«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013476
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 նոյեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 374-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի « Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 42-Ն որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 168-Ն որոշումը,
5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 330-Ն որոշումը,
6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280-Ն որոշումը,
7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 351-Ն որոշումը,
8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 450-Ն որոշումը,
9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 204-Ն որոշումը,
10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 432-Ն որոշումը,
11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 174-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում սույն կարգի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման) և լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման ընթացակարգերը։
(1-ին կետը լրաց. 04.06.14 N 153-Ն)
2. Լիցենզիան տրվում է միայն իրավաբանական անձին (այսուհետ՝ Անձ)՝ գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.
1) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն),
2) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում,
3) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխում,
4) ջերմային էներգիայի արտադրություն,
5) ջերմային էներգիայի փոխադրում,
6) ջերմային էներգիայի բաշխում,
7) բնական գազի փոխադրում,
8) բնական գազի բաշխում,
9) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում,
10) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում,
11) էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում:
2.1. Մինչև 1 ՄՎտ տեղակայված հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե այդ կայաններում՝ արդեն իսկ տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության բոլոր լիցենզիաներով ամրագրված էլեկտրակայանների տեղակայված (տեղակայվող) հզորությունների ընդհանուր գումարը գերազանցում է 10 ՄՎտ-ը, բացառությամբ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության:
(2.1-ին կետը լրաց. 07.03.17 N 57-Ն)
2.2 Սույն կարգի 2.1 կետում նշված արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի նույն ենթակետով ամրագրված 10 ՄՎտ ընդհանուր հզորության գերազանցման, հայտերը քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության:
(2.2-րդ կետը լրաց. 07.03.17 N 57-Ն)
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում։
4. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել‚ օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
5. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:
6. Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:
7. Կարգավորման ենթակա չեն՝
1) բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները,
2) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ,
3) մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում,
4) բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, ինչպես նաև դիզել գեներատորային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը:
Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը կարգավորման ենթակա է միայն կայանի կառուցման ժամանակահատվածում։
8. Լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:
(8-րդ կետը լրաց. 04.06.14 N 153-Ն)
8.1. Լիցենզիայի տրման (ժամանակահատվածի ամրագրման), լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(8.1-ին կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
8.2. Սույն կարգի իմաստով տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով:
(8.2-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
9. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հայտը պետք է լրացված լինի համաձայն սույն կարգի N 1 հավելվածի և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերը:
10. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
11. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:
12. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի NN 1-5 հավելվածներին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
13. Հանձնաժողովը, հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը կամ դրա համար սահմանված ժամկետի ավարտը:
(13-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
14. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված, կամ հայտատուն սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները,
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,
3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,
4) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը,
5) լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ չի համապատասխանի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին:
(14-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն, 07.03.17 N 57-Ն)
15. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:
16. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, դրանք մուտքագրում է Հանձնաժողով։ Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 12-15-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:
17. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը և կայացնում համապատասխան որոշում՝ հայտի մուտքագրման օրվանից 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):
18. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ կեղծ կամ խեղաթյուրված կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,
2) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը,
3) լիցենզավորվող գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ չի համապատասխանի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին,
4) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,
5)(ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
(18-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն, լրաց. 07.03.17 N 57-Ն)
19. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:
20. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին:
21. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը՝ որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հայտատուին:
22. Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 6) պահվում է Հանձնաժողովում։
23. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
24. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում օրենքով սահմանված պետական կամ ծառայողական կամ առևտրային գաղտնիք։
25. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
26. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
27. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
28. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության), ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա (այսուհետ` Արտադրության լիցենզիա) ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և Հանձնաժողով ներկայացնել՝
1) կառուցման ավարտը հավաստող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևյալ փաստաթղթերը.
ա. շինարարության շահագործման փաստագրման ակտի և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենները.
բ. կառուցված կայանի (շենքի, իսկ հիդրոէլեկտրակայանների դեպքում նաև գլխամասային հանգույցի) նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
2) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
3) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հայտ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:
(28-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն, փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն)
29. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքներն իրականացվում են Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրի հիման վրա:
(29-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն)
30. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջների բավարարման դեպքում փոփոխություններ են կատարվում Արտադրության լիցենզիայի պայմաններում` ճշգրտելով կառուցման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտադրության ժամանակահատվածները և ամրագրելով կայանի տեղակայված հզորությունն ու հիմնական սարքավորումների տվյալները:
(30-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն, փոփ. 25.11.15 N 389-Ն)
31. Արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ Հանձնաժողովի գրավոր համաձայնությունը հետևյալ դեպքերում կայանը վերակառուցելիս՝
1) հիդրոէլեկտրակայանի վերակառուցումը հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրի քանակի կամ նիշերի փոփոխության,
2) կայանների, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների, վերակառուցումը հանգեցնում է հաշվարկային հզորության փոփոխության:
Հանձնաժողովը գրավոր համաձայնություն է տալիս կամ հիմք ընդունելուվ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերը՝ մերժում է Արտադրության լիցենզիա ունեցող անձի դիմումը 25 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի գրավոր համաձայնությունը ստանալուց հետո Արտադրության լիցենզիա ունեցող անձը Հանձնաժողով է ներկայացնում երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ տեխնիկական և բնապահպանական փորձաքննություն անցած նախագիծ, իսկ հիդրոէլեկտրակայանի վերակառուցման դեպքում՝ նաև ջրօգտագործման թույլտվություն, որից հետո Հանձնաժողովը փոփոխություն է կատարում արտադրության լիցենզիայում՝ ամրագրելով վերակառուցման ժամանակահատվածը:
(31-րդ կետը փոփ. 04.06.14 N 153-Ն, լրաց. 25.11.15 N 389-Ն)
31.1. Արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը Հանձնաժողով ներկայացնել սույն կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սակագնի սահմանման հայտ:
(31.1-ին կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ (ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ) ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 04.06.14 N 153-Ն)
32. Լիցենզիայում ամրագրված ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը:
(32-րդ կետը լրաց. 04.06.14 N 153-Ն, խմբ. 25.11.15 N 389-Ն)
33. Հայտն իր մեջ պետք է պարունակի՝
1) լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները, իսկ կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ժամկետը,
2) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
(33-րդ կետը փոփ. 04.06.14 N 153-Ն, 25.11.15 N 389-Ն)
34. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ կեղծ կամ խեղաթյուրված կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,
2) լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման,
3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,
4) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները:
(34-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
34.1. Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածի երկարաձգման հայտի մերժման դեպքում Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում Արտադրության լիցենզիան:
(34.1-ին կետը լրաց. 04.06.14 N 153-Ն)
35. Հանձնաժողովը լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման կամ հայտի մերժման մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին:
(35-րդ կետը լրաց. 04.06.14 N 153-Ն)
36. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
37. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
38. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
39. Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածը կարող է երկարաձգվել նախկինում սահմանված կառուցման ժամանակահատվածից ոչ ավելի:
(39-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
40. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
41. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:
42. Հանձնաժողովը, սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:
43. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:
44. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:
(44-րդ կետը փոփ. 25.11.15 N 389-Ն)
45. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:
46. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
48. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի՝ լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ էներգետիկայի բնագավառում հուսալիության և անվտանգության խաթարման:
(գլուխը լրաց. 04.06.14 N 153-Ն)
5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
49. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ:
50. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
51. Հայտը մերժվում է, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
2) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:
(51-րդ կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
52. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
53. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
54. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
(գլուխը լրաց. 04.06.14 N 153-Ն)
6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
55. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց նկատմամբ կիրառվում են արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում գտնվող անձանց համար սահմանված դրույթները:
56. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու դեպքում լիցենզավորված անձին տրամադրվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ ամրագրելով միայն արտադրության ժամանակահատված:
(գլուխը լրաց. 25.11.15 N 389-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 04.06.14 N 153-Ն, 25.11.15 N 389-Ն, լրաց. 07.03.17 N 57-Ն)
Հավելված N 1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Խնդրում եմ տալ լիցենզիա ___________________________________________________
__________________________________________________________________________ (աշխարհագրական տարածքը, մարզ, վարչական տարածք) |
2. Իրավաբանական անձի անվանումը ____________________________________________
_________________________________________________________________________
3. Գտնվելու վայրը___________________________________________________________
4. Հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն ________________________________________________________
5. Պետական գրանցման համարը ________________________________________________
6. Գործունեության տեսակը ____________________________________________________
7. Լիցենզիայի հայցվող ժամկետը ________________________________________________
8. Կից ներկայացվում է՝
1) ________________________________________________________________________
2) ________________________________________________________________________
3) ________________________________________________________________________
4) ________________________________________________________________________
5) ________________________________________________________________________
9. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ
___________________________________________ «__» ________ 201_ թվական
(տնօրենի անուն, հայրանուն, ազգանուն)
(հավելվածը փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն)
Հավելված N 2 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն՝
1) գործարար ծրագիր՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը,
3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,
4) հայտարարություն մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,
5) երաշխիքներ՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,
6) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
7) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
8) ջրատարի վարձակալման պայմանագիր կամ միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
9) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տվյալներ (մակնիշ, հզորություն, արտադրության տարեթիվ):
(1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 25.11.15 N 389-Ն)
1.1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն՝ միայն արտադրության ժամանակահատվածի համար՝
1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
2) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
3) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տվյալներ (մակնիշ, հզորություն, արտադրության տարեթիվ):
(1.1-ին կետը լրաց. 04.06.14 N 153-Ն, փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն)
2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում կամ բաշխում, ջերմային էներգիայի փոխադրում կամ բաշխում, բնական գազի փոխադրում կամ բաշխում՝
1) գործարար ծրագիր,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր,
3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,
4) հայտարարություն մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,
5) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
(2-րդ կետը փոփ. 25.11.15 N 389-Ն)
3. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում և էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում՝
1) լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալած միջոցների ցանկը,
2) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
(3-րդ կետը փոփ. 25.11.15 N 389-Ն)
(հավելվածը լրաց. 04.06.14 N 153-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.11.15 N 389-Ն)
Հավելված N 3 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Կ Ա Ր Գ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել սույն կարգին համապատասխան երաշխիք։
2. Երաշխիք է համարվում էլեկտրական (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտով Հանձնաժողով դիմած Անձի կողմից կառուցման ժամանակահատվածի համար ներկայացված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կամ վարկային կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրված փաստաթուղթը, որով բանկը կամ վարկային կամ ապահովագրական կազմակերպությունը գրավոր պարտավորություն է ստանձնում լիցենզավորվող անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 4-րդ կետի համաձայն հաշվարկված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
3. Անձը պարտավոր է երաշխիքը ներկայացնել էլեկտրական (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտում ամրագրված՝ կառուցման, ժամանակահատվածի համար իր կողմից հայցվող ժամկետից առնվազն քառասունհինգ օր ավելի գործողության ժամկետով:
4. Երաշխիքի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը:
5. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե Անձը Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:
6. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում Հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, համապատասխան որոշմամբ կամ գրությամբ երաշխիք տված անձին ազատում է երաշխիքային պարտավորություններից:
(6-րդ կետը խմբ. 25.11.15 N 389-Ն)
2. ԵՐԱՇԽԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
7. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`
1) Հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին,
2) լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում լիցենզավորված անձը չի ավարտել կայանի կառուցման (վերակառուցման) աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը:
(7-րդ կետը խմբ. 04.06.14 N 153-Ն, փոփ. 25.11.15 N 389-Ն)
8. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`
1) Հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու մասին,
2) Հանձնաժողովը որոշում է ընդունել բնապահպանական և տեխնիկական փորձաքննություն անցած նախագծի Հանձնաժողով ներկայացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու մասին:
9. (կետն ուժը կորցրել է 25.11.15 N 389-Ն)
10. Սույն կարգի 8-րդ կետում սահմանված դեպքերում` Հանձնաժողովի որոշմամբ կամ գրությամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված նոր երաշխիք:
10.1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում, երբ լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը կրում է լիցենզավորված անձը:
(10.1-ին կետը լրաց. 25.11.15 N 389-Ն)
3. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
11. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների, որոնք ստեղծվել են նրա կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
12. Լիցենզավորված անձը պարտավոր է սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքերում անհապաղ տեղեկացնել Հանձնաժողովին` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
(հավելվածը խմբ. 04.06.14 N 153-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.11.15 N 389-Ն)
Հավելված N 4 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ր Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(կառուցման ժամանակահատվածի համար)
(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)
_______________________________________
Կառուցվող օբյեկտի անվանումը
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Կառուցման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:
2. Կառուցվող օբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:
3. Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:
4. Տեղեկություններ տեղադրվող գեներատորների և տուրբինների մակնիշների և հզորության վերաբերյալ:
2. ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
5. Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
6. Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:
4. ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔԸ
7. Օբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:
8. Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում՝ կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:
5. ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
9. Օբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:
10. Կառուցման ժամանակացույցը՝ ըստ փուլերի:
11. Նախնական լուծումներ օբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:
6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
12. Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
13. Նախնական բնապահպանական լուծումներ:
7. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
14. Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով:
15. Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները:
16. Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը։
17. Օբյեկտի նախագծման, կառուցման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները։
18. Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշների (շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ և այլն) հիման վրա կառուցվող օբյեկտի համար լավագույն տեխնիկատնտեսական ցուցանիշների ընտրություն։
19. Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
___________________________ Ընկերության անվանումը |
________________________ Տնօրենի անունը, ազգանունը |
|
________________________ Տնօրենի ստորագրությունը |
|
____ _____________201__ թվական |
Հավելված N 5 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
_________________________________________________________________________________ (Լիցենզավորվող անձի անվանումը)
դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ _________________________________________________________________________________ (աշխարհագրական տարածքը, մարզը, վարչական տարածքը) _________________________________________________________________________________ (լիցենզավորվող գործունեության տեսակը)
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։ _________________________________________________________________________________ (Լիցենզավորվող անձի գտնվելու վայրը, հեռախոսը, էլեկտրոնային փոստը) |
Հավելված N 6 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 __ թվականի __________ «___»-ի N____ Ա որոշում
2. Լիցենզավորված գործունեության տեսակը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
3. Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___»_____________20 __ թվական
4. Լիցենզիայի գրանցման համարը N_________
5. Ստացված էջերի քանակը՝ ________________
6. Լիցենզավորված անձի անվանումը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
8. Լիցենզիան ստացվել է՝ «____»________________20__ թվական
9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը _______________________________________