ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
24 հունվարի 2017թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԲՈՒՐԱԲԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված՝ Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 19 դեկտեմբերի 2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բարօրության ու անվտանգության նկատառումներով արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության նպատակով:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- որպես հայցվող Կողմ հանդես գալու պարագայում՝ կարճ ժամկետում ուսումնասիրել հայցող Կողմի դիմումը և տեղեկացնել նրան տրամադրվող օգնության տեսակների և ծավալի, ինչպես նաև տրամադրվող օգնության պայմանների մասին, իսկ օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում՝ այդ մասին տեղեկությունն անհապաղ ուղարկել հայցող Կողմին (հոդված 5, կետ 2),
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակի տեղափոխումն այլ Կողմերի տարածքներ, իսկ այդպիսի տարածման սպառնալիքի առկայության և սեփական ուժերով դրա կանխման անհնարինության դեպքում այդ մասին տեղեկացնել այլ շահագրգիռ Կողմերին (հոդված 5, կետ 3),
- որպես հայցող Կողմ հանդես գալու պարագայում՝ տեղեկացնել օգնություն ցուցաբերող կազմավորման ղեկավարին արտակարգ իրավիճակի գոտու աշխատանքների կոնկրետ տեղամասերում ստեղծված իրադրության մասին և անհրաժեշտության դեպքում անվարձահատույց հիմունքներով ապահովել օգնություն ցուցաբերող կազմավորմանը թարգմանիչներով, կապի միջոցներով, տրանսպորտով, ապահովել անվտանգությունը և կազմակերպել բժշկական օգնության տրամադրում (հոդված 6, կետ 2),
- որպես հայցվող Կողմ հանդես գալու պարագայում՝ ապահովել, որպեսզի օգնություն ցուցաբերող կազմավորման սարքավորումները լինեն բավարար արտակարգ իրավիճակի գոտում ոչ պակաս, քան 72 ժամ վթարափրկարարական և այլ տեսակի աշխատանքներ ինքնուրույն կատարելու համար, իսկ որպես հայցող Կողմ հանդես գալու պարագայում՝ պաշարների սպառման դեպքում օգնություն տրամադրող կազմավորմանն ապահովել անհրաժեշտ միջոցներով` իր աշխատանքները շարունակելու համար, եթե Կողմերը լրացուցիչ այլ բան չեն պայմանավորվել (հոդված 6, կետ 3),
- երաշխավորել, որ սարքավորումների և ապահովման նյութերի տեղափոխումը ՀՀ պետական (մաքսային) սահմաններով, այդ թվում` տարանցումը ՀՀ տարածքով, կատարվի առաջնահերթ (նախապատվության) կարգով` առանց մաքսատուրքերի, գանձումների, հարկերի վճարման, ինչպես նաև` առանց նման վճարում ապահովելու և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման` պայմանով, որ Կողմերը կատարել են ոչ սակագնային կարգավորման միջոցների ներդաշնակեցում, ինչպես նաև, եթե մաքսային մարմիններին տրամադրված է տրամադրող Կողմի կողմից հաստատված սարքավորումների և ապահովման նյութերի ցանկը` հաստատումով, որ նշված սարքավորումներն ու ապահովման նյութերը տեղափոխվում են արտակարգ իրավիճակների կանխման և/կամ վերացման և օգնություն ցուցաբերող կազմավորման կենսապահովման նպատակով (հոդված 8, կետ 1),
- երաշխավորել, որ սարքավորումների և ապահովման նյութերի մաքսային ձևակերպումը կատարվի առաջնահերթության (նախապատվության) կարգով (հոդված 8, կետ 2):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված՝ Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
24 հունվարի 2017 թ. ՍԴՈ-1338 |