվանդի մոտ ախտորոշվել է Բադդա-Կիարիի հիվանդություն, գենետիկ թրոմբոֆիլիա, լյարդի ցիրրոզ «Բ» ստադիա, պորտալ հիպերթենզիա, սպլենոմեգալիա, կերակրափողի և կարդիայի երակների վարիկոզ լայնացում I - II աստիճան, արտահայտված ասցիտ (ջրգողություն):
Քաղաքացի Հակոբ Մկրտչյանի բուժման համար անհրաժեշտ է իրականացնել տրանսյուգուլյար պորտակավալ շունտավորում «TIPS» և հետագայում լյարդի փոխպատվաստում։ Վերոնշյալ վիրահատությունները Հայաստանի Հանրապետության՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներկայում չի իրականացվում»:
(...)
(...) Առաջին ատյանի դատարանն (...) դատական ակտում պատճառաբանել է, որ դատարանի 2015 թվականի հուլիսի 17-ի որոշման հիման վրա ստացված եզրակացությունում առկա չէ որևէ նշում Հակոբ Մկրտչյանի առողջական վիճակի, այսինքն ՀՀ-ից դուրս բուժումը շարունա[կե]լու մասին, սակայն անտեսել է այն հանգամանքը, որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի առջև հարց չի բարձրացվել ՀՀ-ում Հ.Մկրտչյանի բուժման անհնարինությունը պարզելու մասին:
(...)» (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթեր 38-45):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պաշտպան Հ.Բաբայանի բողոքի քննությանը տուժող Ե.Թովմասովին մասնակից չդարձնելով՝ խախտել է օրենքով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը, օրենքի առջև բոլորի հավասարության և մրցակցության սկզբունքները:
Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է քրեադատավարական օրենքի պահանջներն այն մասին, որ.
ա) դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ,
բ) կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով,
գ) դատարանն ապահովում է առաջին և վերաքննիչ ատյաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը:
7.1. Բողոքաբերը նշել է նաև, որ դատական ստուգման իրականացման մասին տուժող Ե.Թովմասովին և նրա ներկայացուցչին որևէ կերպ չծանուցելով՝ Վերաքննիչ դատարանը զրկել է դատավարության մասնակիցներին՝ իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, բողոքի քննության ընթացքում իրենց կարծիքներն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից:
7.2. Բողոքաբերը շեշտել է, որ վերոնշյալ էական խախտումներով կայացված անօրինական որոշումը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ուստի ինքն այդ պատճառով չի անդրադառնում բողոքարկված որոշման հիմքում դրված պատճառաբանություններին:
8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 8-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովել է արդյոք անձի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ տուժողին և նրա ներկայացուցչին չի ծանուցել նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին:
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 16-րդ և 21-րդ կետերի համաձայն՝
«16) կողմ` մարմինները և անձինք, որոնք քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն.
21) մեղադրանքի կողմ` քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը և նրանց օրինական ներկայացուցիչներն ու ներկայացուցիչները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:
(…)
4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ (…):
5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով (…):
(…)
7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ «Տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «(…) Լիազորողի շահերի պաշտպանության համար տուժողի (…) ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին (…)»:
Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են»:
Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է. այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում: Այլ խոսքով՝ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը դատարանն ապահովում է գործի քննության տեղի և ժամանակի մասին նրանց պատշաճ կերպով ծանուցելու միջոցով: Այլ կերպ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր է բողոքը քննելու օրվա և ժամի մասին նախապես իրազեկել ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմերին (տե՛ս, mutatis mutandis, Ամալյա Ղարիբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12 որոշումները):
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պաշտպան Հ.Բաբայանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել քննության 2016 թվականի մարտի 14-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանի կողմից 2016 թվականի մարտի 14-ին, ինչպես նաև հետագայում ապրիլի 4-ին և ապրիլին 8-ին նշանակված դատական նիստերի տեղի և ժամանակի մասին տուժող Ե.Թովմասովը և նրա ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանը չեն ծանուցվել (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):
Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 8-ի դատական նիստին, որի արդյունքում ամբաստանյալ Հ.Մկրտչյանի պաշտպան Հ.Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, տուժող Ե.Թովմասովը և նրա ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանը չեն մասնակցել (տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր՝ 2016 թվականի ապրիլի 8-ի որոշումը ուղարկել է միայն պաշտպան Հ.Բաբայանին, իսկ տուժող Ե.Թովմասովը հիշյալ դատական ակտի պատճենը ստացել է 2016 թվականի մայիսի 19-ին Առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության ժամանակ (տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը):
12. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը տուժող Ե.Թովմասովին և նրա ներկայացուցիչ Ա.Սողոմոնյանին չի ծանուցել գործի քննության տեղի և ժամանակի մասին, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար նաև հնարավորություն չեն ունեցել պաշտպանելու իրենց իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` հայտնվել են խիստ անբարենպաստ վիճակում մյուս կողմի համեմատությամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, տուժողին և նրա ներկայացուցչին չծանուցելով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին, թույլ է տվել մրցակցության սկզբունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտմանը: Այլ կերպ՝ տուժողին և նրա ներկայացուցչին չծանուցելով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ Վերաքննիչ դատարանը չի ապահովել անձի արդար դատաքննության իրավունքը:
13. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 23-րդ, 390-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների իմաստով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հակոբ Սարգսի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան |