Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 13-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.02.15/6(575) Հոդ.79
Принят
Լոռու մարզպետ
Дата принятия
19.01.2017
Подписан
Լոռու մարզպետ
Дата подписания
19.01.2017
Дата вступления в силу
25.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 50517064

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

19 հունվարի 2017 թ.
ք. Վանաձոր

թիվ 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով՝

 

Որոշում եմ.

 

1. Հաստատել ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզպետի 2004 թվականի սեպտեմբերի 8-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 278-Ն որոշումը:

 

ՀՀ Լոռու մարզպետ

Ա. Նալբանդյան

 

Հավելված  
ՀՀ Լոռու մարզպետի
2017 թ. հունվարի 19-ի
 թիվ 13-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի /այսուհետ՝ մարզպետարան/ քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ /այսուհետ՝ մրցույթ/ անցկացնող մրցութային հանձնաժողովի /այսուհետ՝ Հանձնաժողով/ աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով /այսուհետ՝ Օրենք/, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի /այսուհետ՝ Խորհուրդ/ որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները առաջադրվում են Խորհրդից, մարզպետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը /հայրանունը/, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը /դրանց առկայության դեպքում/ և այլն.

2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը /պաշտոնները/, որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության ցուցակում ընդգրկված լինելու մասին:

5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները մարզպետարան ներկայացվելուց հետո մարզպետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

Մարզպետարանի աշխատակազմը, մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին ու գիտական ուսումնական հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը, լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

6. Մրցութային հանձնաժողովի կազմն ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից՝ յուրաքանչյուր մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.

1) մեկ երրորդը՝ Խորհրդի ներկայացուցիչներ.

2) մեկ երրորդը՝ մարզպետարանի ներկայացուցիչներ.

3) մեկ երրորդը՝ գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

Մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ մարզպետարանի աշխատակազմը համակարգչում զետեղված համապատասխան բոլոր թեկնածուներին տեղեկացնում է մրցույթ անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

7. Մարզպետարանի աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի /թեկնածուների/ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը անհնարին է /ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով/, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Լոռու մարզպետի /այսուհետ՝ մարզպետ/ որոշմամբ: Նույն որոշմամբ մարզպետը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի՝ ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը՝

1) մարզպետարանի աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

4) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացնում է մրցույթի մասնակիցների /այսուհետ՝ մասնակիցներ/ թեստավորում.

6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

9) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

12) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

13) ամփոփում է մրցույթի արդյունքները.

14) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

15) հրապարակում է մրցույթի արդյունքները.

16) հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ վերաբերյալ տալիս է եզրակացություն.

17) մարզպետարանի աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.

18) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենն անմիջապես ներկայացնում է մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

7) ստուգում է հանձնաժողովի անդամի կողմից գնահատականների նշանակված լինելու փաստը, ստորագրում և կնքում է հարցատոմսի հարցերի ձևանմուշը.

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը՝

1) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

4) իրականացնում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանի գնահատումը.

5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՀ Լոռու մարզպետարանի

աշխատակազմի ղեկավար 

Ն. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան